Լրահոս

Վարչախումբը Քաղաքական Հետապնդում Է Իրականացնում Դաշնակցութեան Դէմ

 

Այսօր վաղ առաւօտից` օրուայ տարբեր ժամերին Հ․Յ․Դ․ անդամների տներում իրականացուել են խուզարկութիւններ, ապա նրանք բերման են ենթարկուել քննչական կոմիտէի Երեւանի վարչութիւն:

Իրականացուող գործողութիւններում ներգրաւուած փաստաբանները տեղեկացրել են, որ որեւէ ձերբակալուածի տանը չի յայտնաբերուել եւ չի առգրաւուել որեւէ ապօրինի իր:

Հակառակ այս իրողութեանը, քննչական կոմիտէն առգրաւուած իրերը, անգամ Սթրայքպոլ խաղի համար նախատեսուած պարագաները եւ Հ․Յ․Դ․ տարբերանշանով շապիկը ներկայացրել է որպէս ահաբեկչութեան նախապատրաստման իրեղէն ապացոյցներ:

Աւելի ուշ յայտնի դարձաւ, որ 2016 եւ 2020 պատերազմների, ինչպէս նաեւ 2022-ի Ջերմուկում ծաւալուած մարտական գործողութիւնների մասնակցի տանը, ում շահերի պաշտպանութեանը փաստաբան ներգրաւուած չի եղել եւ հնարաւոր չի եղել ապահովել քննչական գործողութիւնների օրինական ընթացքը, յայտնաբերուել է մէկ նռնակ, որով, ակնյայտ է որ, անհնար է իրականացնել ձերբակալուած անձանց վերագրուող ահաբեկչական գործողութիւնները:

Advertisement Subscribe Today

Այսպիսով, կրկին վերահաստատում ենք, որ վարչախումբը իրականացնում է քաղաքական հետապնդում Հ․Յ․Դ․-ի դէմ, ինչի մասին վկայում են ոչ միայն այս օրերի գործողութիւնները, այլեւ այդ գործողութիւններին նախորդած տեղեկատուական գրոհներն ու այսօրուայ ապօրինի ձերբակալութիւններին յաջորդած քաղաքական` մասնաւորապէս Հայաստանում Հ․Յ․Դ․ գործունէութիւնը կասեցնելու վերաբերեալ իշխանութեան ներկայացուցիչների յայտարարութիւնները:

 

Հ․Յ․Դ․ Հայաստանի Գերագոյն մարմին

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button