ՇԱԲԱԹԱԿԱՆ ԱՆԴՐԱԴԱՐՁ.- ԹՈՒՐՔԻՈՅ ՇՈՒՐՋ

0 0
Read Time:5 Minute, 1 Second

Տիգրան Չանտոյեան

Երեւան

Փանթրքական շրջանակը կարծես թէ ընդլայնւում է եւ աստիճանաբար ներառում մինչ այժմ իր չէզոք դիրքորոշմամբ յայտնի Թուրքմենիստանին:

Թուրքիոյ նախագահ Էրտողանը, Ատրպէյճանի եւ Թուրքմենիստանի պաշտօնակիցներ Իլհամ Ալիեւի եւ Սերտար Պերտիմուհամետովի հետ մասնակցել է առաջին եռակողմ գագաթաժողովին: Երեք երկրների ղեկավարները հանդիպել են թուրքմէնական Աւազ քաղաքում, որպէսզի քննարկեն երեք երկրների միջեւ տարբեր, մասնաւորապէս` առեւտրի, ելեկրականութեան ու փոխադրամիջոցների ոլորտներում համագործակցութեան յետագայ խորացման քայլերը: Եռակողմ բանակցութիւնների արդիւնքում ստորագրուել են հետեւեալ փաստաթղթերը.

  • Թուրքմենիստանի կառավարութեան, Ատրպէյճանի Հանրապետութեան կառավարութեան եւ Թուրքիոյ Հանրապետութեան կառավարութեան միջեւ առեւտրատնտեսական համագործակցութեան մասին համաձայնագիր։
  • 2023-2025 թուականներին գիտութեան, կրթութեան եւ մշակոյթի բնագաւառում համագործակցութեան շրջանակային ծրագիր։
  • Մաքսային համագործակցութեան հարցով համատեղ խորհրդատուական յանձնաժողովի ստեղծման մասին փոխըմբռնման յուշագիր։
  • Turkmengaz պետական ընկերութեան, Ատրպէյճանի Հանրապետութեան ելեկտրուժի նախարարութեան եւ Թուրքիոյ Հանրապետութեան ելեկտրուժի եւ բնական պաշարների նախարարութեան միջեւ այդ ոլորտում համագործակցութեան յետագայ զարգացման վերաբերեալ փոխըմբռնման յուշագիր։
  • Երեք երկիրների փոխադրամիջոցի եւ հաղորդակցութիւնների նախարարութեան միջեւ ոլորտում համագործակցութեան յետագայ զարգացման վերաբերեալ փոխըմբռնման յուշագիր:

Աւելի վաղ Էրտողանն առանձին փակ հանդիպումներ էր ունեցել ինչպէս Թուրքմենիստանի Ժողովրդական խորհրդի նախագահ Կուրպանկուլի Պերտիմուհամետդովի, այնպէս էլ թուրքմէն պաշտօնակցի` Սերտար Պերտիմուհամետդովի հետ: Աւելի ուշ Թուրքիայի նախագահը  հանդիպում է ունեցել նաեւ Ալիեւի հետ: Հանդիպման մանրամասները չեն յայտնւում:

Թուրքմենիստան մեկնելուց առաջ ճեպազրոյցի ժամանակ Էրտողանը յայտարարել էր, որ Անգարան առաւելագոյն ջանքեր է գործադրելու թրքալեզու երկրների, այդ թւում` եղբայրական Թուրքմէնստանի հետ համագործակցութիւնը զարգացնելու համար: Նա նշել էր, որ Պաքուի եւ Աշխապատի հետ երկխօսութեան առաջնային ուղղութիւններից մէկը ելեկտրուժի ոլորտն է: «Յուսով եմ, որ թուրքմենական կազը մօտ ապագայում կը սկսի Թուրքիա հասնել Կասպից ծովով»,-ասել է նա: Էրտողանը ցանկանում է վերսկսել թուրքմենական կազի մատակարարումը Եւրոպա` շրջանցելով Ռուսաստանը, եւ այդ թեման քննարկել է  Թուրքմենիստանի եւ Ատրպէյճանի նախագահների հետ: Նախատեսւում է, որ կազը Առրպէյճան կը մատակարարուի Կասպից ծովով, իսկ յետոյ Հարաւային կազային միջանցքի խողովակաշարերի ցանցով կ’ուղեւորուի Թուրքիա, ապա` Եւրոպա: Թուրքմենիստան մեկնելուց առաջ Էրտողանը յայտարարել էր, թէ «կ՛ամրապնդենք փոխգործակցութիւնը եւ կ’անենք հնարաւոր ամէն ինչ, որպէսզի ընթացիկ հարիւրամեակը դառնայ թուրքերի դար»:

Այնուհանդերձ աւելի քան ակնյայտ է, որ այս «եղբայրական» յարաբերութիւնների իրական նպատակը տարածաշրջանային քաղաքական դաշտում ելեկտրուժի միջոցով սեփական դիրքերն աւելի ամրապնդելն է:

Աւազայում Թուրքիա-Թուրքմենիստան-Ատրպէյճան եռակողմ գագաթաժողովից յետոյ տեղի ունեցած զրոյցում Էրտողանը յայտարարել է, որ Թուրքիան կարեւոր հանգոյց կը դառնայ Եւրոպա թուրքմենական կազի մատակարարման ճանապարհին: Նրա խօսքով` Եւրոպա ռուսական եւ թուրքմենական կազի մատակարարումները այդ ոլորտի համար շատ կարեւոր քայլեր կը դառնան: Էրտողանը նշել է, որ այսօր Պաքուի եւ Աշխապատի միջեւ քննարկւում է Թուրքմենիստանից Կասպից ծովով կազի արտահանման թեման, այլ հարցերից բացի քննարկւում է նաեւ ֆինանսական բեռի բաշխման խնդիրը: «Կարծում եմ, որ Ատրպէյճանն ու Թուրքմենիստանը պէտք է համաձայնութեան գան այդ բեռի բաշխման հարցում: Եթէ Թուրքիան դառնայ այս գործընթացի մաս, Անգարան էլ ծախսերի մի մասը իր վրայ կը վերցնի: Եթէ գործին ներգրաւեն Եւրոմիութեան, ապա ֆինանսական հարցում պէտք է մասնակցեն նաեւ Պրիւքսէլի ներկայացուցիչները»,- ասել է Էրտողանը:

Չնայած Էրտողանի բուռն ոգեւորութեանը, թուրքմենական կողմից այս ուղղութեամբ որեւէ նշանակալից քայլեր դեռեւս չեն իրականացուել: Թուրքմենիստանը չի հրաժարուելու սեփական նախաձեռնողականութիւնից եւ ինքնուրոյնութիւնից: Վերջինս անգամ Թրքական պետութիւնների կազմակերպութեան անդամ չի: Թերեւս հէնց դա է նկատի ունեցել Էրտողանը, ասելով, որ Թուրքիան յատուկ նշանակութիւն է տալիս թրքալեզու երկրների հետ կապերի զարգացմանը, այդ թւում թրքական պետութիւնների կազմակերպութեան հարթակի միջոցով: Էրտողանը նշել է, որ Թուրքմենիստանի լիարժէք անդամակցութիւնը թրքական պետութիւնների կազմակերպութիւնում ուժի նոր աղբիւր կը դառնայ: «Համոզուած եմ, որ Անգարայի, Պաքուի եւ Աշխապատի եղբայրական կապերը կ’ամրապնդուեն մեր երկրների ռազմավարական հնարաւորութիւնների հիման վրայ: Մեր նպատակը համաշխարհայինեւ տարածաշրջանային գործընթացների առաւելագոյն օգտագործումն է` ի բարօրութիւն բնակչութեան, թիրախ ունենալով տարածաշրջանային կայունութիւնը»,- նշել է Էրտողանը:

+

Պոլսոյ դատարանը դատավճիռ է կայացրել քաղաքի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի գործով` դատապարտելով 2 տարի 7 ամսուայ ազատազրկման: Նման մեղադրում են Կեդրոնական ընտրական յանձնաժողովի ներկայացուցիչներին վիրաւորելու համար:

Դատախազութիւնը պահանջել է Իմամօղլուին դատապարտել 15 ամսից մինչեւ 4 տարի ազատազրկման` նախագահ Էրտողանի դաշնակցին 2019 թուականին քաղաքապետի` խիստ վիճահարոյց ընտրութիւններում յաղթելուց յետոյ: Մեղադրական դատավճիռը Իմամօղլուին զրկել է պատիժը կրելու ժամկէտում քաղաքականութեամբ զբաղուելու իրաւունքից: Իմամօղլուն կը շարունակի կատարել քաղաքապետի պարտականութիւնները մինչեւ նրա բողոքարկումը կը դիտարկուի դատարաններում: Քաղաքապետի շրջանակը դատը դիտարկում է որպէս Էրտողանի անձնական «վանտեթա» նրա գլխաւոր մրցակիցներից մէկի դէմ:

Գործը կապուած է Իմամօղլուի դիտողութեան հետ, որն արուել է երկրորդ ընտրութիւններում Էրտողանի դաշնակցի նկատմամբ տարած յաղթանակից մի քանի ամիս անց, երբ նրա առաջին յաղթանակը չեղեալ է յայտարարուել:

Պաշտօնեաները յայտնել են հարիւր հազարաւոր կասկածելի ձայների յայտնաբերման մասին այն բանից յետոյ, երբ Էրդողանը հրաժարուել է ճանաչել Իմամօղլուի նախնական յաղթանակը մի քաղաքում, որը նա ինքն էր ղեկավարում նախքան երկու տասնամեակ առաջ ազգային քաղաքականութեամբ զբաղուելը: Այդ որոշումը ուժեղ հարուած է հասցրել Էրտողանի իսլամական կուսակցութեանը: Բողոքի ալիքները եւ բոլոր քաղաքական շրջանակների աջակցութեան ալիքը Իմամօղլուին համոզիչ յաղթանակ են բերել նոյն տարուայ Յունիսին անցկացուած կրկնակի քուէարկութեան ժամանակ:

Քաղաքապետի եւ Թուրքիոյ նախագահի միջեւ վէճը սկիզբ է առել 2019 թուականի ընտրութիւններից յետոյ, երբ Իմամօղլուն յաղթեց Թուրքիոյ ամենամեծ քաղաքում` ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցութեան ապշեցուցիչ յաղթանակի արդիւնքում: Էրտողանի սեփական քաղաքական վերելքը սկսուել է նոյն քաղաքում` 25 տարի առաջ, եւ նա անձամբ իր վրայ է վերցրել Պոլսոյ ընտրութիւններում պարտութիւնը:

Թուրքիայի գերագոյն ընտրական խորհուրդը Էրտողանի օգնականների ուժեղ ազդեցութեան պատճառով չեղարկել է Իմամօղլուի առաջին ընտրական յաղթանակը: Քաղաքապետը մեծ առաւելութեամբ յաղթել է նաեւ երկրորդ քուէարկութիւնը:

Իմամօղլուի խօսքով` դատարանի վերջին վճիռը նման ազդեցութիւն կ’ունենայ հանրային տրամադրութիւնների վրայ: «Ազգի կողմից մեզ տրուած լիազօրութիւնները չեն կարող խլուել: Տայ Աստուած, որ մեր կռիւն աւելի հզօր դառնայ»,- նրա խօսքերն է մէջբերում Halk TV-ն:

Հազարաւոր մարդիկ հաւաքուել են Սարաչանէ թաղամասում քաղաքապետարանի մօտ անմիջապէս այն բանից յետոյ, երբ Իմամօղլուն կոչ է արեց իր ընտրողներին ցոյց տալ իրենց անհամաձայնութիւնը «անօրինականութեան մեծ որոշումին»: Նա փոխադրակառքի տանիքից ողջունել է ամբոխին ընդդիմադիր կուսակցութեան նախագահ Մերալ Աքշեների հետ միասին դիմել է իր կողմնակիցներին:

Քաղաքապետը մեղադրւում է ընտրական խորհրդի անդամներին վիրաւորելու մէջ` քուէարկութիւնում յաղթելուց ամիսներ անց, 2019 թուականի Նոյեմբերին արած իր մեկնաբանութիւնների համար․ «Նրանք, ովքեր չեղարկեցին Մարտի 31-ի ընտրութիւնները, յիմարներ են»,- ասել էր Իմամօղլուն այն ժամանակ իր մեկնաբանութիւններում, ինչը իշխանութիւնները վիրաւորանք են համարել ընտրական յանձնաժողովի դատաւորների համար:

Վերաքննիչ դատարանների մասնակցութեամբ դատավարութիւնը սովորաբար տարիներ է տեւում, ինչը նշանակում է, որ Իմամօղլուն կարող է պաշտօնավարել եւ մասնակցել ընտրութիւններին, իսկ եթէ Իմամօղլուի դատավճիռը ուժի մէջ մնա բողոքարկումից յետոյ, նա կը կորցնի իր տեղը, իսկ Պոլսոյ քաղաքապետարանի քաղաքային խորհուրդը, որտեղ գերակշռում է Էրդողանի իշխող կուսակցութիւնը, նոր քաղաքապետ կ՛ընտրի:

Ինքը` Էրտողանը, Պոլսոյ քաղաքապետի պաշտօնից զրկուել է աւելի քան երկու տասնամեակ առաջ այն բանից յետոյ, երբ նա բանտարկուել էր մի բանաստեղծութիւն կարդալու համար, որը դատարանները կրօնական ատելութիւն սերմանող էին համարել: Թուրքիոյ նախագահի քաղաքական կեանքը զարկ ստացաւ այդ ազատազրկումից յետոյ: Իմամօղլուին դատապարտելը նոյնպիսի խթան կը հանդիսանայ ընդդիմութեան համար: Ընդդիմադիր դաշինքը դեռեւս չի յայտարարել վեց ամիս յետոյ կայանալիք ընտրութիւնների միասնական թեկնածուի անունը:

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles