ՇԱԲԱԹԱԿԱՆ ԱՆԴՐԱԴԱՐՁ.- ԹՈՒՐՔԻՈՅ ՇՈՒՐՋ

0 0
Read Time:6 Minute, 9 Second

 

Տիգրան Չանտոյեան

Երեւան

 

Թուրքիան Եւրոպայի խորհրդից` մարդու իրաւունքների առաջատար մարմնից վտարուելու վտանգի տակ է: Այդ ալ այն բանից յետոյ, երբ չի կատարել բանտարկուած գործարար եւ բարերար Օսման Քաւալային ազատ արձակելու Եւրոպական դատարանի 2019 թուականի որոշումը:
Եւրոպայի խորհրդի նախարարների կոմիտէն դատական հայց է ներկայացրել Անգարայի դէմ, որը մինչ այժմ ընդգծել է երկխօսութեան կարեւորութիւնը, սակայն, ի վերջոյ, կարող է յանգեցնել Թուրքիոյ անդամակցութեան կասեցմանը: Մարդու իրաւունքների եւրոպական դատարանի տուեալները ցոյց են տալիս, որ 1959-2021 թուականներին Թուրքիոյ դէմ 3820 վճիռ է կայացուել, որոնցից 3385-ը ներառում է մարդու իրաւունքների առնուազն մէկ խախտում, ինչը ամենաբարձր ցուցանիշն է բոլոր երկրների շրջանում: Թուրքիան ունի ամենամեծ բնակչութիւնը 46 անդամ պետութիւններից: Եւրոխորհրդարանի ներկայացուցչի խօսքով` Թուրքիան Նոյեմբեր 8-ի դրութեամբ դեռեւս պէտք է ամբողջութեամբ կատարի 521 որոշում եւ Մարդու իրաւունքների եւրոպական դատարանի որոշումը, այդ թւում` 136 առաջատար գործեր, որոնք յաճախ վերաբերում են նոր կառուցուածքային կամ համակարգային խնդիրներին: Քաւալայի գործը քննադատութեան է արժանացել Թուրքիայի արեւմտեան դաշնակիցների կողմից` կապուած քաղաքականացուած դատական համակարգի հետ: Կոմիտէն նաեւ բազմիցս կոչ է արել ազատ արձակել քրտամէտ քաղաքական գործիչ Սալահետտին Տէմիրթաշին: Սրան զուգահեռ Թուրքիայում շարունակւում են մարդու իրաւունքների ոտնահարման դէպքերը: Ձերբակալուել է Թուրքիոյ հացթուխների միութեան ղեկավարը` «թուրք ժողովրդին հրապարակայնօրէն վիրաւորելու համար»: Պատճառը նրա յայտարարութիւնն է այն մասին, որ հասարակութեան թէ ինչու են թուրքերը 20 տարի ընտրում նախագահ Էրտողանի կառավարութիւնը: Հաց արտադրողների միութեան նախագահ Ճիհան Քոլիվարը խօսելով Թուրքիայում հացի թանկացման եւ սրընթաց աճի մասին, ասել է․ «հացը հիմնական սնունդ է յիմար հասարակութիւններում: Ես խօսում եմ գիտական տեսանկիւնից` մէկ շնչին ընկնող հացի սպառումը Թուրքիայում 210 քլկ. է, իսկ Շուէտում, Նորվեկիայում, Դանիայում, Անգլիայում, Ճափոնում` 45-50 քլկ.: Որպէսզի մեր հասարակութիւնը կուշտ ուտի, այդպիսի կառավարիչներն են նրան ղեկավարում արդէն 20 տարի»: Պոլսոյ դատարանը նրան նախնական կալանքի տակ է դրել: Էրտողանի իշխող կուսակցութեան ներկայացուցիչ Օմեր Չելիքը Քոլիվարի խօսքերն անուանել է «ատելութեան» արտայայտութիւններ: «մեր ազգին ու հացին վիրաւորելուց բացի, այս անձի յայտարարութիւնները ցոյց են տալիս, որ նա թշնամանքի քաղաքականութեան տարր է, ատելութեան քաղաքականութեան տարր»,- ասել է Չելիքը:
*
Թուրքիա է ժամանել Ա.Մ.Ն. ռազմական պատուիրակութիւնը եւ, քննարկուել են պաշտպանութեան եւ անվտանգութեան տարածաշրջանային ու համաշխարհային հարցեր, ինչպէս նաեւ ռազմական պատրաստականութիւնն ու համագործակցութիւնը պաշտպանական արդիւնաբերութեան ոլորտում: Սպասւում է, որ յաջորդ հանդիպումը կը կայանայ Ա.Մ.Ն. -ում` յաջորդ տարի: Օրեր առաջ Թուրքիոյ նախագահի խօսնակ Իպրահիմ Քալընը յայտարարել էր, որ Ա.Մ.Ն. -ն կարող է հաւանութիւն տալ Էֆ-16-ի ռազմական ինքնաթիռների վաճառքին, որի համար Թուրքիան դեռեւս 2021 թուին էր դիմել Ա.Մ.Ն. -ին: Նման հանդիպումները ամենայն հաւանականութեամբ ուղղուած են այս եւ նման այլ գործարքների կայացմանը:
Վրաստանի, Ատրպէյճանի եւ Թուրքիոյ զինուորականները մասնակցել են Պաքու-Թիֆլիս-Ճէյհան խողովակաշարի պաշտպանութեան զօրավարժութիւններին: Վրաստանի ներքին գործոց նախարարը յայտնել է, որ ETERNITY-2022 հրամանատարաշտապային զօրավարժութիւնների նպատակը Վրաստանի, Թուրքիոյ եւ Ատրպէյճանի զինուած ուժերի ու իրաւապահ մարմինների միջեւ փոխադարձ գործելու կարողութիւնն աւելացնելն է: Զօրավարժութիւնների սցենարը խաղաղապահ գործողութեան անցկացումն է, որը նախատեսում է Պաքու-Թիֆլիս-Ճէյհան նաւթատարի պաշտպանութեան կազմակերպում ճգնաժամային իրավիճակում: Զօրավարժութիւնների առաջին փուլն այս տարուայ Հոկտեմբերի 22-28-ը անցկացուել է Թուրքիայում: Նման միջոցառումներով Թուրքիան կովկասեան տարածաշրջան ներթափանցելու քայլեր է անում, որն առայժմ յաջողւում է վերջինիս:
Էրտողանը յայտարարել է, որ վստահալից յարաբերութիւններ է հաստատել Ռուսաստանի նախագահ Վլատիմիր Փութինի հետ: «Սա առաջնորդների քաղաքականութիւն է, որը մենք իրականացնում ենք յարգելի պարոն Փութինի հետ: Իհարկէ, առանց վստահալից յարաբերութիւնների դա անհնար կը լինէր: Վստահելի յարաբերութիւնները եւ յարգանքը միմեանց հանդէպ, որը մենք ստեղծել ենք, մղում է ընդունելու այսօրինակ որոշումներ: Բոլոր հարցերի վերաբերեալ, ներառեալ աթոմա-ելեկտրակայանի կառուցումը (Աքկույուում, Սինոպում), պաշտպանութեան թեմայով հարցերը յենուած են վստահալից յարաբերութիւնների վրայ»,-ասել է Էրտողանը: Ան նաեւ ողջունել է Փութինի` Նոյեմբեր 9-ի որոշումը, համաձայն որի, Խէրսոնի մարզում ռուսական զօրքերը հետ են քաշել Դնեպրի ձախ ափ: «Ռուսաստանի որոշումը դրական որոշում է: Եթէ Փութինը մասնակցի G20-ի գագաթաժողովին, ապա մենք նրա հետ այնտեղ կը քննարկենք իրավիճակն Ուքրայինայում, եթէ ոչ, ապա մենք կը շարունակենք հաղորդակցուել հեռախօսով»,- ասել է նա: Դրանից օրեր առաջ, Պոլսում քաղաքական ֆորումի շրջանակում իր ելոյթի ժամանակ Էրտողանն ասել էր․ «Ռուս-ուքրաինական ճգնաժամը ցոյց է տալիս` որքան անկարող են համաշխարհային անվտանգութեան հիմնարկները: Աշխարհում հարցականի տակ են դրւում քաղաքականութեան եւ տնտեսութեան, քաղաքականութեան եւ անվտանգութեան հարցերը»: Յայտնի է, որ Թուրքիան ձգտում է ներգրաւուածութիւն ունենալ այնպիսի միջազգային իմնարկների աշխատանքներում, ինչպիսին է Մ.Ա.Կ.-ի անվտանգութեան խորհուրդը, եւ այսպէս նոր չեն թրքական քաղաքական ձեւաչափի ժամանակավրէպութեանն ուղղուած մեղադրանքները: Այս ճանապարհով Թուրքիան փորձում է մուտք գործել Մ.Ա.Կ.-ի անվտանգութեան խորհուրդի մշտական անդամների ցանկ:
Թուրքիոյ ելեկտրականութեան եւ բնական պաշարների նախարար Ֆաթիհ Տոնմեզը յայտարարել է, որ Թուրքիան չի պատրաստւում կեդրոնանալ միայն ռուսական կազի մատակարարման վրայ եւ խաղադրոյքներ է կատարում նաեւ այլ մատակարարների, այդ թւում` Ա.Մ.Ն.-ի վրայ: Ըստ Տոնմեզի, «Ռուսաստանը կարեւոր մատակարար է, որը մինչեւ վերջերս ծածկում էր Եւրոպայում կազի պահանջարկի մինչեւ մէկ երրորդը: Ինչ վերաբերում է Թուրքիոյ, ապա ռուսական կազը կազմում է մեր երկրի սպառման առնուազն 40 տոկոսը: Միեւնոյն ժամանակ, մենք չենք պատրաստւում կեդրոնանալ միայն մէկ աղբիւրի վրայ: Մենք խաղադրոյք ենք կատարում Իրանի, Ատրպէյճանի, ապագայում Իրաքի վրայ»: Այն, որ Ռուսական կազի հոսքը ամէն վայրկեան կարող է փակուել, անիրատեսական չէ, եւ չնայած կազային համագործակցութեան ընդլայնմանը, Թուրքիան միշտ փնտռել եւ փնտռում է այլընտրանքներ` հնարաւոր ճգնաժամերին դիմակայելու համար: Այնուհանդերձ, այս պահին դեռեւս Ռուսական կազին փոխարինողներ չկան, եւ Թուրքիան իր կազային ներուժը շարունակում է մեծացնել ռուսական կազի հաշուին: Այս մասին յայտնել է Թուրքիոյ նախագահի խօսնակ Իբրահիմ Քալընը, ըստ որի «թրքական հոսքը» կարող է ուժեղացուել յաւելեալ խողովակաշարով` հանրապետութիւնում կազային հանգոյց ստեղծելու ծրագրի շրջանակում: «Վլատիմիր Փութինը` առաջարկելով գազային հանգոյց ստեղծել Թուրքիայում, տեսաւ, որ աշխարհի այդ հատուածում եւ միջնաժամկէտ ու երկարաժամկէտ հեռանկարում կը ձեւաւորուի նոր ելեկտրուժային քարտէս եւ Թուրքիան այդ նպատակով ամենաբնական աշխարհագրական վայրն է»,- ասել է Քալընը, աւելցնելով, որ հնարաւոր է էլ աւելի ուժեղացնել «թրքական հոսքը» եւ ստեղծել եւս մէկ խողովակաշար, եւ այդ ժամանակ կը յայտնուի բացարձակ նոր ելեկտրուժային քարտէս` արեւելքից արեւմուտք, հիւսիսից հարաւ: «Մտածէք այդ մասին 5-10 տարի հեռանկարով: Եթէ դա տեղի ունենա, ապա Թուրքիան կը դառնայ ոչ միայն կազի տարանցման երկիր, այլ երկիր, որտեղ որոշւում են կազի շուկան եւ կազային մատակարարումները»,-ասել է Քալընը: Ինչպէս գիտենք, ռուս-թրքական սիրախաղը չի սահմանափակւում միայն կազային համագործակցութեամբ: Թուրքիայում մտադիր են ռուսական հացահատիկ վերամշակել եւ ուղարկել ափրիկեան աղքատ երկրներ: Այս մասին յայտարարել է երկրի գիւղատնտեսութեան եւ անտառային տնտեսութեան նախարար Վահիտ Քիրիշչին: Նա նշել է, որ Ռուսաստանը կարող է սկսել օգտագործել Թուրքիոյ պահեստային հզօրութիւնները որպէս իր հացահատիկի պահեստաւորման եւ իրացման հանգոյցներ, նման որոշումը շահաւէտ կը լինի երկու կողմերի համար:

*

Յոյն-թրքական անհարթ յարաբերութիւնները շարունակում են էլ աւելի անհարթանալ: Կեդրոնական Մակեդոնիայի նահանգապետ եւ Եւրոմիութեան տարածաշրջանների կոմիտէի առաջին փոխնախագահ Ափոսթոլոս Ցիցիքոստասին թրքական իշխանութիւնները արգելել են մուտք գործել Թուրքիա եւ աւելի քան վեց ժամ պահել են սենեակում` առանց նշելու դրա պատճառը: Ցիցիքոստասը ժամանել էր Իզմիր` նախագահելու տարածաշրջանային մարմնի լիագումար նիստը: Յունաստանը խստօրէն քննադատել է Թուրքիոյ այդ քայլը․ «Մենք անվերապահօրէն դատապարտում ենք Կեդրոնական Մակեդոնիայի նահանգապետի նկատմամբ թրքական իշխանութիւնների կողմից Իզմիրում կալանքի եւ մուտքի արգելքի անընդունելի եւ լիովին անհիմն գործողութիւնները», – ասւում է Յունաստանի արտաքին գործոց նախարարութեան տարածած յայտարարութեան մէջ: Ի վերջոյ, Յունաստանի եւ Եւրոմիութեան բողոքներից յետոյ Թուրքիան հանել է մուտքի արգելքը, սակայն Ցիցիքոսթասը, այնուամենայնիւ, որոշել է չմասնակցել Եւրո-միջերկրածովեան տարածաշրջանային եւ տեղական վեհաժողովի 13-րդ լիագումար նիստին: Յոյն պաշտօնեաները լարուածութեան աճը վերագրում են Էրդողանին, որին յաջորդ տարի սպասւում է բարդ ընտրական շրջան` Թուրքիոյ տնտեսական լուրջ խնդիրների ընթացքին: Յունաստանի առաջին փոխ-արտգործնախարար Միլթիատիս Վարուիցիոտիսը յայտարարել է, որ Թուրքիան «յատուկ» տնտեսական օգուտ է ստանում հակառուսական պատժամիջոցների շրջանցման շնորհիւ, մինչդեռ Յունաստանը եւ միւս պետութիւնները ստիպուած են վճարել սահմանուած սահմանափակումների համար: Աթէնքում ՆԱԹՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի Միջերկրական եւ Մերձաւոր Արեւելքի հարցերով յատուկ խմբի նիստի ընթացքում Միլթիատիսը խնդրահարոյց է համարել Թուրքիոյ կողմից Ռուսաստանի դէմ պատժամիջոցների չկատարումը: Նրա խօսքով ` Անգարան «պատուհաններ է ստեղծում Ռուսաստանի Դաշնութեան համար»` «յատուկ» տնտեսական օգուտ ստանալով պատժամիջոցների շրջանցման հաշուին` ի տարբերութիւն այլ պետութիւնների, որոնք ստիպուած են վճարել սահմանուած սահմանափակումների համար: Իսկ յոյն-թրքական լարուածութեան վերաբերեալ Յունաստանի վարչապետ Միցոտաքիսը ասել է․ «Եթէ Յունաստանը ունենար 85% գնաճ, ես նոյնպէս կը փորձէի փոխել թեման»:

 

 

 

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles