
Երկու տարի առաջ գարնան զարթօնքի առաջին օրերին, Նիւ Եորքում սկսեց գործել “Սփիւռքի Ձայն“ պատկերասփիւռի կայանը, որի հիմադիրն ու տնօրէնն է ամերիկահայ ճանանչուած լրագրող, Գաբրիէլ Սունդուկեանի անուան թատրոնի նախկին առաջատար դերասանուհի` Կարինէ Քոչարեանը: Կարճ ժամանակահատուածում այս ծրագիրը Նիւ Եորքահայերի եւ ողջ Սփիւռքահայութեան կողմից ընդունուեց ջերմութեամբ: Դրա վառ ապացոյցն այն եղաւ, որ անցեալ տարի Երեւանում կայացած լրագրողների համահայկական 6-րդ համագումարում “Սփիւռքի Ձայն“ը արժանացաւ առաջին մրցանակի: Մարտ 2-ին, Նիւ Ճըրզիում մեծ շուքով նշուեց պատկերասփիւռի կայանի երկրորդ տարին:
Այդ առիթով շնորհաւորական ուղերձ էին յղել` Հայաստանի Սփիւռքի Նախարար` Հրանուշ Յակոբեանը, Մ.Ա.Կ.-ում Հ.Հ. մշտական ներկայացուցիչ, արտակարգ եւ լիազօր դեսպան` Կարէն Նազարեանը, Ա.Մ.Ն. Արեւելեան Թեմի Առաջնորդներ` Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամեանն ու Օշական Արքեպիսկոպոս Չօլոյեանը, Հայ Ամերիկեան մշակութային կապերի նախագահ` Ռիթա Պալեան, ինչպէս նաեւ Ռամկավար Ազատական եւ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան կուսակցութիւններն ու “Համազգային“ Հայ Կրթական մշակութային եւ “Թէքէեան“ միութիւնները:
Երեկոյի Պատուաւոր հիւրերն էին` ամերիկահայ ճանաչուած գրող դոկտ. Հրանդ Մարգարեանը, վաստակաշատ մանկավարժ, Նիւ Եորքի Սրբոց Նահատակաց ամենօրեայ վարժարանի տնօրէն` Զարմինէ Պօղոսեանը եւ “Քալիֆորնիա Քուրիր“ թերթի հրատարակիչ եւ խմբագիր Յարութ Սասունեանը, որոնք շնորհակալական եւ շնորհաւորական խօսք ասացին Կարինէ Քոչարեանին, ցանկանալով նրան նորանոր ստղծագործական յաջողութիւններ:
Երեկոյի աւարտում տնօրէն Կարինէ Քոչարեանը իր շնորհակալական խօսք աւարտեց այսպէս “… Այսօր երկամեայ “Սփիւռքի Ձայն“ը նոր ծրագրով իմ նպատակը նոր ուղղութիւն է ստացել. այն է` լուսաբանել Մեծագոյն Նիւ Եորքի ազգային կեանքը: Նրա հոգեւոր, կուսակցական, միութենական, կրթական եւ մշակութային գործունէութիւնը ներկայացնել հայ համայնքին եւ նաեւ սփռել Մայր Հայրենիքում եւ աշխարհով մէկ ապրող մեր հայրենակիցներին : Ամենուն պատմել թէ ովքեր են Նիը Եորքահայերը եւ ինչ ազգային կեանքով են ապրում… “:
Երեկոն աւարտուեց գեղարուեստական յայտագրով:
ՌՈՊԵՐԹ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