Փորձութիւն Իշխանութեամբ

0 0
Read Time:2 Minute, 39 Second


ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀՊԱԶԵԱՆ

«Դրօշակ»

Հայաստանի խորհրդարանի կողմից Նիկոլ Փաշինեանին երկրի վարչապետ ընտրելու գործողութեամբ փակուեց Հայաստանում խաղաղ-յեղափոխական իշխանափոխութեան համաժողովրդական-հրապարակային պայքարի էջը եւ սկսուեց յաջորդ` պալատական իշխանափոխութեան գործընթացը: Որքան էլ որ երկրորդը պայմանաւորուած է առաջինով, ակնյայտ է, որ այս երկուսը միանգամայն տարբեր երեւոյթներ են` ենթակայ իրենց իւրայատուկ ազդակների:

Արժանին մատուցելով շարժումը սկզբնաւորող եւ յաղթական աւարտին հասցնող առաջնորդի գործունէութեանը, ակնյայտ է, որ ներկայումս նա կանգնած է ոչ պակաս, եթէ չասենք շատ աւելի բարդ լուծելի խնդիրների առաջ:

Չենք ցանկանում կասկածել, որ Նիկոլ Փաշինեանը անկեղծ է երկիրը համընդհանուր եւ համակարգային բարեփոխման ենթարկելու երէկուայ կոչերի` այսօրուայ խոստումների հարցում: Հարցն այն է, թէ նա կը կարողանա՞յ արդեօք իրականացնել այն ամէնը, ինչի ակնկալիքով էլ, ըստ էութեան, տեղի ունեցաւ համաժողովրդական պոռթկումը:

Գաղտնիք չէ, որ պետական-իշխանական մեքենան միշտ էլ աւելի հզօր է, քան անհատներն ու խմբերը, եւ եթէ վերջիններս այդ համակարգը չփոխեն, համակարգը կը փոխի իրենց: Ասուածը մարդկութեան հազարամեակների պատմութեամբ փաստուած իրողութիւն է, որի ականատեսը եղել ենք նաեւ մենք, եւ ոչ միայն հայեացք յարելով նախկին համայնավարական, կամ արաբական, կամ ափրիկեան ու այլ երկրների օրինակին, այլ ինքներս զգացել ենք մեր մաշկի վրայ:

Որպէսզի երէկուայ բարքերը չշարունակուեն, այսօրուայ նորացող Հայաստանում անհրաժեշտ է ո՛չ միայն համակարգային փոփոխութիւն, այլեւ նախադրեալների ստեղծում հասարակական բարոյահոգեբանական մթնոլորտի վերափոխութեան համար: Այո՛, նախարարներին կարելի է փոխել, բայց ինչպէ՞ս անել, որ վաղը նորից այս կամ այն կուսակցութիւնը չթակի մարդկանց դուռն ու ընտրակաշառք չառաջարկի եւ ինչ անել, որ քաղաքացին մերժի ձեռնտու, սակայն արատաւոր գործարքը: Ինչպէ՞ս անել, որ ոստիկանը, դատաւորն ու դասախօսը մերժեն կաշառքը, իսկ քաղաքացին հասնի այն գիտակցութեանը, որ մտքով անգամ չանցնի ծուռ ճանապարհներ փնտռել իր խնդիրների լուծման համար:

Կրկնուելով հաստատենք, որ անհրաժեշտ է այսօրուանից սկսել իրաւական, արժէքային ու բարոյահոգեբանական համակարգերի փոփոխութեան գործընթացը:

Եւ դարձեալ կրկնուենք ասելով, որ երէկուայ յեղափոխութեան եւ այսօրուայ պետական իշխանութեան առաջնորդի առջեւ ծառացած է առարկայական ու ենթակայական բարդութիւնների ծանր բեռ, որ կարելի է նաեւ բնորոշել որպէս` փորձութիւն իշխանութեամբ:

Այդ փորձութիւնը սկսուելու է գործադիր իշխանութեան ձեւաւորման քայլից, որն իրականացնելիս երկրի նոր ղեկավարը չի կարողանալու հաշուի չառնել գործօնը աշխատանքային խմբի եւ շարժման ընկերների, անցած քաղաքական կենսագրութեան ընկերների, դեռ գործող իշխանութեան մէջ եղած փորձառութիւն ունեցող մարդուժի, այսօրուայ ու վաղուայ գործակիցների եւ այլն:

Ամենաժողովրդավար կամ ոչ ժողովրդավար երկրներում էլ բարդ խնդիր է ղեկավարելը ու առաւել եւս արմատական բարեփոխումների ծրագրեր առաջադրելը, երբ խորհրդարանի եւ տեղական իշխանութեան մեծամասնութիւնը կազմում է իշխանութիւնից ընդդիմութեան դաշտն անցած ուժը: Այս պայմաններում լուրջ հարց է դառնում անգամ նոր եւ առաւել օրինական վիճակ ստեղծելու նպատակով արտահերթ ընտրութիւնների համար ընտրական օրէնսգրքի փոփոխութիւնը:

Մասնակցելով հզօր շարժմանը կարելի է ասել, որ Հայաստանի իւրաքանչիւր քաղաքացի ունեցել է իր պատկերացումը վաղուայ փոփոխութիւնների վերաբերեալ եւ անհամբերութեամբ սպասելու է դրանց կենսագործմանը: Զգացմունքային գրգիռները, որոնք ալեկոծում են յեղափոխականացուած զանգուածներին, նրանց քաղաքական առաջնահերթ պահանջն են դարձնում անօրինութիւնների ու թալանի հեղինակների պատիժը: Ի՞նչ է արուելու պահանջի հարցում, որն այսօր գրեթէ բոլորի շուրթերին է:

Իւրաքանչիւր բարի նախաձեռնութեան դիմաց ծառանալու է մարդկային, նիւթական եւ այլ հնարաւորութիւնների խնդիրը: Գտնուելու եւ մատնանշուելո՞ւ է այն ներուժը, որի միջոցով հնարաւոր է դառնալու այս կամ այն փոփոխութեան, նախաձեռնուող գործի իրականացումը:

Ներկայումս, երբ դեռ տաք է յեղափոխական տրամադրութիւնը եւ ընտրուած վարչապետը նոր-նոր պէտք է վարժուի իր գործառոյթներին, գուցէ թուայ, թէ վաղ է այս բաների մասին խօսելը: Իրականում շատ խնդիրներ արդէն իսկ ներկայանալու են առանց դուռը թակելու եւ պահանջելու են անյետաձգելի լուծումներ: Նոր էջը բացուած է եւ խանդավառութեանը փոխարինելու պէտք է գայ գործնական մտահոգութիւնը, օրակարգում երկրի ապագայի հարցն է:

 

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles