Ուքրայինական Դանակը Հասաւ Ռուսական Ոսկորին

0 0
Read Time:9 Minute, 19 Second

 

Վարդան Յակոբեան

«Դրoշակ»-ի 2022 տարի թիւ 4  

 Մեսրոպեան ուղղագրութեան վերածեց Յարութիւն Մըսրլեան

Ապրիլ 21, 2022

 

Մարտ 21-ին ԱՄՆ-ի նախագահ Ճօ Պայտընը խոշոր բիզնիսմենների (գործարութեան տէր – ՅՄ) հանդիպման ժամանակ յայտարարեց, որ ձեւաւորւում է նոր աշխարհակարգ, որը գլխաւորելու է Միացեալ Նահանգները, եւ ոչ ոք չի կարող խանգարել դրան: Նա միայն մոռացաւ նշել, որ այդ գործընթացը ԱՄՆ-ն ծրագրել է տասնամեակներ առաջ, եւ արդէն մօտ 40 տարի է, ինչ յաջողութեամբ իրականացնում է: Յաջողութիւնների շարքում նա կարող էր յիշել յաղթանակը Սառը պատերազմում, ԽՍՀՄ փլուզումը, Հարաւսլավիայի մասնատումը, Հիւսիսային Աֆրիկայից մինչեւ Աֆղանիստան ընկած որոշ պետութիւնների ջախջախումը, մի քանիսի հասարակական կարգի տապալումը կամ տնտեսութեան քայքայումը եւ այլն, եւ այլն: Նոր, միաբեւեռ աշխարհակարգ կառուցելու համար անհրաժեշտ է քանդել հինը, քանդել հիմնովին: Հինը ձեւաւորուել էր երկրորդ համաշխարհային պատերազմի հետեւանքով: Միջազգային յարաբերութիւնները կարգաւորող պայմանագրերը, եւրոպական եւ ասիական պետութիւնների սահմանները գծել ու հաստատուել էին մեծ եռեակի՝ ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի եւ մեծ Բրիտանիայի կողմից եւ անսասան մնացին մինչեւ Խորհրդային Միութեան եւ Վարշավեան պայմանագրի փլուզումը: Ուրեմն անհրաժեշտ էր ռեւիզիայի (վերաքննում – ՅՄ) ենթարկել այդ պատերազմի պատճառներն ու հետեւանքները, շրջանցել միջազգային օրէնքները, վերանայել ու նոր գնահատականներ տալ մասնակից պետութիւնների, դրանց ղեկավարների դերակատարութեանն ու վարած քաղաքականութեանը, եւ ամենակարեւորը՝ վերաձեւել արեւելաեւրոպական պետութիւնների սահմանները որոնք հաստատուել էին 1939 թ.:

Նոր աշխարհակարգ կառուցելու ճանապարհին կանգնել է Ռուսաստանը, որն այսօր Արեւմուտքի հիմնական թիրախն է: Անշուշտ, ռուս-Ուքրայինական պատերազմը, որում յաղթող, որպէս այդպիսին, չի կարող լինել, քանի որ այն, ըստ էութեան քաղաքացիական պատերազմ է, ԱՄՆ-ի հերթական յաջողութիւնն է, որին հասնելու համար ԽՍՀՄ փլուզումից անմիջապէս յետոյ չափազանց մեծ միջոցներ ու եռանդ էին ներդրուել: Իսկ 2014 թ. կազմակերպուած յեղաշրջումից յետոյ, երբ իշխանութեան բերեցին հաւաքագրուած օլիգարխներին (սակաւապետներուն – ՅՄ) եւ բանդերական (աւազակախումբ – ՅՄ) նացիստներին, ովքե՞ր արդէն անթաքոյց սկսեցին Ուքրայինան նախապատրաստել պատերազմի ռուսների դէմ: Պատերազմ մինչեւ վերջին Ուքրայինացին, ինչպէս նշեց Պորիս Ճանսընը: ՌԴ բոլոր փորձերը՝ խուսափելու դրանից, ապարդիւն էին: Ռուսաստանը արդէն նշանակուած էր մեղադրեալ եւ դատապարտուած էր կատարելու ագրեսորի (նախայարձակ – ՅՄ) դերը: Մինչ այդ ԱՄՆ-ին յաջողուեց համախմբել դաշնակիցներին Եւրոպայում եւ հակառուսական ճակատ ստեղծել: Եւրոպացիները մահու չափ վախենում են Ռուսաստանի դէմ պատերազմի մէջ ներքաշուելուց՝ հասկանալով, որ ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ ՆԱԹՕ-ն չեն փրկի իրենց, եթէ ծայրայեղութեան հասցուած ռուսները դիմեն միջուկային հարուածի: Բացի այդ՝ Գերմանիայի եւ Ֆրանսայի արդիւնաբերական ծանրաքաշ երկիրները հասկանում են, որ ԱՄՆ-ի կողմից թելադրուող պատժամիջոցները, մանաւանդ էներգետիգ (ուժանիւթային – ՅՄ) ոլորտում, ծանր կացութեան մէջ են դնում հենց իրենց տնտեսութիւնները: Ինչպէ՞ս բացատրել, որ եւրոպացիները, մի կողմ դնելով այս փաստարկները, այդուհանդերձ ենթարկուեցին ԱՄՆ-ի պահանջներին:

Կարելի է ենթադրել հետեւեալը: Նախ՝ ամերիկացիները հաւաստիացրել են եւրոպացիներին, որ իրենք երբեք չեն անցնի կարմիր գծերը, ինչը կարող է առիթ տալ ռուսներին միջուկային պատերազմ սկսելու արեւմտաեւրոպական պետութիւնների դէմ: Այդ գծերը նշել են հենց ռուսները, այն է՝ ՆԱԹՕ-ն այլեւս չպէտք է ընդլայնուի դէպի արեւելք, եւ Ուքրայինան չպէտք է անդամակցի այդ կազմակերպութեանը: Միւս կողմից՝ ԱՄՆ-ն թոյլ չի տայ ՆԱԹՕ-ական որեւէ երկրի անմիջական մասնակցութիւնը այս պատերազմին եւ կը կասեցնի ցանկացած քայլ, որը կարող է առիթ հանդիսանալ դրա համար: Նրանք նաեւ բացատրել են, որ հակառակորդին կարելի է սասանող հարուած հասցնել այլ պետութիւնների ձեռքերով՝ լաւ զինելով նրանց: Չէ՞ որ Ուքրայինայում թափուելու է ռուսների արիւնը, այլ ոչ թէ արեւմտաեւրոպացիների: Իսկ յաջողութեան դէպքում ռուսական արիւնը կը թափուի նաեւ Մոսկուայում , երբ պատժամիջոցների հետեւանքով ստեղծուած տնտեսական կոլապսը (սնանկութիւն – ՅՄ) եւ սոցիալական (ընկերային – ՅՄ) ծանր վիճակը կը յանգեցնեն յեղաշրջման, եթէ ոչ քաղաքացիական պատերազմի Ռուսաստանում: Ազատուելով Վ. Փութինից՝ ինչպէս Ուքրայինայում 8 տարի առաջ, ՌԴ-ում իշխանութեան կը բերուեն մարդիկ, որոնք հլու-հնազանդ կը կատարեն բոլոր հրահանգները եւ կը վերացնեն եւրոպացիների մտահոգութիւնները: Այդ յեղաշրջումը հեռու չէ, մանրակրկիտ նախապատրաստուած է, գործող անձիք սպասում են ազդանշանի, որը կը տրուի յարմար պահի: Իսկ մինչ այդ համբերատարութեամբ պէտք է տանել հնարաւոր զրկանքները, յաշթհարել դժուարութիւնները:

Ուքրայինային առնչուող ռազմաքաղաքական զարգացումներում յատուկ ուշադրութեան է արժանի ՆԱԹՕ-ի անդամ այնպիսի երկրների վարքագիծը, ինչպիսիք են Լեհաստանը, Թուրքիան եւ Ռումանիան, որոնց տարածքային յաւակնութիւնները Ուքրայինայի նկատմամբ ունեն պատմական հիմքեր եւ համատեղւում են ԱՄՆ-ի կողմից վերջին համաշխարհային պատերազմի հետևանքով ձևաւորուած իրողութիւնների վերանայման հետ:

Լեհաստանին ձեռնտու չէ ո՛չ Ռուսաստանի, ո՛չ էլ Ուքրայինայի յաղթանակը: Լեհերը ձգտում են հասցնելու հակամարտութիւնը այնպիսի կէտի, երբ բախման ճակատը կը մօտենայ պատմական Գալիցիային եւ նրանք հնարաւորութիւն կ’ունենան «խաղաղապահների» անուան տակ զօրք մտցնելու Արեւմտեան Ուքրայինա, այսինքն՝ օգուպացնելու (բռնագրաւելու – ՅՄ) , իսկ յետոյ վերամիաւորելու այն տարածքները, որոնք մինչեւ 1939 թ. Լեհաստանի կազմում էին: Իսկ եթէ յաջողուի նոյն վիճակը ստեղծել նաեւ Բելառուսում, ապա կը վերամիաւորեն նաեւ այդ երկրի արեւմտեան հատուածը, որը նոյնպէս մինչեւ 1939 թ. պատկանում էր իրենց: Լեհաստանի նման նպատակների իրականացումը նախադէպ կը հանդիսանայ նաեւ Ռումանիայի համար, որի արեւելեան հատուածը՝ Բեսարիարիան, կցուեց ԽՍՄՀ-ին՝ կազմելով Մոլդովական ԽՍՀ-ն, եւ դրանից հարաւ ընկած զգալի մի տարածք միացուեց Ուքրայինային:

Եթէ ՌԴ-ն  չկարողանայ աւարտին հասցնել զինուորական գործողութիւնը Ուքրայինայի ողջ տարածքում, ուստի եւ չկարողանայ խոչընդոտել լեհական զօրքի ներխուժումը Գալիչինա, ապա ստիպուած կը լինի համաձայնել երկրի մասնատմանը: Այդ դիպքում լեհերը ԱՄՆ-ի օգնութեամբ, քաղաքական եւ դիւանագիտական ճանապարհներով կը հիմնաւորեն ու կը վերամիաւորեն տարածքը՝ համաձայն 1939 թ. քարտէսի:

Թուրքիան, որը, 18-րդ դարից սկսած, չի համակերպում Ղրիմի կորստեան հետ եւ բաց չի թողնում որեւէ հնարաւորութիւն՝ ետ բերելու այն, ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի միջեւ ուկրանիական խաղի ակտիւ (գործօն – ՅՄ) մասնակիցն է: Ի տարբերութիւն նշուած երկու պետութիւնների՝ Թուրքիային ձեռնտու է Ռուսաստանի պարտութիւնը. միայն այդ դէպքում է իրական հնարաւորութիւն ստեղծւում ետ բերելու Ղրիմը: Յաղթած Ուքրայինայի ձեռքից Ղրիմը կարելի է վերցնել, գնել, իսկ Ռուսաստանից ոչ: Մինչեւ 2014 թ. Մարտին ռուսների կողմից այդ թերակղզու վերամիաւորումը թուրքերը նախապատրաստական մեծ աշխատանք էին կատարել, մասնաւորապէս ուժեղացնելով ղրիմեան թուրքամետ թաթարների համայնքը, ծաւալելով ֆինանսատնտեսական եւ գաղափարաքարոզչական ակտիւ գործունէութիւն, եւ վստահ էին , որ, օգտագործելով իշխանութեան եկած օլիգարխներին (սակաւապետներուն – ՅՄ) քայլ առ քայլ կը սեփականացնեն Ղրիմը: եթէ Ուքրայինացիները կարենային դիմադրութիւն կազմակերպել եւ գոնէ մէկ շաբաթ դիմադրել ռուսներին, չէր բացառուի թուրքերին ռազմական ներխուժումը Ղրիմ: Այսօր էլ, եթէ Ռուսաստանը չկարենայ աւարտին հասցնել Ուքրայինայում ձեռնարկած գործողութիւնն ու ընկրկի կամ մնայ կէս ճանապարհին, Թուրքիան, իհարկէ Ուքրայինայի խնդրանքով եւ ԱՄՆ-ի օրհնութեամբ, ոտք կը դնի Ղրիմ:

Ռուսաստանի յաւակնութիւնները Ուքրայինայի նկատմամբ աւելի հիմնաւոր են պատմական եւ էթնիկական (ցեղային- ՅՄ) առումներով: Դարեր շարունակ այդ տարածքները եղել են ռուսական պետութեան կազմում, իսկ բնակչութեան ճնշող մեծամասնութիւնը համարել է իրեն ռուս: Սակայն Ռուսաստանի համար գլխաւորը տարածքային հարցեր չեն: Մինչեւ Ուքրայինայում արեւմտամետ, ԵՄ-ին եւ ՆԱԹՕ-ին անդամակցելու քաղաքական ուղի ընտրած ուժերի՝ իշխանութեան գալը եւ նրանց կողմից խտրականութիւնները ռուսների, իրենց լեզուի ու մշակոյթի նկատմամբ, Ուքրայինական նացիստների հերոսացումը եւ բանդերական (աւազակախումբ – ՅՄ ) ջոկատների կամայականութիւններն ու  հաշուեյարդարները ընդդիմախօսների նկատմամբ Ռուսաստանը երբեւէ կասկածի տակ չի դրել Ուքրայինայի իշխնութիւնը եւ տարածքային ամբողջականութիւնը: Ռուսաստանի համար կենսական խնդիրը անվտանգութիւնն է: Ուքրայինայի անդամակցութիւնը ՆԱԹՕ-ին, այն էլ՝ ռուսների նկատմամբ թշնամարար տրամադրուած եւ ԱՄՆ-ի անմիջական կառավարման տակ գտնուող իշխանութիւնների գլխաւորութեամբ, մահացու սպառնալիք է Ռուսաստանի համար: Դեռ անցած տարուայ դեկտեմբերին ՌԴ-ն պաշտօնապէս դիմեց  ԱՄՆ-ի եւ ՆԱԹՕ-ի ղեկավարութեանը՝ մանրակրկիտ բացատրելով այս հանգամանքը, եւ պահանջեց նրանցից պաշտօնական փաստաթղթային երաշխիքներ, որ Հիէսիսատլանտեան կազմակերպութիւնը կը դադարեցնի իր ընդլայնումը դէպի արեւելք՝  նկատի ունենալով նախ եւ առաջ Ուքրայինայի անդամակցութիւնը: Քննարկումներ եւ բանակցութիւններ վարելու իմիտացիաից (նմանակում –  ՅՄ) յետոյ նրանք պատասխանեցին, թէ ամեն երկիր ազատ ընտրութեան իրաւունք ոէնի, այսինքն՝ պատասխանատուութիւնը բարդեցին Ուքրայինացիների վրայ:

Այս խաղը հասկնալու համար այն պէտք է դիտել ԱՄՆ-ի կլոպալ (համաշխարհային – ՅՄ) քաղաքականութեան ենթատեքստում: ԱՄՆ-ի քաղաքականութիւնը պլանաւորողները (ծրագրողները – ՅՄ) մանրամասնօրէն հաշուարկել են ՌԴ-ի դէմ պատերազմի կործանարար հետեւանքները: Երկու գերպետութիւնների սպառազինութեան հզօրութեան մակարդակն այնքան բարձր է, որ ՆԱԹՕ-ի անդամ երկրների թիւի աւել կամ պակաս լինելը էապէս չի կարող փոխել ուժերի յարաբերակցութիւնը, եւ Ուքրայինայի անդամակցութիւնը ՆԱԹՕ-ին լուրջ առաւելութիւններ չի տալիս, աւելին՝ մեծացնում է հակառակորդի հետ բախման վտանգը: Միայն պատերազմի սկսուելուց յետոյ ՆԱԹՕ-ի ղեկավարութիւնը յստակ յայտարարեց, որ մտադիր չէ ընդունիլ Ուքրայինային դաշինքի կազմ: Փոխարէնը նրանք նոյնքան մանրակրկիտ մշակել են հակառակորդին պարտութեան մատնելու մարտավարութիւնը՝ առանց նրա հետ անմիջական բախման մտնելու, այսինքն՝ մէկ այլ պետութեան կամ ուժի ձեռքերով: Իհարկէ,  կողմնակի ճանապարհներով հակառակորդին վնաս հասցնելը հին մարտավարութիւն է, բայց հիմնականում օգտագործուել է որպէս օժանդակ միջոց, իսկ մեր օրերում դառնում է առաջնային՝ հակառակորդներին ծանր հարուած հասցնելու եւ պարտութեան մատնելու գործում: ԱՄՆ-ն այս մարտավարութիւնը մեծ արդիւնաւետութեամբ կիրառում է Ուքրայինայում: Այսպէս, անկախ այն բանից, թէ ինչով կ’աւարտի այս պատերազմը, ԱՄՆ-ն, չմասնակցելով դրան որպէս կողմ, լուծեց մի քանի խնդիրներ: Նախ՝ մեղադրելով ռուսներին ակրեսիայի (նախայարձակման – ՅՄ) մէջ՝ կիրառեց տոտալ (ամբողջական – ՅՄ) պատժամիջոցներ եւ ծանր հարուած հասցրեց ՌԴ-ի տնտեսութեանը: Երկրորդ՝ անընդհատ զէնք ու զինամթերք մատակարարելով Ուքրայինացիներին՝ երկարաձգում է նրանց դիմադրութիւնը՝ հնարաւորինս մեծ նիւթական ու մարդկային կորուստներ պատճառելու համար ռուսներին: Այդ կորուստների պատասխանատուութիւնը բարդելով Վ. Փութինի վրայ եւ ծաւալելով հզօր քարոզչութիւն նրա դէմ հասարակութեան մէջ բորբոքում է սոցիալական (ընկերային – ՅՄ) դժգոհութիւնները՝  Ռուսաստանում  ներքին վիճակը ապակայունացնելու նպատակով: Միաժամանակ, յաջողութեամբ խուսափելով մեծ ծախսերից, ԱՄՆ-ն Ուքրայինային ցուցաբերուող մեծ օժանդակութեան ֆինանսական բեռը, ինչպէս նաեւ հազարաւոր փախստականների հոգսը բարդում է ԵՄ երկիրների վրայ պարտադրում վերջիններիս զրոյացնել (արժեզրկել – ՅՄ) ՌԴ-ի հետ համագործակցութիւնը բոլոր ուղղութիւններով ու մակարդակներով՝ կախման մէջ դնելով ԵՄ աշխարհատնտեսական շահերն իր կլոպալ (համաշխահային – ՅՄ) ռազմավարութիւնից:

Ճօ Պայտընի, նրա ետեւում կանգնած՝ ԱՄՆ  ռազմավարութիւնը պլանաւորող (ծրագրող – ՅՄ) գործիչների հնչեցրած դրոյթները նոր աշխարհակարգ ձեւաւորելու վերաբերեալ հնարաւորութիւն են տալիս բացատրելու 30 տարում Ուքրայինայում կատարուած իրադարձութիւնների պատճառներն ու հետեւանքները, դրանց ծաւալման համակարգային բնոյթը: Դրանք նաեւ հնարաւորութիւն են տալիս հասկանալու ՌԴ-ի նկատմամբ վարուող քաղաքականութեան ընդհանուր տրամաբանութիւնը եւ կանխատեսելու հետագայ քայլերի ժամանակն ու ուղղութիւնները: Հասկանալի է, որ ՌԴ-ի նման աշխարհաքաղաքական մրցակցին խաղից դուրս թողնելու համար «Ուքրայինական դանակի» հարուածը բաւարար չէ, ուստի կը սրուեն այլ «դանակներ»: Դրանցից մէկը կը սրուի Հարաւային Կովկասում: Դրա հիմքերը նախապատրաստուել են դեռ 2018 թ. : Թուարկենք վերջին 5 տարում այս տարածաշրջանում տեղի ոէնեցած իրադարձութիւնները:

2018 թ. տեղի ունեցաւ թաւշեայ յեղափոխութիւն Հայաստանում: Իշխանութեան բերուած նէօլիպերալները երկու տարում խարխլեցին երկրի միջազգային յարաբերութիւնները , բանակը, պետական ինստիտուտները (Հիմնարկութիւնները – ՅՄ) : Այդ ընթացքում Ատրպէյճանը խորացրեց ռազմաքաղաքական համագործակցութիւնը Թուրքիայի հետ, շեշտակի մեծացրեց զէնք ու զինամթերքի գնման ծաւալները, հազարաւոր թուրք եւ Իսրայելցի զինուրական մասնագէտների օգնութեամբ վարժեցնում էր իր սպաներին ու զինուորնրին: Ակնյայտ էր, որ Ատրպէյճանը պատրաստւում էր պատերազմի: Սակայն նոյքան ակնյայտ էր, որ ազերիները պատրաստւում էին յաղթանակի, իսկ Հայաստանը՝ պարտութեան:

Չնայած Ռուսաստանի բազմաթիւ նախազգուշացումներին եւ բանակցութիւնների միջոցով պատերազմից խուսափելու կոնկրետ (ստոյգ – ՅՄ) առաջարկներին՝ հայկական կողմը յամառօրէն անտեսում էր դրանք: Պատերազմում Հայաստանը պարտութիւն կրեց  եւ վերջնագիր ստորագրեց: Ռուսական խաղաղապահ զօրքերը մտան Արցախ՝ թոյլ չտալով Ատրպէյճանին ամբողջութեամբ տիրել այդ հանրապետութեանը:

Այսպիսով՝ 2022 թ. Հարաւային Կովկասում ստեղծուել է մի իրավիճակ, երբ առկայ են երկու իրական ուժեր՝ Ատրպէյճանը եւ ՌԴ խաղաղապահ զօրքերը: Փոխադարձ հանդուրժողականութիւնը նրանց միջեւ ձեւական է եւ չի կարող քողարկել իրարամերժ նպատակներով պայմանաւորուած իրական հակասութիւնները երկու երկիրների միջեւ: Ատրպէյճանի յամառ ձգտումը՝ վերակցելու Արցախը եւ վերականգնելու իր պատկերացրած տարածքային ամբողջականութիւնը, անհամատեղելի է ռուս խաղաղապահների ներկայութեան հետ: Բացի Ռուսաստանից, ի դէմս իր խաղաղապահների, որեւէ այլ արգելք Ատրպէյճանի համար գոյութիւն չունի: Հայաստանի իշխանութիւնները չունեն ռազմական, քաղաքական ու դիւանագիտական ռեսորսներ (սկզբնաղբիւրներ – ՅՄ) Արցախը պաշտպանելու համար եւ յատուկ ջանքեր էլ չեն գործադրում այդ ուղղութեամբ:

Ատրպէյճանում աստիճանաբար թափ է հաւաքում հակառուսական հիստերիան, յաճախակի են դառնում յարձակումները արցախեան բնակավայրերի վրայ, սադրանքները խաղաղապահների նկատմամբ: Այստեղից էլ ձեւաւորւում է այն  ինտրիգը (խառնակչութիւն –  ՅՄ) , որն ամերիկեան ռազմաքաղաքական կենտրոններում կը պլանաւորուի (ծրագրուի – ՅՄ) եւ որպէս գործնական ծրագիր կ’օգտագործուի Ռուսաստանի դէմ: Բնականաբար այդ ծրագրի իրականացման տեսուչ կը նշանակուի Թուրքիան, որն արդէն հսկում եւ ուղղորդում է հարաւկովկասեան պետութիւնների գործողութիւնները: Այսինքն՝ Ռուսաստանի դէմ կը սրուի մի նոր՝ «Ատրպէյճանական դանակ»: Հետագայ իրադարձութիւնները կ’ընթանան արդէն Ուքրայինական գործելակերպով : Իհարկէ, չի կարելի բացառել, որ ատրպէյճանցիները կը փորձեն դիւանագիտական ճանապարհով, քաղաքական որոշակի փոխզիջումներով հասնել ռուսների հեռանալուն եւ խուսափել նրանց հետ բախումից: Թոյլ չեն տայ: Խաղի մէջ մտնելուց յետոյ խաղի կանոնները չի կարելի փոխել:: Իլհամ Ալիեւը պէտք է լաւ յիշի նման փորձի հետեւանքները Վիկտոր Եանուկովիչի դէպքում:

Իսկ ի՞նչ դեր է յատկացուած Հայաստանին: Իսկ ի՞նչ դեր կարող է խաղալ մի պետութիւն, որի իշխանութիւնները կոյր են, խուլ են ու համր ազգային ու պետական շահերի հանդէպ: Թերեւս միայն մէկ դեր՝ լինել սրաքար ատրպէյճանական դանակը սրելու համար:

Նոր աշխարհակարգի ձեւաւորման ամերիկեան ռազմավարութեան տրամաբանութիւնը թոյլ է տալիս պատկերացնելու աշխարհաքաղաքական նման զարգացումներ: Բացի ամերիկեանից՝ կան, սակայն, այլ ռազմավարութիւններ եւս, եւ թէ ինչպէս կը զարգանայ նոր աշխարհակարգի կառուցման գործընթացը, ցոյց կը տայ ժամանակը:

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published.

Social profiles