
Այս հետաքրքրական եղելութիւնն ալ աննախադէպ կարելի է սեպել, գէթ Հ.Հ. նախագահական ընտրութիւններու աննախադէպ սեպուած ընթացքէն աւելի: Ընդհանրապէս արուեստն ու մշակոյթը ազդեցութիւն չեն ունեցած Հայաստանեան քաղաքական բեմահարթակին վրայ: Միշտ ալ հանրածանօթ դերասաններ կամ յատկապէս երգիչներ գործակցած են թեկնածուներու հետ, սակայն ընդհանրապէս հանրահաւաքներու ընթացքին հանդիսատեսներ ներգրաւելու բնոյթը ստացած է: Օրինակի համար, կարելի չէ բաղդատել Ա.Մ.Ն. նախագահական ընտրութիւններուն, Ճէյմս Թէյլըրի կամ Պրուս Սփրինկսթինի նման երգիչներու կամ դերասանուհի Օփրայ Ուինֆրիի կատարած ներդրումն ու պայքարը` ի նպաստ Պարաք Օպամայի: Չափազանցութիւն պիտի չըլլայ ըսելը, որ անոնք կրցան թէեւ ջնջին, սակայն խիստ կարեւոր քուէներու համեմատութիւն մը ապահովել, ի նպաստ իրենց պաշտպանած թեկնածուին: Հայաստանի պարագային, նման դէպք ցայսօր կարելի չէ նախատեսել:
Սակայն, հետաքրքրական է Ամերիկահայ ռոք երաժիշտ “System of a Down“ խումբի մեներգիչ Սերժ Թանքեանը ցուցաբերած մօտեցումն ու հետաքրքրութիւնը, Հ.Հ. նախագահական ընտրութիւններուն ստեղծուած իրավիճակին մասին: Ան այս գծով, քաջատեղեակ ըլլալով թէ իբրեւ արուեստագէտ, կրնայ աւելի ազդեցութիւն ունենալ, յղած է բողոք նամակ մը, յայտնելով իր դժգոհութիւնը: Աւելի հետաքրքրականը այն է թէ նախագահ Սարգսեանն ալ շուտով պատրաստած է պատասխան նամակ մը: Իւրայատուկ երեւոյթը այն է թէ Սփիւռքահայ արուեստագէտ մըն է բողոքողը: Ստորեւ, լոյս կ՛ընծայենք զոյգ նամակները, Սերժեր` Թանքեանի եւ Սարգսեանի (կողքին) կողմէ:
Խմբագրութիւն
ՍԵՐԺ ԹԱՆՔԵԱՆԻ ՆԱՄԱԿԸ
Յարգելի Պարոն Նախագահ,
Շնորհաւորում եմ Ձեր յաղթանակի առթիւ: Յաղթանակ նշանակում է ստանալ ձայների մեծամասնութիւնը, իհարկէ` ժողովրդավարութեան դէպքում: Հիմնուելով բազմաթիւ Հանրապետական Կուսակցութեան արձանագրած կեղծարարութիւնների վրայ` անկախ ԵԱՀԿ զեկոյցից` գիտականօրէն անհնար է թւում նոյնիսկ Ձեզ համար, պարոն նախագահ, իմանալ, թէ արդեօք ստացե՞լ էք ձայների մեծամասնութիւնը, թէ՞ ոչ:
Բաւականին ծիծաղելի է ստացւում, այնպէս չէ՞, որ Դուք` Հայաստանի նախագահը, ներքուստ լիովին համոզուած չէք` Դո՞ւք էք ժողովրդի ընտրած ղեկավարը, թէ՞ ոչ: Անձնապէս ես կը վրդովէի նման պարագայում: Եթէ ես ուզենայի ղեկավարել իմ ժողովրդին, ես շատ կ՛ուզենայի, որ նա ինքնուրոյն կատարեր այդ ընտրութիւնը:
Այլապէս ես կը տիրանայի Հայաստանին եւ կը կոչէի ինձ Հայաստանի գլխաւոր մարզպետ կամ բռնակալ տը եուրէ կամ որեւէ այլ ինքնակոչ ածականներ` ըստ իմ այդ օրուայ քմահաճոյքի: Միգուցէ ձեր կուսակցութիւնը հսկողութիւնից դուրս է եկել, եւ օլիկարխների խաւիարը վերջացել է, եւ նրանք ցանկանում են, որ լաւ ժամանակները չվերջանան: Ինչեւիցէ, ժամանակն է փոփոխութեան: Ազնուօրէ՞ն էք յաղթել, թէ ոչ, Ի՞նչ կերպով…Դուք այժմ նորից նախագահ էք:
Դա ի՞նչ է նշանակում Ձեզ համար: Այո, Արցախը կարեւոր է բոլորիս համար, եւ պէտք է պայքարենք այնտեղ բնակուող մեր եղբայրների համար: Բայց ես նկատի ունեմ, թէ ինչպէ՞ս էք պատրաստւում Հայերի շահերը պաշտպանել Հայաստանում եւ աշխարհում: Ինչպէ՞ս եք պատրաստւում երկիրը հանել այս տնտեսական, ընկերային եւ քաղաքական ճգնաժամից: Օպաման քոնէ յոյս է խոստանում` չնայած հիասթափեցրել է բոլորիս:
Տարիներ առաջ ես արշաւ սկսեցի` խնդրելով նախագահ Օպամային հետեւիլ իր խոստումին եւ ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը: Դուք երդուել էք պահպանել Հայաստանի Սահմանադրութիւնը, պաշտպանել երկիրը արտաքին եւ ներքին թշնամուց:
Նրանք, ովքեր գողանում են ընտրութիւններն իմ ժողովրդից, ներքին թշնամիներ են եւ պէտք է պատժուեն: Պէտք է Ձեր պարտքը լինի դա ի կատար ածել, եթէ նոյնիսկ ոմանց համար դա կեղծաւորութիւն թուայ: Դուք նաեւ պէտք է նկատի ունենաք խորհրդարանի լուծարումը` լինելով այն առաջին հայ “ռեֆորմիսթ“ նախագահը, որն անում է ամէն ինչ` համոզուելու համար, որ ապագայ ընտրութիւններն արդար եւ ներկայացուցչական լինեն:
Սերժ, նրանք, ովքեր ինձ գիտեն, գիտեն նաեւ, որ ես անարդարութիւն հանդուրժել չեմ կարող: Ինչպէս բազմաթիւ սփիւռքահայեր, ես միշտ վարանել եմ Ձեր իշխանութիւնն ուղղակիօրէն եւ հրապարակայնօրէն քննադատել: Բայց այն փաստը, որ ժողովրդի անհամար բազմութիւնը տառապում է ձեր իշխանութեան տակ կաշառակերութեան եւ անարդարութեան պատճառով, կշիռքի նժարները խախտում է մեզ բոլորիս համար: Դուք պէտք է սա իմանաք:
Հայաստանը անյապաղ կարիք ունի oրէնքի իշխանութեան առաւել, քան որեւէ բանի: Ոչ մէկը չի կարող լինել oրէնքից բարձր:
Դուք կարող էք այն իրագործել հիմա, անձնական oրինակով եւ նախագահական հրովարտակով: Միաւորէք մեզ, Սերժ: Ոգեւորէք մեզ:
Խնդրում եմ, ընդունէք այս կոչը:
Շնորհակալ եմ ժամանակ տրամադրելու համար
Խաղաղութիւն,
Սերժ Թանքեան
ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍԵԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆ ՆԱՄԱԿԸ
Սիրելի՛ Սերժ,
Իմ կրտսեր թոռնիկն էլ մեր անուանակիցն է: Նա դեռ շատ փոքր է ու դեռ չգիտի, թէ ինչ հպարտ ազգի զաւակ է ծնուել, դեռ չգիտի, որ փոքր, շատ խնդիրներով լի, բայց յաղթանակած ու առաջ նայող երկրի քաղաքացի է ծնուել: Նա դեռ շատ բան չգիտի: Սե՛րժ, ես ու դու, մենք բոլորս ենք նրան ու նրա սերնդակիցներին հաշիւ տալու` ինչ ենք արել, որ Սուրբ սարի ներքոյ նոր Հայրենիք փոխանցենք իրենց: Պատկերացնո՞ւմ ես այն հարցական արտայայտութեամբ աչքերը, որոնց հաշուետուութիւն պիտի տանք: Ես ու դու, Սե՛րժ, մենք բոլորս: Այդ աչքերը դեռ փոքր են ու խաղացկոտ, բայց վաղը լուրջ ու քննող են լինելու:
Ի՞նչ պիտի ասեմ նրան, Սե՛րժ, որ ես իմ ժողովրդին ապահով Հայաստան խոստացայ, կազմակերպեցի մեր երկրի 21-ամեայ պատմութեան լաւագոյն ընտրութիւնները (անշուշտ խնդիրներով հանդերձ, որոնք, սակայն, որեւէ էական ազդեցութիւն չէին կարող ունենալ արդիւնքների վրայ) ու չկարողացա՞յ համախմբել ողջ ժողովրդին ու ապագայի ճանապարհը ցոյց տալ: Որ լուրջ վերաբերուեցի ու անգամ քննարկեցի պետութեան ու պետականութեան հետ աղերս չունեցող` օդից վերցրած “վերջնական ճշմարտութիւննե՞րը“:
Դա ական է, Սե՛րժ, ական գալիք բազմաթիւ տասնամեակների համար, որ անխուսափելի կործանման կը տանի: Մենք զարգացման ճանապարհի ականները մի կողմ նետելու պարտք ունենք: Անօրինական ճանապարհներով հնարաւոր չէ օրինականութեան հաստատման օրակարգ ամրագրել: Այդ օրակարգի վերջն էլ շատ արագ կը գայ նոյն անօրինական ճանապարհով: Փոքրիկ Սերժը քո արուեստի սիրահար կը լինի, կարծում եմ, ի՞նչ ենք նրան պատասխանելու, երբ մեզ հարցնի. “Արդեօ՞ք տեղահանուած ականների փիլիսոփայութիւնը բոլոր տներն ու գիւղերը ռմբակոծելն էր“:
Սա պետութիւն է, Սե՛րժ: Սրա մասին մենք շատ երկար ենք երազել: Իմ ու քո, մեր բոլորի պետութիւնն է: Փոքրիկ Սերժինն ու Յովհաննէսեանների ընտանիքի հրաշալի զաւակներինն է: Մեր բոլոր զաւակներինն ու թոռներինն է: Մենք ունենք դրախտավայր-Հայրենիք ու պարտաւոր ենք ամուր պետութիւն կառուցել: Միասի՛ն, Սե՛րժ: Այսօրուայ ականները վաղը մեր զաւակների գլխին փոթորիկ կը բերեն, կը դառնան Bellum omnium contra omnes կամ “բոլորի պատերազմը բոլորի դէմ“: Ու արդէն հասունացած փոքրիկը կը հարցնի.
Եւ “ո՞ւր ես առաջարկում գնալ, երբ ռումբերը թափւում“, Սե՛րժ:
Ի՞նչ ենք պատասխանելու նրան: Որ տարիներ առաջ ռոմանթի՞ք էինք կամ չէի՞նք հասկանում. սա՞ է մեր պատասխանը: Չի՛ հաւատայ մեզ, Սե՛րժ, կը կարդայ այս նամակը ու հաստատ կ՛ասի. “Դու առաջ նայելով տեսնում էիր այդ ամէնը, ինչո՞ւ այնտեղ գնացիր“:
Դա չէ մեր ճանապարհը: Ճանապարհի հարցում ես ու դու համախոհներ ենք: Այո՛, ժամանակն է փոփոխութեան: Ու ոչ ոք չի կարող օրէնքից բարձր լինել: Կեղծիքն ու երեսպաշտութիւնը, “զոռպայութիւն“ն ու թշնամանքը քանդելու ենք հատիկ առ հատիկ ու հետեւողականօրէն, որ բացճակատ գոռանք` “ազատութիւն, մենք ազատ ենք“: Որ հպարտօրէն կոչ անենք բոլորին` եկէ՛ք “հետ, դէպի գետը Արազ…“: Որ փոքրիկ Սերժի ու իր սերնդակիցների աչքերին նայելու ու պատասխաններ տալու տեղ ունենանք, Սե՛րժ:
Դրա համար ես քո օգնութեան կարիքն ունեմ, բոլորի օգնութեան կարիքն ունեմ` Կլենտէյլից մինչեւ Ստեփանակերտ, Մելպուռնից մինչեւ Մոսկուա: Ես հաւատում եմ մեր հաւաքական յաղթանակին:
Ու վերջում անդրադառնամ քո հարցին: Դու հարցնում ես` ներքուստ համոզուա՞ծ եմ ես: Պատասխանում եմ` միշտ եմ համոզուած եղել. ամէն ինչում, ինչ արել եմ` մարտ կառավարելուց մինչեւ ընտրութիւնների կազմակերպում: Հայաստանը պէտք է զգալ, Սե՛րժ, այն անհնարին է զգալ միայն Երեւանի կեդրոնի թանկարժէք գրասենեակում նստած, անգամ շատ երկար: Հայաստանը կարելի է զգալ դարերի իր երթը շարունակելու համար կռիւ տուող փոքրիկ գիւղի քարքարոտ հողին կանգնած եւ տղաների շիրիմների ծաղկաթփերի կանաչից: Հայաստանը խօսել է արդէն, Սե՛րժ: Վստա՛հ եղիր:
Այսքանը:
Փոխանցիր խնդրում եմ յարգանքներիս հաւաստիքը հայրիկին, ու թող գարնան արագիլի ձեր հպարտ ուղերձը կ՛անգնեցնի մեզ սխալ ճանապարհ ընտրելիս:
Խաղաղութիւն: