Ո՞ւմ Են Պատկանում Դափնիները

0 0
Read Time:2 Minute, 50 Second

droshak2

«Դրօշակ»ի Խմբագրական
Ապրիլ 17, 2015
Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի հետ կապուած աշխատանքները տալիս են իրենց արդիւնքները: Կարելի է ասել, որ ակնկալիքները հիմնականում իրականանում են:
Ակնյայտ է նաեւ այն համահայկական խանդավառութիւնը, որ ծնունդ է արձանագրուած եւ դեռ արձանագրուելիք արդիւնքների:
Այս խորապատկերի վրայ, հայ իրականութեան մէջ նկատելի է մի մասնաւոր երեւոյթ: Գտնւում են ոմանք, ովքեր ցանկանում են այս կամ այն ձեռքբերումները վերագրել իրենց աշխատանքին:
Եթէ փորձենք յստակեցնել թէ իրականում «Ո՞ւմ են պատկանում դափնիները», ապա պէտք է նախ արձանագրենք, որ հէնց այնպէս ոչինչ չի լինում: Օտար քաղաքական, դիւանագիտական ու այլ շրջանակների կողմից, ի պաշտպանութիւն ճանաչման եւ դատապարտման հարցի կատարած որեւէ քայլ արդիւնք է որոշակի, յաճախ տարիներ ու տասնամեակներ գործադրած ջանքերի: Աշխատանք, որ յաճախ չի շեփորահարուել, իսկ շատ դէպքերում էլ իրականացուել է ամենօրեայ լուռ ու հետեւողական քայլերի շնորհիւ:
Հայրենիքում, անկախ պետականութեան ամրապնդման հետմ բնականօրէն ինքն իրեն հաստատելու էր ազգային անկախ մտածողութիւնը` սեփական իրաւունքներին տէր կանգնելու, պաշտպանելու եւ հետապնդելու մղումը մաս էր կազմելու մեր կեանքի ամենօրեայ օրակարգին:
Եթէ անկախութեանը հետեւած առաջին տարիների մտքերի շփոթի պայմաններում Հայ դատի պաշտպանութեանն ուղղուած ձայներին արձագանքողները Հայաստանում ստուար չէին, իսկ քիչ չէին նաեւ թերահաւատներն ու քննադատները, ապա ակնյայտ է, որ այսօր, անգամ սոցիալական մաշող պայմաններում, ժողովուրդն իր բոլոր շերտերով համակուած է ազգային առօրեայ ու հեռահար մտահոգութիւններով` սահամաններին տեղի ունեցող դրամատիկ իրադարձութիւններով, Հայաստանի ապագայի տեսլականներով:
Որպէս երեւոյթի արդիւնք այսօր շատերը, յաճախ սեփական նախաձեռնութեամբ, յաճախ ինքնաբուխ, համակիր խմբերով կամ կազմակերպական կարգավիճակով ներգրաւուած են ընդհանուր պայքարի մէջ եւ ցանկանում են ներդրում ունենալ ընդհանուր գործում:
Եւ եթէ կարող ենք այսօր արժեւորել արդիւնքները, որ ունենք, ապա ճիշտ է գնահատել դրանք որպէս համահայկական հաւաքական ճիգերի արդիւնք: Այդ համահայկական ջանքերի շրջագծում իհարկէ պէտք է արժանին մատուցել Հայաստանի պետական կառոյցների կատարած դերին` քաղաքական, դիւանագիտական եւ այլ ոլորտների ընդգրկմամբ:
Փաստն այն է, որ նման աշխատանքները բոլորովին այլ կշիռ ու ազդեցութիւն են ձեռք բերում, երբ դրանց առջեւում կանգնում է պետութիւնը` իր համապատասխան կարողականութիւնների ամբողջական ներդրմամբ:
Պետական աշխատանքի բնոյթը պահանջում է, որ այն յաճախ հեռու լինի ցուցադրականութիւնից եւ բարձրագոչ հրապարակայնութիւնից, բայց որ լուրջ ու լայնածաւալ աշխատանք է տարուել կարծես թէ գաղտնիք չէ ոչ մէկի համար:
Ուրեմն ո՞ւմ են պատկանում դափնիները: Եւ անմիջապէս էլ յաջորդ հարցը, իսկ անհարաժե՞շտ է նման գործի դիմաց դափնիներ բաժանել եւ կամ շնորհակալութիւն յայտնել չարչարանքի համար:

Հայոց Ցեղասպանութիւնը մեր ընդհանուր ցաւն է, հայոց ցեղասպանութեան ճանաչման դատապարտման եւ մանաւանդ ազգային կորուստների վերադարձման ու փոխհատուցման խնդիրը հոգու պարտք է անցեալի ներկայի ու ապագայի առջեւ` հզօր ու անվտանգ հայրենիք ունենալու համազգային տեսլականն է: Հետեւաբար ոչ գնահատում ոչ պարգեւ ու ոչ էլ ծափողջիւններ չպէտք է ակնկալի ոչ ոք:
Կարելի է անշուշտ թեթեւ նայել եթէ ինչ-որ մէկը ցանկանում է իր դերակատարութիւնը ընդգծել, մտահոգութիւնը սակայն բոլորովին էլ մասնաւոր յաւակնութիւնների եւ կամ մրցակցութեան հարցին չեն վերաբերում:
Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի առիթով ծաւալուած պայքարը ներազգային կեանքում գոյացրեց մի զարմանալի համերաշխութիւն եւ միակամութիւն: Այս երեւոյթը ընդհանուր պայքարի ոչ պակաս կարեւոր արդիւնք է, ինչը նոյնպէս պէտք է պահպանել: Կրկին անգամ համոզուեցինք, որ աշխարահասփիւռ հայութեան ջանքերի մետեղմամբ կարելի է այնպիսի էներգիայ գոյացնել, որ ոչ միայն ցունամի կ՚առաջանայ, այլեւ հնարաւոր է աշխարհում քաղաքական եղանակ փոխել:
Կրկին անգամ համոզուեցինք, որ հայութեան միասնականութիւնը ազգային արժէք է` մեր գալիք յաղթանակների գլխաւոր պայմաններից մէկը:
Եւ եթէ հիմա փորձ արուի առանձնացնել ու կարեւորել սրա կամ նրա դերակատարութեան չափը անմիջական հետեւանքները լինելու են միասնական բռունքցքի բաժանումը առանձին մատների, հաւաքական ուժի կոտորակումը, իսկ սրան էլ անխուսափելիօրէն կը հետեւեն ներազգային տարակարծութիւնները: Կը վտանգուի հիմնականը` հաւաքական տեսլականների մարմնաւորմանը տանող գործընթացը:
Հետեւաբար քանի դեռ երեւոյթը ցցուն դրսեւորումներ չի ստացել, պատշաճ է զսպել մասնաւոր յաւակնութիւնները, որտեղ էլ որ դրանք ի յայտ կը գան, եւ շարունակել տանել սեփական բաժին բեռը:

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published.

Social profiles