Վտանգներով Յղի Մի Համագումարի Մասին

0 0
Read Time:2 Minute, 59 Second

 

ՍԱՐԳԻՍ ՄԿՐՏՉԵԱՆ

Փետրուար 28, 2018-ին Իրանի Արտեպիլ քաղաքի Մոհաղեղ Արտեպիլի անուան համալսարանում տեղի է ունեցել միջազգային համագումար` «Իսլամ. համերաշխութեան կոչ» ընդհանուր խորագրով եւ «Պայքար ծայրայեղականութեան եւ բռնութեան դէմ` Խոջալուի զանգուածային կոտորածների եւ ողբերգութեան վրայ շեշտադրումով» թեմայով:

Իրանական բազմաթիւ լրատուամիջոցներ, ինչպէս` «Թասնիմ» (28 Փետրուար 2018), պետական «Ռատիօ-հեռուստաընկերութեան լրատուական գործակալութիւն» (28 Փետրուար 2018), «Առան նիւզ» (1 մարտ  2018 թ.) եւ այլն, հաղորդել են այդ մասին:

Համագումարը կազմակերպել են Արտեպիլ քաղաքի Մոհաղեղ Արտեպիլի անուան համալսարանը եւ Ատրպատականի մշակութային հետազօտութիւնների կենտրոնը:

Համագումարին մասնակցել են Ռուսաստանի Դաշնութեան, Վրաստանի, Թուրքիայի եւ Ազրպէյճանի հանրապետութիւնների գիտահետազօտական շրջանակներ եւ Ազրպէյճանի Հանրապետութիւնից Ղարաբաղի ազատագրութեան կազմակերպութեան անդամներ:

Համագումարի կենտրոնական քաղաքական-կրօնական դէմքը եղել է Արտեպիլ նահանգում Իրանի առաջնորդի ներկայացուցիչ եւ Արտեպիլ քաղաքի ուրբաթօրեայ աղօթապետ այաթոլլահ Հասան Ամելին:

«Առան նիւզը» հաղորդում է, որ Խոջալուի զանգուածային կոտորածների քսանվեցերորդ տարելիցի առիթով կազմակերպուած այս միջոցառման ժամանակ նշեալ համալսարանն ընդունուել է որպէս Ղարաբաղի ազատագրութեան կազմակերպութեան պատուոյ անդամ, իսկ համալսարանի դասախօս դոկտ. Ասատին դարձել է այդ կազմակերպութեան պաշտօնական անդամ:

Համալսարանի տնօրէն Կուտարզ Սատեղին իր ելոյթում ասել է. «Խոջալուի շրջանում 600 հոգուց աւելի անխղճօրէն կոտորուել եւ նահատակուել են, որոնց մէջ եղել են անմեղ կանայք ու երեխաներ, բայց Հայաստանն իր այս վայրագ գործողութիւնը հերքում է… Ղարաբաղի հարցում պէտք է պարզաբանումներ կատարուեն. Իրանը յատուկ կարեւորութիւն է տալիս մուսուլմանների իրաւունքների պաշտպանութեանը»:

Ղարաբաղի ազատագրութեան կազմակերպութեան ներկայացուցիչ Աքեֆ Նաղի Մոալեմը յայտարարել է. «Արտեպիլի ուրբաթօրեայ աղօթապետի հետ հանդիպում ենք ունեցել, որը տեւել է երեք ժամից աւելի, եւ լսել ենք աղօթապետի ցուցմունքները Ղարաբաղի հարցի լուծման վերաբերեալ»:

Հանդիպման ընթացքում այաթոլլահ Ամելին ընդունել է Ղարաբաղի ազատագրութեան կազմակերպութեան անդամների առաջարկը եւ դարձել նշեալ կազմակերպութեան պատուոյ անդամ: Ամելին յայտնել է. «Ես, իմ կրօնական պարտականութիւնը կատարելու նպատակով, պատուով ընդունում եմ այս կազմակերպութեանն իմ անդամակցութիւնը, որը անաղարտ ու արժանի կազմակերպութիւն է, եւ իմ պատրաստակամութիւնն եմ յայտնում աշխատել այս կազմակերպութեան սրբազան նպատակների իրագործման ուղղութեամբ»:

Ամելին փորձել է Արցախի ազգային-ազատագրական պայքարը քաղաքականից փոխադրել կրօնական դաշտ. «Ղարաբաղը իսլամ աշխարհի մէկ մասնիկն է, եւ այն գրաւելը ոտնձգութիւն է բոլոր մուսուլմանների նկատմամբ: Այդ պատճառով էլ նրա գրաւումը մենք համարում ենք մեր խնդիրը… Ազրպէյճանի Հանրապետութիւնում Ղարաբաղի ազատագրութեան համար լուրջ կամքի առկայութեան դէպքում, Իրանի մուսուլման երիտասարդներից շատերը պատրաստ են մասնակցել Ղարաբաղի ազատագրութեան պայքարին»:

Իրանի քաղաքական անցուդարձերին հետեւող անձանց համար, ի հարկէ, նորութիւն չեն Ամելիի արտառոց ելոյթներն ու արարքները, որոնք յաճախ զաւեշտի են վերածւում, սակայն այս անգամ նա անցել է սահմանը: Փաստօրէն Իրանի առաջնորդի ներկայացուցիչը արցախեան հարցին տալիս է կրօնական բնոյթ, որը չի համապատասխանում ոչ միայն իրականութեանը, այլեւ արցախեան հարցի կապակցութեամբ Իրանի Իսլամական Հանրապետութեան` ցարդ որդեգրած դիրքորոշմանը:

Աւելի՛ն. նա Իրանի եւ Հայաստանի ժողովուրդների միջեւ սերմանում է ատելութիւն`  յայտարարելով, որ իրանցի մուսուլման երիտասարդները պատրաստ են մասնակցել Ղարաբաղի ազատագրութեանը: Ամելիին յիշեցնենք, որ միլիոնաւոր իրանցի մուսուլման երիտասարդներ, ընդ որում` Արտեպիլ նահանգից, պատրաստ են Իրանի ղեկավարութեան լուրջ կամքի առկայութեան դէպքում վերջ դնել արհեստածին Ազրպէյճանի Հանրապետութեան գոյութեանը, որն սպառնալիք է Իրանի ազգային անվտանգութեանը:

Ի վերջոյ, Արտեպիլ նահանգում Իրանի առաջնորդի ներկայացուցիչը եւ Արտեպիլ քաղաքի ուրբաթօրեայ աղօթապետը դառնում է Ղարաբաղի ազատագրութեան կազմակերպութեան պատուոյ անդամ եւ պատրաստ է աշխատել այդ կազմակերպութեան «սրբազան» նպատակների իրականացման ուղղութեամբ:

Մնում է մի քանի հարց տալ.

Իրանի առաջնորդը տեղեա՞կ է իր ներկայացուցչի գործունէութիւնից եւ դա հաստատո՞ւմ է:

Իրանի նախագահը եւ, յատկապէս, անվտանգութեան պատասխանատուները համաձա՞յն են Իրանի եւ Հայաստանի ժողովուրդների միջեւ ատելութեան սերմանմանը:

Իրանի ղեկավարութիւնը համաձա՞յն է Արցախի հարցի եւ Խոջալուի դէպքերի վերաբերեալ Ամելիի տեսակէտներին եւ նշեալ համալսարանի տնօրինութեան արտայայտութիւններին: Յիշեցնենք, որ Ազրպէյճանի Հանրապետութեան ժամանակի նախագահ Այազ Մութալիպովի վկայութեամբ ներքաղաքական պատճառներով ազրպէյճանցիներն իրենք են կազմակերպել ազրպէյճանցիների կոտորածները, որն այժմ յանիրաւի վերագրւում է հայերին:

Իրանի գիտութիւնների, հետազօտութիւնների եւ արհեստագիտութիւնների նախարարը տեղեա՞կ է, որ Արտեպիլ քաղաքի Մոհաղեղ Արտեպիլի անուան համալսարանն ու նրա տնօրինութիւնը կատարում են հակագիտական գործ` խեղաթիւրելով պատմութիւնն ու իրանցի նոր սերնդի մէջ տարածում ապատեղեկատուութիւն եւ ատելութիւն հայութեան նկատմամբ, իսկ եթէ տեղեակ է, ի՞նչ վերաբերմունք ունի այս ամէնի նկատմամբ:

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles