
“Երկիր“
Փետրուար 19, 2013
Այն, որ Կեդրոնական Ընտրական Յանձնաժողովը քուէաթերթիկների հաշուարկից յետոյ հանրապետութեան ընտրուած 6րդ նախագահ էր հռչակելու գործող նախագահ Սերժ Սարգսեանին, չէին կասկածում անգամ մանկապարտէզի մսուրային խմբերի մանուկները: Ինտրիգը (գաղտնիք) միայն այն էր, թէ ձայների ինչպիսի՛ յարաբերակցութեամբ է դա արձանագրուելու: Երբ հրապարակուեցին նախնական արդիւնքները, ամէն ինչ իր տեղն ընկաւ. Սերժ Սարգսեանի անուան դիմաց 60 տոկոսից աւելին չի գրուելու: Եւ չնայած սա եւս բաւարար էր իշխանութեանը` առաջին փուլով պրոցեսն աւարտելու համար, սակայն ինքնին նման ցածր ցուցանիշը ոչ միայն զարմանալի էր ու երկարաժամկէտ կտրուածքով‘ յուսադրող, այլեւ բացայայտում է որոշ նոր, էական իրողութիւններ:
58.6 տոկոսը ներհայաստանեան քաղաքական համատեքստում իրականում այնքան էլ համոզիչ յաղթանակ չէ Սերժ Սարգսեանի համար, եթէ նկատի ունենանք 2008թ. ընտրութիւններից յետոյ սեփական ներքին լեգիտիմութեան (օրինականութեան) ճգնաժամը յաղթահարելու նրա ձգտումները: Փաստացի, նա չի ստացել ընդհանուր ընտրողների նոյնիսկ 35 տոկոսի վստահութիւնը: Սակայն միւս կողմից` արձանագրուել է քուէարկութեան այնպիսի պատկեր, որն օրինաչափ է ժողովրդավարական երկրներում անցկացուող ընտրութիւններին: Ողջ հարցն այն է, թէ յատկապէս ո՞ր տեսանկիւնից է գործող նախագահը գնահատում նախնական այս արդիւնքները. եթէ ներհայաստանեան քաղաքական աւանդոյթների` ապա նրա հեղինակութիւնը շարունակում է մնալ խիստ երերուն, եւ նա շարունակում է կախուած մնալ այն շրջանակներից, որոնք իր ընտրութիւնն ապահովելու համար ներդրել են ողջ վարչական, օլիգարխիկ (սակաւապետական) ու ֆինանսական ռեսուրսները (նիւթական կարելիութիւնները): Եթէ միջազգային չափանիշների ու միջազգային հանրութեան ակնկալիքների` ապա նա միանշանակ շահել է, որովհետեւ դրսում ձեռք է բերում յետխորհրդային այս երկրում քիչ թէ շատ ժողովրդավարական ընտրութիւններ անցկացնելու կամք հանդէս բերած նախագահի իմիջ (պատկեր) եւ ընկալում:
Չափաւոր այս յաղթանակը, սակայն, լաւագոյն տարբերակն էր Սերժ Սարգսեանի համար` հաշուի առնելով Րաֆֆի Յովհաննէսեանին` թերեւս անգամ նրա համար անակնկալ տրուած վստահութեան պատկառելի քուէն: Իշխանութիւնն, ի հարկէ, պլանաւորել (ծրագրած) էր երկրորդ հորիզոնականում “Ժառանգութեան“ լիդերին (ղեկավար) տեսնելը: Ընտրարշաւի ընթացքում այս խնդիրը լուծելու նպատակով, Յովհաննէսեանի համար ստեղծուել էին առանձնայատուկ պայմաններ, իսկ վերջին օրը Սերժ Սարգսեանը նոյնիսկ անձամբ էր քարոզչութիւն իրականացնում նրա օգտին: Սակայն անգամ իշխանութիւնները չէին կարող պատկերացնել, որ Յովհաննէսեանն այնքա՛ն քուէ կարող է ստանալ, որը կիսով չափ գերազանցում է նոյնիսկ 2008թ. Լեւոն Տէր Պետրոսեանի պաշտօնապէս տրուած ձայների թիւը, որ ուղղակի ջախջախիչ յաղթանակներ կարող է տանել Շիրակի, Արմաւիրի, Տաւուշի մարզերի ու Երեւանի բազմաթիւ ընտրատեղամասերում: Անակնկալն այնքա՛ն մեծ էր, որ քուէաթերթիկների հաշուարկի վերջին ժամերին արդէն նկատելի էր ԿԸՅի` “Ժառանգութեան“ ղեկավարի յաղթանակն ինչ որ կերպ կասեցնելու ձգտումը:
Այս իմաստով, յատկանշական է մի փոքրիկ դրուագ. “Գելափ“ն “exit poll“ի (նախնական) արդիւնքներով, ուղղակի ոսկերչական ճշգրտութեամբ “գուշակել“ էր Սերժ Սարգսեանին տրուող ձայների թիւը: Մինչդեռ մնացածների դէպքում` “թոյլ էր տուել“ էական, անթոյլատրելի չափի շեղումներ. Պարոյր Հայրիկեանը, Հրանտ Բագրատեանը եւ Անդրէաս Ղուկասեանը, ԿԸՅ տուեալներով` ստացել էին ճիշդ այնքանով պակաս ընտրաձայներ, որքանով, “exit poll“ի տուեալների համեմատ` աւելացել էր Րաֆֆի Յովհաննէսեանի քուէների թիւը: Այլ կերպ ասած` այնպէս էր արուել, որ Րաֆֆի Յովհաննէսեանի քուէների տոկոսն աճի ոչ թէ գործող նախագահի, այլ միւս թեկնածուների հաշուին:
Րաֆֆի Յովհաննէսեանն այսօր Ազատութեան հրապարակում հանրահաւաք է անցկացնելու: Իրաւամբ դա լինելու է այս ընտրութիւնների ամենակարեւոր պահը, նոյնիսկ` աւելի կարեւոր, քան բուն հրապարակուած արդիւնքները: Յովհաննէսեանն ընդամէնը երկու հարցի պէտք է պատասխանի` ընդունո՞ւմ է ԿԸՅի հրապարակած նախնական արդիւնքները, թէ ոչ: Եթէ ո՛չ` ապա ի՞նչ է պատրաստւում անել “արդարութիւնը“ վերականգնելու եւ իր “տը ֆաքթօ“ յաղթանակը “տը Եուրէ“ի վերածելու համար: Սրանք այնքան էլ հեշտ պատասխաններ չեն ենթադրում, որովհետեւ կախուած են ոչ այնքան անձամբ Րաֆֆի Յովհաննէսեանից, որքան Ազատութեան հրապարակում հաւաքուելիք զանգուածի որակից ու մեծութիւնից:
Խնդիրն այն է, որ Յովհաննէսեանի ընտրողների մեծամասնութիւնը նրա ձայն է տուել ոչ այնքան որովհետեւ հէնց նրան է ցանկանում տեսնել Հայաստանի նոր նախագահ, այլ որովհետեւ նրան կողմ քուէարկելով` դէմ է արտայայտուել գործող համակարգին: Յովհաննէսեանը հանգամանքների բերումով յայտնուել է այս, ինչպէս պարզուեց, որոշիչ “հոսանքի վրայ“: Իբրեւ լիդեր` ոչ թէ նա է ղեկավարում այդ հոսանքը, այլ ստիպուած է ինքը յարմարուել նրա տրամադրութիւններին: Եւ ամէն ինչ կախուած է լինելու նրանից, թէ ինչի՛ն նախապատուութիւն կը տայ այդ զանգուածը` յանուն քուէի պաշտպանութեան եւ արդարութեան վերականգնման` առնուազն ընտրութիւնների երկրորդ փուլի անցկացում պահանջելո՞ւն, Րաֆֆի Յովհաննէսեանի նախագահ դառնալուն եւ նրա ծրագրերի իրականացմա՞նը, թէ կողքից պրոցեսներին անվստահ հետեւելուն` հաշուի առնելով Յովհաննէսեան քաղաքական գործչի եւ պոտենցիալ նախագահի նկատմամբ ունեցած ոչ միանշանակ վերաբերմունքը: Ըստ այդմ էլ` յետընտրական այս առաջին հանրահաւաքը կը դնի քաղաքական հետագայ պրոցեսների հունը:
Չի բացառւում, որ իրականում այդ հանրահաւաքն ուղղուած է լինելու ընդամէնը Րաֆֆի Յովհաննէսեանի գլխաւորութեամբ հայաստանեան նոր, բնական կ՛ամ արհեստական ընդդիմութեան սաղմնաւորմանը` ի հեճուկս ընտրական գործընթացից իրենց դուրս դրած Հ.Ա.Կ.ի, Հ.Յ.Դ.ի եւ ինչ որ իմաստով‘ ԲՀԿի: Սակայն կայացած ընտրութիւնների ամենակարեւոր, յուսադրող պահն այն է, որ փաստացի հասարակութիւնն այս անգամ չընտրեց` ընտրակաշառքի գերին դառնալով: Հասարակութիւնն իշխանութիւններին առաւել քան պարզ հասկացրեց, որ սա այլեւս չաշխատող տեխնոլոգիա է: Սա քաղաքացիական գիտակցութեան վերարթնացման, սեփական ուժերի եւ սեփական ձայնի զօրութեան նկատմամբ հաւատի վերականգնման մի իւրօրինակ շեփորահարում էր իշխանութեան ականջների տակ, որը շրջանցել, թերեւս, հնարաւոր չլինի այլեւս: Ու սա աւելի կարեւոր արդիւնք է, քան Սերժ Սարգսեանի կամ Րաֆֆի Յովհաննիսեանի յաղթանակը:
Սա նաեւ անուղղակի ուղերձ է բազմահազար այն ընտրողներին, որոնք, իբրեւ բողոքի արտայայտման լաւագոյն միջոց` ընտրել էին ընտրութիւնները բոյկոտելու, ու տան բազմոցին նստած‘ մնացածների քուէարկութեան արդիւնքներին քմծիծաղով հետեւելու տարբերակը: Իրականում այս անգամ իշխանութեան վերարտադրութիւնն իրենց անտարբերութեամբ կանխորոշեցին հէնց այս կատեգորիայի (դասակարգ) քաղաքացիները: