Սիրոյ Եւ Ատելութեան Միջեւ

0 0
Read Time:5 Minute, 40 Second

p6 shahbazian
ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀՊԱԶԵԱՆ
«Դրօշակ»
Բարեկա՞մ երկրներ են Թուրքիան եւ Ռուսաստանը, թէ՞ թշնամի:
Դարաւոր սէ՞ր է նրանց միջեւ, թէ՞ դարաւոր ատելութիւն:
Սա մի հարց է, որին չի կարողանում եւ չի կարողացել սառնասիրտ անդրադառնալ երեւի ոչ մի հայ: Որովհետեւ ամէն հայ (անգամ կոմունիստները), լաւ գիտեն, թէ ի՞նչ է արժեցել մեզ համար այդ բարեկամութիւնը:
19 եւ 20րդ դարում տեղի ունեցած ռուս-թուրքական երեք պատերազմների (1828-1829, 1877-1878, 1914-1918) հետեւանքում, գրեթէ ամբողջովին տեղահանուեց Արեւմտահայաստանը եւ տեղի ունեցաւ հայոց մեծ ողբերգութիւնը: Ընդ որում, որպէս օրինաչափութիւն, երեք այս պատերազմներում էլ ռուսները յաղթեցին թուրքերին, ազատագրեցին Արեւմտահայաստանի մեծ մասը, սակայն յետոյ կրկին զիջեցին այն թուրքերին, բանակցութիւնների սեղանի շուրջ կամ բնակավայրերում հայութեան շահերն ու անվտանգութիւնը պաշտպանելու փոխարէն:
Այս ամէնն այն պարագայում, երբ բոլոր այդ պատերազմների ժամանակ հայութիւնը ռուսների հանդէպ ցուցաբերեց ամէն տեսակի օգնութիւն, ընդհուպ մինչեւ կռուողների առաջին շարքերում ռազմական յաջողութիւններն ապահովելը: Յիշենք նաեւ այն պայմանագրերը, որ ռուս-թուրքական գործարքների արդիւնքում պարտադրուեցին հայութեանը, ձեւաւորելով այն սահմանները, որոնք ներկայումս գոյութիւն ունեն:
Այնուամենայնիւ վերադառնանք հիմնական հարցին՝ բարեկամնե՞ր են թուրքերն ու ռուսները, թէ՞ թշնամիներ:
Այս երկու երկրների միջեւ տեղի է ունեցել 17 պատերազմ, որոնք բոլորն էլ աւարտուել են ռուսների յաղթանակով: Եւ չնայած պարբերաբար բռնկուող ռազմական այդ բախումներին, առկայ են նրանց «սրտառուչ» բարեկամութեան փաստերը, որոնք յաճախ արձանագրուել են հէնց արիւնալի պատերազմներից յետոյ:
Ինչը, օրինակ, տեղի ունեցաւ Առաջին Համաշխարհային Պատերազմում կրած պարտութիւնից յետոյ, երբ Թուրքիան յայտնուել էր ոչ միայն կայսրութեան, այլեւ բուն մետրոպոլիայի քայքայման փաստի առջեւ, բայց մասնաւորապէս Ռուսաստանի ցուցաբերած բազմակողմանի աջակցութեան շնորհիւ (զօրք, զէնք-զինամթերք, մեծաքանակ ոսկի եւ այլն)՝ կարողացաւ խուսափել կործանումից: Այդ բարեկամութիւնը շարունակուեց Աթաթուրքի ժամանակ եւ նրանից յետոյ, թէեւ Թուրքիան մշտապէս հակուած եղաւ Ռուսաստանի հակառակորդ արեւմուտքի կողմը:
Խորհրդային ժամանակներից ցայսօր ՆԱԹՕի անդամ Թուրքիայի տարածքից թուրքական ու ՆԱԹՕական թնդանօթներն ուղղուած են նախկին խորհրդային եւ ներկայ՝ ռուսական զօրքերի կողմից հսկուող, Հայաստանի սահմանների կողմը:
Անկախացումից յետոյ, երբ Ռուսաստանում իշխում էր «ելցինեան» քաոսը, Թուրքիային թուաց, թէ հասունացել է նպաստաւոր ժամանակը դարաւոր երազանքն իրականացնելու՝ Կովկասում հաստատուելու համար, սակայն թշնամի-բարեկամի մօտ, իրավիճակի կայունացման ու Անդրկովկաս վերադարձի հետ, այդ յոյսերը ի դերեւ եղան:
Երազանքների առումով՝ իրավիճակը շատ աւելի բարենպաստ էր Ղրիմի պարագայում: Օգտուելով Ուկրաինայի իրարայաջորդ իշխանութիւնների «ժողովրդավար» եւ հակառուս բնոյթից՝ տեղի թաթարները լրջօրէն ամրապնդում էին դիրքերը՝ ուժեղացնելով ազդեցութիւնը իշխանութեան թեւերում, ամրապնդւում էին հասարակական մշակութային ու տնտեսական առումներով: Այս ամէնն իհարկէ ոչ առանց ղրիմեան իր անցեալը չմոռացած Թուրքիայի աջակցութեան: Ռուսաստանի կողմից Ղրիմի վերատիրացումից յետոյ, թերակղզու ժողովուրդների եղբայրութեան մասին կարգախօսերի ներքոյ ջուրը լցուեց թաթար ազգայնականների եւ նրանց հովանաւորների՝ երկուսուկէս տասնամեակի աշխատանքը:
Թուրքիոյ համար իհարկէ հեշտ չէր այսպիսի կորուստի հետ հաշտուելը եւ պետութեան բարձրագոյն պաշտօնեաների կողմից հնչեցին յայտարարութիւններ, թէ Թուրքիան շարունակելու է Ղրիմը համարել Ուկրաինայի անբաժանելի մասը, որ Թուրքիան երբեք չի ճանաչի Ղրիմի հանրաքուէի արդիւնքները եւ այլն:
Թուրքերի վայնասունը պայմանաւորուած էր իհարկէ ոչ միայն Ղրիմի խաղաղ նուաճման ձախողմամբ, այլեւ՝ նրանով, որ ռուսական գեր-ժամանակակից ռազմական տեխնիկայի վերադարձով իր պատմական կարեւորագոյն ծովային ֆորպոստ՝ գրեթէ ամբողջովին արժեզրկւում էր Սեւ ծովի վրայ ունեցած թրքական ռազմուժի ազդեցութիւնը:
Ի դէպ վերադառնալով թաթար ազգայնականութեանը՝ հպանցիկ անդրադառնանք վերջինիս հետ կապուած թերեւս միակ շօշափելի դրսեւորմանը, նշուած իրադարձութիւններից յետոյ:
2014 թուականի Ապրիլի 16ին տարածուած լուրի համաձայն, Թուրքիայի Նախագահ Աբդուլլահ Գյուլը «Հանրապետութեան» շքանշան էր յանձնել Ղրիմի թաթարների առաջնորդ, Ուկրաինայի խորհրդարանի պատգամաւոր Մուսթաֆա Քըրըմօղլուի՝ յայտարարելով, թէ նա ամբողջ կեանքը նուիրել է Ղրիմի թաթարների ազատութեանը եւ արժանի է ամենաբարձր շքանշանի: Կիւլը աւելացրել էր նաեւ, թէ իրենց թաթար եղբայրների հայրենիքը համարուող Ղրիմը թուրքերի սրտում կարեւոր տեղ ունի, որ 13րդ դարից սկսած թաթարներն այդ հողերում խաղաղութեան եւ հանգստութեան մէջ են ապրել:
Միայն թէ Թուրքիայում պատիւների արժանացած թաթար առաջնորդին, դրանից յետոյ, ռուսական իշխանութիւնները թոյլ չտուեցին մուտք գործել Ղրիմ:
Յաջորդ անգամ ռուս-թրքական շահերը բախուեցին, ինչպէս յայտնի է, Սիրիայի հարցում: Ռազմական հակամարտութեան բռնկման օրերին խանդավառուած թուրքերը ցանկանում էին յայտնուել Թուրքիային սահմանակից սիրիական տարածքներում եւ ստեղծել այնտեղ, այսպէս կոչուած, անվտանգութեան գօտի՝ իրենց եղբայրակից թուրքմէնների եւ սեփական սահմանների պաշտպանութեան պատրուակով: Ըստ այդ ժամանակ տարածուած լուրի, Վլատիմիր Փութինը Թուրքիայի իշխանութեանը զգուշացրել էր, որ եթէ այդ երկրի զօրքը յայտնուի Սուրիայում, իրենք կը համարեն նոյնը, թէ այդ զօրքը Մոսկուա է մտել: Հետագայում եւս դրսեւորուեցին ռուսական զսպիչ անդրադարձները թուրքական յաւակնութիւնների հանդէպ:
Նորագոյն պատմութեան այս նոյն ժամանակահատուածում արդիւնաւէտօրէն զարգացել են ռուս-թուրքական տնտեսական յարաբերութիւնները: Գերմանիայից յետոյ Ռուսաստանը Թուրքիայի երկրորդ առեւտրային գործընկերն է եւ նրանց միջեւ առեւտրաշրջանառութիւնը կազմում է աւելի քան 30 միլիարդ դոլար:
2014 թուականի Դեկտեմբերի սկզբին, Թուրքիա կատարած պետական այցի ժամանակ, Ռուսաստանի նախագահը եւ Թուրքիոյ վարչապետը յայտարարեցին, որ ընդլայնելով առեւտրատնտեսական յարաբերութիւնները, մինչեւ 2020 թուականը, դրանց ծաւալը պէտք է հասցուի 100 միլիարի: Այս այցի ընթացքում ձեռք բերուեց նաեւ պայմանաւորուածութիւն փոխելու դէպի Եւրոպա ձգուող ռուսական գազամուղի ճանապարհը, Ուքրայինայի փոխարէն այն անցկացնելով Թուրքիոյ տարածքով:
Բնականաբար, այսպիսի հսկայական տնտեսական հեռանկարները չեն կարող չունենալ համապատասխան արտացոլում քաղաքական ասպարէզում: Իրապէս էլ երկու երկրների ղեկավարները առիթը բաց չեն թողնում հաւաստելու ռուս-թուրքական դարաւոր բարեկամութեան մասին:
Եւ ահա պայթեց սկանդալը՝ թուրքական կործանիչի կողմից սիրիական ահաբեկիչներին ռմբակոծող ռուսական ինքնաթիռը խոցելու առիթով:
Իհարկէ թուրքերն այնքան յիմար չէին, որ առանց մտածելու դիմէին նման արարքի եւ թերեւս խիստ անհրաժեշտութիւնն էր դրդել գնալու արկածախնդրութեան: Վերջին շրջանում հրապարակւում էին տեղեկութիւններ, որ ռուսական օդանաւերը ոչնչացնում են իսլամիստների տնօրինած նաւթային պահուստները: Նրանք ռմբակոծում էին նաեւ թանկարժէք վառելիքը Թուրքիա տեղափոխող բեռնատարները, սրանով նախ կտրելով ծայրայեղականների ֆինանսական աղբիւրները, միւս կողմից զրկելով Թուրքիոյ, ի մասնաւորի նրա առաջնորդին, եկամտաբեր բիզնեսից: Ռմբակոծւում էին նաեւ թուրքմէնների բնակութեան տարածքները, որ նոյնպէս ծայրայեղականութեան օջախի էին վերածուել:
Խօսելով թիկունքին հասցրած հարուածի մասին՝ Պուտինն ասաց, որ իրենք Թուրքիային համարել են ոչ միայն հարեւան, այլեւ՝ բարեկամ:
Այդ բարեկամի դէմ արդէն իսկ ձեռնարկուել են տնտեսական պատժամիջոցներ, նրա հաւանական նոր ոտնձըգութիւնները կանխելու նպատակով՝ սիրիական սահման են տեղափոխուել հակաօդային պաշտպանութեան գեր-ժամանակակից միջոցներ, իսկ ռուսական ինքնաթիռի հետ տեղի ունեցածից մէկ օր անց՝ ռմբակոծուել է սիրիական տարածք մուտք գործած եւ իբրեւ թէ հումանիտար օգնութիւն տեղափոխող թուրքական ավտօ-շարասիւնը. կան բազմաթիւ զոհեր եւ վիրաւորներ:
Կարելի է ասել սակայն, որ «իսկական պատերազմը» սկսուել է ռուսական քարոզչամիջոցներով: Այստեղ արդէն ջրի երես դուրս եկան բոլոր այն նենգութիւնները, որ ոչ միայն ներկայումս, այլեւ պատմական անցեալում իրականացրել է Թուրքիան: Ընդ որում ոչ միայն ռուսների, այլեւ այլ ժողովուրդների եւ մասնաւորապէս հայերի նկատմամբ: Յիշուեց Հայոց Ցեղասպանութիւնը, իսկ «Արդար Ռուսաստան» կուսակցութեան առաջնորդ Սերգէյ Միրոնովը, իր թուիթերեան էջում, Նոյեմբերի 25ին գրել է, թէ իրենք դումայի օրակարգ են մտցրել օրէնքի նախագիծ՝ Թուրքիայի կողմից 1915ին իրականացուած Հայոց Ցեղասպանութեան ժխտման համար պատասխանատուութեան կանչելու մասին:
Նախորդ օրերի թէժ քննարկումների ժամանակ ասուեց անգամ, թէ կարելի է հայերին դրդել եւ նրանք Արեւմտեան Հայաստանի ազատագրման համար կը պատերազմեն Թուրքիայի հետ: Ինչպէս որ կը պատերազմեն քրդերը: Այլ փորձագէտներ խօսում են այն մասին, թէ հարկաւոր է արդիականացնել ու առաւել հզօրացնել հայ-թուրքական սահմանը: Ի դէպ յիշուեց նաեւ, որ վերջերս թուրքական ուղղաթիռները երկու անգամ խախտել են հայ-թուրքական սահմանը (իսկ մենք կարծում էինք, թէ մեզանից բացի ոչ ոք այդ մասին տեղեակ չէ):
Մենք իհարկէ չենք պատերազմի Թուրքիայի հետ, բայց օրինակ եթէ մեծացուէր Հայաստանի ռազմական ներուժը՝ դէմ չէինք լինի:
Ընդհանրացնելով ասենք, որ ռուսական քարոզչամիջոցներով ծաւալուող թէժ քննարկումների ժամանակ, ոմանք առաջարկում են ռազմական լուրջ դաս տալ Թուրքիային, իսկ ուրիշները յիշեցնում են ռազմավարական շահերի՝ այդ թւում տնտեսական յարաբերութիւնների լուրջ հաշուեկշռի մասին:
Այս դէպքում, գլխաւոր հարցը մնում է նոյնը. բարեկա՞մ երկրներ են Թուրքիան եւ Ռուսաստանը, թէ՞ թշնամի:
Ճշմարտութիւնը վաղուց յայտնի է, թէեւ յաճախ մոռացվում է: Քաղաքական կեանքում սիրոյ եւ ատելութեան միջեւ գոյութիւն ունի մի աւելի մեծ զգացում՝ շահի զգացումը:
Ով չի հաւատում, թող կրկին յիշի պատմութիւնը:

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles