
Դոկտ. ՄԱՐԻ-ՌՈԶ ԱԲՈՒՍԷՖԵԱՆ
Ապրիլ է, 101րդ տարուայ Ապրիլը եւ ողջ հայութիւնը կրկին ոտքի է ելել իր երկրի արեւելեան հատուածը պաշտպանելու նոյն թուրք-թաթարի թափթփուկ ազերիների յարձակումից:
Ինչո՞ւ 101 տարիների ընթացքում մենք չկարողացանք իրականացնել՝ ԵՐԲԵՔ ԿՐԿԻՆ կարգախօսը, այն չդարձրինք մեր գոյատեւման ողնահարը, մեր մտածողութեան առանցքը, որ վերջնականապէս ազատուէինք թուրքի վայրագ մղձաւանջից:
Ինչո՞ւ Պաքուի, Սումկայիթի արիւնահեղ կոտորածից յետոյ ազերին կրկին համարձակուեց խաղաղ հայ բնակչութեանը նոյն գազանութեամբ սպանել:
Ատրպէյճանի Ապրիլեան այս յարձակումը ինչո՞ւ այսքան անակնկալի մատնեց մեզ, երբ յատկապէս վերջին շրջանում հետեւողականօրէն յաճախակի դարձրած մանր յարձակումերով յայտնում էր իր մօտալուտ մասսայական յարձակման մասին:
Յաղթանակած կողմ լինելով հանդերձ, ինչո՞ւ 22 տարի շարունակ յայտնուեցինք մեր երկրի ազատագրած տարածքները զիջելու բանակցութիւնների անվերջանալի քաշքշուկների առջեւ՝ սպասելով օտարների «արդարամիտ» վճռին:
Ինչո՞ւ 26 տարի անց մեր ազատագրած Արցախում թուրքի ձեռքով անդամահատուած անմեղ զոհեր ունեցանք, կրկին տեղահանուած ժողովուրդ:
Կարծես քիչ էր Սուրիոյ եւ Քեսապի հայութեան տեղահանուածների թիւը:
Ինչո՞ւ այդքան թեթեւօրէն՝ հայի միամտութեամբ մօտեցանք ազերիների պատերազմի լուրջ նախազգուշացումներին: Չէ՞ որ գիտէինք, որ մեր պատերազմը ոչ թէ Ատրպէյճանի, այլ Թուրքիոյ հետ է, մի երկրի, որը ամբողջ Միջին Արեւելքը իր սովորութեան համաձայն արեան մէջ խեղդելու, ժողովրդին տեղահան անելու համար բիլիոններով պարգեւատրուեց, եւ ոչ թէ պատժուեց, ինչպէս 101 տարի եւ դրանից առաջ էր:
Ինչո՞ւ մեր տարածքները զիջելու միջազգային նոր ճնշումի առջեւ յայտնուեցինք:
Ինչո՞ւ:
Այս ինչուների շարանը այնքան շատ է, որ հանգիստ չի տալիս, կրկին ու կրկին օդում ծանրացած հոգի ու միտք կրծող անպատասխան հարց դառնում:
Այս դարում պատերազմները այսպէս են սկսւում՝ անօդաչու հրթիռներով, հեռարձակ կործանիչների մի քանի հարուածով ու միջազգային քաղաքագէտների ծոյլ ու ամուլ, երկերես, երկարաձգուող հեռակայ խոստումներով:
Թէեւ հրադադար է, բայց Արցախը պատերազմի վտանգի առջեւ է: Այս յարձակումը որակաւորում եմ պատերազմ, որովհետեւ թշնամին առանց զգուշացման, ծանր հրետանով, հրթիռներով, տանկերով, մշակուած ծրագրով է խախտել մեր հողատարածքը, յարձակում գործել խաղաղ բնակչութեան վրայ:
Մենք ուրախանում ենք, որ խորտակել ու պայթեցրել ենք թշնամու հեռարձակ հրթիռները, կանխել նրա մուտքը:
Այո՛, ուրախալի, հազարապատիկ պաշտելի ու հպարտանալի է մեր զինուորների քաջութիւնը, որով ոչ միայն ոգեւորուած, այլ նաեւ յաւէտ երախտապարտ ենք: Խոնարհւում ենք իրենց կեանքը այնքան հեշտօրէն մեր ապահովութեանը նուիրաբերած նրանց զոհողութեան առջեւ: Փառք ու պատիւ իւրաքանչիւր զինուորի ներդրած արեան, կեանքի ու քաջութեան:
Ուրախանում ենք նաեւ, որ թշնամին կորցրել է մի քանի տասնեակ ծանր ռազմական տեխնիկա, մի քանի տասնեակ կամ հարիւրից աւել վարձկան զինուորներ:
Բայց մեր հողն է ռմբակոծուել, մեր փոքրաթիւ ազգի երիտասարդներն ու խաղաղ բնակիչներն են զոհ դարձել:
Մենք եւ թշնամին բոլորովին տարբեր իրավիճակների մէջ ենք: Իրենք պատերազմում են իրենց հողից դուրս, ըստ իրենց արեան սովորութեան՝ նուաճողական հոսքի մոլուցքով, այսօր կը շահեն թէ մէկ տարի անց տարբերութիւն չունի իրենց համար:
Իսկ մենք մեր հողն ենք պաշտպանում, մեր զինուորները՝ իրենց հարազատներին, իրենց ծնողներին ու որդիներին: Իւրաքանչիւր ռմբակոծում մեր հողն ու սիրտն է ծակում, եթէ նոյնիսկ առանց զոհի: Որքան էլ քիչ զոհեր տանք, մեր զոհերի թիւն ու վնասը կրկին առաւել է իրենցից: Մենք այլ կապերով ենք կապուած միմեանց, ծանօթ թէ անծանօթ: Իւրաքանչիւր մահ բոլորիս կորուստն է, բոլորիս վիշտը:
Մենք աշխարհագրականօրէն այնպէս ենք տարածուած, որ սահմաններն ու բնակեցուած գիւղերը միախառնուած են իրար: Ուստի մեր խաղաղ բնակչութիւնը, երեխաները, ծերերն ու կանայք են կրկին թշնամու իւրաքանչիւր արկի բեկորին զոհ դառնում:
Մենք մտահոգուելու շատ լուրջ պատճառներ ունենք եւ պէտք չէ այն անտեսենք: Ժամանակն է, որ քաջութիւն ունենանք մեր նախկին եւ ներկայ սխալների մասին ազատ խօսելու, առանց վերապահումների լայնախոհօրէն անդրադառնալու այդ ամէնին եւ հնարաւորին սահմաններում ուղղելու, մեր մօտեցումներին նոր ընթացք տալու, կարծր ու անողոք մտածողութիւն ձեռք բերելու:
Այս անգամ մենք հողատարածք ենք կորցրել, ըստ յայտարարութեան 300 մ. տարածք: Այնքան թեթեւօրէն են մեր ղեկավարները արտայայտւում այդ մասին, կարծես մի քանի գրոշ են կորցրել (այն էլ ոչ իրենց գրպանից) եւ ոչ թէ մեզ համար խիստ ճակատագրական հողատարածք: ՉԷ՞ որ տարածքները այդպէս թիզ առ թիզ են գրաւուում:
Ռմբակոծուած տարածքներից Մատաղիսից, Թալիշից, տեղահանուած անօթեւան ընտանիքներ ունենք, էլ չեմ խօսում ակամայ սպանուածների ու վիրաւորների մասին: Ինչո՞ւ:
Այսօր մենք այս վիճակին չէինք մատնուի, եթէ ճշմարտութիւնը չկոծկէինք, եթէ քաջութիւն ունենայիք պատժելու այն մեղաւորներին, որ Արցախեան առաջին 1994թ. պատերազմում կանխեցին Շահումեանի, Մարտակերտի եւ այլ շրջանների գրաւումը, մեր տարածքները դարձրին առ ու ծախի նիւթ եւ դեռ քաջութիւն ունեցան յայտարարելու, որ դրանք մեր տարածքները չեն:
Մեր հողն ու ժողովրդին չէինք վնասի երկրորդ եւ յաւելեալ անգամ, եթէ 26 տարի առաջ Արցախեան մեր յաղթական առաջխաղացումը չի կասեցներ մեր առաջին թրքամէտ, օտարամոլ նախագահ Լ.Տ.Պ. ու իր կազմը: Եթէ չպարտադրուէին ազատագրուած տարածքներից թշնամուն զիջելու բանակցութիւնները:
Պատմութեան մէջ չլսուած իրադարձութիւն՝ յաղթանակած կողմը համաձայնագիր ստորագրի պարտուած կողմի հետ: Ադրբեջանին առանց ընդունել տալու իր պարտութիւնը, առանց ճշդելու Լեռնային Ղարաբաղի տարածքի սահմանները, առանց ընդունելու նրա անկախութիւնը, մենք՝ յաղթանակած կողմով, 1994թ. Մայիս 5ին, այն էլ ո՞ւր, Ղրղզըստանի մայրաքաղաք Բիշքեկում (պատկերացնում է՞ք) ստորագրեցինք ամօթալի թղթի մի անհիմն կտոր, միջազգային լարախաղացների քաշքշուկներին՝ Ե.Ա.Հ.Կ.ի, Ա.Պ.Հ.ի, եւ այլ յապաւումներով յայտնուած կեղծ «խաղաղասէր» խմբակների ազգակուլերին յանձնելով Արցախի ճակատագիրը: Մեր հողի եւ ժողովրդի ճակատագիրը վտանգող այդ պարտադրուած խայտառակ պայմանագրի համար մենք դատի չենթարկեցինք մեր բարձրագոյն ղեկավարներից ոչ մէկին:
Ընդհակառակը, իրենց կեանքի գնով Արցախը ազատագրած, մեր ազգի հոգեբանութիւնից զոհի մտայնութիւնը ջնջած մեր աննկուն ազատամարտիկներին աչքաթող անելով, արհամարհելով մեզ համար զոհուածներին, նրանց ընտանիքների թշուառութիւնը, մինչեւ իսկ Երեւանում եւ այլուր բնաւորուած ղարաբաղցիներին ատելով, անհոգ ապրեցինք օդում կախուած պահելով մեր հողատարածքների ու այնտեղ ապրող մեր ժողովրդի ճակատագիրը:
Դեռ այսօր էլ, երբ կրկին կանգնած ենք մեր հողի ու ժողովրդի վտանգուած ճակատագրի առջեւ, այնպէս ինչպէս 26 տարի առաջ էր, Արցախի այսօրուայ անորոշ, կրկին պատերազմով լի վիճակի համար պատասխանատու այդ մարդիկ եւ իրենց ոհմակը, դեռ իրաւունք են վերապահում կարծիք յայտնելու, դեռ խաղաղապահ ուժերի հսկողութեան են ուզում յանձնել մեր ժողովրդի ու հողի ճակատագիրը, դեռ ուզում են ժողովրդին մոլորեցնելով կրկին իշխանութեան գլուխ անցնել, որ վերջնականապէս ազատուեն իրենց համար գլխացաւանք դարձած այդ հարցից:
Յուսամ, Արցախը պաշտպանողները մեր այդ սուտ պատմաբաններից ու քաղաքական գործիչներից աւելի լաւ գիտեն Արցախի պատմութիւնը, նրանց պէս յիշողութեան կորստով չեն տառապում եւ թոյլ չեն տայ ո՛չ «խաղաղապահների» մուտքը մեր երկիր, չեն ենթարկուի ոչ մէկ ճնշումի եւ ոչ թէ կը զիջեն, այլ մեր գերեվարուած տարածքներն էլ ամբողջական Արցախի հետ կ՚ազատագրեն վերջնականապէս:
Սակայն որքան էլ լաւատես լինենք, որքան էլ վստահ լինենք հայ մարտիկների սխրանքին, այս անգամ ազգովին պիտի դիմադրենք բոլոր այն պարտադրանքներին, որոնք դէմ են մեր ազգային շահերին: Զգուշանանք հեշտօրէն սխալներ թոյլ տալու մեր ազգային հիւանդութիւնից, որն արդէն կրկնում ենք հարիւր տարուց աւել:
Այսօր է մեր հին սխալները ճշդելու ժամանակը: Այսօր է մեր շահերը պաշտպանելու առիթը: Կը կարողանա՞նք դիմադրել օտարին ենթարկուող մեր ներքին ձայնին, օտարին վաճառուած հոգիներին կը կարողանա՞նք մեկուսացնել մեր միակամ ոգով, առաջնութիւնը տալով մեր ազգային շահերին:
Զարմանալին նաեւ այն է, ո՛չ Արցախի, ո՛չ Հայաստանի նախագահները, ո՛չ պաշտպանութեան նախարարները, աշխարհի ուշադրութեան չներկայացրին անմեղ քաղաքացիների վրայ այս անգամ էլ գործադրած թուրքի գազանութիւնները՝ ականջներ կտրելը, գլխատելը, անդամահատելը:
Աշխարհին չահազանգեցին, որ թուրքը դոյզն իսկ չէ փոխուած այս 101տարիների ընթացքին, իրենց վայրագ բնազդի մէջ ո՛չ մէկ յղկում, ո՛չ մէկ առաջընթաց է տեղի ունեցել: Որ աշխարհը պէտք է զգուշանայ թուրքերից: Ինչպէս 1915թ. էր, ինչպէս Պաքւում ու Սումկայիթում էր, այդպէս էլ այսօր, հային իր տան մէջ գազանաբար յօշոտում են եւ թուրքից Ցեղասպանութիւն տեսած հայը կրկին իր հողի վրայ նոյն վայրագութեանն է ենթարկւում եւ անկարելի է մեր տարածքներից նոյնիսկ մէկ թիզ զիջել:
Մենք թերացանք այս յայտարարութեան մէջ անգամ: Մենք միայն աշխարհից միջամտութիւն սպասեցինք ու դեռ սպասում ենք:
Ինչո՞ւ:
Չէ՞ որ սա ամենալաւ առիթն էր մեր չլուծուած հարցը աշխարհասփիւռ դարձնելու, յաւելեալ անգամ յիշեցնելու ոճրագործի անցեալը եւ բացայայտելու ուրիշի հողը խլելու նրա ներկայ ձգտումները:
Այս կարճատեւ մեր յաղթութեամբ պսակուած պատերազմը բացայայտեց նաեւ, որ մենք դեռ հին մեթոդներով ու մտածողութեամբ ենք գործում:
Պարելով մեր զինուորներին ճանապարհելը, աւետարանի օրնհութեամբ նրանց դէպի հայրենիքի պաշտպանութեան ուղարկելը, գուցէ յուզիչ է, բայց ո՛չ այսօրուայ մեր պատերազմին առնչուող, սա հողի պատերազմ է եւ ո՛չ կրօնքի, այս գազանացած ու խիստ քաղաքականացած աշխարհում անօգտակար:
Մենք ունենք պաշտպանութեան զոյգ նախարարներ, անցեալ պատերազմում թրծուած հերոս սպաներ, նրանց հերոսական ու ռազմական օրհնութեամբ միայն մեր բանակը պիտի առաջնորդուի: Մենք ինքնաբուխ սիրողական միջոցներով չենք կարող աշխարհակուլ այս դարում քայլ պահել:
Անշուշտ, ես էլ բոլորի պէս անտեղեակ եմ մեր ռազմական հզօրութեան, անտեղեակ եմ մեր բանակի գիտելիքների ու նրանց մարզական փորձառութեան կարողութիւններին: Դոյզն անգամ չեմ կասկածում մեր բանակի կամքի ուժին, բայց իմ մտածումը աւելի հիմնական է: 26 տարի առաջ այլ էին պատերազմի միջոցները, մեր զինուորների հապճեպ կազմուած գնդերի ու հրամանատարների առջեւ ծառացած խնդիրները, օգտագործուած զէնքերի տեսակները: Այս օրերի կարճատեւ յարձակումները էլ աւելի ակնյայտ դարձրին այդ տարբերութիւնը: Գիտենք, որ Ադրբեջանին զինում են ոչ միայն թուրքերը, որ դրամ չի խնայւում նրան նորագոյն զէնքերով զինելուն եւ ոչ-բացայայտ, գաղտնօրէն, մեծ պետութիւնների շահին է ծառայում նրանց այս յարձակումը: Մենք այդ շահերին ոտնատակ գնացող ենք, ինչպէս 1915թ. էինք, ինչպէս լինելու ենք միշտ, եթէ չփոխենք մեր ազգային մտածողութիւնը, չորդեգրենք ռազմական մտածողութիւն, եթէ չուղղենք մեր սխալները:
Այս կարճատեւ հրադադարը, ակնյայտ է, կրկին է բռնկուելու: Անյայտը մեր ռազմական եւ զինուորական ուժի հզօրութիւնն է: Խնդրում եմ ճիշդ հասկանաք՝ ես ոչ թէ թերագնահատում եմ, այլ փորձում եմ բոլորիդ ուշադրութիւնը կենտրոնացնել մեր ռազմական հզօրացմանը: Ժամանակները, աշխարհի խաղաղութիւնը իրենց շահերի համար ծառայեցնող մեծ պետութիւնների խաղերը մեզ պարտադրում են, մեր ամբողջ ուժը կենտրոնացնելու մեր ռազմական ուժի սպառազինմանը, մեր սպաներին, մեր զինուորներին նորագոյն տեխնիկայով կրթելուն, նրանց կենցաղի ու զինծառայութեան բարելաւմանը:
Երբ նայում եմ այս օրերին մարտադաշտում քաջաբար առաջնագիծ նետուող մեր զինուորներին, սիրտս մղկտում է՝ ինչո՞ւ մեր քաջերը չպիտի զինուած լինեն նորագոյն տեխնիկայով, իրենց անձնազոհութեանը վայել հագ ու կապով, լիարժէք սնունդով:
Չէ՞ որ անկախ պետականութիւնից զատ մենք էլ ունենք բաւական մեծահարուստներ մեր զինուորների վիճակը հոգալու, բարելաւելու:
Ժամանակն է, որ Հայաստանի անհաւատալի արագութեամբ բազմացող մեծահարուստները, փոխանակ երկրում կողոպտած իրենց դրամները արտասահմանի խաղատներում ու ծովափնեայ հանգստավայրերում մսխելու, իրենց ազգային պարտականութիւնը նկատեն գումար ներդնելու ազգային անվտանգութեան բարելաւմանը, չէ՞ որ այդ երկրում են իրենք այդքան ազատ հարստանում:
Այս օրերին, երբ մեր երկիրը իրապէս վտանգուած էր, կամաւորական մեծ հոսանքով մեր ժողովուրդը աշխարհի տարբեր ծայրերից ոտքի ելաւ Արցախին օգնութեան հասնելու: Մեր կառավարութիւնը ոչ իսկ շարժում արեց, նոյնիսկ չբարեհաճեց համազգային այդ պատրաստի պոռթկումը ղեկավարելու: Չէ՞ որ սովորաբար ղեկավարներն են ժողովրդին կազմակերպուած ու ծրագրուած ոտքի հանում հայրենին պաշտպանելու:
Մեր ինքնաբուխ այս շարժումը կրկնակի անգամ հաստատեց մեր կառավարութեան անկարողութիւնը մինչեւ իսկ իր ժողովրդի նուիրաբերած ծառայութիւնն ու կամքը օգտագործելու:
1918թ. մեր կամաւորական շարժումը աւելի հոգատարութեան ու ուշադրութեան արժանացաւ, քան այսօր:
Մեր ժողովրդի մեծագոյն առաւելութիւնը՝ իր արիւնը հայրենի հողի ազատագրման համար երբեք սակարկութեան չենթարկելը, առաւել եւս հաստատեց, որ մենք միշտ էլ առաջադիմել ենք անկախօրէն, որ յատկապէս, մեր երկրորդ անկախացման ղեկավարներից ոչ մէկի տեսադաշտում ժողովուրդը գոյություն չունի: Նրանք տարուած են միայն իրենց աթոռներով եւ կողոպուտով:
Ինձ թւում էր, որ մեր նախագահ Ս. Սարգսեանի այցը Պոսթոն, ամերիկեան մեր գաղութներից ամենահինն ու ազդեցիկը, թէ՛ գաղափարական եւ թէ՛ մշակութային առումով, պէտք է որ տեղաշարժած լինի մեր ղեկավարի հայրենասիրական ջիղը, որ երկիր վերադառնալով ժողովրդի հաւատքը ձեռք բերէր, այս վճռական օրերին իր ազգօգուտ որոշումով դառնար այնպիսի նախագահ, որ մնար մեր պատմութեան մէջ, որ օգտագործէր ինքնակամօրէն հայրենիք ներդրուած հոգեկան Հայաստանի ուժը: Յատկապէս, այցելելով 117ամեայ «Հայրենիք»ի խմբագրատուն, տեսնելով այնտեղ ամփոփուած սփիւռքի տարած հսկայածաւալ ինքնուրոյն աշխատանքը հայափայփայման, հայապահպանման համար: Երբ նոյն այդ գաղութը առանց պետականութեան գոյութեան ու գոյութիւնից յետոյ էլ առանց նրա հովանաւորութեան, գուրգուրանքով պահեց իր ազգային հերոսի՝ Դրօի մարմինը եւ կրկին սփիւռքի միջոցներով հայրենիք տեղափոխեց այն ոչ շատ առաջ:
Սփիւռքը այս էլ 100 տարուց աւել այսպէս հաստատում է իր հայրենանուէր գործունէութիւնը, աշխարհի բոլոր ծայրերում:
