Ինչպէ՞ս Փաշինեանը Պահեց Իշխանութիւնը Հայաստանի Պատմութեան Ամենակեղտոտ Ընտրութիւններում

«ԹԱՍՍ»-ի Խմբագրական
Յապաւումով
Հայաստանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրութիւններ: Եւ դրանք սոսկ ընտրութիւններ չէին. ըստ էութեան, այդպէս լուծւում էր աշխարհի քաղաքական քարտէսի վրայ Հայաստանի յետագայ գոյութեան հարցը: Քաղաքացիներն ընտրում էին ոչ միայն խորհրդարանի նոր կազմ, այլեւ երկրի զարգացման վեկտորը, ազգային ինքնութիւնը եւ Հայ Առաքելական Եկեղեցու` ժողովրդի դարաւոր յենարանի ճակատագիրը: Ստացուեց այն, ինչ ստացուեց։
«Չնայած այն բանին, որ Հայաստանում տեղին ու անտեղի իշխող «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցութիւնը` վարչապետ Նիկոլ Փաշինեանի գլխաւորութեամբ, յայտարարում է, թէ երկիրը «ժողովրդավարութեան պասթիոն» է` խօսքի ազատութեան եւ կարծիքների բազմակարծութեան հանդէպ յարգանքով, իրականութիւնը հեռու է այդ յայտարարութիւններից: Դա յատկապէս սուր է զգացւում երկու օր առաջ տեղի ունեցած ընտրական գործընթացներին, որոնք, բազմաթիւ փորձագէտների գնահատմամբ, դարձան ամենակեղտոտը հանրապետութեան պատմութեան մէջ:
Շինծու «պասթիոն»-ը
Հայ ժողովուրդը կեղծիքների եւ վարչական ճնշումների նման մասշտապ չէր տեսել անկախութեան բոլոր 30 տարիների ընթացքում: Իշխանութիւններն ընդդիմախօսների հալածանքները սկսել էին քուէարկութիւնից դեռ շատ առաջ. ահաբեկման թափանիւը պտտւում էր դեռեւս 2025 թուականի ամառուանից, երբ սկսուեցին անցանկալի հասարակական գործիչների ձերբակալութիւնները: Ընդ որում, Փաշինեանի թիմը չխորշեց ձեռք բարձրացնել ամենասրբի վրայ` նախաձեռնելով հոգեւորականութեան ներկայացուցիչների վարկաբեկումն ու ձերբակալութիւնները: Հասկանալով, որ Հայ Առաքելական Եկեղեցին մնացել է ազգային ինքնութեան միակ անսասան սիւնը, երկրի ղեկավարութիւնն առաջին հերթին հարուած հասցրեց հէնց նրան: Սակայն այս քայլը հանդիպեց բնակչութեան կոշտ դիմադրութեանը, որոնց մեծ մասը Հայ Առաքելական Եկեղեցու հաւատացեալ ծխականներն են:
Այդուհանդերձ, բռնաճնշումները շարունակում էր թափ հաւաքել. սկսուեցին ընդդիմադիր հայեացքներ ունեցող անձանց զանգուածային ձերբակալութիւնները: Առաջին հարուածների տակ ընկնողներից մէկը ռուսաստանաբնակ գործարար Սամուել Կարապետեանն էր, որը բացայայտօրէն աջակցել էր Հայ Եկեղեցուն: Այնուհետեւ ձերբակալուեցին «Սրբազան Պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանեանը, նրա աւելի քան մէկ տասնեակ կողմնակիցները, ինչպէս նաեւ Շիրակի թեմի առաջնորդ Միքայէլ արքեպիսկոպոս Աջապահեանը: Ամէն ինչ ընթանում էր մէկ միասնական սցենարով` «իշխանութիւնը տապալելու փորձի» մեղադրանքով:
Որքան մօտենում էր քուէարկութեան օրը, այնքան ուժգնանում էր ճնշումը: Ամբողջ նախընտրական արշաւը, որը պաշտօնապէս մեկնարկել էր Մայիսի 8-ին, ուղեկցւում էր Քննչական կոմիտէների ամենօրեայ հաղորդագրութիւններով` ընդդիմութեան կողմից ընտրողներին իբր կաշառելու վերաբերեալ: Ոտնահարելով անմեղութեան կանխաւարկածը` ուժայինները նախապէս մարդկանց մեղաւոր էին յայտարարում առանց դատի ու քննութեան: Միաժամանակ, իրական ապացոյցները փոխարինւում էին խօսակցութիւնների խիստ կասկածելի, մոնթաժուած կամ արհեստական բանականութեան միջոցով գեներացուած ձայնագրութիւններով:
Ինքը` Փաշինեանը, դեռ նախընտրական արշաւի սկսուելուց առաջ անցել էր ընդդիմախօսների հասցէին ուղղուած ուղղակի սպառնալիքների: Գործի դրուեցին անթոյլատրելի բառապաշար, իրաւապահ մարմիններին այս կամ այն քաղաքական գործչին ձերբակալելու հրապարակային հրահանգներ, ինչպէս նաեւ լրտեսութեան ու օտարերկրեայ հետախուզութիւնների օգտին աշխատելու մերկապարանոց մեղադրանքներ. ի դէպ, նոյն մեթոտներն օգտագործւում էին նաեւ հոգեւորականութեանը վարկաբեկելու համար: Բանը հասաւ նրան, որ վարչապետը գլխաւոր քաղաքական մրցակիցներին անուանում էր «պատերազմի եռագլուխ կ’ուսակցութիւն»` խոստանալով նրանց «ծեփել ասֆալտին», «ծնկի բերել» եւ «նստեցնել բանտերը»:
Արեւմուտքի գմբէթը
Իսկ ի՞նչ էր անում հաւաքական Արեւմուտքը` ժողովրդավարութեանը իր հռչակած հաւատարմութեամբ: Արտասահմանեան տիկնիկավարները, յատկապէս եւրոպական քաղաքական բոմոնդը, կարծես թէ յամառօրէն չէին նկատում կատարուածը: Նրանք անտեսում էին ոչ միայն Փաշինեանի հռետորաբանութիւնը, որը պառակտում էր հասարակութիւնը ներսից, այլեւ մարդու հիմնարար իրաւունքների, ներառեալ` խօսքի ազատութեան ուղղակի ոտնահարումը:
Արեւմտեան իրաւապաշտպանները կարծես կուրացել էին, երբ Հայաստանի վարչապետը հրապարակայնօրէն սպառնում էր արցախցի փախստական կնոջը եւ գոռում նրա վրայ մետրօյում` անչափահաս երեխայի աչքի առաջ: Նրանք չտեսան նաեւ այն, թէ ինչպէս է նա թափով քաշում մի կնոջ ձեռքից, որը համարձակուել էր ասել, որ չի ընդունում նրա պատրանքային խաղաղութիւնն ու անամպ ապագայի մասին խոստումները: Ճիշտ այդպէս Արեւմուտքում նախընտրեցին աչք փակել արցախցի Արթուր Օսիպեանի ձերբակալութեան վրայ, որին ճաղերի հետեւը նետեցին միայն այն բանի համար, որ նախընտրական արշաւի ժամանակ նա կառավարութեան ղեկավարին մեղադրել էր կոռուպցիայի մէջ: Ընդ որում, ինքը` Փաշինեանը, չամաչեց ոստիկանութեան կողմից տարուող Օսիպեանի հետեւից նետել. «ինչո՞ւ չմեռար պատերազմում, գնայիր զոհուէիր»:
Փոխարէնը, արեւմտեան գործընկերները` համերաշխ, միաձայն եւ ի հեճուկս ինքնիշխան պետութիւնների ներքին գործերին չմիջամտելու սեփական հռչակագրերի, սկսեցին բացայայտ աջակցութիւն յայտնել Հայաստանի իշխող կուսակցութեանը: Ինչ արժէին միայն Եւրամիութեան դիւանագիտութեան ղեկավար Քալասի, Ֆրանսիայի նախագահ Մաքրոնի կամ Ա․Մ․Ն․ նախագահ Տոնըլտ Թրամփի յայտարարութիւնները, որը խորհրդարանական ընտրութիւններից ընդամէնը մի քանի օր առաջ անվերապահ աջակցութիւն յայտնեց գործող վարչապետի քաղաքականութեանը:
Այս ամէնը յանուն մէկ նպատակի` ապահովել Փաշինեանի իշխանութեան պահպանումը: Նա էլ` յանուն իշխանութիւնը պահելու եւ արեւմտեան բլիթների, պատրաստ է այսուհետ եւս զոհաբերել ազգային արժէքները, ինչպէս նաեւ հետեւողականօրէն քանդել պատմական կապերը բարեկամական Ռուսաստանի եւ, հեռանկարում, Իրանի հետ: Չէ՞ որ հէնց Փաշինեանի եւ նրա թիմի շնորհիւ է հաւաքական Արեւմուտքը հակառուսական եւ հակաիրանական գործունէութիւն ծաւալում Հարաւային Կովկասում` յարմարաւէտ տեղաւորուելով այս երկու տէրութիւնների թիկունքում:
Ընտրազանգուածային ահաբեկչութիւն
Իսկ ի՞նչ էին անում ընտրութիւնների միջազգային դիտորդները: Նոյնիսկ այնպիսի կանխակալ առաքելութիւն, ինչպիսին է Եւրոպայում անվտանգութեան եւ համագործակցութեան կազմակերպութեան Ժողովրդավարական հաստատութիւնների եւ մարդու իրաւունքների գրասենեակը, ստիպուած եղաւ ընդունել լուրջ խախտումների առկայութիւնը:
Եւրոպացի փորձագէտների ամփոփիչ յայտարարութեան մէջ նշւում էր, որ նախընտրական արշաւն անցել է ծայրայեղ առճակատման մթնոլորտում` «ատելութիւն բորբոքող եւ հրահրիչ կրկնուող արտայայտութիւններով, ներառեալ` պատերազմի հետ կապուած ուղերձներով»:
Կազմակերպութեան երկարաժամկէտ դիտորդները նաեւ արձանագրել են բողոքներ Երեւանից եւ հանրապետութեան մարզերի մեծ մասից, որոնք վկայում են զանգուածային անհանգստութեան եւ ճնշումների մասին, որոնց տակ գտնուել են ընդդիմութեան կողմնակիցները: Զեկոյցում նշւում էր, որ այդ դիմումները վերաբերում էին ահաբեկման, անհիմն քննութիւնների եւ ընդդիմադիր ակտիւիստների ձերբակալութիւնների փաստերին: Նաեւ առաքելութեան ներկայացուցիչները ուշադրութիւն են դարձրել այն բանին, որ Հանրային հեռուստատեսութիւնը բացայայտ կողմնակալութիւն է դրսեւորել յօգուտ իշխող կուսակցութեան` գործելով իր իրաւական պարտաւորութիւններին եւ հանրային մանդատին հակառակ:
Սակայն, նոյնիսկ կիրառելով ճնշման, հալածանքների ու ահաբեկման այս ամբողջ գործիքակազմը, զանգուածային կեղծիքներն ու ընդարձակ վարչական ռեսուրսը, Փաշինեանի իշխող ուժին չյաջողուեց ստանալ ընտրողների մեծամասնութեան աջակցութիւնը. նրա կուսակցութիւնը չհաւաքեց բաղձալի 50% + 1 ձայնը: Ապագայ խորհրդարանի յստակ կ՛որոշի վիճահարոյց տեղամասերում քուէաթերթիկների վերահաշուարկը: Միայն այն բանից յետոյ, երբ Հայաստանի Կենտրոնական ընտրական յանձնաժողովը Յունիսի 14-ին կը ներկայացնի ընտրութիւնների վերջնական արդիւնքները, ընդդիմադիր ուժերը կը յայտարարեն իրենց յետագայ գործողութիւնների մասին:

