ՇԱԲԱԹԱԿԱՆ ԱՆԴՐԱԴԱՐՁ.- ԹՈՒՐՔԻՈՅ ՇՈՒՐՋ

0 0
Read Time:5 Minute, 17 Second

Տիգրան Չանտոյեան

Երեւան

Թուրքիոյ արտաքին գործոց նախարարի ղեկավար Մեւլութ Չաւուշօղլուն տեղեկացրել է, որ Կիպրոսի` գրաւեալ հիւսիսային մասը դարձել է «դիտորդ» թրքական պետութիւնների կազմակերպութիւնում: Կիպրոսը տը ֆաքթօ բաժանուած է յունական եւ թրքական համայնքների միջեւ 1974-ից` Թուրքիոյ զինուած ներխուժումից յետոյ, որը հրահրուել էր Կիպրոսում պետական յեղաշրջմամբ եւ կղզու` Յունաստանին միանալու ձգտման փորձով: Գրաւուել է կղզու տարածքի 37 տոկոսը, որտեղ 1983-ին հռչակուել է այսպէս կոչուած Հիւսիսային Կիպրոսի Թրքական Հանրապետութիւն: Այն ճանաչել է միայն Թուրքիան:

Իսկ ահա Սամարքանտում մեկնարկած հունգարա-ուզպեքական գործարար համաժողովի շրջանակում Հունգարիոյ արտաքին գործոց նախարար Փեթըր Սիյարթոն յայտարարել է, որ Պուտափեշթը թրքական խորհուրդը դիտարկում է որպէս «խաղաղութեան ֆորում», որտեղ բոլոր անդամները կողմ են Ուքրայինայի պատերազմի դիւանագիտական լուծմանը: Նրա խօսքով` խորհուրդը հանդէս է գալիս Արեւելքի եւ Արեւմուտքի համագործակցութեան օգտին եւ որպէս այդպիսին, հանդիսանում է համաշխարհային անվտանգութեան բանալին: Սիյարթոն նշել է, որ Հունգարիան դիտորդ է խորհրդում, եւ ձգտում է ամրապնդել իր դերը կազմակերպութիւնում:

Ի դէպ, Թուրքիան թոյլատրել է Հունգարիոյ քաղաքացիներին նոյնականացման քարտերով մուտք գործել երկիր, ասել է Սիյարթօն․ «Լաւ լուր նրանց համար, ովքեր մեկնում են Թուրքիա. հունգարացի զբօսաշրջիկները այսուհետ կը կարողանան Թուրքիա մուտք գործել իրենց ինքնութիւնը հաստատող թղթերով (առանց անձնագրերի)»,-ասել է Սիյարթօն:

Թրքական եւ ատրպէյճանական լրատուամիջոցները ականջը շոյել է Հունգարիոյ վարչապետ Վիքթոր Օրպանի ելոյթը, որը գովաբանել է Թուրքիոյ նախագահ Էրտողանին` յաջող միջնորդութեան համար, ինչպէս նաեւ շնորհակալութիւն է յայտնել Ատրպէյճանի նախագահ Իլհամ Ալիեւին` Եւրոպա քարիւղ հայթայթելու համար: Օրպանն ասել է․ «Մեզ խաղաղութիւն եւ համագործակցութիւն է պէտք, ոչ թէ պատերազմ եւ պատժամիջոցներ: Թուրքիոյ նախագահ Էրտողանը միակ ղեկավարն է, որը յաջողութեամբ միջնորդի դեր ստանձնեց Ռուսաստանի եւ Ուքրայինայի միջեւ: Նախագահ Իլհամ Ալիեւն օգնում է Եւրոպային տրամադրելով իր աղբիւրները: Մենք պարտական ենք նրանց»:

Թրքական պետութիւնների կազմակերպութիւնում այսպէս կոչուած «Հիւսիսային Կիպրոսի Թրքական Հանրապետութիւնըէ որպէս դիտորդ պետութիւն ընդունելու Թուրքիոյ յայտարարութիւնը դատապարտուել է Եւրոյանձնաժողովի կողմից:

«Այս որոշումը, որը սպասում է կազմակերպութեան անդամների վաւերացմանը, ցաւալի է եւ հակասում է այն փաստին, որ կազմակերպութեան մի քանի անդամներ վճռական աջակցութիւն են յայտնել տարածքային ամբողջականութեան սկզբունքին եւ Մ․Ա․Կ․-ի կանոնադրութեանը», – ասել է Եւրոյանձնաժողովի ներկայացուցիչ Փիթոր Սթանոն: «Եւրոմիութիւնն, այդ թւում` ամենաբարձր քաղաքական մակարդակով, բազմիցս յայտարարել է, որ ճանաչում է Կիպրոսի Հանրապետութիւնը որպէս միջազգային իրաւունքի նիւթ` Մ․Ա․Կ․-ի Անվտանգութեան խորհրդի համապատասխան բանաձեւերի համաձայն», – շարունակել է նա: «Կիպրոսի թրքական անջատողական կազմաւորման միջազգային ճանաչմանը նպաստող ու աջակցող ցանկացած գործողութիւն լրջօրէն վնասում է Մ․Ա․Կ․-ի հովանու ներքոյ կարգաւորման բանակցութիւնների վերսկսման վրայ բարենպաստ ազդող պայմանների ստեղծման ջանքերին»:

Էրտողանն էլ իր հերթին յայտարարել է, որ իր երկիրը 52 տարի սպասում է Եւրոմիութեան դռների մօտ եւ պատրաստ է անհրաժեշտ պատասխանը տալ, երբ ժամանակը գայ: «Մեզ 52 տարի ստիպել են տառապել Եւրոմիութեան դռների մօտ: Դեռ շարունակում են նոյնն անել», —ասել է Էրտողանը` խոստանալով, որ Անգարան կը պատասխանի, «երբ ժամանակը կը գայ»:

Թուրքիան Եւրոմիութեան հետ գործակցութեան պայմանագիր է կնքել 1963 թուականին, իսկ 1987-ին պաշտօնապէս յայտարարել է միութեան անդամ դառնալու ցանկութեան մասին: Այսուամենայնիւ, Անգարային Եւրոմիութեան ընդունելու մասին բանակցութիւնները սկսուել են միայն 2005-ին, ընդ որում գործընթացը մի քանի անգամ ընդհատուել է կողմերի տարաձայնութիւնների պատճառով:

*

Նոյեմբեր 13-ին, ժամը 16-ը անց 20-ի սահմաններում ահաբեկչութիւն է տեղի ունեցել, ինչին մասնակից է եղել մի կին, որ պայուսակ կամ փաթեթ է թողել քաղաքի «Իսթիքլալ» փողոցում: «Ահաբեկիչը կին է եղել: Պայթիւնի հետեւանքով վեց մարդ է զոհուել: Վիրաւորների թիւը հասել է 81-ի, որոնցից երկուսի վիճակը գնահատւում է ծանր»,- ասել է Թուրքիոյ փոխնախագահ Ֆուատ Օքթայը: Հաղորդւում է 6 զոհի եւ 81 վիրաւորի մասին:

Իշխանութիւնները հեռուստաընկերութիւններին արգելուել էր հեռարձակումներ անել Պոլսոյ  պայթիւնի վայրից: «Տեղի ունեցած պայթիւնի հետ կապուած` հեռարձակման արգելք է մտցուել (դէպքի վայրից): Մենք սրա վրայ ենք հրաւիրում մեր բոլոր լրատուական կազմակերպութիւնների ուշադրութիւնը»,- ասուած է հեռարձակման խորհրդի թուիթըրեան հաղորդագրութեան մէջ:

Ոստիկանութիւնը կալանաւորել է 46 մարդու ահաբեկչութեան գործով, այդ թւում այն կնոջը, ում կասկածում են պայթիւնն իրականացնելու մէջ: Հրապարակուած տեսանիւթում ցոյց է տրուել, թէ ինչպէս է այդ կինը մօտ 40 ռոպէ նստած նստարանին, իսկ պայթիւնից յետոյ հետ է նայել եւ փախել` նայելով հեռախօսի պաստառին: Ոստիկանութեան տեղեկատուութեամբ` կալանաւորուած կինը Սուրիոյ քաղաքացի է, որը խոստովանել է, որ կապեր ունի Քիւրտիստանի աշխատաւորական կուսակցութեան հետ: Քրտական աշխատաւորական կուսակցութեան ազգային պաշտպանութեան կեդրոնի շտապի հրամանատարութիւնը տարածել է յայտարարութիւն, որում հերքել է տեղի ունեցած ահաբեկչութեանն իր մասնակցութեան վարկածը: Քիւրտերը ցաւակցութիւն են յայտնել զոհուածների ընտանիքներին, ապաքինում են մաղթել տուժածներին: Նրանք նաեւ ընդգծել են, որ չեն թիրախաւորում խաղաղ բնակիչներին:

«Մեր ժողովուրդը եւ ժողովրդավարական հասարակութիւնը քաջ գիտակցում են, որ մենք կապ չունենք այս միջադէպի հետ, մենք չենք թիրախաւորում խաղաղ բնակչութեանը եւ չենք իրականացնում քաղաքացիական անձանց դէմ ուղղուած գործողութիւններ: Մենք շարժում ենք, որը օրինական պայքար է մղում յանուն ազատութեան»,- ասւում է յայտարարութեան մէջ:

Աւելի վաղ թրքական իշխանութիւնները յայտարարել էին, որ Պոլսոյ մէջ տեղի ունեցած պայթիւնի հետեւում կանգնած են Քրտական աշխատաւորական կուսակցութիւնը եւ Ժողովրդական ինքնապաշտպանութեան քրտական ջոկատները: Թուրքիոյ ներքին գործոց նախարար Սուլէյման Սոյլուն յայտարարել է, որ Թուրքիան հրաժարուել է ընդունել Միացեալ Նահանգների ցաւակցութիւնները Պոլսոյ «Իսթիքլալ» պողոտայում ահաբեկչութիւնից յետոյ: «Մենք գիտենք, թէ որտեղ է դասաւորուել յարձակումը: Մենք ստացել ենք մեզ յանձնուած ուղերձը եւ գիտենք, թէ ինչ ուղերձ է դա: Մենք չենք ընդունում ամերիկեան դեսպանատան ցաւակցութիւնները: Մենք ուխտադրուժ չենք ոչ մէկի հանդէպ, բայց այլեւս չենք դիմանում այդ ուխտադրուժ արարքներին: Իսթիկլալ փողոցը մեր զաւակն է: Եթէ մենք չբռնէինք յարձակուողին, նա այսօր կը փախչէր Յունաստան»,- ասել է Սոյլուն: Սպիտակ Տան պաշտօնական ներկայացուցիչ Քարին Ճոան-Փիեռը աւելի վաղ յայտարարել էր, որ Միացեալ Նահանգները դատապարտում էպատահածը, ինչպէս նաեւ ցաւակցութիւններ էր յայտնել զոհուածների հարազատներին:

Սոյլուն նաեւ յայտնել է, որ մինչեւ կասկածեալի ձերբակալութիւնը կալանաւորուել էր 21 մարդ: «Մեր գնահատականն այսպիսին է. մահասփիւռ ահաբեկչութեան գրոհի մասին հրամանը տրուել է Սուրիոյ հիւսիսային Այն-էլ-Արապից, որտեղ տեղակայուած է Քրտական աշխատաւորական կուսակցութեան կեդրոնակայանը»,- ասել է Սոյլուն: «Ակնյայտ է, որ մեր, այսպէս կոչուած, դաշնակիցները, որոնք բարեկամ են համարւում, անկեղծ չեն եւ կամ թաքցնում են ահաբեկիչներին իրենց երկրում, կամ սնում են ահաբեկիչներին իրենց գրաւուած տարածքներում ու նրանց փող ուղարկում սեփական սենատներից»,- ասել է Սոյլուն` աւելացնելով, որ Թուրքիան առաջիկայում պատասխան միջոցներ կը ձեռնարկի ահաբեկչութեան հետ կապուած:

Թրքական «Հայրենիք» կուսակցութեան առաջնորդ Տողու Փէրինչէքն նոյնպէս Պոլսոյ մէջ տեղի ունեցած ահաբեկչութեան համար մեղադրում է Միացեալ Նահանգներին: «Գրոհի թիկունքին կանգնած ուժը ակնյայտ է: Կարեւոր չէ, թէ որ ահաբեկչական կազմակերպութիւնն է սեղմել ձգանը, հրամանը տալիս է Միացեալ Նահանգները: Ե՛ւ Քրտական աշխատաւորական կուսակցութիւնը, ե՛ւ Ֆեթհուլա Կիւլէնի` Թուրքիայում արգելուած կազմակերպութիւնը, ե՛ւ Իսլամական պետութիւնն ու նման կազմակերպութիւնները կառավարւում են Ուաշինկթընից»,- ասել է Փէրինչէքը:

Թուրքիան մտադիր է հարուածներ հասցնել Սուրիոյ հիւսիսում գտնուող թիրախներին, երբ աւարտի Իրաքում Քիւրտիստանի բանուորական կուսակցութեան ապստամբների դէմ անդրսահմանային գործողութիւնը: Քիւրտ զինեալները մեղադրւում են կիրակի օրը «Իսթիքլալ» պողոտայում տեղի ունեցած պայթիւնի կազմակերպման ու իրականացման մէջ: «Թուրքիոյ նկատմամբ քիւրտ զինեալներից կամ Իսլամական պետութիւնից բխող սպառնալիքներն անընդունելի են»,- ասել է թուրք պաշտօնեան ում անունը չի յայտնւում, յաւելելով, որ Անգարան այս կամ այն կերպ կը վերացնի սպառնալիքներն իր հարաւային սահմանի երկայնքով: «Սուրիան Թուրքիոյ ազգային անվտանգութեան խնդիրն է»,-ասել է նա:

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles