ՄԵՐ ԻՐԱՒՈՒՆՔԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՄԵԶ ՈՐՊԷՍ ՊԱՐԳԵՒ ՏՐՈՒԵԼ

0 0
Read Time:2 Minute, 30 Second

Ցանկացած գործողութիւն ճիշդ հասկանալու համար անհրաժեշտ է նկատի ունենալ մի շարք գործօններ: Ամենակարեւոր գործօններից մէկը տուեալ գործողութեան շարժառիթն է, դրդապատճառը: Երբ այդ տեսանկիւնից ենք նայում Աղթամարի Ս. Խաչ եկեղեցում Սեպտեմբերին նախատեսուած պատարագի մատուցումը եւ յարակից աղմուկը, ակնյայտ է դառնում դրանց, մեղմ ասած, ոչ պատշաճ հիմնառիթը: Միանշանակ է, որ այդ պատարագը եւ ողջ ձեռնարկը բնաւ կապ չունեն Աստծոյ փառաբանութեան հետ: Այն թրքական յատուկ ծառայութիւնների կողմից յղացուած խաբեպատիր միջոցառում է, որի միակ նպատակը, քաղաքագիտական խրթին բառերով ասած, դրական պատկերի հեռացոլում է (positive image projection):

Թուրքերը լաւ են անում, որ հերթական անգամ խաբում են աշխարհին: Դա նրանց բնոյթն ու իրաւունքն է: Սակայն ես չեմ հասկանում այս խաղին հայերի հրճուալից մասնակցութեան իմաստը: Իբր աշխարհը կ’իմանայ, որ Աղթամարը հայկական եկեղեցի է: Նախ նա, ով պիտի իմանայ, արդէն գիտի: Նա, ով չի ուզում իմանալ, չի իմանայ: Սակայն վստահեցնում եմ ձեզ՝ դա չի լինելու աշխարհի մեծագոյն լրատուականների հիմնական ուղերձը: Հիմնական միտքը թուրքերի հանդուրժողականութեան գովքն է լինելու: Թոյլ մի’ տուէք, որ թուրքերը մեզ հերթական անգամ ստորացնեն: Ցիւրիխում ստորագրուած արձանագրութիւնների ստորնացումը մեզ մի քանի տասնամեակ հերիք է: Ինչո՞ւ էք ուզում նորից աղ ցանել մեր վէրքերին:

Միանգամայն անընդունելի է այն տեսակէտը, որ՝ «այդ վայրերում այդքան մարդ չունենք, ի՞նչ պիտի անենք եկեղեցիները: Տարին մէկ անգամ պատարագն էլ բաւարար է»: Նախ թող պատասխանեն ի՞նչ եղան այդ եկեղեցիները կառուցած հայերը: Յետոյ, խօսքը պատարագ մատուցելու մասին չէ, խօսքը իրաւունքի պատարագ մատուցելու իրաւունքի մասին է: Գուցէ հայերը հինգ տարին մէկ այդ եկեղեցիներում պատարագ մատուցեն, գուցէ տասը. այսուհանդերձ, նրանք իրաւունք պիտի ունենան ցանկացած, եկեղեցական կարգով նախատեսուած պահի, պատարագ մատուցելու: Թուրքերը մեր իրաւունքը մեզ որպէս պարգեւ են տալիս, իսկ մենք դրանով ուրախանում ենք: Մենք նման ենք այն մանուկին, որի հարազատներին կոտորել են, հայրենական ողջ կալուածքը խլել են, ապա մի փայլփլուն խաղալիք են շպրտել նրա առաջ եւ նա խելակորոյս հրճւում է դրանով: 1912թ. թրքական պաշտօնական տուեալներով Օսմանեան կայսրութեան տարածքում աւելի քան երկու հազար հայկական գործող, կրկնում եմ՝ գործող, վանք ու եկեղեցի կար: Դրանք ապօրինի բռնագրաւուել են Թուրքիոյ Հանրապետութեան կողմից: Նախ թող օրինական տիրոջը վերադարձնեն եկեղեցապատկան, այն է՝ համայնքապատկան, այսինքն՝ մեզ բոլորիս պատկանող, գոյքը կամ հատուցեն դրա դիմաց:

Յետոյ, թող հաւատարմօրէն կատարեն իրենց իսկ ստանձնած միջազգային պարտաւորութիւնները: Թուրքիան վերահսկող քեմալական շարժման հետ յարաբերութիւնների հաստատումը խարսխուած է եղել որոշակի նախապայմանների վրայ, որոնք ամրագրուած են Լոզանի պայմանագրի (24 Յուլիսի, 1923թ.) մէջ: Լոզանի պայմանագրի 38րդ յօդուածի 2րդ մասով Թուրքիոյ բոլոր բնակիչներին, մասնաւոր կամ հանրային կեանքում, տրւում է հաւատքի, կրօնի կամ դաւանանքի ազատութիւն: Իսկ պայմանագրի 40րդ յօդուածով նրանց տրւում է կրօնական հաստատութիւններ հիմնելու, գործածելու եւ վերահսկելու իրաւունք:

Աւելի’ն. Լօզանի պայմանագրի 42րդ յօդուածի 3րդ մասով« թրքական կառավարութիւնը պարտաւորւում է լիակատար պահպանութեան տակ առնել եկեղեցիները, սինակոկները, գերեզմաններն ու նշեալ փոքրամասնութիւնների այլ կրօնական հաստատութիւնները: Բնականաբար «լիակատար պահպանութիւնն» իր մէջ ներառում է ոչ միայն եկեղեցիները չքանդելն ու չաւրելը, այլեւ՝ դրանց ամրացումն ու նորոգումը:

Հետեւաբար, Ս. Խաչ եկեղեցու շէնքի մասնակի նորոգումը եւ դրանում տարին մէկ անգամ պատարագ մատուցելու իրաւունքը ոչ թէ «բարի կամքի դրսեւորում» է, այլ Թուրքիոյ կողմից հիմնական օրէնքի կարգավիճակով ստանձնած միջազգային պարտաւորութիւնների խիստ թերի եւ ուշացած կատարում՝ որոշակի քաղաքական շահարկման նկատառումով: Ըստ այդմ, բնաւ մեր շահերից չի բխում այդ շահարկումների առջեւ լայն հնարաւորութիւններ բացելը:

ԱՐԱ ՊԱՊԵԱՆ

«Մոտուս Վիւենտի»

կեդրոնի ղեկավար

Օգոստոս, 2010

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %
Previous post «ՄԵՆՔ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԶԱՐԳԱՆԱԼ… ՉԶԻՋԵԼՈՎ ԱՐՑԱԽԸ» ՅԱՅՏՆԵՑ ԱՐՄԷՆ ՌՈՒՍՏԱՄԵԱՆ
Next post ԵՐԵՒԱՆԻ ՄԷՋ Հ.Յ.Դ. ՆՇԵՑ ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹԵԱՆ 19-ԱՄԵԱԿԸ

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles