ԿԵՂԾ ԹԵԶ ԸՆԴԴԻՄՈՒԹԵԱՆ ՉԿԱՅԱՑԱԾՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ

0 0
Read Time:3 Minute, 30 Second

droshak ՝՝Դրօշակ՝՝ Խմբագրական Յունիս 16, 2014 Խորհրդարանական վերջին ընտրութիւններից յետոյ Հայաստանում ձեւաւորուեց իշխանութեան միակուսակցական համակարգ: Ըստ էութեան տեղի ունեցաւ այն, ինչ իր առջեւ նպատակադրել էր գործող իշխանութիւնը: Թէ ինչպէս այդ ցանկութիւնն իրականացուեց` գաղտնիք չէ: Կարելի է թերեւս արձանագրել, որ դրուած խնդիրը գլուխ բերելու ընթացքում, ինչպէս միշտ, չափն անցան իրականացնողները` սովորականի պէս մտաւավախութիւն ունենալով, թէ նախանշուած նիշը չի յաղթահարուի: Իհարկէ ամէն ինչ յաղթահարուեց իշխանութեան համար, սակայն յետոյ մի անյարմար իրավիճակ ստեղծուեց: Թէ երկրի ներսում եւ թէ մանաւանդ երկրից դուրս դժուար էր համոզել, որ տարիներ շարունակ իշխող ուժը նոր ընտրութիւններում հաւաքել է բացարձակ ձայներ` ջախջախելով հակադիր թեւում գործող բոլոր կուսակցութիւններին: Դժուար է հաւատացնել մի երկրի դէպքում, ուր կենսապահովման նուազագոյն շեմից ցածր է բնակչութեան կէսից աւելիի եկամուտը, որտեղից տարեկան տասնեակ հազարաւոր մարդ է փախչում, որտեղ, անգամ պաշտօնեաների խոստովանութեան համաձայն, բնակչութեան 83% տոկոսը չի վստահում արդարադատութեան համակարգին, որտեղ ցցուն արտայայտուած է հարուստների փոքրամասնութեան եւ աղքատութեան սահմանագծի շուրջ գոյատեւող մեծամասնութեան միջեւ եղած բեւեռացուածութիւնը: Եւ ահա նշուած հակասութիւնը ինչ-որ կերպ բացատրելու համար հրապարակ նետուեց այն թեզը, թէ Հայաստանում ընդդիմութիւնը չի կայացել: Այլ խօսքով այնքան չերեւացող է ընդդիմութիւնը, որ ընտրողը ոնց պտտւում` իշխանական ուժից բացի որեւէ մէկին իր շուրջը չի տեսնում: Իշխանաւորները “խոր ցաւով ու ափսոսանքով“ յայտարարեցին այս մասին, լրատուա-քաղաքագիտական դաշտի գզիրներն էլ լուրն առած վազեցին դռնեդուռ եւ չեն զլանում իշխանաւորների հետ թութակի պէս կրկնել սոյն ՝՝բոթը՝՝: Տարիներ առաջ Գերագոյն խորհրդի նախագահ Բաբկէն Արարքցեանը, ՝՝Հայաստանի Հանրապետութիւն՝՝ թերթին տուած հարցազրոյցում, ասել էր, թէ ցաւօք Հայաստանի իշխանութեան դիմաց կայացած ընդդիմութիւն գոյութիւն չունի: Այս միտքն ասուել էր այն ժամանակ, երբ նորանկախ երկրի առաջին իշխանութիւնները դեռ ամուր ու ինքնավստահ էին զգում իրենց եւ սիրում էին կրկնել, թէ. ՝՝Մեր դէմ խաղ չկայ՝՝, բայց հէնց նման յայտարարութիւնները վկայում էին, որ թիկունքներն սկսել է մրսել ՝՝հետապնդողների՝՝ շնչառութիւնից: Ի վերջոյ պետական ողջ համակարգը տնօրինող համազգային այդ ուժից ոչինչ չմնաց: Նրանք գնացին արատաւոր ճանապարհով, որն ի դէպ այսօրուայ իշխանութիւնը եւս իր համար ուղի է ընտրել: Հայաստանի Հանրապետական կուսակցութեան վերջին համագումարում, կուսակցութեան եւ երկրի ղեկավար Սերժ Սարգսեանը նշեց, թէ միայն իրենց կուսակցութիւնն է, որ ունի ամէնուր ներկայացուած կուսակցական ուժեղ կառոյց եւ հետեւաբար ամենակարող եւ հեռանկարային քաղաքական միաւորն է: Կարծում ենք, սակայն նա ինքն էլ հասկանում է, որ իրենց ներուժն, ըստ էութեան, կազմում են կուսակցականացուած իշխանական նոմենկլատուրան եւ օլիգարխիկ համակարգը, որոնք առանց կարմրելու այս մի կրծքանշանն էլ կը