Քաղաքական Բարեկրթութեան Մասին

0 0
Read Time:6 Minute, 7 Second

v17
  ՎԱՀԱՆ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ

Oգոստոս 2013

Սկսենք ոչ այնքան ծիծաղելի ամերիկեան կատակից: Գիտէ՞ք Միացեալ Նահանգներում ով ունի լաւ աշխատանք գտնելու ամենամեծ հնարաւորութիւնը: Սեւամորթ կաղ լեսպուհին: Ինչո՞ւ: Որովհետեւ ցանկացած գործատու աշխատանքի ընդունելիս պարտաւոր է հաշուի առնել չափաբաժինները, որոնք նախատեսուած են ամենատարբեր փոքրամասնութիւնների համար, եւ նախապատուութիւնը տալ դրանց ներկայացուցիչներին: Մասնագիտական որակնե՞րը: Դրանք երկրորդական են, որովհետեւ գնահատականները ենթակայական են: Այդ իսկ պատճառով, աշխատանքի ընդունելով սեւամորթ կաղ լեսպուհուն, գործատուն վարձում է ֆիզիքական սահմանափակ հնարաւորութիւններով եւ ոչ աւանդական սեռական կողմնորոշմամբ ցեղային փոքրամասնութեան ներկայացուցչի (արդէն արտայայտւում ենք քաղաքական բարեկրթութեամբ): Ընդ որում` կնոջ: Չորսը` մէկում: Ժամանակակից ամերիկեան հասարակութեան համար այդ գործատուն պարզապէս Տիտրոյին հաւասար մեծ մարդասէր է:

Իմ գերմանացի ընկերն արդէն որ երրորդ անգամ դատական քաշքշուքի մէջ է ընկնում իր թրքուհի աշխատողների հետ, որոնք ծառայութեան են ընդունւում, մի քանի ամիս անց գնում են լաւ վարձատրուող (իմ ընկերոջ կողմից) ֆիզարձակուրդ եւ այլեւս չեն վերադառնում` իրար յետեւից երեխաներ ունենալով, եւ դեռ ամէն երեխայի համար էլ նպաստ են ստանում գերմանական պետութիւնից: Իմ ընկերն անընդհատ այդ դատերը տանուլ է տալիս, իսկ գերմանացի որոշ լրագրողներ եւ դատական խաւը նրա յամառութիւնը համարում են… քաղաքականապէս ոչ բարեկիրթ: Իսկ թրքուհիներին նա չի կարող գործի չընդունել, դա կը համարուի խտրականութիւն, ինչն աւելի թանկ կ՛արժենայ:

Իսկ Գանատայում ուղղակի զուարճալի բաներ են կատարւում: Եղաւ մի պահ, երբ հակացեղապաշտական մարդասիրութեան պոռթկումներով տարուած` Թորոնթոյի ոստիկանութիւնն արգելեց հետախուզման մէջ գտնուող յանցագործներին նկարագրելիս յիշատակել նրանց մաշկի գոյնը: Պատկերացնո՞ւմ էք: Իսկ բթամտութեան գագաթնակէտը (ի դէպ, բթամտութիւնը եւս քաղաքականապէս բարեկիրթ բառ չէ, հիմա ընդունուած է ասել` այլընտրանքային տրամաբանութիւն) կարելի է համարել անգլիական «Տայր Սթրէյթս» ռոք-խմբի հանրայայտ «Մանի ֆոր նաթինկ» երգի բնագրի կատարման արգելումը: Երգը հին է եւ, ի դէպ, «Կրեմմի» է ստացել: Ինչ-որ մարդիկ վերջերս իրենց դժգոհութիւնը հասցրեցին գանատական համապատասխան մարմիններին, եւ երգն արգելեցին, որովհետեւ այնտեղ համասեռամոլներն այնքան էլ յարգալից բառով չեն բնութագրւում: Արգելում են երեսուն տարուայ վաղեմութիւն ունեցող երգը, որովհետեւ այն չի համապատասխանում այսօրուայ քաղաքական բարեկրթութեան չափանիշներին: Բայց չէ՞ որ դրանց չի համապատասխանում մարդկութեան մշակութային ամբողջ ժառանգութիւնը: Աստուածաշունչը, օրինակ, հաստատ չի համապատասխանում: Ի՞նչ կը հրամայէք, այն եւս արգելե՞նք… Եւ երբեւէ կը փորձեն արգելել…

Իմ կարծիքով` Արեւմուտքում հաստատուող կամ արդէն հաստատուած ու մեր հասարակութեան որոշ ներկայացուցիչների կողմից բուռն կերպով ընդօրինակուող քաղաքական եւ հասարակական բարեկրթութեան կանոնները մեզ ուղղակիօրէն տանում են դէպի շիզոֆրենիա: Ես հասկանում եմ քաղաքավարութեան կանոնների պահպանումը` թելադրուած մարդու ներքին բարեկրթութիւնից, որ ենթագիտակցօրէն խուսափում է դիմացինին վիրաւորող թոնից կամ արտայայտութիւնից: Բայց այսօրուայ արտաքին հանդուրժողականութիւնը գալիս է ոչ թէ մարդու ներսից, այլ` դրսից, այն ոչ մի կապ չունի մարդու ոգեղէնութեան, դաստիարակութեան կամ մերձաւորի հանդէպ սիրոյ հետ: Միջին վիճակագրական բնակչից քաղաքական բարեկրթութեան կանոնները չեն պահանջում անկեղծ, իսկական գիտելիքի, փոխըմբռնման, կարեկցանքի կամ հանդուրժողականութեան վրայ հիմնուած վերաբերմունք ցեղի, ազգի, դաւանանքի, կանանց, հաշմանդամների, երեխաների, լեսպուհիների, թրանսվեսթիթների, համասեռամոլների նկատմամբ: Դրանք պահանջում են միայն պատժուելու վախի վրայ հիմնուած ինչ-որ արտաքին ձեւական կանոնների պահպանում` սահմանափակուած միայն եզրաբանութեամբ եւ վարքագծային կաղապարներով. պէտք է ասել աֆրո-ամերիկացի, ոչ թէ նեկր, այլապէս կը հռչակուես ցեղապաշտ, չի կարելի շեշտել յանցագործի ազգութիւնը եւ կրօնական պատկանելիութիւնը, յատկապէս` եթէ նա քրիստոնեայ չէ, չի կարելի կնոջ գեղեցկութեամբ հիանալ` նրան հաճոյախօսելով, այլապէս կը մեղադրուես սեռական ոտնձգութեան մէջ, ոչ մի դէպքում չի կարելի մուսուլմանին մեղադրել մոլեռանդութեան կամ յարձակողապաշտութեան համար, չի կարելի արտաբերել միանգամայն գրական «փետերասթ» (յուն. paiderastes) բառը, չի կարելի, չի կարելի, չի կարելի…

Անկախ ինձանից` յիշեցի լեհ գրող Սթանիսլաւ Լեմի «Վերադարձ աստղերից» արկածային վէպը, որում նկարագրուած է ապագայի երջանիկ հասարակութիւնը` զերծ ամէն տեսակ բռնութիւնից: Պարզւում է, որ այդ համերաշխ գոյութիւնը ձեռք է բերուել իւրօրինակ ճանապարհով. իւրաքանչիւր նորածնի արւում է յատուկ ներարկում, որը ենթագիտակցական մակարդակով նրան լիովին զրկում է ինչպէս յարձակուելու, այնպէս էլ պաշտպանուելու կարողութիւնից: Նախայարձակումը բացառուած է, բայց նաեւ վտանգն է բացառուած, պայքար չկայ, բայց եւ զարգացում էլ չկայ: Էութիւնը նոյնն է, ինչ ներկայիս հանդուրժողականութեանը` իրապէս գոյութիւն ունեցող հակասութիւններն ու խնդիրները չեն լուծւում, բայց արհեստական ճանապարհով արտաքսւում են մարդկային եւ հասարակական գիտակցութիւնից:

Բայց ահա, թէ ինչն է հետաքրքիր: Այս ժամանակակից` իրական, ոչ երեւակայական «բետրիզացիային» ենթարկւում է ոչ ամբողջ հասարակութեան գիտակցութիւնը, ինչպէս վէպում: Չգիտես ինչու` քաղաքական բարեկրթութիւնը համարւում է պարտադիր միայն օրինապահ մեծամասնութեան համար, իսկ իրենք` պաշտպանուած փոքրամասնութիւնները, հանդուրժողականութեամբ ամենեւին էլ չեն փայլում: Համասեռամոլները եւ լեսպուհիներն ազատ ի ցոյց են դնում իրենց ապրելակերպը` երիտասարդներին իրենց կեղծ բազմազանութեամբ վարակելով, բայց նրանց մերժելու ցանկացած փորձ, թէկուզեւ միայն բանաւոր մակարդակով քննադատելը, անխուսափելիօրէն բախւում է այնպիսի բազմամակարդակ միջազգային բուռն գրոհի, որ խօսքի ազատութեան ձգտումը երկար ժամանակ կորչում է:

Մուսուլմանները եւրոպական քաղաքներում յայտարարում են, որ քրիստոնէական շիրմաքարերի խաչերը վիրաւորում են իրենց կրօնական զգացմունքները, պահանջում են շարիաթի օրէնքը մտցնել իրենց բնակութեան հոծ վայրերում (ի դէպ, անընդհատ ընդարձակուող), իսկ եթէ փորձէք միայն ծաղրանկարում պատկերել Մոհամետ մարգարէին կամ համարձակ գիրք գրել, ինչպէս Սալման Ռուշտին, ապա մնացած ամբողջ կեանքը ստիպուած կը լինէք թաքնուել մարդասպաններից: Բազմաթիւ երիտասարդ ամերիկացիներ ու եւրոպացիներ անարգել իսլամ են ընդունում, բայց մուսուլմանի` քրիստոնէութիւն ընդունելու կամ մուսուլմանական երկրում որեւէ բան քարոզելու ցանկացած փորձ անվերապահօրէն մահուան վտանգով է յղի: Աղանդաւորներն իրենց շօշափուկների մէջ են առնում մեր ամբողջ հասարակութիւնը, մասնատում են բանակը` մեծացնելով իրենց ազդեցութիւնը բոլոր խաւերի վրայ, բայց դիմադրել չի կարելի, յանկարծ ինչ-որ մէկի ճկոյթը կը տրորես, եւ քեզ քարշ կը տան եւրոպական դատարաններ: Քուրպան-Պայրամի ժամանակ Մոսկուայի փողոցներում ոչխարներ մորթելը կրօնական հանդուրժողականութեան եւ մարդու իրաւունքների իրագործում է, իսկ դա բարբարոսութիւն եւ վայրենութիւն անուանելը` տեսէք-տեսէք, անվայել արարք:

Ինչպէս տեսնում ենք, քաղաքական բարեկրթութիւնը մահակ է հնազանդների համար, յարձակողականօրէն ինքնահաստատուող փոքրամասնութեան համար հանդուրժողականութեան օրէնք գրուած չէ, աւելին` նրանք սովորել են իրենց կամքը թելադրել` օգտուելով այդ մահակից: Արդեօք այդ պատճառով չէ՞, որ եւրոպական դիտորդական առաքելութիւնները պատրաստակամօրէն ձեռնամուխ են լինում Հայաստանում եւ Արցախում մուսուլմանական յուշարձանների պահպանման գնահատմանը եւ նախատինքով թափահարում գլուխները` պատին աննշան ճաք յայտնաբերելիս, իսկ գնալ Նախիջեւան եւ արձանագրել ազերիների կողմից հին հայկական մշակութային կոթողների լիովին եւ կանխամտածուած ոչնչացումը, չեն համարձակւում, որովհետեւ Հայաստանում նրանց դիմաւորում են յոյժ հանդուրժող, հաճոյակատար հայ պաշտօնեաները, իսկ ազերիների կողմից զաւթուած Նախիջեւանում իրենց թիկունքին կը զգան յամառ, կոպիտ, աներես եւ ամենեւին էլ ոչ հանդուրժող ատրպէյճանցիների շունչը:

Իսկ քաղաքական բարեկրթութեան դասական դրսեւորումը` զոհի եւ յանցագործի հաւասարեցումը, այնքան արմատացած է համաշխարհային փորձառութեան մէջ, որ արդէն զայրոյթ չի առաջացնում: Ի՞նչ տարբերութիւն Կուանթանամոյի բանտում նստած ահաբեկիչների եւ նրանց գնդակից ու ռումբից զոհուածների միջեւ. մեզ պարտաւորեցնում են բոլորին հաւասարաչափ կարեկցել: Թէ՛ մէկին, թէ՛ միւսին տանում են չարի եւ բարու հակադրութեան, մարդկային արդարութեան ոլորտից եւ առաջարկում միասին արածել մարդու վերացական իրաւունքների կանաչ մարգագետնում: Դուք վերընթերցէք Ղարաբաղի մասին բանաձեւերը` Կորպաչովի ժամանակներից մինչ մեր օրերը. գրեթէ միշտ խաղաղութեան անատամ կոչեր են հնչել, բայց ոչ մի կարեկցանք ազատութիւնն ընտրածների եւ յաղթանակածների նկատմամբ, ոչ մի մեղադրանք` ակնյայտ նախայարձակների հասցէին: Նոյնն է նաեւ հայ-թրքական արձանագրութիւններում եւ դրանց հետ կապուած խառնաշփոթում` չկան ո՛չ արդարներ, ո՛չ մեղաւորներ, ո՛չ դահիճներ, ո՛չ զոհեր, ո՛չ հայրենազրկուած ժողովուրդ, ո՛չ ասպատակողներ: Ինչեւէ: Չշեղուենք երկակի չափանիշերի զուգահեռ թեմայով: Վերադառնանք փոքրամասնութիւններին:

Փոքրամասնութեան իրաւունքների բացարձակացումը (ինչը եւ ինչ-որ կերպ անդրադառնում է քաղաքական բարեկրթութեան բառապաշարի վրայ) խանգարում է տեսնել գլխաւորը` այդ փոքրամասնութեան էութիւնը: Կան փոքրամասնութիւններ, որոնք փոքրամասնութիւն են թւում միայն սկզբում, իրականում իրենց երազանքներով, ձգտումներով, գործունէութեամբ արտայայտում են դեռեւս չարթնացած կամ խիստ վախեցած մեծամասնութեան շահերը: Որպէս կանոն` միայն մարդկանց մի խումբ է սկսում յեղափոխական շարժումը, ազգային-ազատագրական պայքարը, բնապահպանական շարժումը, ժողովրդավարական բարեփոխումները: Սկզբում նրանք փոքրամասնութիւն են լինում, բայց եթէ, ինչպէս սովորաբար լինում է, արտայայտում են մեծամասնութեան կամքը (անգամ եթէ ոչ ամբողջովին գիտակցուած) մենք յաճախ ականատես ենք լինում նրանց յաղթանակին: Նրանց շրջանում, գոնէ նախնական փուլում, աննշան է այն մարդկանց թիւը, ովքեր պայքարին մասնակցում են` սեփական շահից ելնելով: Այլ բան է փոքրամասնութիւնը, որն յարձակողականօրէն առաջ է մղում միայն իր իրաւունքները եւ շահերը` մեծացնելով ազդեցութեան ոլորտը, ճնշելով ուրիշների եւ պակաս յամառ բնակչութեան խմբերի օրինական շահերը: Հէնց նրանք են այսօր թելադրում քաղաքական բարեկրթութեան կանոնները` սկզբում հանդուրժողաբար, ապա` տարակուսած ժպտացող, իսկ յետոյ` սարսափից բարոյապէս կաթուածահար եղած մեծամասնութեանը: Իսկ գիտէ՞ք` քաղաքականօրէն բարեկիրթ լեզուով ինչ է նշանակում «մտաւորական մեծամասնութեան ներկայացուցիչ» իմաստուն բառակապակցութիւնը: Նշանակում է ապուշ:

Դուք դեռ ժպտո՞ւմ էք, ընթերցո՛ղ:

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published.

Social profiles