
ՌՈՊԵՐԹ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ
Լուսանկարները` հեղինակի
Դեկտեմբերի 14-ին, Նիւ Եորքի Սրբոց Նահատակած ամենօրեայ Ազգային վարժարանում մեծ հանդիսութիւն էր: Շնորհաւորելով Նոր Տարին եւ Սուրբ Ծնունդը, վարժարանի տնօրէնուհի Զարմինէ Պօղոսեանը բացելով տօնական հանդէսը ասաց.- «Սիրելի ծնողներ շնորհակալ ենք, որ ձեր զաւակները ուսանում են մեր ամենօրեայ վարժարանում, որը միակն է Նիւ Եորքում: Կը ցանկանայի նաեւ, որ գալիք տարիներին մեր աշակերտների թիւը կրկնապատկուի: Քաջալերեցէ՛ք եւ բերէ՛ք ոչ միայն ձեր զաւակները այլեւ ձեր թոռներին: Եղէ՛ք առատաձեռն ձեր զաւակներին ու թոռներին հայեցի կրթութիւն ստանալու համար»: Տնօրէնուհին ներկայացրեց նաեւ երեկոյի պատուաւոր հիւրերից` Տիգրան Չրչեանին, որն ամէն երեքշաբթի գալիս է վարժարան, ու երեխաներին նուէրներ բաժանում:
Տօնակատարութեան յայտագիրը բազմազան էր: Հադիսութեանը մասնակցեցին վարժարանի բոլոր երեխաները` մանկապարտէզի, ինչպէս նաեւ առաջինից մինչեւ բարձր դասարանի աշակերտները: Ծրագրում ընդգրկուած էին խմբակային երգեր (խմբավար` Անահիտ Պօողոսեան, դաշնակահար` Նուարդ Տատուրեան), արտասանութիւն, պարեր, ինչպէս նաեւ անգլերէն լեզուով փոքրիկ ներկայացում:
Տօնակատարութեան վերջում ներկաներն ու աշակերտները մեծ ոգեւորութեամբ դիմաւորեցին կաղանդ պապին, որն իր հետ բերել էր բազմաթիւ նուէրներ: Բարձրանալով բեմահարթակ, նա երեխաների հետ շուրջպար բռնեց եւ որից յետոյ բաժանեց նուէրները: Վարժարանի տնօրէնուհի Զարմինէ Պօղոսեանը մի խունբ աշակերտների հետ լուսանկարուեցին կաղանդ պապի հետ: Սրբոց Նահատակաց եկեղեցւոյ հովիւ, Արժ. Տէր Աբրահամ Քհնյ. Մալխասեանը, ձեռնարկի աւարտում ասաց.- «Բոլորս ականատես եղանք Սրբոց Նահատակաց Ազգային վարժարանի Նոր Տարուայ եւ Սուրբ Ծննդեան առթիւ տօնակատարութեանը: Իսկապէս բոլորս շատ ազդուեցինք տեսնելով թէ ինչպէս հայ մանուկները գտնուելով օտար երկրում, ինչպիսի հայեցի կրթութիւն են ստանում եւ հայերէն են ներկայացնում մեր հայկական եւ քրիստոնէութեան ժառանգութիւնը, եւ իսկապէս այսօր նրանք փայլեցին: Աստուած տայ, որ մեր հայ դպրոցը զօրանայ օրէ օր: Աստուած տա՛յ մեր ուսուցիչներին եւ վարժարանի տնօրէնուհի Զարմինէ Պօղոսեանին երկար կեանք եւ արեւշատութիւն, ուժ եւ կորով, որպէսզի կարողանան այս մեր հանընդհանուր, համազգային առաքելութիւնը ի կատար ածեն, որ էլ աւելի միասնական լինեն, հայեցի լինեն, վառ պահելով Հայոց Ցեղասպանութեան անմեղ նահատակների յիշատակը»: