ՍԱՐԳՍԵԱՆ – ՓՈՒԹԻՆ … «ԼՌՈՒԹԵԱՆ ՍԻՄՖՈՆԻԱՆ»

0 0
Read Time:3 Minute, 21 Second

sargsyan putin
Գէորգ Դարբինեան
(յապաւումով)
Մարտ 11, 2016

Մարտ 10-ի երեկոյեան Մոսկուայում կայացաւ Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահներ Վլատիմիր Փութինի եւ Սերժ Սարգսեանի հանդիպումը, որի ամենանկատելի առանձնայատկութիւնը երկկողմ «քչախօսութիւնն» էր: Հանդիպումը չամփոփուեց նախագահների ասուլիսով, կողմերը յայտարարութիւններով հանդէս չեկան: Իսկ հանդիպման հրապարակային մասում ո՚չ Վլատիմիր Փութինը եւ ո՚չ էլ Սերժ Սարգսեանն իրենց հիմնական ակնկալիքներին, երկու երկրների քաղաքական, տնտեսական յարաբերութիւններին առնչուող որեւէ լուրջ, առկայ խնդրի չանդրադարձան` բաւարարուելով փոխադարձ հերթապահ խօսքերով: Ասելիքի նման «ժլատութիւնը», որպէս կանոն, դրսեւորւում է այն դէպքերում, երբ գլուխ-գլխի խօսակցութիւնն առնչւում է յստակ խնդիրների, եւ կողմերն ունեն պայմանաւորուածութիւններ ձեռք բերելու խնդիր:
Նախքան Սերժ Սարգսեանի մեկնելը, նախագահների հանդիպման անցկացման մասին յայտնելիս, պաշտօնական Մոսկուան, որպէս օրակարգի ամենակարեւոր հարց, ընդգծում էր Արցախեան հիմնահարցի կարգաւորման բանակցային գործընթացն առաջ մղելու խնդիրը: Սակայն նախագահները, որքան էլ տարօրինակ է, դրան ընդհանրապէս չանդրադարձան: Սերժ Սարգսեանը միայն ակնարկեց, որ Հայաստանին մտահոգում է պատասխանատուութեան գօտու յարակից տարածքներում տիրող իրավիճակը: Թէ յատուկ ի՞նչպէս է քննարկուել Արցախի հիմնահարցի թեման, որքանո՞վ են դրանք առնչւում վերջին շրջանում ընթացող Մոսկուա-Պաքու գործօն բանակցութիւններին, թերեւս, հասկանալի կը դառնայ միայն այս հանդիպմանը յաջորդելիք` Երեւանի, Մոսկուայի կամ գուցէ նոյնիսկ Պաքուի որոշակի գործողութիւնների, որոշումների, քայլերի համադրման, վերլուծութեան արդիւնքում: Ի դէպ, գուցէ զուտ պատահականութիւն է, սակայն իսկապէս խորհրդանշական է, որ հէնց Պուտին-Սարգսեան հանդիպման ընթացքում Ատրպէյճանը Արցախեան ճակատում ձեռնարկեց 1994-ի հրադադարի հաստատումից յետոյ ամենամասշտապային ռազմական յարձակումները:
Ինչեւէ, քաղաքական օրակարգի առումով` Մոսկուայում, թերեւս, չեն շրջանցուել ոչ միայն ռուս-թուրքական յարաբերութիւնները եւ դրանում Հայաստանի դերակատարութիւնը, այլ նաեւ Արեւմուտքի հետ Հայաստանի զարգացող յարաբերութիւնների կապակցութեամբ` Քրեմլի անհանգստութիւնները:
Սերժ Սարգսեանը պատահական չընդգծեց, որ Հայաստանը միանշանակ պաշտպանում է Սուրիոյ հարցում Ռուսաստանի դիրքորոշումը, ինչն իրականում ոչ միայն Թուրքիոյ նկատմամբ Մոսկուայի վարած ներկայիս քաղաքականութեանը, այլեւ այդ քաղաքականութեան մի մասն իր վրայ վերցնելու պատրաստակամութեան անուղղակի ցուցադրում էր: Կարեւոր էր, որ Սարգսեանն այդ ակնարկն արեց սուրիական ճգնաժամում` խուսափելով ուղղակիօրէն Հայաստանին ռուս-թրքական առճակատման առաջին գիծ քաշելու վտանգից եւ գուցէ նաեւ կանխելով դրան ուղղուած` ռուսական կողմի հնարաւոր դրդումները: Այլեւս պարզ է, որ այդ առճակատման խորացման դէպքում Հայաստանը հանդէս չի գալու առաջին համարի ներքոյ, բայց նաեւ կողքից հետեւողի կարգավիճակ չի որդեգրելու:

Հետաքրքրական է, որ Սերժ Սարգսեանի հետ հանդիպումից անմիջապէս առաջ Փութինն ընդունել էր Սերպիոյ նախագահ Թոմիսլաւ Նիքոլիչին, ով հանդիպումից յետոյ հաստատել է, որ բանակցութիւնների հիմնական առարկան եղել է Սերպիոյ եւ ՆԱԹՕ-ի անհատական գործընկերութեան համաձայնագրի ստորագրումը: Յիշեցնենք, որ Սերպիան 2013-ից Անկախ Պետութիւնների Հասարակապետութիւնում ունի դիտորդ երկրի կարգավիճակ: Ակնյայտ է, որ եթէ Սարգսեանից առաջ ՀիւսիսԱտլանտեան դաշինքի հետ առնչութիւնները Փութինը քննարկել է Նիքոլիչի հետ, ապա յատկապէս Մարտ 9-ին «Հայաստան+28» ձեւաչափով ՆԱԹՕ-ի խորհրդի նիստի անցկացումից եւ Եւրոմիութեան արտաքին քաղաքականութեան եւ անվտանգութեան հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆետերիքա Մոկերինի` Հայաստան կատարած այցից յետոյ Փութինը պէտք է որ հարցեր ունենար` ուղղելու Հայաստանի նախագահին: Հարցն այն է` Ռուսաստանի նախագահը միայն կասկածները փարատելո՞ւ խնդիր ունի, թե՞ Եւրոմիութեան ու ՆԱԹՕ-ի հետ յարաբերութիւնները խորացնելու` Երեւանի ձգտումները կրկին սանձելու:
Կարելի է, իհարկէ, փորձել կռահել, թէ էլ ինչի համար էր Փութինին անհրաժեշտ հանդիպել Սերժ Սարգսեանի հետ: Սակայն առաւել էական է, թէ ի՞նչ օրակարգ է Հ.Հ. նախագահն ինքը տարել Մոսկուա, մանաւանդ, որ այդ օրակարգը ոչ թէ մէկ-երկու, այլ ուղղակի խնդիրների կծիկ է ներառում:
Սերժ Սարգսեանի Մոսկուա մեկնելու օրը Հ.Հ. կառավարութիւնը երկար ձգձգումներից յետոյ, ի վերջոյ, հաստատեց Եւրոտնտեսութեան Միութեան անդամ երկրներից ֆիզիքական անձանց կողմից ներկրուող գործիքների համար աւելացուած արժէքի հարկը հանելու օրինագիծը, խնդիր, որը դարձել էր Ետմ-հայաստան փոխադարձ կշտամբանքների առիթ: Նոյն օրը գործադիրը նաեւ ընդունեց վառելանիւթի սակագինը 2016-ի համար նոյնը թողնելու որոշումը, ինչով հաստատեց սակագնի նուազման շուրջ ռուսական կողմի հետ բանակցային այս փուլն աւարտուած համարելու իրողութիւնը: Վերոնշեալ երկու դրուագներով էլ հայկական կողմը «տաշեց» Սարգսեան-Փութին հանդիպման սուր անկիւնները, որոնք աւելի շատ բխում էին Երեւանի շահերից:
Մեր շահերից էր բխում նաեւ թէ՚ Հայաստանի տարածքով իրանական վառելանիւթի տարանցման հնարաւորութիւնների խնդրի շուրջ Մոսկուայի ըմբռնումը ձեռք բերելու եւ թե՚ Իրան-Եւրասիական Միութիւն առեւտրատնտեսական հաստատուող յարաբերութիւններում կապող օղակի դեր ստանձնելու հրամայականը: Դրանցից աւելի առկայ հարց հայ-ռուսական տնտեսա-քաղաքական օրակարգում, գոնէ` Հայաստանի համար, այսօր գոյութիւն չունի, մանաւանդ` եթէ նկատի առնենք երկու ուղղութիւններով էլ Հայաստանին մեկուսացնելու` Թուրքիոյ եւ Ատրպէյճանի վերջին շրջանի գեր-գործօն նախաձեռնութիւնները: Մինչդեռ Մոսկուայում կայացած երէկուայ հանդիպումը կամ գոնէ դրա հրապարակային մասը չտուեց այն հարցի պատասխանը, թէ որքանո՞վ են դրանք դարձել հիմնաւոր քննարկման առարկայ եւ ինչի է հասել այդ ուղղութեամբ Հայաստանը:

 

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published.

Social profiles