ՇԱԲԱԹԱԿԱՆ ԱՆԴՐԱԴԱՐՁ ԹՈՒՐՔԻՈՅ ՇՈՒՐՋ

0 0
Read Time:6 Minute, 33 Second

Տիգրան Չանտոյեան
Երեւան
Էրտողանը Թուրքիոյ Խարհրդարան է ներկայացրել ՆԱԹՕ-ին Ֆինլանտայի անդամակցութեան արձանագրութիւնը, իսկ Շուէտի գծով յայտարարել է, որ Թուրքիան չի կարողանայ «այո» ասել ՆԱԹՕ-ին վերջինիս անդամակցութեանը, եթէ ահաբեկչութեան դէմ պայքարում Սթքքհոլմը Անգարայի պահանջները չկատարի: «Դուք գիտէք, որ ահաբեկչութիւնը մեր կարմիր գիծն է: Առայժմ մենք տեսնում ենք ահաբեկչութեան դէմ պայքարում Թուրքիոյ նկատմամբ բացասական քայլեր: Մենք պատրաստ ենք ընդունելու ցանկացած վերաբերմունք, որտեղից էլ որ այն լինի: Շուէտի վարչապետը կարող է լաւ մարդ լինել, բայց մենք չենք կարողանայ այո ասել այդ երկրի անդամակցութեանը ՆԱԹՕ-ին, եթէ նրանք մեր կողքին չլինեն ահաբեկչութեան դէմ պայքարում: Մենք առանձնայատուկ յարաբերութիւններ չունենք Շուէտի հետ, սակայն Սթոքհոլմը իր դռներն է բացել ահաբեկիչների համար: Սթոքհոլմի փողոցներում քիւրտեր ցոյց են անում: Շուէտին տուեցինք մօտ 120 ահաբեկիչների ցուցակ եւ ասացինք` յանձնէ՛ք նրանց: Շուէտի վարչապետը լաւ մարդ է, սակայն ահաբեկիչներին մեզ չեն յանձնել», – ասել է Էրտողանը: Նշենք, որ ահաբեկիչների անուան տակ նա նկատի ունի քրտական ազգային շարժման գործիչներին, ովքեր ապաստանել են Շուէտում:
Էրտողանը նաեւ նշել է, որ ակնկալում է մինչեւ Մայիս 14-ին Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրութիւնները ՆԱԹՕ-ին անդամակցելու Ֆինլանտայի յայտի վաւերացումը:
«Մեզ ստիպեցին առանձին դիտարկել Ֆինլանտայի դիմումը, քանի որ ահաբեկչութեան այնպիսի դրսեւորումներ չկան, ինչպէս Շուէտում… Ես գրութիւն եմ ուղարկել խորհրդարանական յանձնաժողովին, որտեղից այն կը փոխանցուի գլխաւոր խորհուրդին: Յոյսով եմ, որ մինչեւ ընտրութիւններ գործընթացը կ’աւարտուի», – ասել է Էրտողանը:
***
Թուրքիոյ ընդդիմադիր վեց կուսակցութիւնների դաշինքի թեկնածու Քեմալ Քըլըչտարօղլուի խորհրդական Ունալ Չեւիքէօզը յայտարարել է, որ եթէ ընդդիմութիւնը յաղթի գալիք նախագահական ընտրութիւններում եւ իշխանութեան գայ Քեմալ Քըլըչտարօղլուն, կը սառեցուի Թուրքիոյ` Եւրոմիութեան անդամակցութեան բանակցութիւնները: Ընդդիմութիւնը նախատեսում է իշխանութեան գալու դէպքում սկսել կարգաւորման գործընթաց ներքին քաղաքականութիւնում, ինչը լրջօրէն կը փոխի Թուրքիոյ դիրքերի ընկալումը մեր դաշնակիցների եւ եւրոպական բոլոր երկրների կողմից:
Անդրադառնալով Ֆրանսայի եւ Աւստրիոյ դիրքորոշմանը, որոնք աւանդաբար դէմ են Եւրոմիութեան Թուրքիոյ անդամակցութեան, Չեւիքէօզը նշել է, որ կարեւոր է վերականգնել դիւանագիտական գործընթացը, որպէսզի վերջ դրուի Եւրոպայի հետ Էրտողանի առճակատմանը: «Դա չի նշանակում, թէ Թուրքիան անմիջապէս կը դառնայ Եւրոմիութեան անդամ, դա գործընթաց է, եւ դա կարեւոր է: Մենք ցանկանում ենք, որպէսզի մեր երկիրը դառնայ դեմոկրատական եւ քաղաքակիրթ ազգերի հանրոյթի անդամ»,- ասել է նա: Նա նաեւ նշել է, որ ընդդիմութիւնը մտադիր չէ հակառակուել Շուէտի եւ Ֆինլանտայի անդամակցութեանը ՆԱԹՕ-ին: Նրա խօսքով` այդ երկրների անդամակցութիւնը դաշինքին «կ՛ամրապնդի ՆԱԹՕ-ի անվտանգութիւնը»:
Չեւիքէօզի խօսքով` Թուրքիան Քըլըչտարօղլուի ղեկավարութեամբ, եթէ յաղթի, կը շարունակի միջնորդ լինել Ռուսաստանի եւ Ուքրայինայի միջեւ, այդ թւում «հացահատիկ»-ի գործարքի իրականացման դէպքում: ,Մենք Ռուսիոյ հետ մեր յարաբերութիւններում կը յիշեցնենք, որ Թուրքիան ՆԱԹՕ-ի անդամ է։ «Մենք որոշակիօրէն հաւասարների յարաբերութիւնների կողմից կը լինենք»,- ասել է Չեւիքէօզը:
Յունաստանի հետ յարաբերութիւնների վերաբերեալ Չեւիքէօզը նշել է, որ Աթէնքի արձագանգը Թուրքիայում երկրաշարժերին «հնարաւորութիւն է տուել նոր իրադրութիւն ստեղծել այդ յարաբերութիւններում»:
***
Յիշեցնենք, որ Մարտ 18-ից սկսուել է նախագահի եւ խորհրդարանի ընտրութիւնների արշաւը, որը տեւելու է մինչեւ Մայիս 13-ը, երբ կը յայտարարուի «լռութեան օր»:
Քուէարկութիւնը տեղի է ունենալու Մայիս 14-ին, եթէ անհրաժեշտութիւն առաջանայ` նախագահական ընտրութիւնների երկրորդ փուլը կը կայանայ Մայիս 28-ին:
Ընտրութիւնների օրացոյցն այս շաբաթ հաստատել է Թուրքիոյ բարձրագոյն ընտրական խորհուրդը: Նախագահի թեկնածուների առաջադրումը կը սկսուի Մարտ 19-ին եւ կ’աւարտի Մարտ 23-ին, տեղի ժամանակով կ․ե․ ժամը 5-ին, թեկնածուների ցուցակը կը հրապարակուի Մարտի 31-ին կառավարութեան տեղեկատուում, ինչից յետոյ նրանք կը կարողանան սկսել քարոզարշաւը:
Քաղաքական կուսակցութիւնները կամ դաշինքները, որոնք մասնակցելու են ընտրութիւններին, պէտք է ներկայացնեն իրենց թեկնածուների ցուցակները մինչեւ Մարտի 24-ի օրուայ աւարտը:
Էրտողանը կառավարող Ժողովրդական դաշինքի նախագահի թեկնածուն է: Նրա հիմնական մրցակիցն ընդդիմադիր, քեմալական Ժողովրդային Հանրապետական կուսակցութեան (CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչտարօղլուն է:
Ընտրութիւններին մասնակցելու մտադրութեան մասին յայտարարել են եւս մի քանի քաղաքական գործիչներ, այդ թւում Ժողովրդային Հանրապետական կուսակցութեան նախկին ներկայացուցիչ Մուհարեմ Ինճեն, որը մասնակցել է 2018-ի նախագահական ընտրութիւններին, խորհրդարանի նախկին պատգամաւոր, «Աթա» (Թուրքիայի հիմնադիր Աթաթիւրքի կրճատ անուանումը) քաղաքական դաշինքի առաջնորդ Սինան Օղանը, «Թուրքիա» նախընտրական դաշինքի ղեկավար, նախկին նախագահ Թուրկութ Օզալի որդի՝ Ահմետ Օզալը եւ մի քանի այլ անձինք, սակայն նրանց յոյսերն ընտրութիւններում շատ քիչ են:
Իսկ ընդդիմադիր քրտամէտ Ժողովուրդի Ժողովրդավարական կուսակցութեան (HDP) հրաժարուել է թեկնածու առաջադրել երկրի նախագահական ընտրութիւններին: Այս մասին չորեքշաբթի յայտնել է կուսակցութեան համանախագահ Փերուին Պուլտանը: Ժողովուրդի Ժողովրդավարական կուսակցութեան մէկ այլ համանախագահ Միթհաթ Սանճարն աւելի վաղ յայտարարութիւն էր տարածել` յայտնելով, որ չի բացառւում Քըլըչտարօղլուին աջակցելը եւ թեկնածու չառաջադրելը, եթէ կողմերին յաջողուի հասնել համափայնութեան:
Առաջին փուլում յաղթելու համար նախագահի թեկնածուն պէտք է հաւաքի ընտրողների ձայների 50 տոկոսից աւելին: Հակառակ դէպքում կը սկսուի երկրորդ փուլը, որին կը մասնակցեն երկու թեկնածուներ, որոնք առաջին փուլում կը հաւաքեն ամենաշատ: Երկրորդ փուլում ձայների մեծամասնութիւն հաւաքած թեկնածուն կ’ընտրուի Թուրքիոյ նախագահ` հինգ տարի ժամկէտով: Նախագահի թեկնածու կարող է առաջադրել այն կուսակցութիւնը կամ կուսակցութիւնների դաշինքը, որը կը հաւաքի աւելի քան 5 տոկոս ձայներ խորհրդարանական ընտրութիւններում: Անկախ թեկնածուները պէտք է հաւաքեն 100 հազար ստորագրութիւն:
Նախորդ նախագահական ընտրութիւնները տեղի են ունեցել Յունիսի 24, 2018-ին: Յաղթել է Էրտողանը` հաւաքելով ընտրողների ձայների 52,6 տոկոսը:
***
Թուրքիոյ «Տարերային աղէտների հետեւանքների վերացման վարչութեան» ղեկավար Իւնուս Սեզէրը յայտնել է, որ Թուրքիայում երկրաշարժերի զոհերի թիւը գերազանցել է յիսուն հազարը, իսկ ըստ Թուրքիոյ գանձապետարանին` պատճառուած ընդհանուր վնասը գերազանցել է 105 միլիառ դոլարը:
Եվրայանձնաժողովը վերականգնման համար մէկ միլիառ եւրօ վարկ է յատկացրել Թուրքիոյ եւ 108 միլիոն եւրօ մարդասիրական օգնութիւն` Սուրիոյ: Այս մասին յայտնել է Եւրոյանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն Տէր Լայէնը:
«Ուրախ եմ յայտնել, որ Եւրոյանձնաժողովը 1 միլիառ եւրոյի վարկ կը տրամադրի Թուրքիոյ աջակցելու համար: Մենք նաեւ 108 միլիոն եւրօ կը յատկացնենք Սուրիոյ` որպէս մարդասիրական օգնութիւն եւ սկզբնական վերականգնման համար: Բացի այդ, Եւրոմիութեան երկրները եւ եւրոպական ֆինանսական հաստատութիւնները լրացուցիչ ներդրումներ կը կատարեն»,- ասել է նա:
***
Էրտողանը յայտնել է, որ չնայած փետրուարեան երկրաշարժերի հետեւանքների վերացման աշխատանքների հետ կապուած ձգձգումներին, շուտով Սեւծովեան կազը կը սկսի հոսել թրքական կազահաղորդման համակարգ, եւ Թուրքիան արագօրէն գնում է դէպի գազային հանգոյց դառնալուն: «Մենք թոյլ չենք տայ, որ որեւէ խոչընդոտ, որեւէ քաղաքական հաշուարկ Թուրքիոյ խանգարի հասնել Հանրապետութեան 100-ամեակին ընդառաջ իր առջեւ դրուած նպատակներին»,- ասել է Էրտողանը եւ յաւելել, որ Թուրքիան պատրաստւում է դառնալ վերականգնուող ելեկտրականութիւն արտադրող աշխարհի 10 առաջատար երկրներից մէկը:
Այնինչ Ռուսիոյ նախագահի մամուլի քարտուղար Տմիթրի Փէսքովը, խօսելով Թուրքիոյ հետ կազային գործակցութեան ստեղծման ժամկէտի մասին, ասել է, որ դա բարդ աշխատանք է, այն չի կարող իրականացուել առանց թեքնիքական բնոյթի եւ ժամանակի հետ կապուած խնդիրների: «Դէ, հասկանալի է, որ դա բաւական բարդ աշխատանք է, բաւական բարդ նախագիծ, որը, իհարկէ, չի կարող իրականացուել առանց այս կամ այն թեքնիքական կամ այլ բնոյթի եւ ժամանակի հետ կապուած խնդիրների: Կը հետեւենք, կը շարունակենք աշխատել եւ համագործակցել թուրք գործընկերների հետ»,-ասել է Փէսքովը:
Ընտրութիւններին ընդառաջ Արեւմուտքին հաճոյանալու Էրտողանի փորձերը առաջացրել են կնճիռներ ռուս-թրքական յարաբերութիւններում: Մասնաւորապէս Թուրքիոյ իշխանութիւնները որոշում էին կայացրել արգելել Ռուսաստանի եւ Պելառուսի ամերիկեան արտադրութեան ինքնաթիռների լիցքաւորումն ու թեքնիքական սպասարկումը: Արգելքը վերաբերւում է ռուսական եօթ, պելառուսական մէկ եւ իրանական մէկ օդանաւային ընկերութիւնների: Լիցքաւորումը եւ այլ ծառայութիւններն արգելուել են մասնաւոր, բեռնատար եւ ճամբորդատար ինքնաթիռների համար, որոնք ունեն ամերիկեան բաղադրամասերի աւելի քան 25 տոկոս եւ թռչում են Ռուսաստան կամ Պելառուս: Այս միջոցների կիրառումը պահանջել է, ըստ թրքական պարբերականի, Ա․Մ․Ն․-ի առեւտրի նախարարութեան արդիւնաբերութեան եւ անվտանգութեան գրասենեակը իր յատուկ նամակում:
Մարտի սկզբից թրքական մաքսային մարմինները սկսել են մերժել Եւրոմիութեան պատժացուցակներում ներառուած բեռների տարանցման յայտարարագրերը ինչպէս նաեւ Թուրքիոյ իշխանութիւններ թրքական ընկերութիւնների համար կազմել են այն ապրանքների ցուցակը, որոնք արգելւում է արտահանել Ռուսաստան:
***
Ա․Մ․Ն․-ի պետական քարտուղար Անթընի Պլինքընը Ա․Մ․Ն․ Ներկայացուցիչների պալատի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովում յայտարարել է, որ Թուրքիան պէտք է ստանայ ամերիկեան Էֆ-16 կործանիչների արդիականացուած տարբերակը, քանի որ դա կ՛ամրապնդի ՆԱԹՕ-ի պաշտպանունակութիւնը: Ա․Մ․Ն․ պետական քարտուղարը չի յստակեցրել, թէ արդեօք Սպիտակ տունը ընդունելի է համարում Թուրքիոյ համար ապագայում նոր սերնդի Էֆ-35 կործանիչներ ստանալը:
Յայտնի է, որ Ա․Մ․Ն․-ի ծերակուտական Պոպ Մենենտէսը սուր քննադատութեան է ենթարկել Թուրքիոյ` կապուած ՆԱԹՕ-ի ընդլայնման հարցում երկրի դիրքորոշման հետ` Պլինքընին ասելով, որ Թուրքիան արժանի չէ, որ իրեն Էֆ-16 վաճառեն:
Նշելով, որ Անգարան խախտում է այլ երկրի օդային տարածքը եւ միւս երկրի տարածքային ջրերը, գնում է ռուսական զինուորական «շուկայ»` խախտելով Ա․Մ․Ն․-ի օրէնսդրութիւնը, աւելի շատ իրաւաբաններ եւ լրագրողներ ունի բանտերում, քան գրեթէ ցանկացած այլ երկիր եւ բանտարկում է իր հիմնական քաղաքական հակառակորդին ընտրութիւններից առաջ․․․ նա հարցրել է Պլինքընին. «Ինչպէ՞ս կը բնութագրէիք նման երկիր մը»:
«Կարծում եմ` ես նրան դժուար դաշնակից կը կոչէի»,- պատասխանել է Պլինքընը:
«Այս երկիրը ես անուանում եմ Թուրքիա եւ… չեմ հաւատում, որ նման երկիրն արժանի է, որ իրեն Էֆ-16 վաճառեն: Ես չգիտեմ, թէ ինչ ազդանշաններ ենք մենք ուղարկում աշխարհին»,- պատասխանել է Մենենտէսը:

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles