Քաղաքական Մենաշնորհ

0 0
Read Time:4 Minute, 46 Second

Droshak

«Դրօշակ»ի Խմբագրական
Օգոստոս 11, 2016

Գաղտնիք չէ, որ Խորհրդային ժամանակներում Հայաստանում, ինչպէս եւ ողջ Խորհրդային Միութիւնում իշխում էր Համայնավար կուսակցութեան քաղաքական մենաշնորհը:
Յետագայում այդ մենաշնորհը շարունակուեց, երբ դեռ Հայաստանը չէր էլ անկախացել: Երեւանի Ազատութեան հրապարակում դիրքերն ամրապնդող Հ.Հ.Շ.-ն, գործող իշխանութեանը զուգահեռ, անհանդուրժող էր դառնում նաեւ ընդդիմութեան հանդէպ, փորձելով ով իր հետ չէր դուրս մղել քաղաքական դաշտից: Հեռահար հաշուարկով, դեռ այն ժամանակների իր ելոյթներում, Լեւոն Տէր Պետրոսեանը զգուշօրէն ակնարկում էր, նաեւ թէ «սփիւռքի աւանդական կառոյցներն իրենց սպառել են եւ նորերն են անհրաժեշտ»: Խորհրդային Հայաստանի վերջին, 1990 թուականի ընտրութիւններում, ընդդիմադիր Հ.Հ.Շ.-ն նոյնիսկ իր մէջ ճշտել էր, թէ անցումային խորհրդարանում որ ուժերի յայտնուելը նպատակայարմար չէ: Կարելի է յիշել արդէն այդ խորհրդարանի նախագահ Բաբգէն Արարքցեանի հարցազրոյցը Հայաստանի Հանրապետութիւն թերթում, ուր նա «ափսոսում» էր, որ քաղաքական դաշտում իրենց այլընտրանք չկայ:
Քաղաքական մենաշնորհը եւ դրա յաւակնոտ մտայնութիւնը մեր երկրում վերահաստատուեց դեռ այն օրերից: Եւ իւրօրինակն այն է, որ անցնող տարիներին, ընդդիմութիւնը մեզանում յաճախ շատ աւելի մեծ կրքով պայքարեց ոչ թէ իշխանութեան, այլ միւս ընդդիմադիր ուժերի դէմ:
Իհարկէ միայն այսպիսին չէ մեր նորանկախ երկրի քաղաքական պատմութիւնը: Զուգահեռաբար եղել են քաղաքական ընդդիմադիր ուժերի համատեղ գործունէութեան բազմաթիւ, այդ թւում նաեւ յաջողուած օրինակներ: Անկախութեան հէնց առաջին տարիներից իշխանութեան դէմ ընդդիմադիր հիմնական ուժերը հանդէս են եկել համատեղ, այդ գործունէութեան մէջ ներգրաւելով հասարակական կազմակերպութիւններին եւ մտաւորականութեանը: Բազմաթիւ անգամներ, տարբեր ծրագրերի քննարկման համար, ընդդիմադիր ուժերը կազմակերպել են (մինչեւ օրս էլ կազմակերպում են) տարբեր ձեւաչափի բաց քննարկումներ` քաղաքական ու հասարակական ուժերի, փորձագէտների, մտաւորականների, լրագրողների ու այլոց մասնակցութեամբ: Կարելի է յիշել մի քանի ընդդիմադիր ուժերի կողմից սահմանադրութեան միասնական նախագծի կազմումից, մինչեւ գործող իշխանութեան դէմ միասնական պայքարը 90-ականների սկզբներին, ապա հինգ ուժերի կողմից նախագահի միասնական թեկնածուի առաջադրումը 1996 թուականին եւ նման համախմբումների բազում այլ փաստեր: Սա եւս մեր քաղաքական մշակոյթի մասն է կազմում , ինչը համոզուած ենք լուրջ ազդեցութիւն է թողել Հայաստանում ժողովրդավարութեան զարգացման, երկրի կարեւորագոյն հարցերի շուրջ հիմնական ուժերի միաւորման, հասարակութեան համախմբուածութեանը նպաստելու առումով:
Վերադառնանք, սակայն քաղաքական մենաշնորհին:
Խուսափելով միմեանց հետ ծրագրերի ու գաղափարների շուրջ առողջ մրցակցութիւնից, քաղաքական տարբեր ուժեր ու միաւորումներ, ընտրում են շատ աւելի «կարճ» ճանապարհ` փորձել մրցակիցներին ասպարէզից դուրս մղել վարկաբեկումների ճանապարհով: Աւելի դժուար ու աշխատատար համարելով քաղաքական-օրէնսդարական ճանապարհներով երկրում դերակատարութեան հասնելու հնարաւորութիւնը, նրանք առաջնորդւում են ուրիշներին դուրս հրելով իրենց համար ընդդիմադիր դաշտում առաւել լայն տեղ բացելու մարտավարութեամբ: Ծրագրերի ու գաղափարների մրցակցութեան փոխարէն մերժումի ու վարկաբեկումի ամբոխվարական գործելակերպի որդեգրումը իրականացւում է անհանդուրժողութեան դրսեւորումներով, մրցակից նկատուած ուժերի ծրագրերի ու գործունէութեան վարկաբեկումով, տարբեր մեղքերի մէջ մեղադրանքներով, որոնցից ամենամոտայիկը եղել եւ մնում է իշխանութիւններին ծախուած լինելու մեղադրանքը: Այս մեղադրանքը կենսունակ է արդէն աւելի քան քսանհինգ տարի եւ կասկած չկայ, որ ով ներկայումս է միւսներին մեղադրում ծախուածութեան մէջ կարճ ժամանակ անց, գուցէ հէնց 2017 թուականի խորհրդարանական ընտրութիւններից յետոյ, ինքն է արժանանալու նոյն խարանին: Տարիներ շարունակ հրապարակներին տիրելու մարմաջը այնքան է բորբոքել նշեալ մտայնութիւնը, որ իրականութիւնը յաճախ վերածւում է զաւեշտի ու անհեթեթութեան: Վերջին խորհրդարանական ընտրութիւններից յետոյ ներկայ իշխանութեան նկատմամբ կոշտ ընդդիմադիր կեցուածք որդեգրած Հայաստանի առաջին իշխանութիւնը, մեղադրուեց ծախուածութեան մէջ, երբ պահանջների շուրջ բանակցութիւններ սկսեց գործող իշխանութեան հետ:
Նոյն «բախտից» խուսանաւելու նպատակով 2015 թուականին «Բաղրամեան Պողոտայ» դուրս եկած ընդդիմութիւնը փողոցում գոռում էր պահանջների մասին, բայց հրաժարւում էր նոյն պահանջները ուղղակիօրէն ներակայացնել հասցէատիրոջը:
Հետաքրքիրն այն է նաեւ, որ հրապարակները օկուպացնող (խմբ.- գրաւող) հերթական ուժը որքան նոր է, անփորձ ու անծրագիր, այնքան բարձր է գոռում, թէ միակ անկեղծ ընդդիմադիրն ինքն է, իսկ մնացածը սխալ ճանապարհով են գնում եւ ծախուած են:
Ամբոխվարութիւնը ամբոխավարութիւն չէ, բայց անհանդուրժողութեան ու վարկաբեկումի քաղաքական փլաթֆորմով շատ առաջ չես գնայ, հետեւաբար բոլոր այս ուժերը շուտ թէ մի քիչ աւելի ուշ յայտնւում են ծայրայեղ քայլերի ընտրանքի առաջ: Այդպէս է, քանի-որ իրականում գոյութիւն ունի երկու հիմնական ճանապարհ` կամ պետութիւնն ու իշխանութիւնը փոխել օրէնքների, մեքանիզմների համակարգուած ու ժամանակատար աշխատանքի ճանապարհով, կամ այդպիսի գործի համար չունենալով ոչ` յաւէս, ոչ` յաւակնութիւն փորձել հարցը լուծել մէկ հարուածով, յայտարարել կարճ ժամանակում իշխանափոխութեան հասնելու նպատակի մասին: Որքանո՞վ է այս ճանապարհը արդարացուած` ենթակայական չնկատուելու համար ոչ թէ անձնական կարծիք ասենք, այլ փաստենք, որ ցայսօր բոլոր այդ փորձերը տապալուել են, իսկ գրեթէ բոլոր փորձարարները, դուրս են մղուել գործուն քաղաքական դաշտից:
Կարելի է ափսոսանքով նշել, որ օգտակար էր լինելու, եթէ ընդդիմութեան շատ ուժեր մասնակցէին սահմանադրական վերջին բարեփոխումների քննարկումներին, եւ մենք աւելի շատ տեսակէտներ լսէինք: Ենթադրենք, թէ ինչ-որ հարց էլ կարող էր այլ կերպ լուծուել այդ ընդդիմութեան այլընտրանքային մօտեցման շնորհիւ, սակայն ոմանց համար գերադասելի էր յայտարարել, թէ այդ ամէնը կեղծ խաղ է, աւելի լաւ է միանգամից իշխանութիւններին փոխենք, իսկ յետոյ երկիրը կը փոխենք ինչպէս ուզենք:
Քաղաքական մենաշնորհը ստեղծում է անհանդուրժողութեան մթնոլորտ, սրան ի հետեւանք առաջացնելով հասարակական լարուածութիւն եւ պառակտում: Անհանդուրժողութիւնն առաջ է բերում լարում ու հակադրութիւն ոչ միայն իշխանութիւն-ընդդիմութիւն, այլեւ ընդդիմութիւն-ընդդիմութիւն յարաբերութիւններում: Տարիների վարկաբեկումների եւ այլամերժութեան հետեւանքն է այսօրուայ մեծ թերահաւատութիւնը եւ անվստահութիւնը առանց բացառութեան բոլոր քաղաքական ուժերի, ընտրութիւնների եւ առհասարակ քաղաքական գործընթացների նկատմամբ:

Այսպիսի քարոզիչներին յաջողուել է լրջօրէն արմատաւորել հասարակութեան մէջ այն մտայնութիւնը, թէ անվստահելի քաղաքական ուժերի միջոցով, անվստահելի ընտրութիւնների անցկացումը, քաղաքական գործընթացներին մասնակցելը ի սկզբանէ ձախողութեան դատապարտուած գործ է: Բայց ձեւաւորած հասարակական կրաւորականութեան հետեւանքում, ոչ թէ դրա «սերմնացաններ»ն են օգտուելու, այլ յոյսի բացակայութիւնը նպաստելու է հերթական հեշտ վերարտադրութեանը:
Արժէ մտածել հետեւեալ հարցի շուրջ. Ի՞նչ տարբերութիւն քաղաքական մենաշնորհի յաւակնող ուժը իշխանական դաշտում է գործում, թէ՞ ընդդիմադիր: Նախկին ընդդիմադիր մենաշնորհեալները չէին, որ դարձան մենաշնորհեալ իշխանութիւններ, եւ նոյնը չի՞ լինելու վաղը: Անհանդուրժողութեան ու այլամերժութեան դրօշով իշխանութիւնների փոփոխութեան հետեւանքները մեր աչքի առաջ դեռ շարունակւում են արաբական աշխարհում ու մեր աչքի առաջ տեղի են ունեցել նախկին համայնավարական ողջ ճամբարում: Որոշակի գործելակերպով ընդդիմադիր ձեռագիրը յետոյ վերածւում է իշխանութեան ձեռագրի: Տեղի է ունենում պայքարի տրամաբանական շարունակութիւն, արդէն իշխանութեան կարգավիճակով` պահպանելու համար նոր դիրքերը հին մրցակիցներից:
Այո՛ յաճախ հնարաւոր է զանգուածային հետաքրքրութիւն առաջացնել նման ամբոխվարական գործելակերպով, բայց «աննաւ ու անղեկ» նաւարկումները յետոյ փորձանք են դառնում ուղեւորների համար:

Յ.Գ.- Աշնանը Հայաստանում կը սկսուի նախընտրական, ոչ պաշտօնական մրցարշաւը եւ առաւել մեծ կրքով կը հնչեն ժողովրդին միակ նուիրուածը լինելու աղաղակները, կը ծաւալուի կռիւ քաղաքական մենաշնորհի համար: Կը սկսուի աղաղակողների առեւտուրը «միակ չծախուած հայրենասէր, ապրանքով: Վերջում վաճառողները կը ստանան փոքր շահոյթ, իսկ գնորդները` մեծ հիասթափութիւն:

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles