Յունիս 26, 2011ին, նշուեցաւ հրապարակագիր եւ տարիներ շարունակ ‘‘Հայրենիք’‘ի հետ աշխատակցած` Նորայր Պահլաւունիի մահուան քառասունքը:
Այս առթիւ, լոյս կ՛ընծայենք Արլինկթընի Հայ Մշակութային Կեդրոնի տնօրէն Արա Ղազարեանցի խօսքը, արտասանուած` թաղման օրը:
Մարդս ինչքան էլ որ իրեն պատրաստում է ընդունելու որեւէ մահուան լուրի համար, ի մասնաւորի, ծանօթի, ազգականի եւ ընկերոջ, այն միշտ էլ մեզի անակնկալի է բերում: Լուրը ստանալիս մի վայրկեան սթափւում, ընկճւում ենք, իսկ քիչ յետոյ փորձում ենք հասկանալ կատարուածի իմաստը, խորքը եւ նրա անդրադարձը մեր կեանքի վրայ:
Այսօր Պահլաւունի ընտանիքը հրաժեշտ տուեց իր էութիւնը մարմնաւորող մանրամարնին, սակայն հոգով մեծ, առաքինի, իր տոհմիկ, պապենական Կամսարական-Պահլաւունեաց շառաւիղների արժանավայել մէկ ներկայացուցչին, իսկ աւելի կարեւոր` թանկագին ամուսնուն, հօր, եղբօր, քեռուն եւ մեծ հայրիկին, իսկ Պատրիկեան ընտանիքը թանկագին խնամուն:
Իսկ մեր սերունդը կորցրեց եւս մեր աւագ սերնդի լաւագոյն ներկայացուցիչներից մէկին, որը իր տարիների նուիրումով անհերքելի դերակատարութիւն ունեցաւ իւրաքանչիւրիս ազգային, հասարակական, մշակութային, գիտակցութեան արմատաւորման, զարգացման եւ կերտման մէջ` արթնացնելով կամ աւելի ճիշդ արթուն պահելով այն երազները, որին մենք ականատեսն ենք այսօր:
Վերջին մի քանի տարիներին, պատմութեան կամքի պարտադրմամբ ապրում եւ ականատեսն ենք մեր Սփիւռքի, ի մասնաւորի պարսկահայ Սփիւռքի միջին սերունդի տերեւաթափին: Այն սերունդը, որ վճռեց չյանձնուել ճակատագրի կամքին եւ վճռեց դիմակայել եւ միաժամանակ վերակերտել նոր սերունդներ, որոնք կարողանան արժանի ժառանգորդները լինեն իրենց անգնահատելի պապերի:
Այդ փաղանգի մէջ իր արժանի տեղը գրաւեց եւ անմնացորդ լուման նուիրաբերեց մեր նորոգ հանգուցեալ բոլորիս կողմից սիրուած եւ յարգուած պրն. ընկ. Նորայր Պահլաւունին:
Մահուան բօթը ստանալուն պէս ակամայ Արարատ բառը մտքիս եկաւ: Յետոյ մի պահ յուշերով, գնացի հասայ բոլորիս ծանօթ այժմ ընկճուած եւ խունացած վայրերի ծուռ-ու-մուռ փողոցներ, երբեմնի եռ-ու-զեռի մէջ կորած թաղեր:
Նադերի պողոտայ – Քուչէ Շիրվանի – Նոբահար փողոց -Քուշէշ-Դաւթեան Դպրոց – Հայոց ակումբ -Քաֆէ Նադերի – Սաքօ գրատուն – ‘‘Ալիք’‘ հաստատութիւն, Ղավամ-պլ-Սալթանէ – Ս. Աստուածածին եկեղեցի, որի բակում, կարծէք թէ յաւիտեան պահակների նման հսկում են Մասեհեանը եւ Եփրեմ Խանը մեր համայնքի վրայ եւ էլ շատ ուշ տեղեր:
Աչքերիս առջեւ յայտնուեցին հին օրերի հին դէմքեր եւ ականջներս կարծէք մի վայրկեան խուլացան համահայկական խաղերին, սկաուտական բանակումներին, մարզաւանի միջոցառումներին մասնակցող ամբոխների զուարճալի ձայներով:
Տուն հասնելուն պէս ինչ որ բան մղեց ինձ վերցնել եւ թերթատել Հ.Մ.Ա.Կ.-ի 60-ամեակի ստուարածաւալ գիրքը: Կարծէք ինչ որ կորած բան էի փնտռում: Նկարները մէկ-մէկ ոչ թէ միայն նայեցի այլ կարդացի իւրաքանչիւրի տակ շարուած անունները: Ոմանց, բնականաբար տարիքի բերմամբ չէի կարող անձամբ հանդիպած լինել կամ ճանաչել, սակայն մի բան յստակ գիտէի, որ գրեթէ ոչ մէկը այլեւս մեզ հետ չեն:
Հ.Մ.Ա.Կ.-ի անդրանիկ –հիմնադիր սերնդի գրեթէ բոլոր նկարների մէջ անպակաս է Նորայր Պահլաւունու պատկերը, որը այսօր միացաւ իր հին օրերի, անուշ օրերի զինակիցներին: Համա-հիմնադիրից իրեն շատ սիրելի Յակոբ Կարապենցի հետ թիկունք-թիկունքի, մի քանի շրջան նա եղաւ նորաստեղծ միութեան Կենտրոնական Վարչութեան անդամ, քարտուղար եւ փոխ-նախագահ եւ նախագահ:
Նրա ամենուրէք ներկայութիւնը, ի շարս այլոց, ինքնին խօսուն երեւոյթ է այն բոլոր նուաճումների համար, որին Հ.Մ.Ա.Կ.-ը` այսօրուայ Իրանահայութեան խարիսխը` կարողացել է հասնել: 70-ամեակի շէմին կանգնած Արարատը երաշխաւորն է ներկայ իրանահայութեան գոյատեւման որպէս համայնք: Եթէ չլինէր այն այսօր թերեւս Սինկափորի եւ Ջավայի երբեմնի հայ համայնքների նման միայն յուշարձանները պիտի վկայէին մեր ներկայութեան մասին Թեհրանում եթէ ոչ համայն Իրանում:
Երբ կրտսեր պատանի էի յաճախ անցնում էինք Արարատի երկրորդ յարկի կենտրոնում գտնուող Կ.Վ.եան գրասենեակի առջեւից այն էլ շատ արագ: Երբ բուրում էր ծխամուրջի անուշ ծխախոտի հոտը գիտէինք որ պրն. Նորայրը այնտեղ էր: Այն օրերին իր գաղափարական զինակիցների հետ յաճախ էին հաւաքւում Ուրբաթ օրերին միութեան գործերին հասնելու, ընկերներով սուրճ խմելու: Արարատի աւագ սերունդը հաւաքւում եւ զբաղւում էր վիճաբանութիւններով եւ մասամբ թօթափելու անցնող շաբաթուայ յոգնածութիւնը:
Իսկ եթէ ծխամուրջի ծխախոտի հօտը չէր բուրում, որը գրեթէ բացառւում էր, նրա ներկայութիւնը մատնում էր իր առնական ձայնը, գրաւիչ առոգանութեամբ արտայայտութիւնները իր հարուստ բառապաշարով, որը ի դէպ անկեղծ ասած այս օրերիս էլ երբեմն դեռ դժուարանում ենք լիովին ըմբռնել:
Երբ մի քիչ էլ մեծացանք եւ կամաց-կամաց հասկացանք թէ ով, ով է եւ մտաւորական ինչ կշռի տէր մէկն է, նոր զգացինք թէ ումերի շուաքի տակ ենք հասակ նետել եւ քայլում:
Իսկ երբ թեւակոխեցինք մեր կեանքի երկրորդ տասնամեակը, երբ հերթը մեզ հասաւ պատասխանատու-ղեկավարական պաշտօններ ստանձնելու միայն այն ժամանակ կարողացանք զգալ թէ ինչ զրպարտութիւնների դիմակայալով եւ զոհաբերութիւնների շնորհիւ են վեր սլացել եւ կանգուն մնացել մեր պաշտելի Հ.Մ.Ա.Կ.-ի պարիսպները: Այսօր հակառակ բոլոր վիթխարի դժուարութիւնների Հ.Մ.Ա.Կ.ը ծաղկել, ծաղկում է եւ կանգուն պահում նոսրացած իրանահայ համայնքը դէմ յանդիման կանգնելով նահանջին, երբ այս ծով երկրի մէջ մեր համայնքները բոլոր առաւելութիւններով եւ յարմարութիւններով մատնուած է ուծացման եւ նահանջի` համատարած եւ ամենուրէք:
Իս առաւել անդրադարձանք թէ ինչպիսի մէկերի տեղը պիտի լցնենք կամ ինչպէս ասում են այս երկրում նրանց կօշիկների մէջ քայլել: Ապացոյցները հրապարակի վրայ են եւ խօսուն: Ժամանակը իր վճիռը կայացրել է այդ սերունդի համար: Իսկ մեր սերունդը ինչքանով կը կարողանայ հասնել եւ արժանանալ նրանց կոչումին եւ վաստակին ես անձամբ ունեմ իմ լուրջ կասկածները:
Երեք տասնամեակներ անցել են այդ օրերից:
Անցան այնքան արագ ոչ չհասկացանք թէ ուր գնացին եւ մնացին մեր կեանքի երեսուն տարիները:
Պատմութեան կամքի պարտադրմամբ յայտնուեցինք այստեղ եւ չնայած որ համոզել ենք մեզ, եւ մասամբ մերուել այստեղի իրականութեանը, բայց կարծէք թէ դեռ աշխատում ենք հասկանալ մեր գլխին եկածի ծանրութիւնը:
Այս ափերում, այլեւս ոչ պատանի, մեզ հետ բերած անցեալի յուշերով հանգուցեալ Նորայրի հետ մեր շփումները, չնայած սակաւ, լինում էին բովանդակալից, զուարճալի, կատակներով լի: Իմ բողոքներին թէ Ամբերդը կամ Մարմնաշէնը անմխիթար վիճակում են եւ որ դա պատիւ չի բերում Պահլաւունիներին, նա խոստանում էր յաջորդ կեանքում այդ հարցով զբաղուելու: Ուաշինկթըն ունեցած այցելութիւններիս ընթացքին ամէն առիթ փնտռում էի հանդիպելու կամ յաճախ դասաւորւում էր այնպէս, որ հանդիպում էինք եւ կիսում հին օրերի յուշերը եւ խօսում նոր օրերի իրադարձութիւնների մասին իր մի այլ վաղեմի ընկերոջ բնակարանում: Ինչպէս միշտ անպակաս էին հանգուցեալի յստակ, կտրուկ եւ աներեր տեսակէտները այս կամ այն հարցի շուրջ, որոնք միշտ էլ մտածելու եւ խորհելու առիթ էին տալիս ինձ: Կիսած հոգսերը լինէին նրանք հայրենիքի կամ Սփիւռքի իրադարձութիւնների մասին կարծէք երկուսիս մօտ յաճախ համընկնում էին իրեր: Չնայած որ նա բացէ-ի-բաց գոնէ ինձ հետ չէր արտայայտւում, սակայն ակնյայտ էր եւ զգալի նրա յուսախաբութիւնները եւ այո, ինչու չէ նաւ զայրոյթը մեզ յուզող մի շարք երեւոյթների շուրջ: Նա թերեւս մասամբ կարողացաւ սփոփել իր ամոքած սիրտը իրեն նուիրուելով մի քանի ուսումնասիրութիւնների, որոնք այսօր հրապարակի վրայ են որպէս աւանդ ապագայ սերունդներին:
Երբ մահուան լուրին հետեւեց թաղման կարգի մանրամասնութիւնները անմիջապէս յիշեցի իր պատանեկան տարիների իր իսկ խօսքերով պաշտելի Յակոբիկի` Յակոբ Կարապենցի ‘‘Ադամի Գիրքը’‘ աշխատութեան այն տողերը, որտեղ հեղինակը մշտնջենական հանգչելու տեղի հոգս է անում:
‘‘Երբ մեռնեմ, ո՞ւր պիտի թաղեն ինձ, Նիւ Եորքո՞ւմ, Նիւ Եորքում, այսինքն Մանհաթանում, գերեզմանից չկայ, հաւանաբար Լոնկ Այլընտ տանեն եւ դիս նետեն երկու քառուղիների արանքում ընկած բազմայարկ գերեզմանների մի անկիւնում, բազմացեղ ոսկորների միջեւ, ո՛չ, Նիւ Եորքը քեզ պահէք, ինձ Թեհրան տարէք, բայց Թեհրանն էլ խորթ է, գուցէ Թաւրիզ, բայց անյտեղ էլ մարդ չմնաց, հաւանաբար Պոսթըն, կամ մի գուցէ Լոս Անճելըս, Քալամազու կամ Սինսինաթի, եթէ Սինսինակի, ապա կարող է լինել նաեւ Քանզաս Սիթի, Բաթոն Ռուժ ու Սան Ֆրանսիսքօ` յիմար ազգուրաց, Հայաստանը թողած աշխարհն ես ընկել ու հողաթումբ ես փնտռում, քո պապենական երկիրը, արիւնը արեամբ, հողը հողով, մարդ առ մարդ, դար առ դար, ‘‘Երկիր դրախտավայր’‘ բայց միթէ՞ Հայաստանը գերեզմանոց է, որ ինձ տանեն, ես ի՞նչ եմ տուել Հայաստանին, որպէսզի Հայաստանը ամփոփի իմ դին, փաստօրէն աշխարհում տեղ չունեմ հանգչելու…’‘:
Եթէ ուրիշ աշխարհում կամ ժամանակաշրջանում ապրէինք թերեւս նրա մարմինը պիտի հանգչէր հէնց իսկ Ամբերդի պարիսպներից ներս կամ իր նախահայրերի կառուցած Ս. Աստուածածնի շրջափակում կամ մի գուցէ Մարմաշէնի գաւթում:
Հազարաւորների նման հանգուցեալին վիճակուեց ոչ այս մէկը ոչ միւսը եւ նա ընտրեց հանգչել իր հարազատ գաղափարական եւ պատանեկան տարիների ընկերների` Ռուբէն Գրիգորեանի, Յակոբ Կարապենցի եւ շատ ուրիշների մ’‘տ:
Յարգելի տիկին Լիդա, թանկագին Սեդա, Արմէն, Սիլվա, Ալինա եւ Ալեքս
Տիկին Ռուբինա, Ալենուշ, Շաքէ եւ Բիայնա կասկած չունեմ, որ այս պահիս բառերը տկար են սփոփելու ձեր վիշտը եւ դարմանելու ձեր սրտերի մէջ բացուած մեծ վէրքը:
Խորապէս ցաւակցելով, յանուն իմ բոլոր սերնդակից Արարատականների միայն կարող եմ ձեզ մաղթել ուժ եւ կորով այս պահին դիմակայելու ձեր կրած այս ծանր եւ անփոխարինելի կորուստի համար:
Մխիթարուել հանգուցեալի բեղմնաւոր կեանքով:
Հպարտանալ նրա թողած վաստակով եւ շարունակել ապրել նրա անմոռանալի եւ անթառամ յուշերով:
ԱՐԱ ՂԱԶԱՐԵԱՆՑ
Մայիս 11, 2011