Սպիտակի Երկրաշարժը, Ջաւախքը, Մարդը…

0 0
Read Time:5 Minute, 22 Second


Գրեց ՝ Վահէ Սարգսեան
Մեսրոպեան ուղղագրուեան վերածեց՝ Յարութիւն Մըսրլեան

1988 թ. Սպիտակի ողբերգական երկրաշարժը ալեկոծեց բոլորին, եւ աղէտից տուժած մեր հայրենակիցներին ժամ առաջ օգնութեան հասնելու գաղափարը դարձաւ համազգային գերխնդիր: Խորհրդային բանակից նոր զօրացրուած քսաներկու ամեայ Սամուէլ Սերոբեանը եւ իր երկուորեակ եղբայր Արարատը եւս 1988 թ. դեկտեմբերեան մղձաւանջային օրերին Ջաւախքի ծայր հիւսիսում գտնուող իրենց հայրենի Ազավրեթ գիւղից շատերի նման մեկնեցին Լենինական (Գիւմրի –Յ.Մ.) եւ որոշ ժամանակ անց շատերի նման ցնցուած վերադարձան տուն: Ինչպէս Սամուէլն է վկայում, տուն վերադառնալիս անգամ հացի փող չեն ունեցել եւ ճանապարհին կերել են այդ ժամանակ Ախալքալաքում յայտնի «չփլախ (մերկ) իրիսը»: Իրենց հետ Գիւմրիից «ուտելու մի բան վերցնելու» մասին շատերի հարցին Սամուէլը կէսկատակ-կէսլուրջ պատասխանել է, որ ինքը շուտով շատ աւելի մեծ բան կը ստանայ աղէտի գօտուց, բայց դա մարդիկ յետոյ կը տեսնեն:
Երկրաշարժի դաժան օրերից անցել էր չորս տարի: Սամուէլի «ստանալիքի» մասին շատերն էին մոռացել, երբ մի օր գիւղ է ժամանում անծանօթ մի «Երազ»: Հինգ-վեց հոգու հետ գիւղ էր ժամանել նաեւ գեղեցկադէմ մի կին: Ազավրեթցիների յիշողութեան մէջ մինչ օրս մնացել է անծանօթուհու նախշազարթ ցանցաւոր ձեռնոցները, ինչն առանց յուզմունքի չեն կարողանում նկարագրել: Անծանօթ հիւրերը գիւղի աշակերտներից մէկին նկարագրում են երկուորեակ եղբայրներին, հարցնում նրանց տան տեղը եւ խնդրում կանչել նրանց:
Մութ ու ցուրտ, խառնակ այդ օրերին մի քանի րոպէում գիւղով մէկ տարածւում է անծանօթ մեքենայի եւ «ձեռնոցներով» կնոջ յայտնուելը եւ, մինչ Սամուէլը իր մեքենայով կը հասցնէր մօտենալ նրանց, որոշներն արդէն շրջապատել էին հիւրերին: Տեսնելով մօտեցող Սամուէլին՝ անծանօթ կինը ճչալով մատնացոյց է անում նրան՝ ահա՛ նա: Զարմացած եւ քարացած համագիւղացիները երկար ժամանակ չէին կարողանում հասկանալ, թէ ինչ է տեղի ունենում իրենց աչքի առաջ: Սամուէլը եւս, իր հերթին ընդառաջ վազելով եւ գրկելով խորհրդաւոր անծանօթուհուն, երկար ժամանակ չէր կարողանում զսպել յուզմունքը.
-Մէջքդ ո՞նց է, Ծովինա՛ր:
-Լաւ…
-Ձե՞ռքդ:
-Ձեռքս էլ, ահա՛…
Ողջագուրուելուց եւ միմիանց կարճ հարցուփորձից յետոյ Սամուէլն ի վերջոյ հետաքրքրասիրութիւնից վառուող համագիւղացիների սեփականութիւնն է դարձնում այն ամենը, ինչը տեղի էր ունեցել շուրջ չորս տարի առաջ, մինչ այդ անմիջապէս գառ է մորթում եւ բոլորին հրաւիրում խնճոյքի.
-Ծովինա՛ր ջան, բայց ախր ձեռքդ բետոնի տակ էր մնացել, անգամ մի պահ որոշեցինք կտրել այն, ո՞նց բուժեցիք:
-Էէէ՜, Սամուէլ ջան, ի՞նչ բուժել, բրոտէզ (prosthesis – Յ.Մ.) է դրուած…
***
…Երկրաշարժի ծանր օրերին, ինչպէս նշեցինք, Սամուէլը եղբօր հետ մեկնում է Լենինական (Գիւմրի – Յ.Մ.) եւ ընկղմւում փլատակների մէջ իրականացուող որոնողա-փրկարարական աշխատանքների մէջ: Որքան ծանր ու սահմռկեցուցիչ էր այդ աշխատանքը, նոյնքան էլ պարտաւորեցնող. ամեն րոպէն թանկ էր, ամեն րոպէն՝ կեանք արժեցող, ամեն պահը՝ ճակատագրական, քանի որ փրկարարներն ամեն պահի նոր մարդկանց ձայներ էին յայտնաբերում երկաթբետոնէ սալերի տակից, կիսամեռ, կեանքի վերջին վայրկեաններին կեանք աղերսող:
Մօտենալով փլած շէնքերից մէկին՝ Սամուէլը լսում է օգնութիւն հայցող կնոջ, իսկ աւելի խորքից՝ տղամարդու ձայներ: Սկսւում է ծանր ու լարուած աշխատանքը. Սամուէլենց խմբի խնդիրն էր փլատակները փորելով ժամ առաջ հասնել կնոջ հետզհետէ նուազող ձայնին: Այնպէս է ստացւում, որ աշխատանքների բերումով տեղաշարժուած շուրջ վեց մեթր երկարութեամբ սալերը փակում են Սամուէլի դուրս գալու ճանապարհը, այդուհանդերձ , պատուիրելով ընկերներին աշխատանքներ տանել դրսից եւ բացել արտաքին աշխարհ ելքի ճամբան, Սամուէլն իր ձեռքի մուրճով եւ երկաթէ սուր կտորով շարունակում է փորել եւ յամառօրէն առաջ շարժուել:
Արդէն երեկոյ էր, երբ Սամուէլը, մէկ շիշ ջուր ձեռքին, իր եղբօր հետ հասել է կնոջ «մահուան խուցը» եւ տեսել երկաթբետոնէ սալերի եւ դռան միջեւ կիսահորիզոնական դիրքով անշարժացած երիտասարդ կնոջ գլխի հատուածը եւ սալի արանքում մնացած ձեռքը: Կնոջ մարմնի միւս հատուածը մնացել էր սալերի միւս կողմում եւ փրկարարների համար անտեսանելի, որն առաւել դժուարացնում էր նրանց գործը եւ պահանջում ծայրայեղ զգուշաւորութիւն: Կնոջ շուրթերը ջրով ցողելուց յետոյ (ջուր տալն այդ դէպքերում արգելւում է) Սամուէլն իր եղբօր հետ սկսում է փրկարարական աշխատանքների երկրորդ, առաւել պատասխանատու փուլը: Հարկաւոր էր մասնատել սալերը: Գործը ե՛ւ դժուարին էր, ե՛ւ պահանջում էր ոսկերչական ճշգրտութիւն. անգամ ամենաջնջին սխալը կարող էր ճակատագրական դառնալ ե՛ւ կնոջ, ե՛ւ իրենց համար:
Երկար ու յամառ աշխատանքներից յետոյ Սամուէլին եւ իր եղբօրն ի վերջոյ երեկոյան կողմ յաջողւում է ազատել կնոջը սալերի ճնշող ծանրութիւնից, դնել նրան սաւանի մէջ, զգուշօրէն իջեցնել ներքն եւ յանձնել սպասող աւտոմեքենային (ինքնաշարժին – Յ.Մ.):
Սամուէլը հետագայում է միայն հասկացել, որ մի քանի ժամ տեւած աշխատանքի ընթացքում կինն անընդհատ նայել է քրտինքի մէջ կորած իր դէմքին եւ մտապատկերում պահել այն: Իսկ աւտոմեքենայի մօտ Սամուէլին է մօտեցել մի մարդ (հետագայում պարզւում է՝ նշեալ կնոջ հայրը), ում Սամուէլն առանց անուն տալու միայն ասել է, որ ինք Ախալքալաքի Ազավրեթ գիւղից են, զոյգ եղբայրներ:
Կնոջը փրկելուց յետոյ, ցաւօք, Սամուէլն ու իր ընկերներն այդ օր այլեւս չեն կարողանում շարունակել աշխատանքները եւ մօտենալ Զարզանդ անունով տղամարդու ձայնի ուղղութեամբ, որ եղել է փրկուած կնոջ ամուսինը: Սամուէլ Սերոբեանը պատմում է, որ դեկտեմբերեան կարճ օրը վաղուց աւարտուել էր, իսկ գիշերուայ սառնամանիքին ու մթին որոնողական աշխատանքները դարձել են անհնարին, աւելին՝ խիստ վտանգաւոր:
Կրակի շուրջ գիշերելով՝ առաւօտեան վաղ աշխատանքները վերսկսելու համար գնացել են նոյն ձայնի ուղղութեամբ, որն ինչպէս նշեցինք, նախորդ օրը լսուել է շատ խորքից ու խիստ աղոտ: Սամուէլի ենթադրութեամբ՝ ամուսինը գտնուել է առաւել դժուարամատչելի վայրում: Ցաւօք, Զարզանդի ձայնը գիշերուայ ընթացքում լռել էր եւ Սամուէլենց փոքրիկ խումբը իր համեստ գործիքներով այդպէս էլ չի գտնում նրա հետքը…
Ախալքալաք, Ազավրեթ, երկուորեակ եղբայրներ…Չորս տարի այս խօսքերը հանգիստ չեն տալիս երկրորդ կեանք ստացած Ծովինարին, եւ նա ապաքինուելուց անմիջապէս յետոյ որոշում է ամեն գնով գտնել եւ իր երեխտիքի խօսքերն ասել այն անծանօթ երիտասարդին, որ, վտանգելով իր եւ եղբօր կեանքը, տեւական ժամանակ պայքարեց իր կեանքի համար, ջրով ցողելով իր դէմքը՝ անընդհատ «յիշեցրեց» ապրելու մասին:
Եւ ահա մի օր երախտապարտ կինը հօր եւ հարազատների հետ դուրս է գալիս իր փրկարարի հետքերով եւ հարցուփորձ անելով հասնում հեռաւոր Ազավրեթ : Ազավրեթցիների յիշողութեան մէջ դաջուած նրա ցանցաւոր ձեռնոցները, ինչպէս նշեցինք, ոչ թէ նորաձեւութեան արգասիք էին, այլ պրոտեզաւորուած ձեռքը ծածկելու միջոց:
Ծովինարի եւ նրա հարազատների ժամանելուց յետոյ Ազավրեթցիները նոր միայն հասկացան, որ երախտագիտութեան այս այցը հենց այն «շատ մեծ բանն» էր, որի մասին չորս տարի առաջ ակնարկել էր Սամուէլը, որ այն դաժան օրերին «շատ աւելի ուրիշ բաներ » կարող էր ստանալ աւերուած քաղաքից, կարող էր, բայց…«Իմ ամենամեծ նուէրը Ծովինարի այցն էր մեր գիւղ եւ նրան կենդանի տեսնելը: Լենինականցիների այդ քայլը այն բանի ապացոյցն էր, որ ես գնացել էի ոչ թէ թալանի հետեւից, այլ՝ կեանքեր փրկելու, ահա դա՛ է իմ ամենամեծ նուէրը, պատիւս, անունս…» – այս ամենը ապրելիս շուրջ երեսուն տարի անց էլ Սամուէլ Սերոբեանի յուզմունքը խեղդում է կոկորդը, եւ նա երկար րոպէներ չի կարողանում խօսել:
Որոշ ժամանակ անց Սամուէլ Մեսրոբեանը այցելում է Ախուրեանի շրջանի Կամօ գիւղ, ուր հայրիկի հետ ապրում էր Ծովինարը: Երբ գիւղ մտնելով հարցնում է Ծովինարի (ամուսնական ազգանուամբ՝ Յարութիւնեան) տան տեղը՝ կամոցիները բարձրաձայնում են. «Ժողվուրդ- մեր հերոսն է եկել…»:
Ցաւօք, դրան յաջորդած դժուարին տարիներին Սամուէլն այլեւս չի կարող այցելել նրանց, եւ այժմ կապը կտրուած է: Վերյիշելով այս ամենը՝ Սամուէլը շատ կ՚ուզենար կրկին վերականգնել ջերմ յարաբերութիւններն իր բարեկամների հետ, տեսնել Ծովինարին, նրա հօրը, որ միգուցէ այլեւս կենդանի էլ չէ…

Վահէ Սարգսեան
http://javakhkmedia.com

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles