Լայնածաւալ Պատերազմի Սադրանք

0 0
Read Time:3 Minute, 28 Second

p5b

Գէորգ Դարբինեան
(յապաւումով)
Տաւուշի մարզում արդէն երկու օր է` իրավիճակը նմանւում է պատերազմական գործողութիւնների: Երկու կողմերում էլ զոհեր ու վիրաւորներ են, նաեւ` քաղաքացիական անձանց շրջանում: Թէեւ սահմանի այդ հատուածում սրացումներ լինում են պարբերաբար, սակայն այս անգամ իրավիճակը առանձնայատուկ է երկու պատճառով: Նախ` հակառակորդի կողմից թիրախաւորուել են աննախադէպ մեծ թուով սահմանամերձ հայկական բնակավայրեր, երկրորդ` առաջին անգամ թիրախաւորուել են սահմանից բաւականաչափ հեռու գիւղեր, ինչը վերահաստատում է, որ հակառակորդն անցել է ռազմական գործողութիւններում հրետանային հեռահար հարուածային միջոցների կիրառմանը:
Այս հանգամանքը յուշում է, որ հակամարտութեան գօտում, ըստ էութեան, ստեղծուել է բոլորովին նոր եւ աւելի վտանգաւոր իրավիճակ: Եթէ ընդամէնը երկու տարի առաջ` նախնական փուլում, հակառակորդը բաւարարւում էր` հրաձգային զինատեսակներով հայկական դիրքերի ուղղութեամբ կրակ արձակելով, ապա դրանից յետոյ սանձազերծեց դիպուկահարների իւրատեսակ «միքրոպատերազմ»: Դրանից յետոյ անցաւ լայնածաւալ ներթափանցումների եւ յարձակումների մարտավարութեանը, որից յետոյ` աւելի խոշոր տրամաչափի նռնականետերի եւ ականանետերի միջոցով հայկական դիրքերի յարձակմանը: Եւ հիմա կանգնել ենք մի իրականութեան առջեւ, երբ կիրառութեան մէջ են նաեւ հրետանային եւ հրթիռային կայանքներ, իսկ թիրախում արդէն սահմանամերձ եւ ոչ այնքան սահմանամերձ այնպիսի բնակավայրեր են, որոնք հետեըեղական հրետակոծութեան չեն ենթարկուել անգամ Ղարաբաղեան պատերազմի ամենաթէժ պահերին:
Այս «զարգացումը» հերքում է հայկական իրականութեան մէջ տարածուած այն մտայնութիւնը, թէ սահմանային լարուածութեան մերթ ընդ մերթ բռնկումը զուտ լոկալ, մարտավարական բնոյթ ունի, թէ լայնածաւալ պատերազմին Պաքուն չի գնայ, եւ որ սա պայմանաւորուած է արտաքին կամ ներքին քաղաքական, աշխարհաքաղաքական գործօններով: Նման ընկալումները իրականութիւնից փախչելու, պատերազմի իրատեսական լինելը յամառօրէն չընդունելու հետեւանք է: Կարելի է բերել Պաքուի կողմից իրավիճակը լարելու բազմաթիւ իրավիճակային պատճառներ: Ատրպէյճանում ստեղծուած ընկերային-տնտեսական ճգնաժամային վիճակը, նաւթի գների անկմամբ պայմանաւորուած խուճապայնութիւնը, մարդու իրաւունքների հետ կապուած խայտառակ իրողութիւնները, առաջիկայ խորհրդարանական ընտրութիւնները ստիպում են Ալիեւի վարչակազմին, սահմանային լարուածութեան մեծացմամբ վախի մթնոլորտ սերմանելով, սեփական հասարակութեանը պահել կառավարելիութեան շրջանակներում, միաժամանակ` միջազգային հանրութեան ուշադրութիւնը երկրի ներքին խնդիրներից շեղել դէպի սահմանագիծ: Բացի դրանից` Արցախի բանակցութիւններում վարուող փակուղային քաղաքականութիւնը ստիպում է խորացնել շանտաժային մարտավարութիւնը, որը դրսեւորւում է ահա նման սրացումներով: Կարելի է բերել նաեւ շատ աւելի առարկայական պատճառներ:
Մասնաւորապէս` հետաքրքրական է, որ իրավիճակն Ատրպէյճանը սրեց Ռուսաստանի Արտաքին Գործոց նախարար Սերգէյ Լաւրովի` Պաքու կատարած այցից անմիջապէս յետոյ: Թէեւ պարզ չեղաւ` կոնկրէտ ինչ նպատակ էր այն հետապնդում, սակայն ակնյայտ է, որ, բնակավայրերի հրետակոծումն այդ այցին ձեռնարկելով, Պաքուն փորձում է ներշնչել հայաստանեան հասարակութեանն ու իշխանութիւններին, որ հէնց Ռուսաստանն է շահագրգռուած իրավիճակի լարմամբ, եւ որ Ռուսաստանը բոլորովին էլ Հայաստանի հետ չէ, ինչպէս այստեղ միամտաբար կարծում են: Հէնց սա է պատճառը, որ թիրախ է ընտրուել առաջին հերթին Հայաստանի ամենախոցելի` Տաւուշի սահմանագիծը:
Ամենայն հաւանականութեամբ, ոչ երկրորդական դեր է կատարել նաեւ Հայաստանում «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զօրավարժութիւնների անցկացումը: Թերեւս խնդիր է դրուել կա՚մ ձախողել դրանք, կա՚մ ներշնչել հայաստանեան հասարակութեանը, որ դա ոչ թէ զօրավարժութիւններ են, այլ պատերազմի կոնկրէտ եւ հապճեպ նախապատրաստութիւն: Նպատակը Հայաստանի հասարակութեան շրջանում խուճապ առաջացնելն է: Առանցքային զօրավարժութիւնները վիժեցնելու մարտավարութիւնը նոր չէ: Նախորդ տարուայ նոյեմբերին նաեւ այդ նպատակով Պաքուն խոցեց հայկական օդուժին պատկանող ուղղաթիռը, թէեւ ցանկալի արդիւնքի չհասաւ:
Բայց ստեղծուած իրադրութիւնում ամենակարեւորն այս պատճառները չեն: Կարեւորը փաստն է, որ Ատրպէյճանը քայլ առ քայլ շփման գծում էսկալացիան մեծացրել է պատերազմական վիճակի` յաջողելով (տուեալ դէպքում` ոչ առանց հայկական կողմի մեղքի) դա անել այնպէս, որ մեծ հաշուով չդառնայ միջազգային լրահոսի առարկայ: Ատրպէյճանը կիրառում է ոչ միայն պատերազմի հասունացման, այլեւ դա միջազգային հանրութեան ընկալումներում օրինաչափութեան եւ բնականոնութեան վերածելու քաղաքականութիւն, որը, մի կողմից, ամբողջութեամբ համապատասխանում է հիբրիդային պատերազմի կանոններին եւ մեթոտաբանութեանը, իսկ միւս կողմից` յղի է ցանկացած պահի իրավիճակը վերահսկողութիւնից դուրս հանելու իրական վտանգով:
Փաստացի, սա լայնածաւալ պատերազմի սադրանք է, որին հայկական ուժերը չեն տրւում բացառապէս պրոֆէսիոնալիզմի եւ բանակցային գործընթացում հայկական կողմի ունեցած յարաբերական դիրքային առաւելութիւնը չէզոքացնելու` Պաքուի մտադրութիւնները հասկանալու պատճառով: Թերեւս հէնց դա է պատճառը, որ սահմանագծի ողջ երկայնքով ունենալով տիրապետող դիրքային առաւելութիւն, նաեւ` ատրպէյճանական բնակավայրերի խոցելիութիւնից օգտուելու առումով, հայկական զինուժը բաւարարւում է միայն թէժացող կէտերում եւ յարակից շրջաններում համարժէք, երբեմն էլ անհամարժէք` աւելի ցաւոտ, հակառակորդին զսպելու գործողութիւններով:
Խնդիրը, սակայն, հայկական զինուժի ընտրած մարտավարութիւնը չէ: Թէեւ պէտք է նկատել, որ ակնյայտօրէն հասունացել, եթէ չասենք` ուշացել է Տաւուշի մարզի սահմանագծում հայկական դիրքերի եւ բնակավայրերի խոցելիութիւնը չէզոքացնելու անհրաժեշտութիւնը: Սակայն հիբրիդային պատերազմի առանձնայատկութիւններից մէկն այն է, որ մարտական գործողութիւններին զուգահեռ գործում են նաեւ դիւանագիտական եւ տեղեկատուական-քարոզչական աղբիւրները: Եթէ երկրորդի մասով որոշակի խաղի կանոններ արդէն ձեւաւորուել են, դիւանագիտական ճակատում բացարձակ անգործութիւն է: Որտե՞ղ է այս «տրամատիք» օրերին արտգործնախարար Եդուարդ Նալպանտեանը, ինչո՞ւ է կատարուող գործընթացների շրջանակներում պապանձուել, բացարձակապէս հասկանալի չէ: Թէեւ միւս կողմից` գուցէ հէնց գործը չփճացնելու համա՞ր են նրանց մեկուսացրել… Ո՞վ գիտէ:

 

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

One thought on “Լայնածաւալ Պատերազմի Սադրանք

  1. Վայոց ձորի մի շարք համայնքներում տարբեր պատերազմական սցենարներ են խաղարկվել:
    Տագնապի հրահանգը սահմանամերձ գյուղերից մեկի բնակիչները մեծ պատրաստակամությամբ են ընդունել ՝ ստանձնելով սահմանին տեղակայված հենակետերից մեկի թիկունքում խրամատներ փորելու աշխատանքը:

    «Շանթ-2015» զորավարժությունների կազմակերպիչները վստահեցնում են՝ գյուղի բնակիչները պատրաստ են անել ամեն հնարավորը հայրենի սահմանների պաշտպանության գործում զինվորականներին աջակցելու համար:

    Մանրամասները՝ տեսանյութում

Leave a Reply

Your email address will not be published.

Social profiles