Շարժման Աւարտի Յարակարծութիւնները

0 0
Read Time:2 Minute, 46 Second

1436183907-8618

Գէորգ Դարբինեան

Յուլիս 7, 2015

Ելեկտրականութեան թանկացման դէմ պայքարն աւարտուեց: Բայց այդ աւարտը ողբերգութիւն չէ: Այն, ինչ սկսւում է, պարտադիր ինչ-որ պահի նաեւ աւարտւում է: Կարեւորը հասկանալն է` որքանով շարժումը հասունացրեց հասարակութեանը, նախապատրաստեց նոր խնդիրների առաջադրմանը: Այն, ինչ տեսանելի է հիմա, ընդամէնը տխուր հետեւանքներն են` յարակարխութիւնների դաշտում: Դրանց յաղթահարման կարողութիւնից է կախուած` կը կարողանա՞յ, արդեօք, հասարակութիւնը ինքնառողջանալ:

Յարակարծութիւն 1. Իշխանութեան գործօն քարոզչական ջանքերով շարժման քաղաքականացումը դարձաւ «տաբու», որի իմաստը հետեւեալն է` ընկերային պահանջների վրայ հիմնուած քաղաքացիական շարժում է, լուծումներն էլ պէտք է լինեն ապաքաղաքական դաշտում: Եւ, չնայած դրան, նոյն իշխանութիւնը` ի դէմս նախագահ Սերժ Սարգսեանի, հարցը քաղաքականացրեց` առաջարկելով պայքարը տեղափոխել իշխանութեան հետ բանակցութիւնների հարթութիւն: Արդիւնքում` պահանջների կատարման իր քաղաքական խնդիրը շարժումը չլուծեց, իսկ իշխանութիւնը լուծեց շարժումից ձերբազատուելու իր քաղաքական խնդիրը:
Յարակարծութիւն 2. Շարժման քաղաքականացման նկատմամբ ձեւաւորուեց մի աննախադէպ եւ վտանգաւոր երկիւղ: Ստացուեց այնպէս, որ սեփական իշխանութեանը պահանջներ ներկայացնելու, քաղաքական օրակարգով հանդէս գալու` գերիշխան երկրի հասարակութեան գերիշխան իրաւունքը սկսեց ընկալուել ռուսականութեան եւ հակառուսականութեան պրիսմակով: Այդ երկիւղը ձեւաւորուեց առաւելապէս «մայըան»ի հետ չնոյնանալու ձգտումների պատճառով, որին նպաստեց ռուսական լրատուական եւ փորձագիտական շրջանակների կողմից հայաստանեան հասարակութեան նկատմամբ իրականացուած հոգեբանական գոծողութեան: Նրանք, ովքեր պահանջատիրական քաղաքական գործընթացը տեղափոխում են այս ընկալման հարթութիւն, ուղղակի օրինակականացնում են ոչ միայն ցանկացած գործող իշխանութեան յաւէրժականութիւնը, այլեւ այդ իշխանութեան կողմից յետագայում գործուելիք բոլոր իրագործուելիք յանցագործութիւնները: Որովհետեւ ստացւում է, որ, որպէսզի Ռուսաստանը յանկարծ չբարկանայ, գործող իշխանութեան հեռացման հարցը չպէտք է առաջադրել այնքան ժամանակ, քանի դեռ Մոսկուան ինքը չի դրել այդ հարցը: Իսկ Մոսկուան այդ հարցը կարող է նաեւ չառաջադրել` ընդհանրապէս: Հարց է առաջանում` եթէ ամէն ինչ յանգում է Քրեմլից վախին, ապա ո՞րն է Հայաստանում քաղաքական գործունէութիւն ծաւալելու իմաստը:
Յարակարծութիւն 3. Ոստիկանութեան հանդուրժողականութիւնը հակադրուեց նրա կողմից ուժի կիրառման իրաւունքին: Հանդուրժողականութիւնը պայմանաւորուած էր շարժմանն արհեստականօրէն ձնագնդի ոճ չհաղորդելու առաջնայնութեամբ: Հետեւաբար, սա ոչ թէ հանդուրժողականութիւն էր, այլ ծայրայեղ զգուշաւորութիւն կամ վախ: Ինչպէս իշխանութիւնը, այնպէս էլ ոստիկանութիւնը հասկանում էին, որ շարժման առաջին շաբաթուայ ընթացքում ուժը Բաղրամեան փողոցում էր, եւ գնահատեցին այդ ուժը:
Մինչդեռ վերջին` առնուազն 5-6 օրերին Բաղրամեան փողոցի «փակում»ը գերիշխան չէր, նոյնիսկ` Բաղրամեանը գրաւողների մեծ մասի համար: Եթէ ոստիկանութիւնը նոյն հանդուրժողականութիւնը շարունակէր նման պայմաններում, պարտաւոր էր լինելու նոյնպիսի հանդուրժողականութիւն հանդէս բերել բոլոր այն դէպքերում, երբ 30-40 հոգանոց ինչ-որ լուսանցգային խմբեր կ՚որոշէին փակել Բաղրամեան փողոցը կամ, ասենք, Հանրապետութեան հրապարակը: Որեւէ կասկած չկայ, որ նրանք, ովքեր այսօր պնդում են, թէ ոստիկանութիւնը ուժ է կիրառել Բաղրանեան փողոցը բացելիս, նոյն յաջողութեամբ ոստիկանութեանը մեղադրելու էին յանցաւոր անգործութեան ցուցաբերման մէջ: Իսկապէս տարօրինակ է:
Յարակարծութիւն 4. «ժառանգութիւն» կուսակցութեան ներկայացուցիչ Դաւիթ Սանասարեանը, որ Յունիսի 28-ից յետոյ նստացոյցի համակարգող խորհրդի ոչ պաշտօնական ղեկավարն է, Բաղրամեան փողոցը «կորցնելուց յետոյ» անժամկէտ հացադուլ է յայտարարել: Բայց հացադուլը ոչ թէ իշխանութեան դէմ է ուղղուած, այլ… հասարակութեան` իրենց պայքարին չմիանալու, չգործելու համար: Սանասարեանը, փաստօրէն, որոշել է իւրատեսակ շանտաժի ենթարկել հասարակութեանը: Նա դեռ չի ըմբռնել կամ գուցէ չի ուզում ըմբռնել, որ նման եղանակով հասարակութեան հետ չեն հաղորդակցւում, որ հասարակութեանը կարելի է սովորեցնել, վարժեցնել, մանիպուլեացիայի ենթարկել, բայց ոչ երբեք` ինչ-որ բան պարտադրել: Որովհետեւ, երբ սկսում ես նրա հետ խօսել պարտադրանքի կամ շանտաժի լեզուով, ոչնչով իշխանութիւնից չես տարբերւում: Առաւել եւս, երբ չգիտես` ի՞նչ ես պարտադրում եւ յանուն ինչի՞: Նա դեռեւս չի հասկացել, որ նման ճանապարհ ընտրելը նշանակում է գնալ ինքնամեկուսացման եւ լուսանցքացնելու, եւ որ դա արժէքի իմաստով ոչնչով չի տարբերւում Բաղրամեան փողոցն անիմաստ փակ պահելուց: Հիմա նման եղանակներով հասարակութեանը յուսահատութիւն ներշնչելու ժամանակը չէ: Հիմա շարժման ձեռքբերումներն իմաստաւորելու եւ ապագայի համար պազային դարձնելու պահն է, եթէ, իհարկէ, դա ընդհանրապէս հետաքրքրում է պայքարը շարունակողներին:

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published.

Social profiles