ՊԷՅՐՈՒԹ ՄԻ ՍԱՐՔԷՔ ՄԵՐ ԵՐԿԻՐԸ

0 0
Read Time:5 Minute, 21 Second

harout1

Յարութիւն Յարութիւնեան

Դրսերում էի: Կողքովս երկու մարդ էին քայլում: Ականջիս հասաւ նրանց զրոյցից մի հատուած, որի մասին արժէ մտածել: Մէկը միւսին ասում էր.- «Լսի, Ժիրօն (Սեֆիլեան – Խմբ.) համ լաւ տղայայ, համ էլ` զէնքը ձեռքին Պէյրութի քուչէքում այ մեծացել»:
Այն, ինչ կատարւում է հիմա, կապ չունի Ժիրոյի հետ, Ժիրօն` առիթն էր, Ժիրոյի ընկերները` միջոցը: Հիմա, ըստ էութեան, ժողովրդական ցոյցեր են, եւ որ ամենավտանգաւորն է` առանց հեղինակութիւն ունեցող առաջնորդների: Նրանք վաղուց չկան: Ուրեմն խոստովանենք, որ սա քաղաքական պրոցես չէ: Քաղաքական չէ, բայց արմատը քաղաքական է: Իսկական շիլաշփոթ ստացուեց, բայց այդպէս է:
Երբեք չէի մտածի, որ Հայաստանում երբեւէ զէնքով հարց լուծողը կ՚ունենայ համակրողների նման բանակ: Ես չգիտեմ, Ժիրօն լա՞ւ տղայ է, թէ՞ ոչ, որովհետեւ իր զինուորը չեմ եղել, բայց արժէ յիշել, որ Շուշիի գումարտակի մասին այն տարիներին չէին խօսում, լռում էին: Լռում էին, որովհետեւ գումարտակը կուսակցական պատկանելութեան էր, եւ նրա մասին չէին խօսում, նրան նոյնիսկ չէին ճանաչում, որովհետեւ կուսակցութիւնը, որի անդամն էր Ժիրօն, այն ժամանակուայ իշխանութիւնները համարում էին ոխերիմ թշնամի:
Այդ չխօսողներից շատերն այսօր ազատ արտայայտւում են, գովում են, հերոսացնում են գումարտակի տղերքին: Այսօր Ժիրոյին մեծարողների մի ստուար զանգուած ընդամէնը մէկ տարի առաջ հայհոյում էր նրան: Իրականում նրանք երբեք Ժիրոյի երկրպագուներն ու գաղափարակիցը չեն եղել, ուղղակի Ժիրօն առիթ է, իսկ Ժիրոյի ընկերները, որոնք այդ գումարտակում են կռուել` միջոց:
Արդէն ասացի, ես Ժիրոյի զինուորը չեմ եղել, բայց այդ գումարտակից շատերին գիտեմ, որոնք Ժիրոյից պակաս տղերք չէին եւ` չեն: Շատերին գիտեմ, որ Ժիրոյից առաւել էին եւ` են: Ինքն էլ դա գիտի, վստահ` գիտի:
«Ժիրոն համ լաւ տղայայ, համ էլ Պէյրութի քուչէքում զէնքը ձեռքին մեծացած տղայա»: Սա ամենաահաւորն է, որ ես կարող էի լսել:
Պէյրութ մի սարքէք էս երկիրը, տղերք: Ուշքի եկէք, էլ տեղ չի մնացել: Երկուստէք կանգ առնել է պէտք: Առաջին քայլը պէտք է անի իշխանութիւնը: Այլեւս պարզ է, չէ՞, որ ժողովրդական լայն զանգուածների կողմից առկայ է մեծ դժգոհութիւն, եւ բաւական է` կրիայի պատեանի տակ թաքնուելով այդ մասին չմտածել, չբարձրաձայնել, աւելին` հետեւութիւններ չանել: Յայտնուել ենք հեղեղատարի մէջ, հեղեղը հնարաւոր է դանդաղի, բայց չի կանգնելու: Կանգնեցնողը դուք էք, բայց ինչպէս տեսնում եմ, այս պահին դուք նպաստում էք հեղեղի հեզասահ ընթացքին: Կարո՞ղ էք բացատրել` ինչո՞ւ: Չէ՞ք զգում` ուր ենք հասել, թէ՞ մտածում էք, մի քանի տասնեակ դժգոհներ են, դրանք միշտ կան, միշտ պէտք է լինեն, նրանց գոյութիւնը նոյնիսկ կարեւոր է: harout
Գիտեմ, իշխանութիւնը կուրացնում է մարդուն, բայց չի զրկում հոտառութիւն ունենալու կարողութիւնից: Իրավիճակը պէտք է շտկել: Հասկանում եմ, որ իշխող կուսակցութեան մէջ շատերին ձեռնտու չէ իրական շտկումը, որովհետեւ շատերը պէտք է պատասխան տան երկիրն այս վիճակին հասցնելու, անդունդը գցելու իրենց ջանասիրութեան համար: Բայց այլ ելք չկայ: Ժողովրդի ցասումը հասել է գագաթնակէտին: Պէտք է սա հասկանալ, պէտք է ընդունել, որ ձախողել էք: Պէտք է բարձրաձայնէք, գոնէ ինքներդ ձեր համար, ձեր ականջների…. գուցէ նաեւ շատերի հանգստութեան համար: Սովոր էք պատերի տակ խօսել, փնովել, դժգոհել, բայց երբ առիթը գալիս է, լռում էք: Ի՞նչ է, վախենո՞ւմ էք նայել ճշմարտութեան երեսին, թէ՞ սովոր էք միայն լաւ բաների մասին ասել, խօսել, տեղեկացնել:

Վերջին երկու նախագահներն էլ երկիրը շեղուած ընթացքից դուրս բերելու, ճիշտ ուղու վրայ կանգնեցնելու բոլոր հնարաւորութիւնները ունէին: Երկուսից առաջինը չարեց, երկրորդը` չուզեց դա անել: Արդիւնքում կայ աղքատ երկիր, ստորացուած ու շնչահեղձ լինող ժողովուրդ: Այս տարիների ընթացքում եթէ մի բանում յաջողել ենք, քծնանքն է: Մեզ մօտ քծնելու ձեւերն ու մեթոդները հասել են կատարեալի, մնացած բոլոր դէպքերում իրավիճակներն անկումային են, կ՚ասէի` տապալուած:
Ես մտաւորական չեմ, չգիտեմ էլ, թէ դա ինչ է, բայց ինձ համար կան մարդիկ, որոնք հեղինակութիւն են: Իւրաքանչիւրն ունի իր հեղինակութիւնը: Իմ համար անքննելի են Տիգրան Մանսուրեանի, Ռուբէն Յովսէփեանի, ՌուբԷն Բաբայեանի, Ալվարդ Պետրոսեանի եւ շատ շատերի յորդորները: Դա չի նշանակում, որ անվերապահ ընդունում եմ նրանց կարծիքն ու յորդորները, բայց ես չեմ կարող ինձ թոյլ տալ քար շպրտել նրանց ուղղութեամբ: Շատերի համար հեղինակութիւն է Գագիկ Շամշեանը, հասարակութեան այդ տեսակն էլ կայ, եւ պէտք է ընդունենք, որ նրանք էլ հասարակութեան մաս են կազմում: Շատերի համար հեղինակութիւն են Շուշան Պետրոսեանը, Նունէ Եսայեանը, Հայկ Մարութեանը: Այդ տեսակն էլ է առկայ հասարակութեան մէջ: Շատ-շատերի համար հեղինակութիւն են ՝՝օրէնքով գողեր՝՝, թաղի գողական տղերքը: Չէ՞ք հաւատում` նայէք ընտրութիւնների խրոնիկային, կը համոզուէք: Հասարակութիւնը շերտերով է, եւ ոչ ոք իրաւունք չունի իր շերտը բարձր դասել միւսներից:
Հանդուրժողականութիւն: Սա է մեզ այսօր պակասում: Պակասում է կամ արդէն չկայ, որովհետեւ հասարակական կեանքը խեղուել է, եւ այդ խեղման հիմնական մեղաւորը իշխանութիւնն է: Երբ հասարակութիւնը տեսնում է, որ իր գլխին միայն արտօնեալներ են եւ ոչ իրեն ծառայողներ, հասարակութեան մէջ խեղդւում է պետականութեան իմիջը: Երբ մարդը տեսնում է, որ պետութիւնը իշխանաւորի համար առուծախի առարկայ է, եւ նա ` իշխանաւորը եկել է իշխանութեան, հնարաւոր բոլոր միջոցներով իր բարեկեցութիւնը ապահովելու համար, աւելորդ է դառնում խօսել պետականութիւնից, վեհ գաղափարներից: Երբ երկրում չի գործում օրէնքը կամ այն գործում է ընտրեալների համար, չի կարելի հասարակութիւնից պահանջել յարգել այն, ինչը, ըստ էութեան գոյութիւն չունի: Անթիւ անհամար օրէնքի պաշտպաններ ունենք, բայց անպաշտպան ենք մնացել:
Մենք ենք մնացել, մեզ նկատի ունեմ` քաղաքացիներս: Եթէ օրէնքի գերակայութիւն լինէր, շատ պաշտօնեաներ այսօր կը լինէին այնտեղ, որտեղ օրէր առաջ, հէնց այնպէս, առանց որեւէ պատճառի յայտնուեց իմ տղան, իմ ընկերոջ ` գրող Յակոբ Սողոմոնեանի տղան, որն այդ օրը ընդամէնը որոշել էր կինօ գնալ եւ թատրոնից դուրս գալով` յայտնուել էր օրէնքի պաշտպանների կազմակերպած գործողութեան մէջ:
Եթէ օրէնքի գերակայութիւն լինէր, բարձրաստիճան պաշտօնեան իրեն իրաւունք չէր վերապահի ցինիկօրէն արդարացնել իր քսանհինգ տարեկան տղաների յաջողութիւնները, որոնք, իր ասելով, հասուն մարդիկ են, իրաւունք ունեն պիզնես անելու եւ հարստանալու այնքան, որ իրենց թոյլ տան 12 միլիոն դոլարով արտերկրում սեփականութեան իրաւունք ձեռք բերել: Կրկնում եմ` քսանհինգ տարեկանում:
Օրինակները բազմաթիւ են եւ անյատակ դոյլի մէջ կարող ենք լցնել, լցնել, լցնել…կը տեղաւորուեն: Կը տեղաւորուեն, բայց մի օր նոյնիսկ այդ անյատակ դոյլը չի դիմանայ, կը պայթի անարդարութիւնից:
Ես չեմ տեսել մի երկիր, որտեղ լրատուամիջոցները բաժանուած լինեն երկու ճամբարի եւ կոչուեն լրատուամիջոցնէր: Անաչառ լուր, առանց կարծիքի լուր փնտռելու համար պարզ, հասարակ, որեւէ ճամբարին չհամակրող մարդը ստիպուած է ժամերով թափառել համացանցում: Հեռուստաընկերութիւնների մասին խօսելը, համաձայնէք, աւելորդ է: Մեր լրատուամիջոցները նմանուել են այն աֆրիկեան թռչունին, որը կոկորդիլոսի ընթրիքից յետոյ, բաւարարւում է ընթրիքի մնացորդները նրա ատամներից մաքրելով: Եւ այս վիճակը վերաբերւում է երկու կողմերին էլ:
Հաստատ այս վիճակի համար հասարակութիւնը չէ, որ մեղաւոր է: Հասարակութեանը տարիներ շարունակ ինչպէս կրթել էք, այնպէս էլ ստանում էք պատասխանը: Խոստովանէք, որ հասարակութեան վիճակն ադեկուատ է ձեր անադեկուատ վիճակին: Խոստովանէք եւ անցէք գործի, ճպուռային խրախճանքների` թռի-վռի ապրելու ժամանակը սպառուել է:
Ժամանակն է, նոյնիսկ ուշ է, բայց դեռ հնարաւոր է այս մասին սթափ մտածել, արտայայտուել եւ գործել:
Բոլոր նրանք, ովքեր մասնաւոր զրոյցներում դժգոհում են երկրի վիճակից, իսկ համագումարների ժամանակ ծափահարում` պակաս դաւաճան չեն, քան այն դաւաճան տղան, որն ընտանիքով յանձնուեց Ատրպէյճանին: Միշտ յիշէք, ուր ենք հասել:
Ասում են.- «Ժիրօն համ լաւ տղայայ, համ էլ զէնքը ձեռքին` Պէյրութի քուչէքում այ մեծացել»:
Ի սեր Աստծոյ, Պէյրութ մի սարքէ՞ք մեր երկիրը:

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published.

Social profiles