Սփիւռքը Պառակտող Յանձնակատարը…

0 0
Read Time:2 Minute, 27 Second

ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ
«ԱԼԻՔ»-ԹԵՀՐԱՆ

Մայիսի 12-ին հայաստանեան իշխանամէտ «1in.am» լրատուական կայքը տեսահարցազրոյց է անցկացրել Սփիւռքի գործերի գլխաւոր յանձնակատար Զարեհ Սինանեանի հետ։

Ակնյայտօրէն հարցազրոյցը յատուկ կազմակերպուած էր, որպէսզի յանձնակատարը, անդրադառնալով իր Սփիւռք կատարած այցելութիւններին (օրերս եղել է Սիրիայում եւ Լիբանանում ու պատրաստւում է նաեւ Իրան այցելել), վարկաբեկիչ գնահատումներ թոյլ տայ այցելութեան ընթացքում ՀՅԴ-ի որդեգրած դիրքորոշումների վերաբերեալ, հասնելով մինչեւ հայոց պետականութեան դէմ «դաւաճանութեան» մեղադրանքների…

Ահաւասիկ, անհերքելի փաստեր, ըստ հետեւեալի.-

1- Սոյն լրատուականի հիմնադիր-տնօրէնն է սորոսական հանրայայտ գործակալ ու սեփական ընտանիքին ու ազգին դաւաճանած եւ ըստ այդմ՝ հակադաշնակցական Արման Բաբաջանեանը…

2- Հետաքրքիր զուգադիպութեամբ Սինանեանի հարցազրոյցը անցկացւում է հէնց այն օրերին, երբ Թուրքիայի իշխող կուսակցութեան մամուլի խօսնակը եւս Հայկական Սփիւռքի մասին բարձրաձայնելով, յայտարարում է հետեւեալը. «Վերջին ժամանակներս նկատում ենք, որ Հայկական Սփիւռքի որոշ լոբբիստներ սաբոտաժի են ենթարկում հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացը»։

3- Ցաւալի է, որ հէնց նոյն «սաբոտաժ» անողներին, այսինքն՝ ՀՅԴ-ին ու Հայ Դատի լոբբիստներին է վերագրում «պետականութեան դէմ դաւաճանութիւնը»՝ Սփիւռքի յանձնակատարը…, այն դէպքում, երբ պատմա-քաղաքական անհերքելի փաստերն են վկայում պետականակերտման հիմքում՝ 130-ամեայ կազմակերպութեան առանցքային դերակատարութեան մասին՝ 1918-ից ի վեր։

4- Սփիւռքի յանձնակատար կարգուելուց երեք տարի անց՝ այցելելով Միջին Արեւելեան կարեւոր համայնքներ, պրն. Սինանեանը վրդովուած՝ Սիրիայի Հ.Յ.Դ. երիտ.-պատանեկան կառոյցների «դիմաւորումից», ինքնիրեն հակասում է, երբ յայտարարում է, թէ «մենք առաջնահերթ ենք համարում ժողովրդավարութիւնը…», երբ նոյն երիտասարդների խաղաղ ցոյցը «ժողովրդավարի» մեծահոգութեամբ չի հանդուրժում ու դա հակապետական քայլ է համարում ընդդէմ Հ.Հ.-ի:

5- Երբեմնի Գլենդէլի քաղաքապետ, իսկ հիմա Սփիւռքի յանձնակատարը «1in.am»-ի հաղորդավարի գոհունակ դէմքից խրախուսուած՝ շարունակելով ժողովրդավարութեան թեման, նաեւ վատաբանում է Ա.Մ.Ն.-ի ՀՅԴ երիտ.-ուսանողական միաւորներին, երբ վերջիններս Վաշինգտոն այցելած ԱԳ նախարար Արարատ Միրզոյեանին օրերս բողոքի ցոյցով էին դիմաւորել… եւ այդ առթիւ ասում.- «Երբ ԱՄՆ պետքարտուղար Պլինքընն է ողջունում ՀՀ-ում ժողովրդավարութեան կայացման գործընթացները, ՀՅԴ-ի այդ կառոյցների արածը հակա-Հայաստան ու հակապետական քայլ է…», մոռանալով կամ աւելի ճիշտ՝ չգիտակցելով-չըմբռնելով դիւանագիտական «օրինաչափութիւնները»։ Աւելին, երեւի ընդհանրապէս տեղեակ էլ չի, որ նոյն Բլինկէնները հիանում են Թուրքիայում ու Ադրբեջանում ժողովրդավարութեան առաջընթացներով…, անամօթաբար անտեսելով Արցախեան 44-օրեայ պատերազմի ընթացքում նրանց հայատեաց ոճրագործութիւնները:

6- Պարոն յանձնակատարը նոյնպէս մոռանում է իր մտքի մէկ այլ գոհարը, երբ հէնց անցնող ԱՊՐԻԼ 24-ին Ծիծեռնակաբերդում քննադատում ու դժգոհում էր ԱՄՆ կոնգրեսականներին ու երկրի նախագահին, առ այն, որ սրանց ու դեռ տասնեակ ուրիշ երկրների կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչման փաստը ամենեւին էլ ՀՀ-ի շահերից չի բխում, այլապէս ԱՄՆ բիւջէում Հայաստանի օժանդակութեան յատկացումները կաւելացուէին…!!!

7- Սինանեան Զարեհը սոյն տեսահարցազրոյցում այլեւս զաւեշտի վերածուած «ՀՅԴ-նախկիններ համագործակցութեան» մասին ահազանգելուց բացի, քաղաքական ու բարոյագիտական դասեր է կարդում 130-ամեայ կազմակերպութեանը, որպէսզի ՀՅԴ-ն ժողովրդի գիրկը վերադառնայ, այստեղ արդէն ապերախտօրէն մոռանալով նոյն այդ չարչրկած նախկինների օրօք, գլենդէլեան քաղաքապետական ընտրութիւններում, քուէները որ ժողովրդի միջոցով էր իրեն տրւում…

8- Եւ վերջում աւելացնենք, որ եթէ դեռեւս ուժի մէջ է յանձնակատարի իրանահայ հինաւուրց ու հայաստանամերձ համայնք այցելելու որոշումը, խորհրդատրելի է, որ խնայելով ՀՀ պետական բիւջէն, պատւիրակութեան կազմում չներառել «1in.am» լրատուականին. այստեղ՝ մեզ մօտ էլ գոյութիւն ունեն 1-2 նմանատիպ «լրատուականներ, որոնք բաղձալիօրէն ի զօրու են «լուսաբանելու» յանձնակատարի այցը՝ Իրան եւ իրանահայ համայնք…

 

 

 

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published.

Social profiles