
Տիգրան Չանտոյեան
Երեւան
Պոլսոյ մէջ անյայտ անձիք կրակել են ընդդիմադիր «Լաւ» կուսակցութեան գրասենեակի վրայ: Հաղորդագրութիւն է ստացուել, որ Զեյթինպուրնու շրջանում գտնուող «Լաւ» կուսակցութեան մասնաճիւղի շէնքը գնդակոծուել է: Դէպքի վայր ժամանած ոստիկանները կուսակցութեան կառոյցի շէնքի եւ յարակից առեւտրական կեդրոնի վրայ յայտնաբերել են գնդակների հետքեր: «սկսուել է միջադէպի հետաքննութիւնը»,- յայտնել են քաղաքապետարանից:
«Լաւ» կուսակցութիւնը ժողովրդական դաշինքի կազմի մէջ մտնող վեց ընդդիմադիր կուսակցութիւններից մէկն է, որը Քեմալ Քըլըչտարօղլուին առաջադրել է որպէս նախագահի միասնական թեկնածու:
Յարձակումները շարունակւում են ընդդիմադիր միւս կուսակցութիւնների գրասենեակների վրայ եւս: Ժողովրդական հանրապետական կուսակցութեան նախագահ Ճանան Քաֆթանճօղլուն յայտարարել է, որ կուսակցութեան ներկայացուցչութիւնը Սարըրի շրջանում զինուած յարձակման է ենթարկուել:
Սա սովորական երեւոյթ է Թուրքիոյ պէս երկրում, որտեղ ընդամէնը տասնամեակներ առաջ քաղաքական նկատառումներով զանգուածային սպանութիւնները թրքական առօրեայի մի մաս էին: Առաջադիմել են:
Էրտողանը յայտարարել է, որ Անգարայում Ա.Մ.Ն. դեսպան Ճէֆ Ֆլեյքի առջեւ այլեւս չի կարողանայ այցելել թուրք պաշտօնեաներին, որովհետեւ Մայիս 14-ի ընտրութիւններում միասնական ընդդիմութեան թեկնածու Քեմալ Քըլըչտարօղլուի հետ հանդիպումից յետոյ դռները «փակ են» նրա համար: Էրտողանը տարակուսել է, թէ ինչպէս դիւանագէտը «չի ամաչում» մասնակցել նման միջոցառումների, իսկ յետոյ խնդրել հանդիպում իր հետ:
«Մեր դռները փակ են նրա առջեւ, նա այլեւս չի կարողանայ ներս մտնել: Ինչո՞ւ: Թող նա իմանայ իր տեղը»,- ասել է Էրտողանը` յաւելելով, որ Ֆլեյքը պէտք է պարզի, թէ ինչպէս պէտք է աշխատի դեսպանը: Ահա, այսպիսի նախընտրական տեսարաններ․․․
Նախընտրական քարոզչական խեղկատակութիւնների մէջ բնականաբար չի մոռացուել նաեւ Իսրայէլը: «Հասկանալի է, որ Իսրայէլի վարչակազմի կողմից առաջացրած բռնութիւնների ալիքի հետեւում, չնայած բոլոր նախազգուշացումներին, կան ներքին խնդիրներ: Դա կոչւում է ճնշման քաղաքականութիւն: Թուրքիան չի լռի Ալ Աքսայի մզկիթին վրայ իսրայէլական ուժերի նողկալի յարձակումների մասին: Իսլամներին նկատմամբ ճնշման եւ սադրանքի քաղաքականութիւնը, Հարամի Շարիֆի վրայ յարձակումները մեր կարմիր գիծն են»,- ասել է նա:
===
Թուրքիոյ արտաքին գործերի նախարար Մեւլութ Չաւուշօղլուն ասել է, որ Շուէտը պէտք է մի շարք լրացուցիչ քայլեր անի ՆԱԹՕ-ին անդամակցելու համար, քանի որ ներկայիս քայլերը բաւարար չեն: Այս մասին նա յայտարարել է Պրիւքսէլում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: «Պրիւքսէլում իմ գործընկերոջ (Տոպիաս Պիլշթրէօմ) հետ հանդիպման ժամանակ մենք բարձրացրել ենք այն քայլերի թեման, որոնք Սթոքհոլմը պէտք է ձեռնարկի ՆԱԹՕ-ին անդամակցելու գործընթացում: Որոշ քայլեր արուել են, բայց դրանք բաւարար չեն: Լրացուցիչ քայլեր են անհրաժեշտէ»,- ասել է Թուրքիոյ արտաքին գործերի ղեկավարը:
Շուէտի կառավարութիւնը հրաժարուել է Թուրքիոյ արտայանձնել Անգարայի կողմից ահաբեկչութեան մէջ մեղադրուող 50-ամեայ տղամարդուն: Թուրքիան նրան համարում է Թուրքիայում զինուած ահաբեկչական կազմակերպութեանէ անդամ: Արտայանձնման հարցումը ստացուել է 2022 թուականի Նոյեմբերին, սակայն Շուէտը հրաժարուել է արտայանձնել իր քաղաքացուն:
===
Ռուսաստանի, Իրանի, Սուրիոյ եւ Թուրքիոյ ներկայացուցիչները Մոսկուայում կայացած հանդիպման արդիւնքներով պայմանաւորուել են շարունակել շփումները: Ապրիլի 3-4-ը Մոսկուայում քառակողմ խորհրդակցութիւններ են կայացել Ռուսաստանի, Իրանի, Սուրիոյ եւ Թուրքիոյ փոխարտգործնախարարների մակարդակով: Քննարկուել են այդ երկրների արտաքին քաղաքական գերատեսչութիւնների ղեկավարների առաջիկայ հանդիպման նախապատրաստմանն առնչուող հարցեր: Կողմերը պայմանաւորուել շարունակել շփումները:
===
Տրապիզոնի եւ Սոչիի միջեւ լաստանաւերի գործարկման շուրջ բանակցութիւնները շարունակւում են, սակայն յստակ ժամկէտներ չկան, թէ երբ դա տեղի կ’ունենայ:
Տրապիզոնի նահանգի առեւտրա-արդիւնաբերական պալատի ղեկավար Էրքուտ Չելեպին յայտնել է, որ 9 տարուայ ընդմիջումից յետոյ թրքական Տրապիզոնի եւ ռուսական Սոչիի միջեւ լաստանաւերի գործարկումը նախատեսւում է Մայիս 1-ին:
Նրա խօսքով` իրենք ցանկանում են պայմանագիրը ստորագրել Ապրիլ 6-ին: Սոչի-Տրապիզոն երթուղով կը գործի 300 հոգու համար նախատեսուած լաստանաւ եւ 200 ինքնաշարժ: Լաստանաւերն այս երթուղով շարժուել են 1992-ից 2014 թուերին:
===
Թուրքիան երկրի պաշտպանութեան նախարար Հուլուսի Աքարի միջոցով ցանկութիւն է յայտնել Եգէական եւ Միջերկրական ծովերը դարձնել բարեկամութեան եւ համերաշխութեան ծովեր: Հուլուսի Աքարը երկրաշարժից տուժած հարաւային Հաթայ նահանգում իր յոյն գործընկեր Նիքոլաոս Փանայոթոփուլոսի հետ համատեղ մամլոյ ասուլիսի ժամանակ յայտարարել է, որ Թուրքիան ձգտում է լաւ յարաբերութիւններ ունենալ հարեւան Յունաստանի հետ: «Երկու երկրների միջեւ կան որոշ խնդիրներ; Որպէս երկու քաղաքակիրթ երկրներ` Թուրքիան եւ Յունաստանը կարող են այդ խնդիրները լուծել դաշնակցային ոգուն համապատասխան, խաղաղ ճանապարհով, երկխօսութեան միջոցով եւ փոխադարձ յարգանքի շնորհիւ»,-ասել է Աքարը` կրկին նշելով, որ դրանք հնարաւոր է լուծել երկխօսութեան միջոցով:
Իր հերթին, Փանայոթոփուլոսը ցանկութիւն է յայտնել կայունութիւն հաստատել երկկողմ յարաբերութիւններում եւ ասել է, որ նման ողբերգութիւնները, ինչպիսիք են երկրաշարժերը, ցոյց են տալիս, թէ որքան փոքր են Յունաստանի եւ Թուրքիայի միջեւ առկայ խնդիրները:
Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժների եւ սպասուող ընտրութիւնների լարուածութեան լոյսին տակ, Հուլուսի Աքարի նման յայտարարութիւնները հասկանալի են թւում, այնինչ յունական կողմը պէտք է գիտակցի, որ թրքակկան յաւակնութիւնները այսքան արագ չեն կարող իրենց տեղը զիջել խաղաղասիրական զգացմունքներին: Ընտրութիւններից յետոյ այս պատկերը աւելի կը պարզուի:
===
Թուրքիայում ցուցադրել են Aselsan ընկերութեան կողմից ստեղծուող հրթիռաթնդանօթային համալիրի պատկերը:
Հակաօդային պաշտպանութեան համալիրը Anadolu Isuzu Seyit բեռնատարի 8х8 բանաձեւով անիւների վրայ է եւ ունի 35 միլիմեթր տրամաչափով թնդանօթ, որը կարող է օգտագործել ծրագրաւորուող պայթիւնի թումբեր՝ Bozdogan կամ Gokdogan զենիթային հրթիռների արձակման համար:
Մեքենան զինուած է կրակի կառավարման կայանով եւ չորս ռատարներով, որոնք սարքուած են թիրախների յայտնաբերման համար:
===
Թուրքիոյ խորհրդարանը հաստատել է Botas նաւթակազային պետական ընկերութեան կառուցուածքում փոփոխութիւններ կատարելու հարցը` կազային կեդրոնի նախագծի իրականացման նպատակով: Թուրքիոյ ելեկտրականութեան եւ բնական պաշարների նախարար Ֆաթիհ Տոնմեզը Մարտի սկզբին տեղեկացրել էր, որ Ռուսաստանի առաջարկած կազային կեդրոնի հարցը Թուրքիայում կը դրուի խորհրդարանի քննարկմանը. դրա իրականացման համար անհրաժեշտ են օրէնսդրական փոփոխութիւններ: Օրինագիծը, որն ընդունել է Ազգային մեծ ժողովը, մասնաւոր հատուածի առջեւ կը բացի բնական կազի ներմուծման ճանապարհը: Botas-ի կառոյցը կը փոխուի, որպէսզի Թուրքիան վերածուի կեդրոնի: Փոփոխութիւնների համաձայն` կը ստեղծուէն նոր ստորաբաժանումներ եւ ընկերութիւններ: Գործունէութեան առարկան, անուանումը եւ ընկերութիւնների բաժնետիրական դրմագլուխի կառուցուածքը, որոնք կը ստեղծուէն` Botas-ի գործունէութիւնը վերակառուցելու համար, ինչպէս նաեւ նման գործարքներին վերաբերող հարցերը կը կարգաւորուեն Էրտողանի հրամանով: Բնական կազի ներմուծումը կ’ազատականացուի ինչպէս Botas-ի, այնպէս էլ մասնաւոր հատուածի իրաւաբանական անձանց համար: Սակայն այս դրոյթները չեն կիրառուի հեղուկացուած բնական կազի եւ խողովակաշարային գազի ներմուծման դէպքում:
Ռուսիոյ եւ Թուրքիոյ նախագահները անցած տարուայ Հոկտեմբերին յանձնարարել են մանրամասն մշակել Թուրքիայում կազային կեդրոն ստեղծելու հարցը: Այսպէս մասնաւորապէս, կարելի կը լինի տեղափոխել կազը վնասուած հիւսիսային հոսքերից: Խօսքը ոչ միայն Թուրքիայում առեւտրային հարթակ, այլեւ զարգացած ենթակառուցուածք ստեղծելու եւ հարաւային ուղղութեամբ մատակարարումներն աւելացնելու մասին է, տեղեկացրել է Ռուսիոյ փոխվարչապետ Ալեքսանտր Նովաքը: Այստեղ կարող են մասնակցել, ըստ նրա, նաեւ այլ երկրներ. հարաւային ուղղութեամբ կազը Եւրոպա մատակարարում են նաեւ Ալճերիան, Քաթարը եւ Ատրպէյճանը: