«Ուզում Ենք Երկրում Հաստատել Իրական Ժողովրդավարութիւն» կը յայտնէ Հ.Յ.Դ. Բիւրոյի Ներկայացուցիչ Հրանդ Մարգարեան

0 0
Read Time:11 Minute, 44 Second

HYD. Hrant Margaryan

 

Ստորեւ, յապաւումով լոյս կ՛ընծայենք հարցազրոյց մը, կատարուած «Երկրի Հարցը» յայտագրի կողմէ, Հ.Յ.Դ. Բիւրոյի ներկայացուցիչ Հրանդ Մարգարեանի հետ, Հ.Յ.Դ. 32-րդ Ընդհանուր ժողովի աւարտէն ժամեր ետք.-
Հ.- Նախ թոյլ տուէք շնորհաւորել, միանում եմ բոլոր շնորհաւորանքներին, որ այս օրերին հնչում են Հայաստանից եւ սփիւռքից: Պարո՛ն Մարգարեան, պաշտօնական հաղորդագրութիւնները կարծես ամէն ինչ ասում են, բայց իրականում շատ քիչ բան են ասում: Նախ ուզում եմ անդրադառնաք մինչեւ ժողովը ստեղծուած իրավիճակին: Այն տպաւորութիւնն ունեմ, որ ձեր ժողովներից առաջ ինչ-որ խորհրդաւորութիւն է տիրում, տարբեր խօսակցութիւններ, իրական եւ կամ ոչ իրական ասԷկոսներ, չգիտեն` որտե՛ղ են անելու ժողովը, ի՞նչ է կատարւում արդեօք կա՞ն պառակտութիւններ, արդեօք դժգոհութիւններ կա՞ն դրսից, ներսից: Դուք` ժողովի մասնակիցներդ, ընդհանրապէս կուսակցութիւնը, ինչպէ՞ս էք վերաբերւում այս կարգի խօսակցութիւններին:

Պ.- Մեր կուսակցութիւնը ժողովներին լուրջ է վերաբերւում, դրանք լուրջ, իրական ժողովներ են եւ ոչ ցուցադրական շոուներ: Դա ժողով է, որտեղ քննարկումներ են տեղի ունենում եւ որոշումներ կայացւում: Բնականաբար ժողովի նախօրեակին ստեղծւում է մի քիչ աւելի մեծ լարուածութիւն, ստեղծւում մի քիչ աւելի մեծ ազատութիւն, ստեղծւում տարաձայնութիւնների մի քիչ աւելի թէժ մթնոլորտ, որովհետեւ ժողովի ենք պատրաստւում, հետեւաբար այդ վիճակը` կարծիքների տարբերութիւնը, բախումը բնական է:

Այս անգամ արտառոցն այն էր, որ դրանք ունեցան որոշ չափով հրապարակային բնոյթ: Անշուշտ հաւատացած եմ, եւ ասածիս մէջ ձեւական մաս գոյութիւն չունի, դաշնակցական դաստիարակութիւն ստացած մարդը, անկարելի է, որ ներկուսակցական խոհանոցը հրապարակայնացնի: Անշուշտ կարելի է, որ ռազմավարութեան, քաղաքական հարցերի շուրջ հրապարակային ելոյթներ լինեն, հրապարակային յօդուածագրութիւն լինի, լինի քննարկում, բայց այսպէս` ասած նեղ խոհանոցային հարցերը դժուար թէ որեւէ դաշնակցական հրապարակայնացնի: Այս առումով կար մի քիչ արտառոց վիճակ, քան` նախորդ Ընդհանուր ժողովներին: Բայց ես հաւատացած եմ, որ դա երրորդ ուժի գործ էր, դա դաշնակցականի գործ չէր: Ես հաւատացած եմ` մեր մէջ կարող են տարաձայնութիւններ լինել` կարծիքների տարբերութիւն, բայց այդ տարբերութիւնները դաշնակցականների միջեւ են, երկու կողմն էլ դաշնակցական է:

Մէկը փորձեց ջուր պղտորել, մէկը փորձեց տրամադրութիւն փչացնել, մէկը փորձեց մթնոլորտ ստեղծել, հաւանաբար, չճանաչելով մեզ` դաշնակցականներիս, որ մենք կարող ենք, այո՛, վիճել, բանավիճել, կարող ենք իրար բախուել, բայց վերջում կը տանք որոշում, եւ որոշումը բոլորիս համար պարտադիր կը լինի:

Հ.- Այս անգամ, դուք էլ նշեցիք խօսքի մէջ, այդ տարաձայնութիւնները մի փոքր աւելի սրուած էին, սրուած մրցակցութիւն էր թէ՛ Բիւրոյի անդամների եւ թէ ներկայացուցչի ընտրութեան հարցում:

Պ.- Չէի ասի, յամենայն դէպս, արդիւնքները շատ աւելի հեշտ են ձեռք բերուել, քան սպասւում էր` ելնելով այդ մթնոլորտից: Իրականում երկու երրորդով եւ աւելիով ընտրութիւն է տեղի ունեցել, գրեթէ միակամութիւն է եղել արդիւնքների առումով: Յամենայն դէպս ժողովի պարագայում չի կարելի ասել, որ ոեւէ մէկը յաղթել է, որովհետեւ նախ` ընկերը ընկերոջը ո՛չ յաղթում է, ո՛չ էլ ընկերը ընկերոջից` պարտւում: Ընկերները կարող են վիճել, վիճաբանել, հասնել պարզաբանումների, յստակեցումների, գան եզրակացութեան եւ երկուսն էլ յաղթած են:

Հ.- Հիմա չասե՞նք, որ դուք յաղթել էք ընտրութիւններում որպէս Բիւրոյի ներկայացուցիչ:

Պ.- Ոեւէ անձ չկայ, որ յաղթել է, եթէ կայ յաղթող, ապա դա Դաշնակցութիւնն է: Ընկերների նկատմամբ յաղթանակ տանելը շատ արտառոց է Դաշնակցութիւն հասկացութեան համար: Այո՛, մենք քննարկում ենք կատարել, եղել է կարծիքների տարբերութիւն, կատարուել է իրական քննարկում, բայց հասել ենք միասնական եզրակացութիւնների, հետեւաբար պարտուողի եւ կամ յաղթողի հարց այստեղ լինել չի կարող:

Հ.- Անցնենք ժողովին: Ինչպէ՞ս գնահատուեց կուսակցութեան նախընթաց հատուածի գործունէութիւնը:

Պ.- Կարծում եմ դժուար է մէկ-երկու նախադասութեամբ ամբողջական իրավիճակը ներկայացնել: Բնականաբար եղան քննարկումներ, որ մենք ինչ ձեռքբերումներ ունենք, ինչ կորուստներ ունենք: Կարող էինք շատ աւելի մեծ ձեռքբերումներ ունենալ, քան ունեցանք, բայց կար մէկ ընդհանուր եզրակացութիւն` որ մենք հայկական իրականութեան մէջ գործող դրական պատասխանատու քաղաքական ուժն ենք, հայկական քաղաքականութեան մէջ այն քաղաքական ուժն ենք, որ դրական է եւ պատասխանատու է: Եւ կարծեմ սա ամենամեծ գնահատականն է, որ մենք կարող ենք մեզ տալ, որը, կարծում եմ, նաեւ ուրիշները հանգիստ խղճով կը տան: Մենք եղել ենք խօսակիցը, գործակիցը թէ՛ ընդդիմութեան եւ թէ՛ իշխանութեան, բայց այդտեղ մենք սկզբունքներ չենք զիջել, մեր սկզբունքներից չենք հրաժարուել: Որտեղ պէտք է եղել, մենք ընդդիմութեան հետ ենք աշխատել, իսկ երբ եղել է երկրի անվտանգութեան հարց, մենք չենք խուսափել նաեւ իշխանութեան հետ համագործակցելուց:
Բայց մենք չենք համագործակցել իշխանութեան գոյութիւնը երկարաձգելու համար: Մենք համագործակցել ենք, որպէսզի Ղարաբաղի հարցում ունենանք յաջողութիւն, մենք համագործակցել ենք, որպէսզի հայ-թուրքական յարաբերութիւնների մէջ ունենանք առաւելութիւն: Մենք համագործակցել ենք, երբ մեր երկրի անվտանգութեան խնդիրն է գոյութիւն ունեցել: Բայց նաեւ եղել ենք ընդդիմադիր` իրական ընդդիմադիր, եղել ենք ընդդիմութեան դաշտում, համագործակցել ենք ընդդիմադիր ճակատում եւ ընդդիմութեան համար մեր ուժերի, եւ գուցէ մի քիչ էլ աւելի չափով ստեղծել ենք նպաստաւոր պայմաններ` ընդդիմութեան ազդեցիկ դառնալու համար:

Հ.- Պարո՛ն Մարգարեան, ձեր այդ կեցուածքը կուսակցութեան ներսում, նկատի ունեմ ոչ միայն հայաստանեան կառոյցի, այլեւ ողջ կուսակցութեան ներսում, ի՞նչ ընկալում ունի, ի՞նչ վերաբերմունք կայ: Գիտէ՞ք` ինչո՛ւ եմ հետաքրքրւում, որովհետեւ, կարծես, Հայաստանում ստեղծուած այս իրավիճակը բերել, յանգեցրել է մի կէտի, երբ մարդկանց համար այլեւս մի չափանիշ գոյութիւն ունի` եթէ դու ընդդիմութիւն ես, ուրեմն իշխանութիւնների հետ պէտք չէ շփուես, եթէ դու իշխանութիւնների հետ ես շփւում, ուրեմն դու առանձնապէս ընդդիմութիւն չես: Եւ ձեր այդ շփումը, պետականութեան անվտանգութեան հարցերով, առանձնապէս դրական ընկալում չի ունենում:

Պ.- Ես, արդէն ինչքան ժամանակ է, վերջին մէկ ամիսը, ինձ յաճախ բռնացնում եմ մէկ մտքի վրայ` Ֆրանսայում տեղի ունեցաւ ահաբեկչական գործողութիւն, որտեղ մի շարք անմեղ մարդիկ զոհուեցին: Ամբողջ երկիրը միասնականութիւն ցուցաբերեց: Վտանգ զգացին: Դա Ֆրանսայի նման երկրի համար շատ մեծ չէր, բայց ամբողջ երկիրը փորձեց միասնական կեցուածք ցուցաբերել: Հէնց այն ընդդիմութիւնը, որ չէր ընդունում իշխող ուժին, առաջինը ինքը վազեց, կանգնեց երկրի նախագահի կողքին` հասկանալով, որ կայ վտանգ, որի համար պէտք է Ֆրանսայի ժողովուրդը միասնական կեցուածք դրսեւորի:
Մենք ամէն օր սահմանի վրայ զոհ ունենք, մենք գրեթէ պատերազմական վիճակի մէջ ենք: Մենք պատերազմի մէջ էինք, չնայած, թւում էր, զինադադարի ժամանակաշրջան էր: Բայց վերջին դէպքերը ցոյց են տալիս, որ սկսուել է մի մաշող պատերազմ: Սա չի կարող չազդել քաղաքական ուժերի դիրքորոշումների վրայ: Սահմանը երկրինն է: Եւ ինչ սահմանի վրայ է տեղի ունենում, առաջին հերթին պէտք է հետաքրքրի բոլորին, ողջ ժողովրդին: Ես զարմանում եմ, ի՞նչ պէտք է լինի, որ մենք կարողանանք միասնական լինել: Որ այս իշխանութիւնները թերութիւն ունեն, անշո՛ւշտ ունեն, որ այս իշխանութիւնները կարող են շատ աւելի նպաստաւոր վիճակ ստեղծել, հոգատար վերաբերմունք ունենալ ժողովրդի հանդէպ եւ ժողովրդավարութեան հարցերում, անշո՛ւշտ այդպէս է: Իշխանութիւնները ընկերային արդարութեան առումով ունեն յստակ անելիքներ եւ կարող են անել եւ պէ՛տք է անեն:
Այդ առումով մենք պէտք է պահանջատէր լինենք: Բայց այս հարցը չի կարող պատճառ դառնալ, որ մենք արտաքին վտանգի նկատմամբ միասնականութիւն ցոյց չտանք: Եթէ ուրիշ ժողովուրդներ արդէն կարողանում են դա անել, մե՞նք երբ պէտք է դա անենք: Ո՞ր վտանգն է, որ մեզ պէտք է համախմբի, ո՞ր վտանգն է, որ մեզ պէտք է պատասխանատուութեան կանչի: Սա վտանգ է, որ մեր երկրին է ուղղուած: Ես չեմ ասում, որ այդ վտանգը պէտք է պատճառ դառնայ, որ մենք մեր ներքին հարցերը չկարեւորենք եւ չզբաղուենք այդ հարցերով, ո՛չ, բայց մենք մեր շեշտադրումները պէտք է փոխենք, մեր ոճը պէտք է փոխենք: Եւ առաջինը ես այդ ակնկալիքը ունեմ իշխանութիւնից, որ պէտք է քայլեր անի ժողովրդի միասնականութեան համար, իսկապէս ստեղծի համապատասխան հնարաւորութիւն, խորապատկեր, համապատասխան կարելիութիւն: Ես նաեւ ակնկալում եմ, որ քաղաքական ուժերը հասկանան վտանգի չափն ու տարողութիւնը եւ նոյնպէս համապատասխան կեցուածքներ ունենան: Այն քաղաքականութիւնը, որ Դաշնակցութիւնը կիրառել է Հայաստանում, անկախ այն բանից` ո՛վ է ընդունում, ո՛վ չի ընդունում, վերջիվերջոյ գնահատւում է թէ՛ ընդդիմութեան եւ թէ՛ իշխանութեան կողմից: Վերջապէս փաստ է, որ թէ՛ ընդդիմութիւնն է փնտռում մեզ հետ համագործակցութիւն, թէ՛ իշխանութիւնը: Սա նշանակում է, որ մենք դրական ուժ ենք, մենք ազդու ուժ ենք, իրենք փնտռում են մեր համագործակցութիւնը, որովհետեւ գիտեն, որ մենք մաքուր ուժ ենք, սկզբունքային ուժ ենք: Մենք յետին նպատակներով խաղացող ուժ չենք: Որքան էլ ուզում են` մեզ քննադատեն, բայց երբ միաժամանակ ասում են` եկէք համագործակցենք, նշանակում է` մեզ չեն մերժում, նշանակում է հաւատում են, որ Դաշնակցութիւնը զօրաւոր ուժ է: Մենք մեր ժողովրդի, մեր երկրի հետ ենք: Մեր ժողովրդի ու երկրի համար պատրաստ ենք, այո՛, լինել ընդդիմութեան տարբեր ուժերի հետ, լինել նաեւ իշխանութեան հետ, եթէ կայ երկրի անվտանգութեան հարցը: Հասկանալով, որ մենք ընդդիմադիր ուժ ենք, մենք գործադիր մաս չենք կազմում եւ նպատակ էլ չունենք կազմելու: Բայց սա չի նշանակում, որ սահմանի հարցով մենք կարող ենք լինել անհոգ ու անպատասխանատու: Սրանք տարբեր խնդիրներ են: Քաղաքական ուժի էութիւնը հէնց սա պէտք է լինի, որ կարողանայ հասկանալ` ո՞րն է այն սահմանը, որ մեր ներքին հակադրութիւնները, մեր ներքին պայքարը տանենք մինչեւ այդտեղ: Այդ սահմանը այնտեղ է, որտեղ արտաքին վտանգն է կախուած երկրի վրայ: Ազրպէյճանը իր ներքին խնդիրները մեղմելու համար փորձում է պատերազմ սկսել, փորձում է արտաքին առճակատման վտանգ ստեղծել, որպէսզի մեղմի իր ներքին հարցերը:

Հ.- Լարուածութեան հիմնական պատճառը Ատրպէյճանի ներքին խնդիրնե՞րն են:

Պ.- Այո՛, հիմնական պատճառը իրենց ներքին հարցերը կոծկելու, իրենց ժողովրդին շեղելու նպատակ է հետապնդում: Մեզ մօտ, յաճախ ինձ թւում է, որ արտաքին վտանգը առիթ ու հնարաւորութիւն է ներքին հարցերը արծարծելու համար, ինչն անընդունելի է: Ես հասկանում եմ, ընկերային արդարութեան համար, ժողովրդավարութեան կայացման համար մենք մեր երկրի մէջ իրական պայքար ունենք, պէտք է այդ պայքարը տանենք, պէտք է պահանջատէր լինենք եւ պէտք է հասնենք արդիւնքի: Մենք հասկանում ենք եւ հաւատում ենք, որ սա սահմանադրութեան փոփոխութեան կարող է տանել: Սահմանադրութեան փոփոխութիւնը ամենաէական հարցն է մեզ համար, որ հիմնական լուծում կը բերի երկրի խնդիրների առումով: Բայց նաեւ ուզում ենք, պէտք է կարողանանք աշխարհին ապացուցել, որ եթէ պատերազմ եղաւ, ողջ հայութիւնը դառնալու է մէկ բռունցք, ողջ հայութիւնը ի սփիւռս աշխարհի եւ Հայաստանի մէկ բռունցք է դառնալու, որպէսզի չթողնի, որ ոեւէ մէկը կամք պարտադրի մեր երկրին եւ մեր ժողովրդին: Սա ինձ համար ամենակարեւոր հարցն է: Սա կեանքի հարց է: Սա մեր սերունդի խնդիրն է: Սրանից աւելի կարեւոր հարց չկայ: Ոչ մէկ հարց չի կարող այս հարցի հետ համամատուել: Ո՛չ իշխանութեան հասնելու մեր ձգտումը, ո՛չ իշխանութեանը կործանելու մեր կիրքը չեն կարող գալ, հաւասարուել այս անհրաժեշտութեան հետ: Երկրի անվտանգութիւնը, սահմանների պաշտպանութիւնը, օտարի կողմից մեզ կամք չպարտադրելը այսօրուայ ամենակարեւոր հարցն է, որի շուրջ պէտք է համախմբուած լինի ողջ հայ ժողովուրդը աշխարհի ո՛ր անկիւնում էլ որ լինի: Այն, ինչ իբրեւ արդիւնք մենք ձեռք ենք բերել 25 տարի պայքարելով, զրկանքների եւ չարչարանքների գնով, այսօր պէտք չէ կորցնենք ներքին պառակտման, ներքին ինքնանպատակ պայքարների պատճառով:

Հ.- Պարո՛ն Մարգարեան, սահմանին ստեղծուած լարուածութեան միակ, ասեմ` հիմնական թէ գլխաւոր պատճառը, նշեցիք, որ Ատրպէյճանի ներքին իրավիճակն է, այդ իրավիճակը աղերսներ չունի՞ ապրիլի 24-ի ցեղասպանութեան 100-ամեակի կամ Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցելու հետ:

Պ.- Երկրորդ պարագայում դժուարանում եմ առնչութիւն տեսնել, բայց առաջին պարագայում Ցեղասպանութեան 100-ամեակի առիթով, պարզ է, որ մենք աշխարհին պէտք է ներկայանանք քաղաքական մէկ այլ որակով, քաղաքական մէկ այլ մակարդակով: Հիմա Ատրպէյճանի կողմից դա փորձ է, որ կարողանան այս լարուածութեամբ հարուածի տակ առնել 100-ամեակի հետ կապուած մեր անելիքները: Բայց վստահ եմ` Ազրպէյճանը չի հաւատում, որ պատերազմով կարող է հարց լուծել: Ատրպէյճանը պատերազմով փորձում է նաեւ իր ներքին հարցերը լուծել եւ պահանջում է, որ դրա գինը մեր ժողովուրդը վճարի: Մենք պէտք է կարողանանք պինդ լինել, որ Ազրպէյճանը հասկանայ, որ դա իր համար ապագայ կերտող ճանապարհ չէ: Դա իր հարցերի լուծումը չէ, ընդհակառակը` բարդացումն է: Դա առաջին հերթին պէտք է մեր իշխանութիւնները հասկանան: Եթէ այսօր մենք պէտք ունենք ազգային միասնութեան, ապա ազգային միասնութիւն հնարաւոր է միայն արդարութեան պայմաններով, ազգային միասնութիւն ստեղծուելու է ազատութեան պայմաններով: Սա մեր երկրի մէջ ամենահիմնական հարցն է: Մենք միասնականութեամբ միայն կը կարողանանք ներքին հարցերը շրջանցել եւ արտաքին ուժի նկատմամբ ստեղծել միասնական ճակատ:

Հ.- Փա՛ռք Աստծոյ, Ատրպէյճանի հետ յարաբերութիւններում ունենք բանակ, որ մինչ օրս արդիւնաւէտ հակադարձում է եւ պահում է մեր սահմանները եւ մեր անվտանգութիւնը: Միւս կողմում այս միջոցին Թուրքիայի կողմից ձեռնարկուող քաղաքական չար խաղերին հակադարձելուն մենք ինչքանո՞վ ենք պատրաստ: Նկատի ունեմ այս յայտարարութիւնները, ապրիլի 24-ի հետ կապուած Թուրքիայի նախագահի այդ հրաւէրը:

Պ.- Թուրքիան անընդհատ մեզ փորձում է ուրիշ դաշտ մղել: Մենք ինչ-որ առումով անցած տարիներին այդ կուտը կերել ենք եւ գնացել ենք ուրիշ դաշտ: Առաջին հերթին մենք պէտք է դեռ վերադառնանք մեր ուղիղ ճանապարհին: Այս տարի` 2015 թուականին, պէտք է արձանագրութիւնները յետ կանչուեն, այդ էջը պէտք է փակուի: Սա ամենակարեւոր բանն է: Որպէսզի տաւութօղլուները չմտածեն, որ այդ սուտ, խաբուսիկ յայտարարութիւններով մենք անցեալը կը մոռանանք, դէպի ապագան կը գնանք, երկխօսութիւններ կը սկսենք, պատմաբանների քննարկումներ կ՛անենք եւ այլն, այս գործընթացին պէտք է վերջ տանք: Խօսքը Թուրքիայի հետ առճակատման մասին չէ: Առճակատումը մէկ ծայրայեղութիւն է, զիջել ի սկզբանէ, շեղուել ճիշդ ճանապարհից` մէկ այլ ծայրայեղութիւն: Պէտք է հասկանանք, որ այդ ծայրայեղութիւններին գնալու հնարաւորութիւնը մենք չունենք: Մենք պէտք է կարողանանք մեր յստակ դիմագծով, պահանջով, հաստատակամութեամբ աշխարհին ներկայանալ իբրեւ մի միասնական ժողովուրդ:

Հ.- Պարո՛ն Մարգարեան, ձեր խօսքի մէջ հպանցիկ ակնարկ արեցիք նաեւ սահմանադրական բարեփոխումներին, որ ենթադրում է կառավարման համակարգի փոփոխութիւն: Ես անկեղծօրէն չգիտեմ` կառավարման նախագահական կամ կիսանախագահական համակա՞րգն է աւելի արդիւնաւէտ, թէ՞ խորհրդարանական կառավարման համակարգը: Խորհրդարանականը չեմ տեսել, նախագահականը տեսել եմ ու առանձնապէս ոգեւորուած չեմ: Բայց այստեղ մի նրբութիւն կայ: Հարցն այն է, որ իմ ենթակայական տպաւորութեամբ հանրային աւելի լայն շրջանակների մօտ ժամանակավրէպ է այդ սահմանադրական փոփոխութիւնների գաղափարն առաջ մղելը:

Պ.- Դա մեզ համար կենսական անհրաժեշտութիւն է: Մարդը կենդանուց տարբերւում է նրանով, որ կարողանում է իր նմանների փորձառութիւնից օգտուել: Եթէ մարդը չկարողանար ուրիշների փորձառութիւնից օգտուել, քարէ դարում կը մնար, չէր զարգանայ: Վերջապէս աշխարհում կայ փորձ: Կան երկրներ, որ նախագահական են, կիսանախագահական են, կան երկրներ, որ խորհրդարանական են, կիսախորհրդարանական: Երկու բնագաւառներում էլ կան լաւ ու վատ երկրներ:

Բայց կիսախորհրդարանական համակարգը Հայաստանում անհրաժեշտութիւն է առաջին հերթին ազգային անվտանգութեան առումով: Ներքին առճակատման մթնոլորտը մեր միջից պէտք է վերանայ: Մեր մէջ պէտք է բացառուի ներքին առճակատման վտանգը: Առճակատումներով առաջ գնալու գործընթացը մեր ազգի համար վտանգաւոր է: Եւ դա կարող է վերացնել միայն խորհրդարանականի տարբերակը, որտեղ կը սկսուի հաւաքական ղեկավարութեան հնարաւորութիւն: Կարծում եմ, սա առաջին անհրաժեշտութիւնն է: Երկրորդ` ժողովրդավարութիւնը, որի մասին մենք խօսում ենք, հնարաւոր է իրականացնել այսպէս ասած անձի իշխանութիւնը վերացնելու ճանապարհով, իսկ անձի կամայական իշխանութիւնը կարելի է վերացնել խորհրդարանական Հայաստանի դրութեամբ: Որովհետեւ քաղաքական ուժերը կը պարտաւորուեն երկխօսութեամբ այս երկիրը առաջ տանել: Թէ՛ զարգացման համար եւ թէ՛ ներքին անվտանգութեան, հանդուրժողականութեան, ժողովրդավարութեան առումով, խորհրդարանական Հայաստանը անհրաժեշտութիւն է: Խորհրդարանական համակարգին դէմ են առաջին հերթին բոլոր այն ուժերը, որոնք հաւանական են տեսնում, որ նախագահի աթոռը կարող է իրենք գրաւեն, այսինքն իրենք դառնան բռնապետ, եւ մենիշխանութիւնը իրենց կողմից իրականացուի: Ով հաւաքական մտահոգութիւն ունի երկրի ապագայի համար, երկիրը զարգացման ուղու վրայ դնելու, կը լինի խորհրդարանական Հայաստանի կողմը: Այսօր սա է տրամաբանութիւնը: Մենք պատրաստ ենք ցանկացած անձի հետ հրապարակային քննարկում անել, բանավիճել, որպէսզի ժողովուրդը կարողանայ ճիշդ կողմնորոշուել:

Լոզունգներով պէտք չէ երկիրը պահել նոյն տեղում: Սա ամենակարճ ճանապարհն է: Ո՛վ հրաժարւում է այդ քննարկումից, նշանակում է` իր ուժերը բաւարար չեն: Ինքը փորձում է ինչ-որ ատելութեան, սխալ պատկերացման, սխալ քաղաքականութեան ետեւում թաքնուելով` բռնապետութեան տէր դառնալ: Մեր նպատակը երկիրը զարգացման ուղի դուրս բերելն է: Ուզում ենք բացառել ներքին առճակատումը, ուզում ենք երկրում հաստատել իրական ժողովրդավարութիւն:

Հ.- Կարծում եմ` առաջիկայում` մարտ-ապրիլ ամիսներին աւելի շատ առիթներ կ՛ունենանք խօսելու բարեփոխումների մասին: Այսօր բաւարարուենք այսքանով: Շնորհակալութիւն յայտնեմ պարոն Մարգարեանին, յաջողութիւն մաղթեմ ՀՅԴ Բիւրոյի նոր կազմին եւ ձեզ` որպէս Բիւրոյի ներկայացուցչի, ձեր հետագայ անելիքներում:

Պ.- Շնորհակալութիւն:

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published.

Social profiles