փոխեն` հէնց որ կուսակցութիւնը դադարի իշխանութիւն լինելուց: Ինչ վերաբերում է ընդդիմութեան վիճակին, ապա պէտք է փաստել, որ իշխանութեան մէջ ներկայացուած չլինելու պարագայում հայաստանեան ընդդիմութիւնը մեծապէս կորցնում է քաղաքական գործընթացների վրայ գործուն ազդեցութեան հնարաւորութիւնը: Այդ հնարաւորութիւնը նա դեռ ինչ-որ չափով պահպանում է, եթէ ունի խորհրդարանական կարգավիճակ, իսկ արտախորհրդարանական ուժերը, ինչպէս ներկայ վիճակն է վկայում, գրեթէ աննշմար են դառնում քաղաքական համայնապատկերի վրայ: Երեւոյթի հիմնական պատճառն իհարկէ ոլորտը կարգաւորող օրէնսդրութիւնն է եւ երկրի կառավարման աւտորիտար դրուածքը: Այսինքն, որքան էլ ոմանք ճչան եւրոպական արժեհամակարգին ու ժողովրդավարութեանը հոգեհարազատութեան մասին, անկախութեան երկուսուկէս տասնամեակի ընթացքում Հայաստանի քաղաքական համակարգի մէկ թեւը հալածուել, վարկաբեկուել եւ մերժուել է այնքան, որ երկիրն, ըստ էութեան, հասցուել է միակուսակցական կառավարման վիճակի: Պատահականորերն չենք շեշտում կառավարում բառը, որովհետեւ ազատ իրաւայարաբերութիւնների պայմաններում իշխանութիւն-ընդդիմութիւն զոյգ թեւերն են, որ ապահովում են պետական-քաղաքական մեքենայի լիարժէք ընթացքը: Իսկ անհանդուրժողութեան եւ միակառավարման յաւակնութեան պարագայում գործող կուսակցութիւնների քանակը կարող է ոչինչ չնշանակել, ինչպէս-որ չէին նշանակում օրինակ կոմունիստական-բռնապետական Ռումինիայում գործող հինգ-վեց ոչ իշխանական կուսակցութիւնները: Բարեբախտաբար Հայաստանում գործող մի քանի կ՚ուսակցութիւննէր, այս ընթացքում, հաստատել են իրենց տեղը քաղաքական դաշտում` ունենալով գործունէութեան ծրագրեր, կատարած գործ եւ անցած ճանապարհ: Այդ կուսակցութիւնների կայացածութիւնն ու չկայացածութիւնը չափել կարելի է ամէն անգամ ընտրութիւնների շրջանում ոտքի ելնող ժողովրդի տրամադրութիւններից ելնելով, եթէ իհարկէ հէնց այդ տրամադրութիւնները լինեն որոշիչ եւ ընտրակաշառքն ու մնացած յայտնի գործօնները կշեռքի նժարը չշեղեն իր բնական կողմնորոշումից: Հետաքրքիր է նաեւ, որ ընդդիմութեան չկայացածութեան մասին խօսակցութիւնները շատանում են յատկապէս այն պահերին, երբ ակտիւանում է ընդդիմութեան գործունէութիւնը, եւ իշխանութիւնը կանգնած է լինում իր գործունէութեան եւ դրա հետեւանքների համար հանրութեանը բացատրութիւն տալու պարտադրանքի առջեւ: Ցաւօք մեզանում իրական խօսքն ու գործը չեն սեփական ճշմարտութիւնն ապացուցող փաստարկը, այլ ենթակայական գնահատումները, ինքնագոհ յայտարարութիւնները, թէ մեր դէմ խաղ չկայ, թէ գալիք տաս տարին մենք ենք լինելու եւ մեր գրասենեակից է անցնելու ապագայ իշխանաւորների ՝՝գահադրման՝՝ ճանապարհը, թէ մենք ամենակայացածն ենք, իսկ մնացածն ընդհանրապէս կայացած չեն եւ նման այլ անհեթեթութիւններ: Եթէ ինքնագոհութեանն ու յաւակնութիւններին ինչ-որ չափով համարժէք լինէր կատարուած գործը, թերեւս ուշադրութեան արժանի լինէին նաեւ քաղաքական գնահատականները: Թէեւ, ինչպէս ասուեց, գնահատականներ հնչեցնողները իշխանաւորները չպէտք է լինեն, այլ ժողովուրդը, եթէ իհարկէ ամէն անգամ, ասիական ճարպկութեամբ, չոտնահարուի նրա իրաւունքը:

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published.

Social profiles