Յօդուածներ

Պայքարը Կը Շարունակուի Մինչեւ Յաղթական Աւարտ

«Դրօշակ»

Առաջնորդող Յօդուած

Յուլիս 2021

Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրութիւնները ոչ միայն լուծման հեռանկար  չնախանշեցին  առկայ հիմնահարցերի համար, այլեւ աւելի սրեցին տագնապը երկրի ապագայի հարցում: Չափազանցրած չենք լինի, եթէ ասենք, որ հրապարակուած արդիւնքներով, փրկութեան յոյսի ու գահավիժման ընթացքի  երկընտրանքի  պարագայում, ընտրուեց  կործանման ճանապարհի շարունակումը: Իսկապէ՞ս իշխանական ուժի ի սկզբանէ որդեգրած անօրինական գործունէութիւնն ու կեղծարարութիւնը, ուղեղների լուացման ժամանակակից տեխնոլոգիաները կանխորոշեցին ընտրութիւնների ելքը, թե՞ ժողովուրդն ողջ խորութեամբ չգիտակցեց պետականութեան ու իր ապագայի առջեւ ծառացած աղէտի մեծութիւնը: Կարելի է ասել, որ այդ ամէնը փոխկապակցուած  է, եւ մէկը բխում է միւսից: Դժուար է այդ մասին բարձրաձայնելը, սակայն պէտք է խոստովանենք, որ հայ ժողովրդի մի զգալի հատուածն այսօր  գտնւում է բարոյահոգեբանական անկման, իրավիճակի ոչ համարժէք  գնահատման, քաղաքացիական պատասխանատուութեան կորստի, ինչպէս եւ ազգային շահի հարցում ապակողմնորոշուածութեան ու շփոթի մէջ: Այո, ժողովուրդներին կարելի է ներշնչել  ինքնանուիրումի ու անձնազոհութեան ոգի, գաղափարական ու բարոյական վեհ արժէքներ,  հաւատարմութիւն`  հաւաքական շահին, եւ կարելի է նոյն ժողովրդի զանգուածային գիտակցութեան մէջ ներարկել այդ ամէնի հակառակը: Այդ սատանայական հակառակը, ստորացուցիչ պարտուողականութիւնն ու ազգային հաւաքական նպատակներից նահանջը հայ ժողովրդին ներշնչուեցին բախտախնդիր, պիղծ ու օտարասուն տարրերի կողմից` Հայաստանում իշխանութեանը տիրելու առաջին օրերից, իսկ ամենասարսափելի հոգեփոխութիւնը  բոլորիս աչքի առաջ տեղի ունեցաւ  մէկ օրուայ ընթացքում: Պայքարի վճռականութեամբ ու յաղթանակի հաւատով  տոգորուած հանրութիւնը յուսալքուեց, թուլացաւ սեփական ճակատագիրը տնօրինելու նրա կամքը, երբ  2020 թուականի Նոյեմբերի 10-ի առաւօտեան տեղեկացաւ, որ 44 օր պարուրուած  է եղել  կեղծիքի  թմբիրի մէջ, որ պատերազմի իւրաքանչիւր օր կրել է տարածքային ու մարդկային թանկագին կորուստնէր եւ ի վերջոյ յայտնուել է  ջախջախիչ  պարտութեան  յանդիման: Հետեւողականօրէն ներշնչուող դատապարտուածութեան զգացման, տեղի ունեցող  հայավնաս իրադարձութիւնները թաքցնելու կամ աղաւաղուած ներկայացնելու պայմաններում, հանրութեան համար դժուարընկալելի, համակերպելի դարձաւ ոչ միայն Արցախի, այլեւ Հայաստանի Հանրապետութեան տարածքների յանձնումն` առանց դիմադրութեան զիջումը թշնամուն:

Նոր պատերազմի, նորանոր ու աւելի սարսափելի կորուստների շարունակական սպառնալիքների ազդեցութեան ներքոյ գտնուող մեծ զանգուածներին հնարաւոր է հաշտեցնել ոչ միայն կրած, այլեւ հաւանական նոր պարտութիւնների եւ զիջումների հեռանկարի հետ: Հոգեկան վայրիվերումների հանգամանքը շահարկելով` ողբերգական անցքերի ցնցումը չյաղթահարած  հանրութեանը պարտադրուեցին արտահերթ ընտրութիւնները:

Advertisement Subscribe Today

Ազգային շահերի դէմ գործող օտարի ու թշնամու կամակատար իշխանութեան  «յաղթանակը»  անմիջապէս  շնորհաւորեցին միջազգային տարբեր բեւեռներ ներկայացնող դիտորդները, սրանով փաստացի արտայայտելով իրենց աջակցութիւնը գործող իշխանութիւններին, ինչպէս եւ համաձայնութիւնը յայտարարուած արդիւնքների վերաբերեալ: Իհարկէ, ոչ ոք ակնարկ իսկ չարեց մուրճը թափահարելով` մրցակիցների  հասցէին  սպառնալիքներ  տեղացող, հէնց ընտրարշաւի ընթացքում քաղաքական հալածանքներ կիրառող եւ զանգուածային ընտրախախտումներ թոյլ տուած քաղաքական ուժի առաջնորդի եւ երկրի թիւ մէկ պաշտօնեայի նախընտրական «գործողութիւնների»  վերաբերեալ: Իրենց հերթին իշխանութիւններն անմիջապէս ձեռնամուխ եղան քրէական նոր հետապնդումների ծաւալմանն այն անձանց ու պաշտօնեաների նկատմամբ, որոնք համարձակուել էին չենթարկուել թելադրանքին եւ չծառայել իշխանութեանը: Այսպիսով` երկրում նոր թափ է հաւաքում պետական համակարգի, բանակի քայքայման գործընթացը: Հնչող յայտարարութիւնները վկայում են, որ պետական կառոյցի դէմ ուղղուած ոտնձգութիւնների թիրախում լինելու է իրաւական համակարգը եւ` ոչ միայն:

Սրանով հանդերձ` գլխաւոր աղէտը, որն ընտրութիւնների ճանապարհով հնարաւոր  չեղաւ կանխել,  մնում է  թշնամի հարեւանների հետ պայմանագրերի կնքման հեռանկարը, ըստ որի` Հայաստանը սահմանային ու դիրքային լուրջ կորուստներ կ’ունենայ, եւ վերջնականապէս խաչ կը քաշուի Արցախի հարցի վրայ:

Հայաստանի վարչապետի անօրինական պաշտօնակատարը Յուլիս 7-ին, դեռ չվերահաստատուած իր պաշտօնական կարգավիճակում, բանակցութիւնների համար Կրեմլում հանդիպեց Ռուսաստանի նախագահի հետ: Վերջինս, շնորհաւորելով նրան ընտրութիւնների արդիւնքների կապակցութեամբ, նշել է.«Կարծում եմ, դա կարեւոր է բոլորի, առաջին հերթին` Հայաստանի, հայ ժողովրդի համար, նկատի ունենալով այն, որ նման դժուար, սուր հարցերը կարելի է լուծել միայն արդիւնաւէտ աշխատանքի հնարաւորութեան դէպքում, ինչի համար ամենակարեւորը ժողովրդի վստահութիւնն ունենալն է: Այն Դուք ունէք, դա ցոյց տուեցին ընտրութիւնների արդիւնքները, ինչը շատ կարեւոր է, իրականում դա ամենագլխաւորն է: Երկրի համար նման դժուարին պահերին  դա  ամենակարեւոր պայմանն է յետագայ զարգացման»: Դժուար չէ կռահելը, որ հիմնական «դժուար, սուր»  հարցերը մնում են Ատրպէյճանի եւ Թուրքիոյ հետ պայմանագրերի կնքումը, երբ երկու դէպքում էլ խօսքը կարող է վերաբերել Արցախից ու Հայաստանից գրաւուած ներկայ դիրքերի` որպէս սահման ճանաչմանը,  Հայաստանով վերջիններիս միջանցքի կամ միջանցքների տրամադրմանը: Այդ ամէնի  դիմաց, որպէս «պարգեւատրում», ինքնիշխանութեան երաշխիքները յաւէրժօրէն կորցրած Հայաստանը կարող է բացել իր գիրկը թուրք-ատրպէյճանցիների եւ ատրպէյճանաթրքական կապիտալի առջեւ: Մոսկովեան այս նոյն հանդիպման շրջանակում  Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Տմիդրի Պէսկովը, պատասխանելով հարցին, թէ նախատեսուո՞ւմ  են  բանակցութիւններ ադրբեջանական կողմի հետ,ասել է.«Ատրպէյճանական կողմի հետ շփումները շարունակւում են: Բոլորը համաձայն են, որ եռակողմ պայմանագրերի դրոյթների կատարումը շատ կարեւոր է եւ այլընտրանք չունի: Եւ այս շրջանակներում շփումներ են իրականացւում ինչպէս հայկական, այնպէս էլ ատրպէյճանական կողմի հետ» (Պէսկովի խօսքը մէջբերել է «Թասս»-ը):

Ինչ վերաբերում է եռակողմ պայմանագրի դրոյթների` կարեւոր ու անայլընտրանք լինելուն, ապա ակնյայտ է բոլորի համար, որ այն  առայժմ շահեկանօրէն միակողմանի է Ատրպէյճանի համար, իսկ Հայաստանը ոչ միայն դեռ ոչինչ չի ստացել, այլեւ շարունակում է նահանջն ադրբեջանական խաղաղ զաւթողականութեան դէմ: Նիկոլ Փաշինեանի խայտառակ առաջնորդութեամբ Հայաստանը արագօրէն վերադարձրեց ատրպէյճանցի գերիներին, խախտելով կնքուած յայտարարութիւնը` շարունակեց առանց կռուի Արցախի տարածքները զիջել, իսկ այժմ Հայաստանի տարածքներն է զիջում նոյն թշնամուն, արգելելով Հայաստանի ցանկացած ինքնապաշտպանական նախաձեռնութիւնը, գնալով որեւէ օրինականութեան սահմաններում չտեղաւորուող  գործարքի, գերիների հերթական խմբաքանակների դիմաց վճարում է պետական յոյժ գաղտնի փաստաթղթերով:

Ակնյայտ է այն, որ մենք արտաքին որեւէ ուժից որեւէ բան պահանջելու կամ նրա դիրքորոշումից դժգոհելու իրաւունքը չունենք: Եթէ մի պետութիւն ու ժողովուրդ չեն պաշտպանում սեփական շահերը, ապա օտարը պարտաւոր չէ  անել այդ բանը: Իւրաքանչիւրն  առաջնորդւում է սեփական շահերով, իսկ եթէ որեւէ երկրի ղեկավարութիւն պատրաստակամ է սպասարկելու օտարի շահերը, ապա ինչու՞ չփայփայել նրան, եւ շահագրգռուած չլինել գործ ունենալ հէնց նմանի հետ: Ինքնիշխան երկրի համար ամօթ ու խայտառակութիւն է, երբ երկրի ղեկավարն օգնութեան է դիմում եւ պատրաստ է իր պետութեան սահմանների պաշտպանութիւնը յանձնել ցանկացած արտաքին ուժի: Չկարողանալով եւ չկատարելով ինքնիշխանութեանը բնորոշ ամենակարեւոր գործառոյթը`  Հայաստանի  իշխանութիւնն, ըստ էութեան, լրջօրէն հարցականի տակ է դրել Հայաստան պետութեան այսօրուայ ինքնիշխանութեան հանգամանքը:

Մեր բազմաչարչար երկրի համար ամենածանր ժամանակներ են: Մենք կորցրել ենք այն ամէնը, ինչը հնարաւոր էր կորցնել, իսկ նոր կորուստների դէպքում այլեւս հայոց  պետականութեան ինքնիշխան գոյատեւման կամ վերածնութեան հեռանկարի մասին աւելորդ կը լինի խօսելը: Հայաստանը նոր կորուստների տեղ չունի, որ նշանակում է, թէ հայ ժողովրդի առջեւ պայքարի ուղուց բացի`  այլ ճանապարհ  չկայ:  Խօսքն, իհարկէ, այսօր զէնք վերցնելու եւ թշնամիներին պատերազմ յայտարարելու մասին չէ: Գլխաւորը ներքին թշնամու հարցն է. մեր տան խնդիրը մեր տան մէջ պէտք է լուծել: Նիկոլ Փաշինեանը յայտարարում է, թէ Հայաստանում ճգնաժամը յաղթահարուել է: Իր կործանարար ծրագրերն աւարտին հասցնելու համար նրան ներքին կրաւորականութիւն է հարկաւոր, սակայն մենք այդ բանն իրեն թոյլ տալ չենք կարող: Միւս կողմից` յանցագործութիւնները վաղեմութեան ժամկէտ չունեն, հետեւաբար` մինչ այժմ կատարած յանցագործութիւնների համար պատասխանատուութիւնը նրա վրայից կարող է հանել միայն դատարանը եւ ոչ թէ` որեւէ ընտրութիւն: Իսկ հաշտուել առկայ վիճակի հետ նշանակում է կանաչ լոյս վառել հայրենադաւների առջեւ: Պայքարն  այլընտրանք  չունի եւ այն նոր որակով շարունակելու համար ստեղծուած են լուրջ նախադրեալներ:

Յիշենք, որ պատերազմում կրած խայտառակ պարտութիւնից յետոյ  ընդդիմադիր ուժերի բողոքի կոչերին արձագանգում էր ընդամէնը մի քանի հազար մարդ: Եօթ ամիս անց ընդդիմութեանը կամ, այլ խօսքով, երկրի կործանարար ընթացքը կասեցնելու եւ ապահովութեան ու զարգացման գործընթաց սկսելու կոչերին, արձագանգեց առնուազն 270 հազար քաղաքացի: Նոր խորհրդարանում շօշափելի ներկայութիւն են լինելու իրական ընդդիմութիւնը ներկայացնող երկու խմբակցութիւնները, ինչր նշանակում է, որ իշխանութեան եւ նրա կործանարար ծրագրերի դէմ պայքարը հնարաւոր է դառնում ծաւալել հէնց իշխանական դաշտում եւ` ոչ միայն: Այդ պայքարն այսօր արդէն ունենալու է զանգուածների հուժկու աջակցութիւնը:

Յուլիսի սկզբին տեղի ունեցաւ «Հայաստան» դաշինքի մաս կազմող Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Հայաստանի կառոյցի Գերագոյն ժողովը, որն ամրագրեց պայքարը շարունակելու կուսակցութեան վճռականութիւնը: Պայքարը շարունակելու վճռականութեան մասին է յայտարարել հէնց «Հայաստան» դաշինքը: Հայրենիքի փրկութեան գաղափարը այլընտրանք չունի, պայքարը կը շարունակուի մինչեւ յաղթական աւարտ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button