Եւ քանի որ ամէնուրեք որպէս ժողովուրդ, ինքներս ենք միշտ հոգում մեր կարիքները, աւելին, դեռ մեր հայրենի երկրին էլ մեր օժանդակութիւնը ներդնում, ուրեմն սիրելի ժողովուրդ, սկսենք ազգովին մեր ներդրումը բերել Արցախի ռազմական հզօրացմանը:
Ոչ թէ դրամահաւաքից-դրամահաւաք, դէպքից-դէպք ներդնենք, այլ մտածենք ազգային մնայուն պարտականութիւն դարձնել մեր ներդնումը:
Բոլորս էլ գիտենք, Արցախը փոքրիկ մի տարածք է, կամաւորական մեծ հոսք ընդունելու ու կերակրելու հնարաւորութիւն չունի: Կամաւորական գնդերին ոչ միայն սնունդ ու կացարան է պէտք, այլ նաեւ պատշաճ զինուորական հագ ու կապ, զէնք ու զինամթերք: Այս ամէնը հիմա այլեւս դառնալու է մեր ժողովրդի ուսերին դրուող պարտադրանք:
Իւրաքանչիւր հայ, հայրենիքում եւ հայրենիքից դուրս աշխարհի բոլոր ծայրերից, որպէս ազգային պարտք պարտադիր կարող ենք ամսեկան չնչին գումար, նոյնիսկ $1.00 ներդնել այս հրատապ անհրաժեշտ գործին: Բաւ է այլեւս օտար հողերում եւ ինչո՞ւ չէ նաեւ մեր երկրում աննպատակ շինութիւններ, սրահներ ու եկեղեցիներ կառուցենք: Դա ժողովուրդի քսակից ներդրուող հսկայական ծախսեր են, որ կարող ենք կրճատել: Չենք կարող եկեղեցին մեր ազգին ներկայացնող ու առաջնորդող միջոց դարձնել, ինչպէս որ դարձրել ենք: Մենք այլեւս այլ հաւատքի ժողովուրդի հոսք ունենք մեր մէջ եւ ժամանակի հրամայականն է, որ ընդունենք իրենց էլ նոյն հաւասարութեամբ: Մենք դարաւոր հող ունենք, հերոսների ոգով պահպանուած, նոր հերոսների ներդրումով ազատագրուած տարածքներ, դարաւոր մշակուած միտք ու կամք, որը ժամանակն է դարձնձնենք մեր դիմագիծը եւ դրա պահպանման ու զարթօնքի համար նուիրաբերենք ամէն ինչ:
Թող ո՛չ մէկը ինձ սխալ չհասկանայ, եւ չշտապի սխալ մեկնաբանութեամբ աղաւաղելու իմ մտքերը:
Մեր հողի եւ ազգի ապահովութիւնը, մեր հզօրացումը, ռազմական մտածողութեամբ ապրելն ու գործելը, ինչպէս տեսնում էք, հրատապ է այլեւս մեզ համար, եթէ ուզում ենք գոյատեւել որպէս լիարժէք ազգ:
Անշուշտ սա առանձին մնայուն ծրագիր ու մարմին դառնալու առաջարկ է, որ օրէնքով պիտի հաստատուի ու գործի, այն էլ ոչ թէ հայաստանեան գոյութիւն չունեցող օրէնքով, այլ ազգային նոր գրուող օրէնքով:
Սա ժամանակի եւ աշխարհի էլ աւելի ծայրայեղ վայրագ դարձած հրամայականով մեր առջեւ ծառացած նոր հրատապ խնդիր է, որ չենք կարող այլեւս անուշադրութեան մատնել:
101րդ տարուայ Ապրիլը թեւակոխում ենք թուրքի ձեռքով նոր զոհերով, կրկին միջազգային քաղաքագէտների ողորմածութեան սպասումներով, բողոքի արշաւներով, խնդրագրերով, նորոգուող բանակցութիւններով:
Միթէ՞ չենք փոխուելու: Ինչո՞ւ այսքան ամուր ենք կառչած հնին, պատմութեան կրկնութեան, ինքն իրեն չարդարացրած մեր քայլերին:
Մինչեւ ե՞րբ ենք այսպէս շարունակելու:
Վտանգից-վտանգ սթափուելով, միայն մեծ ու վտանգաւոր իրադարձութիւնների ոգեւորութեամբ միակամ դառնալով, ե՞րբ կարող ենք այդպէս միակամ մնալ, միակամ գործել, միակամ յաղթել, միակամ պաշտպանել մեր հողը եւ միակամ էլ պահանջատէր լինել: