ՇԱԲԱԹԱԿԱՆ ԱՆԴՐԱԴԱՐՁ  ԹՈՒՐՔԻՈՅ ՇՈՒՐՋ

0 0
Read Time:5 Minute, 45 Second

Տիգրան Չանտոյեան

Երեւան

Փետրուարի 6-ի առաւօտեան, Թուրքիոյ Մարաշ քաղաքի մօտակայքում գտնուող Փազարճըքի շրջանում, տեղի ժամանակով 4:17–ին, 7.7 աստիճանի երկրաշարժ է գրանցուել: Յետցնցումները կազմել են գրեթէ 42 անգամ, որոնցից ամենաուժեղը 6.6 աստիճանով: Աւելի ուշ, եւս մէկ երկրաշարժ է գրանցուել 7.5 աստիճանով: Թուրքիայում 7 օր սուգ է յայտարարուել:  Երկրաշարժերի զոհերի թիւը հասել է 21․000-ի: Ուրբաթ օրն այս տուեալներն է ներկայացրել Թուրքիոյ Արտակարգ իրավիճակների կառավարական վարչութիւնը: «Վերջին տուեալներով` զոհուել է մեր 18 342 քաղաքացի, 74 242 մարդ տուժել է: Աղէտի շրջաններից տարհանուել է 75 780 մարդ»,- տեղեկացրել է գերատեսչութիւնը: Իսկ Իսկենտերուն քաղաքում երկրաշարժից յետոյ, ծովի մակարդակը բարձրացել է, ճանապարհները հեղեղուել են, բնակիչներն ու բանուորները տարհանուել են:

Թուրքիան ընդունել է երկրաշարժի հետեւանքների վերացման հարցում 95 երկրների օգնութեան առաջարկը, ինչի արդիւնքում որոնողափրկարարական գործողութիւններին միացել են 6,5 հազար օտարերկրեայ փրկարարներ: Տեղում աշխատում են փրկարարներ 53 երկրներից: Եւս 2,4 հազար փրկարարներ մօտ ժամանակներս օգնութիւն կը ցուրաբերեն տեղական ծառայութիւններին: Հայաստանը Թուրքիա ուղարկել է 27 փրկարար: Իսկ ահա Կիպրոսի Հանրապետութեան փրկարարների օգնութիւնից Թուրքիան հրաժարուել է: Այս մասին յայտարարել է Կիպրոսի Հանրապետութեան արտաքին գործոց նախարարութեան քարտուղար Քորնելիուս Քորնելիուն: «Կիպրոսի Հանրապետութիւնը պատրաստակամութիւն է յայտնել մասնակցել փրկարարական աշխատանքներին` Թուրքիայում տեղի ունեցած աղէտալի երկրաշարժից յետոյ, սակայն թրքական կողմը չի ընդունել այդ օգնութիւնը»,-ասւում է Կիպրոսի արտաքին գործոց նախարարութեան կայքում տեղադրուած հաղորդագրութեան մէջ:

Յունաստանի վարչապետ Քիրիաքոս Միցոթաքիսը հեռախօսով զրոյց է ունեցել Էրտողանի հետ: Սա Յունաստանի կառավարութեան ղեկավարի եւ Թուրքիոյ ղեկավարի առաջին հեռախօսազրոյցն է 2022 թուականի Մայիսին երկու երկրների յարաբերութիւնների վատթարացումից յետոյ: Միցոթաքիսը իր վշտակցութիւնն է յայտնել Թուրքիայում տեղի ունեցած աւերիչ երկրաշարժի կապակցութեամբ, Էրտողանին է փոխանցել Յունաստանի կառավարութեան եւ ժողովրդի ցաւակցական խօսքերը զոհերի կապակցութեամբ: Միցոթաքիսը հաստատել է բնական աղէտի հետեւանքները յաղթահարելու համար Թուրքիոյ անյապաղ հնարաւոր բոլոր օգնութիւնները ցուցաբերելու Յունաստանի պատրաստակամութիւնը: Էրտողանը շնորհակալութիւն է յայտնել վարչապետին աջակցութեան եւ անյապաղ օգնութեան համար:

Քոսովոյում Մարաշում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետ կապուած մէկօրեայ ազգային սուգ է յայտարարուել: Քոսովոյի ղեկավարը նշել է, թէ նմանատիպ ողբերգութիւնների ժամանակ պէտք է տուժուածների կողքին լինել: Նա նշել է, թէ Փետրուար 8-ին Քոսովոյում ազգային սուգ է յայտարարւում:

Յիշեցնենք, որ Էրտողանը 2022 թուականի Մայիսին հրաժարուել էր շփուել Միցոթաքիսի հետ: Թուրքիոյ նախագահն ասել էր, որ Յունաստանի վարչապետը խախտել է ԱՆՑԵԱԼ մարտին իրենց հանդիպման ժամանակ ձեռք բերուած պայմանաւորուածութիւնները եւ այսուհետ իր համար Միցոթաքիս քաղաքական գործիչ չկայ:

Երկրաշարժից յետոյ Հաթայ նահանգում բնակիչները անօգնական են մնացել: Անթաքիա քաղաքում փլուած շէնքերում որոնողական աշխատանքներն անում են հիմնական տեղի իշխանութիւնների ջանքերով, որը բաւարար չէ: Բնակիչները նշում են, որ պետութիւնը որեւէ օգնութիւն չի ուղարկել Անթաքիաեւ փողոցներում դիակները թափուած են առանց ծածկելու, իսկ փլատակների տակ ողջ մնացածների ձայներն են լսւում: Հաթայ նահանգում ազգութեամբ թուրքեր գրեթէ չեն բնակւում, հիմնական բնակչութիւնը` ալեուիներ, քիւրտեր, արաբներ, հայեր եւ ասորիներ են: Հաթայի բանտում կալանաւորները պահանջել են իրենց թոյլ տալ մեկնել աղէտի գօտի եւ փրկել իրենց հարազատներին, սակայն բանտի ղեկավարութիւնը թոյլ չի տուել: Կալանաւորները բողոքի ալիք են բարձրացրել, որը բանտի ղեկավարութիւնը ճնշել է զէնքով: Բողոքի ճնշման հետեւանքով սպանուել է 3 կալանաւոր եւ վիրաւորուել տասնեակ կալանաւոր:

Իսկ ահա Ուրֆա քաղաքում ձերբակալուել են անձիք, ովքեր փրկարարների հագուստով մտել են փլուզման վտանգի պատճառով լքուած տները եւ թալանել: Ուրֆայում ոստիկանները երկրաշարժի պատճառով լքուած շէնքերի մօտ նկատել են կասկածելի տղամարդկանց եւ կանգնեցրել: Պարզուել է, որ տղամարդիկ ճարել եւ հագել են փրկարարի հագուստ, եւ զբաղուած են եղել երկրաշարժի վտանգի պատճառով տանտէրերի լքած տները թալանելով:

Թուրքիայում երկրաշարժերից յետոյ ուժեղանում է իշխանութիւններից դժգոհութիւնը` փլատակների ոչ բաւարար արագ հաւաքման պատճառով: Երկրի ղեկավարութեանն ուղղուած քննադատութեամբ են հանդէս եկել երկրաշարժից փրկուածները եւ ընդդիմադիր կուսակցութիւնների ներկայացուցիչները: Նրանք պնդում են, որ ամբարձիչների եւ այլ ծանր մեքենաների ուղարկումը յետաձգելու հետեւանքով բաց է թողնուել մարդկանց փրկելու կարեւորագոյն պահը: Բացի այդ, կառավարութիւնը մեղադրւում է այն բանի համար, որ չի կարողացել ապահովել շինարարութեան ընթացքում որակի կանոնների պահպանումը, ինչը նոյնպէս յանգեցրել է զոհերի թուի աճին: Էրտողանը փետրուար 8-ին յայտարարել է, որ օգնութեան տրամադրման համար առկայ բոլոր միջոցները առնուած են, իսկ յետոյ խոստովանել է, որ դժուարութիւններ են առաջացել ցուրտի ծանր պայմաններում բոլոր 10 տուժած նահանգներին շտապ օգնութիւն ուղարկելու հարցում: Ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցութեան ղեկավար Քեմալ Քըլըչտարօղլուի այն յայտարարութիւնից յետոյ, թէ անորակ շինարարութիւնը յանգեցրել է մեծ թուով զոհերի եւ որ կառավարութիւնը վատնել է փողերը, որոնք նախատեսուած էին նման աղէտներին նախապատրաստուելու համար, երկրում ժամանակաւորապէս սահմանափակուել է «Թուիթըր»-ի հասանելիութիւնը: Թուրքիայում ընտրութիւնների օրը կարող են տեղափոխել Մայիս 14-ից Յունիս 1

*

Էրտողանը դատապարտել է Պոլսում արեւմտեան երկրների հիւպատոսութիւնների ժամանակաւոր փակումը` զգուշացնելով միջոցներ ձեռնարկել, եթէ այդ գրասենեակները փակ մնան: «Վերջերս մեր արտաքին գործերի նախարարութիւնը նրանց կանչեց ու վերջնագիր տուեց առ այն, որ եթէ նրանք շարունակեն նման գործողութիւնները, ապա թանկ կը վճարեն», – ասել է Էրտողանը` Այտին նահանգում երիտասարդների հետ կայացած հանդիպման ընթացքում: «մենք երկուշաբթի կաբինետի նիստ ունենք, եւ անհրաժեշտ որոշումներ կը կայացնենք վերոնշեալ քայլի վերաբերեալ», – յաւելել է նա:

Նա նաեւ մեղադրել է համաշխարհային տէրութիւններին` երկրում կայանալիք համընդհանուր ընտրութիւնների վրայ ազդելու փորձի համար: «Բոլորը, ներառեալ միջազգային լրատուամիջոցները, գրում են այն մասին, թէ որքան կարեւոր են ընտրութիւնները մեր երկրի, ազգի եւ համաշխարհային քաղաքականութեան համար», – ասել է Էրտողանը․ «Դրա համար իմ դէմ ստոր արշաւներ են սկսւում: Սա է մեր սուրբ գրքի` Քուրանի այրման գործողութիւնների նպատակը, որոնք աջակցութիւն են ստանում խօսքի ազատութեան քօղի տակ… Դա անապահովութեան զգացում է առաջացնում, որի թիրախը մեր զբօսաշրջութեան ոլորտն է»:

Աւելի վաղ Թուրքիոյ արտաքին գործոց նախարարութիւն են կանչուել 9 երկրների դեսպաններ, այդ թւում` երկրների, որոնք դադարեցրել են իրենց հիւպատոսութիւնների աշխատանքը` ահաբեկչական յարձակումների սպառնալիքի պատճառով, իսկ մի շարք երկրներ, այդ թւում` Ֆրանսան, Գերմանիան, Իտալիան եւ Միացեալ Նահանգները, իրենց քաղաքացիներին զգուշացրել են Թուրքիայում հնարաւոր յարձակումների մեծ հաւանականութեան մասին, յատկապէս դիւանագիտական ներկայացուցչութիւնների եւ ոչ իսլամական պաշտամունքի վայրերի նկատմամբ: Գերմանիան, Ֆրանսան եւ Նիտերլանտները այն երկրների թւում էին, որոնք անվտանգութեան նկատառումներից ելնելով ժամանակաւորապէս փակել էին իրենց դիւանագիտական ներկայացուցչութիւնները:

*

Թուրքիոյ պաշտպանութեան նախարար Հուլուսի Աքարը յայտարարել է, որ Փետրուարին եռակողմ բանակցութիւնների շրջանակում կը կայանայ Թուրքիոյ, Սուրիոյ եւ Ռուսաստանի պատուիրակութիւնների ներկայացուցիչների հանդիպումը, սակայն, չի նշել բանակցութիւնների ճշգրիտ ամսաթիւն ու վայրը: «Փետրուարին Սուրիա-Ռուսաստան-Թուրքիա ձեւաչափով եռակողմ հանդիպման ընթացքում կը հաւաքուեն պաշտպանութեան եւ հետախուզութեան նախարարութիւնների պատուիրակութիւնները: Երկխօսութիւնը կը շարունակուի», – ասել է Աքարը:

Դեկտեմբերի 27-ին Մոսկուայում բանակցութիւններ էին տեղի ունեցել Թուրքիոյ, Սուրիոյ եւ Ռուսաստանի պաշտպանութեան նախարարութեան ղեկավարների միջեւ: Գերատեսչութիւնների ղեկավարները քննարկել են Սուրիայում տիրող իրավիճակը, ինչպէս նաեւ այս երկրում ծայրաՅեղականների դէմ պայքարը: Սուրիան դրական էր գնահատել հանդիպման արդիւնքները:

Յունուար 29-ին Էրտողանը յայտարարել էր, որ Իրանը կարող է միանալ բանակցութիւններին` պատուիրակութիւնների յաջորդ հանդիպմանը: Ռուսաստանի արտաքին գործոց նախարար Սերգէյ Լաւրովը կողմ է արտայայտուել Իրանին բանակցութիւններում ընդգրկելու առաջարկին: Հինգշաբթի` իսլամական յեղափոխութեան 44-րդ տարեդարձի կապակցութեամբ կազմակերպուած ընդունելութեան ժամանակ Մոսկուայում Իրանի դեսպան Քազէմ Ճալալին յայտնել է, որ Իրանը կը միանայ Ռուսաստանի, Սուրիոյ, Թուրքիոյ բանակցութիւններին եւ Սուրիոյ եւ Թուրքիոյ միջեւ յարաբերութիւնների կարգաւորմանը:

+

Ա․Մ․Ն․-ն պնդում է, որ Թուրքիան դադարեցնի ապրանքների արտահանումը Ռուսաստան, որը, Ուաշինկթընի կարծիքով, օգնում է Մոսկուային շարունակել հակամարտութիւնը Ուկրաինայում: Ինչպէս հաղորդւում է, նման նախազգուշացում Ա․Մ․Ն․-ի պաշտօնեաներն արել են իրենց գործընկերներին այս շաբաթ Թուրքիայում կայացած հանդիպման ժամանակ: Աղբիւրների տուեալներով` Ա․Մ․Ն․-ի տնտեսութեան փոխնախարար Պրայըն Նելսոնը հանդիպել է թուրք պաշտօնեաների հետ, որպէսզի քննարկի Ուաշինկթընի մտավախութիւնները: Յայտնի է, որ 2022 թուականի Մարտից Հոկտեմբեր տասնեակ թուրք արտահանողներ մօտ 800 միլիոն տոլարի ապրանք են ուղարկել ՌՈՒՍԱՍՏԱՆ:

Քոնկրէսական  Ֆրանք Փալոնը գրել է․ «Թուրքիան պէտք է լինի ՆԱԹՕ-ի դաշնակիցը, սակայն Էրտողանը երես է թեքում դաշինքից եւ թոյլ է տալիս Փութինին շարունակել իր դաժան պատերազմն Ուքրաինայում»: Ըստ նրա, պէտք է հետեւանքներ լինեն, երբ այսպէս կոչուած դաշնակիցներն օգնում են Ռուսաստանին խուսափել Ա․Մ․Ն․-ի պատժամիջոցներից:

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles