ՄԷԿ ՏԱՐԻ ՍԵՐԺ ՍԱՐԳՍԵԱՆԻ ՀԵՏ ԿԱՄ ՀԱՅԹՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՈՒՄԸ

ԶԱՌԱ ՍԱՐԳՍԵԱՆ

Վերջերս լրացաւ ՀՀ ներկայիս Նախագահի պաշտօնավարման մէկ տարին:
Շատ լաւ առիթ է արտայայտուելու վերջին մէկ տարուայ իրադարձութիւնները եւ փորձելու առողջ գնահատական տալ դրանց:
Ի՞նչ է փոխուել այս մէկ տարուայ ընթացքում: Նուաճումների շարքում թերեւս կարելի է նշել  տարածաշրջանում Հայաստանի դերակատարման զգալի աճը: Մեր մասին հիմա աւելի շատ են խօսում: Հայաստանի հետ, կարծես թէ, փորձում են հաշուի նստել: Բայց մտավախութիւն կայ, արդեօ՞ք այս ամէնը հերթական փորձ չէ շողոքորթութեամբ մեզ խաբելու եւ ծուղակը ձգելու: Կարծիքներն ու տրամադրութիւնները տարբեր են:
Պաշտօնավարման մէկ տարուան նուիրուած մամլոյ ասուլիսին, Նախագահ Սերժ Սարգսեանը, քանի մը կարեւոր յայտարարութիւններ արեց:
 Ուշագրաւ էր Նախագահի արտայայտած տեսակէտը Արցախի հարցի վերաբերեալ Ատրպէյճանի կողմից շահարկութեան ենթարկուող ապատեղեկատուութեան մասին: Լրագրողներից մէկի հարցին թէ »Ինչպէ՞ս էք վերաբերւում այն հանգամանքին, որ ազերիները ներկայացնում են Հայաստանը իբրեւ յարձակող երկիր«: Նախագահ Սերժ Սարգսեանը պատասխանեց »Լսե՞լ էք որեւէ լուրջ տեսակէտ այս թեմայով, արդեօ՞ք որեւէ լուրջ միջազգային կազմակերպութիւն կամ փաստաթուղթ հաստատում է այդ տեսակէտը: Ես գոնէ չգիտեմ այդպիսին: Ամենաշատն ինչ լսել եմ ՝ գրաւեալ տարածքներ արտայայտութիւնն է, իսկ դրանք տարբեր բաներ են«:
»Հայաստանը չի գրաւել Արցախը, այդ պնդումն անհիմն է: Եթէ Հայաստանը գրաւել է Արցախը, ապա ո՞ւր է այն, ինչո՞ւ այն Հայաստանի կազմում չէ: Կրկնում եմ, Հայաստանը չի գրաւել Արցախը, որուն ժողովուրդը Հայաստանի ժողովրդի օգնութեամբ իրականացրել է ազգային ինքնորոշման իրաւունքը, ազատագրելով սեփական տարածքները«:
Լաւ է ասուած այս կարծիքը, կարող է հենակետային մօտեցում դառնալ ԱտրպէյճանՀայաստան տեղեկատուական պատերազմում բաւական և արդիւնքների բերել: Գաղտնիք չէ, որ վերջին տարիների զինադադարը Արցախի համար մղուող պատերազմի վերջը չէ: Զինադադարի հաստատումից անմիջապէս յետոյ, Ատրպէյճանի եւ Հայաստանի միջեւ սկսուեց տեղեկատուական պատերազմ, որը ոչ պակաս դաժան է, քանզի մեր հարեւանները անընդհատ գործի են դնում սուտը: Իսկ մենք միայն նեղւում ենք, որ հնարաւորութիւն չունենք ճշմարտութիւնը յայտնել նոյնքան բարձր ձայնով, ինչպէս նրանք են աղաղակում սեփական ազդեցիկ ստերը:
»Արցախի հարցը շահարկման առարկայ չէ եւ լինել չի կարող« բազմիցս կրկնեց Նախագահը: »Սա բալասան է ժողովրդի այն մասի վէրքին, ով կարիքն ունի վստահութեան, որ զիջումներ չեն լինելու և յետդարձի ճանապարհ չկայ: Սակայն ոչ Բելերն են միանշանակ ընդունում այս յայտարարութիւնը: Խնդիրն այն է, որ Հայաստան աշխարհում մինչ օրս կան մարդիկ, որ համաձայն են Արցախը դաւադրաբար Ատրպէյճանին յանձնել, սեփական հոգերը թօթափելու համար:
»Շարունակելու ենք պայքարել կաշառակերութեան դէմ«, Նախագահի այս խոստումը փոքր ինչ անհաւատալի է հնչում: Այս մասին էլ շատ անգամ ենք լսել, գործնականում ի հարկէ այս ոլորտում կրիայի քայլերով ենք առաջ գնում:
Լրագրողների հարցերի հիմնական թիրախ դարձաւ Հայ-Թրքական սահմանի բացումը: Այս օրերին սա թեմաների թեման է, ոչ միայն Հայաստանում այլեւ տարածաշրջանում: Այստեղ աննախադէպ գործունէութիւն արձանագրուեց՝ փոխայցելութիւններ տարբեր մակարդակներով, քննարկումներ, քաղաքական մեկնաբանների տեսակէտներ, սովորական ժողովրդի մեկնաբանութիւններ:
Սեփական անհանգստութիւններիս բեռը, բնաւ չուզենալով որեւէ մէկի ուսերին դնել, պարզապէս, ուզում եմ մի քանի իրադարձութիւն մատնանշել եւ մի քանի հարցադրում անել: Կ՝ուզէի հաւատալ, որ Թուրքիան եւ թուրք հասարակութիւնն իրօք պատրաստ է, առանց նախապայմանների, բացել Հայաստանի հետ սահմանը: Ցաւօք, զգուշաւորութիւնս ինձ թոյլ չի տալիս լաւատես լինել: Թուրքիոյ նախագահ Ապտուլլահ  Կիւլը այցելում է Հայաստան և պատասխան այցի է հրաւիրում Սերժ Սարգսեանին ՝ սառոյցը հալւում է: Նախագահները համաձայնում են առանց նախապայմանների սահմանի բացման վերաբերեալ բանակցութիւններ սկսել: Այս առիթով, Հեյտար Ալիեւը դաշնակիցներից նեղացած կեցուածք է ընդունում եւ հրաժարւում է մեկնել Թուրքիա Քաղակրթութիւնների Միութիւն համաժողովին: Արդեօ՞ք Ատրպէյճանի ճնշումները Թուրքիոյ վրայ արդիւնաւէտ կը լինեն: Փոխարէնը, Թուրքիոյ վարչապետը Ալիեւի սիրտը շահելու համար ՝ հակառակ երկրի նախագահին յայտարարում է »Հայաստանի հետ սահմանի բացումն անհնար է, մինչեւ Արցախեան հիմնախնդրի լուծումը Ատրպէյճանի տարածքային ամբողջականութեան սկզբունքի պահպանմամբ«:  Արդեօ՞ք սա նշան է պառակտման, թէ թրքական դիւանագիտութեան հերթական հնարքն է: Հայաստանի Նախագահը պաշտօնական այցով մեկնում է Իրան, ուր նոյնպէս քննարկւում է սահմանի բացումը: Արդեօ՞ք տարածաշրջանում հասկանում են խնդրի կարեւորութիւնը: Ալիեւը պաշտօնական այցով մեկնում է Ռուսաստան, նոյն ժամանակ Մոսկուայում է յայտնւում նաեւ Էրտոկանը: Արդեօ՞ք զուգադիպութիւն:
Այս բոլոր իրադարձութիւնները եւ գլխումս առաջացած հարցերը իմ մէջ մի մտավախութիւն արթնացրեցին: Արդեօ՞ք, մեր շուրջ տեղի ունեցող, մեծ եւ փոքր եղբօր այս թատերախաղը հերթական խաբէութիւն չէ, մեր դիւրահաւատ ժողովրդին հերթական անգամ առանց նախապայմանների իրենց թակարդը գցելու համար: Եւ արդեօ՞ք գերտերութիւնների շահագրգռուածութիւնն ու ոգեւորութիւնը չէ հենց այն պանիրը, որով մեզ ուզում են թակարդը գցել:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*