«Ո’Չ»Ի ԵՐԹ ԴԷՊԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Լուսանկարներ՝ Իննա Մխիթարեանի

Յունուար 11-ին, Երեւանի մէջ կատարուեցաւ Հ.Յ.Դաշնակցութեան եւ 14 այլ քաղաքական ուժերու հանրահաւաքը, որուն նպատակն էր սահմանադրական դատարանին փոխանցել թէ Հայ-Թուրք ստորագրութիւնները պէտք չէ վաւերացնել:

Հաւաքի ընթացքին, ելոյթ ունեցան զանազան ղեկավարներ, որոնց կարգին Արամ Կարապետեան («Նոր Ժամանակ» Կուսակցութիւն), Յարութիւն Առաքելեան (Հ.Ռ.Ա.Կ.) եւ Արմէն Ռուստամեան (Հ.Յ.Դ.):

Այս առթիւ ցուցարարները. Սահմանադրական Դատարանին փոխանցեցին յայտարարութիւը մը,

որ ստորեւ կարելի է ընթերցել ամբողջութեամբ.-

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ

Բարձր դատարանի յարգելի անդամներ,

Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրական դատարանի վարույթում է գտնւում 2009թ. Հոկտեմբերի 10-ին Զուիցերիոյ Ցիւրիխ քաղաքում ստորագրուած “Հայաստանի Հանրապետութեան եւ Թուրքիոյ Հանրապետութեան միջեւ յարաբերութիւնների զարգացման եւ դիւանագիտական յարաբերութիւններ հաստատելու մասին” արձանագրութիւններում (յետայսու` արձանագրութիւններ) ամրագրուած պարտաւորութիւնների` Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեանը համապատասխանութեան հարցը: Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեան 100 եւ 102, ինչպէս նաեւ “Սահմանադրական դատարանի մասին” Հայաստանի Հանրապետութեան օրէնքի 72 յօդուածների համաձայն` Սահմանադրական դատարանը միջազգային պայմանագրում ամրագրուած պարտաւորութիւնների՝Սահմանադրութեանը համապատասխանութիւնը որոշելու վերաբերեալ գործերով կարող է ընդունել հետեւեալ որոշումներից որեւէ մէկը.

1) միջազգային պայմանագրում ամրագրուած պարտաւորութիւնները Սահմանադրութեանը համապատասխանող ճանաչելու մասին.

2) միջազգային պայմանագրում ամրագրուած պարտաւորութիւններն ամբողջութեամբ կամ մասամբ Սահմանադրութեանը չհամապատասխանող ճանաչելու մասին:

Նպատակ ունենալով նպաստել Սահմանադրական դատարանի կողմից գործի հանգամանքները լիարժէք պարզելուն, ներկայացնում ենք իրաւական ու քաղաքական անհրաժեշտ հիմնաւորումները եւ ակնկալում, որ Բարձր դատարանը արձանագրութիւններով ստանձնած պարտաւորութիւնները ամբողջութեամբ կամ մասամբ Սահմանադրութեանը չհամապատասխանող ճանաչելու մասին որոշում կը կայացնի:

Հայաստանի Հանրապետութեան իշխանութիւնները ստանձնել էին պարտաւորութիւն` Թուրքիոյ հետ յարաբերութիւններ հաստատել առանց նախապայմանների: Ինչը ենթադրում է առանց Հայաստանի կողմից յաւելեալ պարտաւորութիւններ ստանձնելու դիւանագիտական յարաբերութիւնների հաստատում եւ  Թուրքիոյ կողմից Հայաստանի նկատմամբ 16 տարուց աւելի կիրառւող շրջափակման վերացում: Դա երկու երկրների միջեւ յարաբերութիւնների կարգաւորման մեկնարկ կարող էր լինել: Մինչդեռ արձանագրութիւններում առկայ են դրոյթներ, որոնք հիմք են Հայաստանին ներկայացւող` Թուրքիոյ երեք հիմնական նախապայմանների բաւարարման համար: Այդ նախապայմանների միջոցով Թուրքիան նպատակ է հետապնդում՝

1.      ձախողել Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործընթացը.

2.      ձեւաւորել Հայաստանի Հանրապետութեան եւ Թուրքիոյ Հանրապետութեան միջեւ գործող սահմանը ամրագրող իրաւական հիմքեր.

3.      փոխկապակցելով  Հայաստանի եւ Թուրքիոյ միջեւ յարաբերութիւնների ու Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման գործընթացները՝ հասնել հիմնահարցի` Ատրպէյճանին ձեռնտու լուծման:

Ակնյայտ է, որ թրքական նախապայմանները կամ դրանց իրականացմանը նպաստող ցանկացած գործողութիւն (ներառեալ համաձայնութիւն, պարտաւորութեան ստանձնում եւ այլն)  չի բխում հայ ժողովրդի շահերից, հարուածում է Հայաստանի ինքնիշխանութեանը եւ ուղղակի հակասում է Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեամբ ամրագրուած` Հայոց պետականութեան հիմնարար սկզբունքներին եւ համազգային նպատակներին: Այսպէս, ՀՀ Սահմանադրութեան անբաժանելի մաս հանդիսացող Հայաստանի Հանրապետութեան Անկախութեան հռչակագիրն արձանագրում է. որ այն ընդունւում է “արտայայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը,  գիտակցելով պատասխանատուութիւնը  հայ ժողովրդի ճակատագրի առջեւ համայն հայութեան իղձերի իրականացման եւ պատմական արդարութեան վերականգնման գործում … զարգացնելով 1918 թուականի Մայիսի 28-ին ստեղծուած անկախ Հայաստանի Հանրապետութեան ժողովրդավարական աւանդույթները”:

Հռչակագրի 11-րդ մասի համաձայն. “Հայաստանի Հանրապետութիւնը սատար է կանգնում 1915 թուականին Օսմանեան Թուրքիայում եւ Արեւմտեան Հայաստանում Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործին”, իսկ 12-րդ մասի համաձայն` “Հռչակագիրը հիմք է ծառայում Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեան մշակման … պետական մարմինների գործունէութեան, հանրապետութեան նոր օրէնսդրութեան մշակման համար”:

Փաստարկելով արձանագրութիւններում թրքական նախապայմանների բաւարարման համար անհրաժեշտ նախադրեալների առկայութիւնը՝ նշում ենք.

1. Անվիճելի է, որ երկու երկրների միջեւ յարաբերութիւնների զարգացման արձանագրութեան համաձայն ստեղծուելիք միջկառավարական յանձնաժողովի պատմական հարթութեամբ զբաղւող ենթայանձնաժողովի ձեւաւորումն ու դրա կողմից քննարկման ենթակայ հարցերի անհստակութիւնը օգտագործւում ու շահարկւում է Հայոց Ցեղասպանութեան փաստը քննարման առարկայ դարձնելու եւ դրանով Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչումը արգելակելու համար: Աւելին՝ ըստ այս արձանագրութեան, Հայաստանի Հանրապետութիւնը համաձայնում է, այսինքն՝ ստանձնում է պարտաւորութիւն` իրականացնել պատմական ցանկացած իրադարձութեանը,  այդ թւում`  Հայոց Ցեղասպանութեանը  վերաբերող “փաստաթղթերի եւ արխիւների անկողմնակալ գիտական ուսումնասիրութեամբ պատմական հարթութեան երկխօսութիւն` առկայ խնդիրների սահմանման ու առաջարկների ձեւակերպման համար”: Ըստ այդմ՝ Հայաստանը պարտաւորւում է այս նպատակի համար ստեղծել միջկառավարական երկկողմ յանձնաժողովի՝ պատմական հարթութեամբ զբաղւող ենթայանձնաժողով:

Արձանագրութեան մէջ տեղ գտած այս ձեւակերպումները թոյլ են տալիս այլոց կողմից Հայոց Ցեղասպանութեան իրողութեան ճանաչումը ներկայացնել որպէս ոչ անկողմնակալ դիրքորոշման արդիւնք, ինչպէս նաեւ հնարաւորութիւն են ընձեռնում կողմերին՝ արտայայտել տուեալ ենթայանձնաժողովի ստեղծման մտադրութիւնների վերաբերեալ տարակերպ տեսակէտներ:

2. Դիւանագիտական յարաբերութիւններ հաստատելու մասին արձանագրութեամբ Հայաստանի Հանրապետութիւնը [անվերապահ պարտաւորութեամբ] ճանաչում է Թուրքիոյ հետ գործող սահմանը` “ինչպէս սահմանուած է միջազգային իրաւունքի համապատասխան պայմանագրերով”:

Այս ձեւակերպումը չի որոշակիացնում, թէ որ միջազգային պայմանագրերի մասին է խօսքը: Աւելին` անվիճարկելի է դարձնում Հայաստան-Թուրքիա միջպետական սահմանի հարցը եւ կանխորոշում է վէճերի հանգուցալուծումը:

Վստահաբար, Թուրքիան նկատի ունի 1921 թ. Մոսկուայի եւ Կարսի անօրինական պայմանագրերը, որոնք ապօրինի են ոչ միայն նրա համար, որ դրանց մասնակից չէ անկախ Հայաստանը, այլեւ այն պատճառով, որ դրանք, չվաւերացուելով Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեան 6-րդ յօդուածի համաձայն, չեն կարող իրաւական ուժ ունենալ: Մինչդեռ երկու երկրների միջեւ միջազգային իրաւունքի գերակայ սկզբունքին լիովին համապատասխան սահմանը որոշուել է  ԱՄՆ նախագահ Վուտրօ Ուիլսընի կողմից ստացուած հայցադիմումի հիման վրայ կայացուած իրաւարար վճռով: Այդ սահմանը հաստատուել է միջազգային իրաւարարութեամբ, հետեւաբար՝ որպէս դատական գործիք այն դեռեւս ուժի մէջ է: Այսպէս, միջազգային իրաւունքը, մասնավորապէս՝ Հաագայի կոնվենցիայի (1907թ.) 81-րդ յօդուածը, ամփոփել եւ ամրագրել է իրաւարար վճիռների կարգավիճակը, որով ընդհանրապէս չի նախատեսւում սահմանների որոշման հարցերով վճռի չեղեալ յայտարարում, ուստի այն չունի վաղեմութեան ժամկէտ եւ այսօր էլ ուժը չի կորցրել:

Միեւնոյն ժամանակ, երկու երկրների միջեւ սահմանների փոխադարձ ճանաչման` արձանագրութեամբ ամրագրուած նորմը, նսեմացնելով վերոյիշեալ իրաւարար վճռի իրաւական նշանակութիւնը,  հնարաւորութիւն է տալիս Թուրքիոյ՝ միջազգային համապատասխան կառույցներում դիմել էստոպելի կիրառմանը, այսինքն՝ փաստել, որ իրաւատէրը, տուեալ դէպքում՝ Հայաստանի Հանրապետութիւնը, իր գործողութիւններով կամ դրանց բացակայութեամբ հաշտուել է ստեղծուած իրաւիճակի հետ:

3. Թէեւ արձանագրութիւններում ուղղակիօրէն չի յիշատակւում Արցախեան հիմնահարցը, սակայն դիւանագիտական յարաբերութիւններ հաստատելու մասին արձանագրութիւնը ամրագրում է “այլ պետութիւնների ներքին գործերին չմիջամտելու, տարածքային ամբողջականութեան եւ սահմանների անխախտելիութեան սկզբունքները յարգելու եւ յարգումը երաշխաւորելու” կողմերի յանձնառութիւնը: Միեւնոյն ժամանակ, յիշատակելով Հելսինկեան եզրափակիչ ակտով սահմանուած նորմերի մի մասը, չի ամրագրում դրանում թուարկուող՝ ուժի սպառնալիքից կամ դրա կիրառումից ձեռնպահ մնալու, ժողովուրդների իրաւահաւասարութեան ու ինքորոշման իրաւունքի սկզբունքները յարգելու յանձնառութիւնը: Ընդ որում՝ կողմերըպարտաւորւում են վկայակոչուող սկզբունքները գործադրել ոչ միայն երկկողմ, այլեւ միջազգային յարաբերութիւններում: Այսպիսով հիմք է ստեղծւում ի նպաստ Ատրպէյճանի երկու գործընթացների փոխկապակցման համար:

Թրքական երեք նախապայմանների իրականացման համար նախադրեալների ամրագրումից առաջացող պարտաւորութիւններին զուգահեռ՝ Հայաստանը պարտաւորւում է նաեւ ձեռնպահ մնալ բարիդրացիական յարաբերութիւնների ոգուն չհամապատասխանող քաղաքականութիւն վարելուց: Սրանով Թուրքիան լրացուցիչ երաշխիքներ է  ձեռք բերում իր նախապայմանների յետագայ անխափան իրականացման համար` կաշկանդելով Հայաստանի հնարաւոր հակազդեցութիւնը եւ անհրաժեշտութեան դէպքում ներքաշելով նրան շարունակական վէճերի մեջ:

Ինչ վերաբերում է հայկական կողմի ներկայացրած մեկնաբանութիւններին եւ մօտեցումներին, ապա հարկ է արձանագրել, որ ՀՀ նախագահի 2009թ. Հոկտեմբերի 10-ի ուղերձը, մատնանշելով առկայ մտահոգութիւնները, այնուհանդերձ, միակողմանի քաղաքական փաստաթուղթ է եւ “Միջազգային պայմանագրերի իրաւունքի մասին” կոնվենցիայի  31-րդ, 32-րդ եւ 33-րդ յօդուածների ուժով, որոնցմով սահմանւում են միջազգային պայմանագրերի մեկնաբանման կանոնները, իրաւական տեսակէտից որեւէ ազդեցութիւն չի կարող ունենալ արձանագրութիւնների մեկնաբանման համար:

Թէեւ ՀՀ նախագահն իր ուղերձում նշում է, որ “եթէ Թուրքիան խելամիտ ժամկէտում չվաւերացնի այս արձանագրութիւնները եւ դրանից յետոյ սահմանուած ժամկէտում չկատարի դրանց բոլոր դրույթները կամ դրանք խախտի յետագայում, ապա Հայաստանն առանց յապաղելու կը ձեռնարկի միջազգային իրաւունքին համապատասխան համարժէք քայլեր”, հարկ ենք համարում ընդգծել, որ Միջազգային պայմանագրերի իրաւունքի մասին 1969թ. Վիեննայի կոնվենցիայի համաձայն՝  պայմանագիրը կարող է միակողմանիօրէն դադարեցւել, սակայն նոյն կոնվենցիայի 62-րդ յօդուածի համաձայն՝ հանգամանքների արմատական փոփոխութիւնը չի կարող վկայակոչուել որպէս պայմանագիրը դադարեցնելու կամ դրանից դուրս գալու հիմք, եթէ պայմանագիրը  որոշում է սահման՝ այն ըստ էութեան դարձնելով պայմանագրի առարկայ:

Ընդ որում՝ դատական, արպիդրաժի կամ հաշտեցման կարգով, պայմանագրի անվաւերութեան, դադարեցման կամ դրա գործողութիւնը կասեցնելու ընթացակարգերին վերաբերող կոնվենցիայի 66-րդ յօդուածի ուժով Հայաստանի Հանրապետութիւնը ներկայացրել է վերապահում, ըստ որի՝ “Հայաստանի Հանրապետութիւնն իրեն կապուած չի համարում Միջազգային պայմանագրերի իրաւունքի մասին 1969 թ. Վիեննայի կոնվենցիայի 66-րդ յօդուածի դրույթներով եւ յայտարարում է, որ Կոնվենցիայի 5-րդ բաժնի ցանկացած յօդուածի կիրառման կամ մեկնաբանման վերաբերեալ Պայմանավորուող կողմերի միջեւ ցանկացած վէճը Միավորուած ազգերի կազմակերպութեան Միջազգային դատարանի լուծմանը յանձնելու կամ հաշտարար յանձնաժողովի քննարկմանը ներկայացնելու համար իւրաքանչիւր կոնկրետ դէպքում անհրաժեշտ է վէճի բոլոր մասնակիցների պարտադիր համաձայնութիւնը”:

Այլ կերպ ասած՝ ներկայ ձեւակերպումներով, առանց անհրաժեշտ վերապահումների ձեւակերպման, արձանագրութիւններում ամրագրուած դրոյթների այլակերպ ընկալման հայկական կողմի ցանկութիւնը որեւէ էական դեր չի կարող ունենալ, քանի դեռ դրանք միակերպ ընկալելու վերաբերեալ համաձայնութիւնը չի տուել Թուրքիան:

Արձանագրութիւններով Հայաստանի Հանրապետութեան կողմից ստանձնած պարտաւորութիւնների` ՀՀ Սահմանադրութեանը համապատասխանելու հարցի քննարկման կարեւոր կողմերից մէկն էլ վերաբերում է նրան, թէ պարտաւորութիւնները ստանձնելիս արդեօք պահպանուե՞լ են ՀՀ Սահմանադրութեան 83.5 յօդուածի 9-րդ մասի եւ “Միջազգային պայմանագրերի մասին”ՀՀ օրէնքի դրոյթները: Վերլուծելով ՀՀ ԱԺ ՀՅԴ պատգամաւորական խմբակցութեան կողմից ՀՀ կառավարութեանը ներկայացուած գրաւոր հարցապնդման վերաբերեալ ՀՀ արտաքին գործերի նախարարի տուած գրաւոր, ինչպԷս նաեւ ՀՀ ԱԺ լիագումար նիստում ներկայացրած բանաւոր պատասխանները, ակնյայտ է դառնում, որ արձանագրութիւնների՝ իբրեւ միջազգային պայմանագրի կնքման ընթացակարգը նախաձեռնելիս ոչ միայն չեն օգտագործուել նմանատիպ պայմանագրերի կնքման միջազգային պրակտիկայի ընձեռած հնարաւորութիւնները, այլեւ  չեն պահպանուել ՀՀ սահմանադրութեան եւ օրէնքի պահանջները (գրաւոր հարցապնդումը եւ ՀՀ արտաքին գործերի նախարարի պատասխանը կցւում են):

Ընդհանրացնելով արձանագրութիւններով ստանձնած պարտաւորութիւնների` Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեան համապատասխանութեան հարցի վերաբերեալ մեր տեսակէտը՝ հարկ ենք համարում  ընդգծել՝

1.            Արձանագրութիւններն իրենց ներկայ բովանդակութեամբ դուրս են եկել առանց նախապայմանների յարաբերութիւնների կարգաւորման առարկայի ու նպատակների շրջանակներից, աւելին` նախադրեալներ ստեղծելով թրքական նախապայմանների բաւարարման համար՝ դրանք դարձել են պայմանագրի առարկայ:

2.            “Հայաստանի Հանրապետութեան եւ Թուրքիոյ Հանրապետութեան միջեւ դիւանագիտական յարաբերութիւններ հաստատելու մասին” արձանագրութեան առաջին մասի 3, 5, 6, 7, 8 պարբերութիւններում,  “Հայաստանի Հանրապետութեան եւ Թուրքիոյ Հանրապետութեան միջեւ յարաբերութիւնների զարգացման մասին” արձանագրութեան 2 թուագրուած մասի երկրորդ պարբերութիւնում, ինչպէս նաեւ 3 թուագրուած մասում նշուած պատմաբանների ենթայանձնաժողովի վերաբերեալ դրոյթների առկայ ձեւակերպումները թերի եւ ոչ հստակ լինելու պատճառով հակասում են ՀՀ Սահմանադրութեան նախաբանին եւ չեն համապատասխանում “Իրաւական ակտերի մասին” ՀՀ օրէնքի, մասնաւորապէս՝ 5-րդ գլխի պահանջներին: Բացի դրանից՝ արձանագրութիւններում տրուած սոյն կէտում նշուած ձեւակերպումները դիտարկելով ՀՀ Սահմանադրութեան այլ յօդուածների հետ համակարգային կապի մէջ՝ հարկ է փաստել, որ դրանք հակասում են նաեւ ՀՀ Սահմանադրութեան 9-րդ յօդուածին, այն է` արտաքին քաղաքականութեան իրականացման փոխշահաւէտութեան սկզբունքին եւ 11-րդ յօդուածի երկրորդ մասին, այն է` հայկական Սփիւռքի հետ կապերի ամրապնդմանը:

3.            Արձանագրութիւնների կնքման կարգը եւ պայմանները չեն համապատասխանում “Միջազգային պայմանագրերի մասին” ՀՀ օրէնքի պահանջներին եւ հակասում են ՀՀ Սահմանդրութեան 83.5 յօդուածի 9-րդ մասին:

Առ այդ՝ նշուած հակասութիււնները վերացնելու եւ հայ ժողովրդի շահերից բխող` Հայաստանի եւ Թուրքիոյ միջեւ առանց նախապայմանների յարաբերութիւնների կարգաւորման համար անհրաժեշտ իրաւական հիմքեր ստեղծելու նպատակով առաջարկում ենք արձանագրութիւնները ճանաչել Սահմանադրութեանը չհամապատասխանող կամ մասնակի չհամապատասխանող, ինչը “Միջազգային պայմանագրերի իրաւունքի մասին” կոնվենցիայի եւ “Միջազգային պայմանագրերի մասին” ՀՀ օրէնքի ուժով հիմք կը հանդիսանայ լրացուցիչ բանակցութիւններ վարելու կամ այդ հակասութիւնները վերացնելուն ուղղուած եւ արձանագրութիւնների անբաժան մասը կազմող վերապահումներ կատարելու համար:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*