
Դեկտեմբեր 16-ին, Նիւ Եորքի Սրբոց Նահատակաց ամէնօրեայ Ազգային վարժարանի դահլիճը տօնական տեսք էր ստացել: Այստեղ էին վարժարանի ողջ մանկավարժական կազմը, ծնողներ, բազմաթիւ հիւրեր, որոնք ներկայ գտնուեցին Ազգային վարժարանի սաների կողմից կազմակերպուած Նոր Տարուայ տօնական հանդէսին: Բացման խօսքով հանդէս եկաւ վարժարանի տնօրէնուհի, երկարամեայ մանկավարժ Զարմինէ Պօղոսեանը: Նոր տարուայ հանդէսը բացուեց դրօշակի արարողութեամբ: Ա.Մ.Ն.-ի եւ Հ.Հ. օրհներգերից ետք, ներկայացուեց տօնական յայտագիրը:
Առաջինը բեմահարթակ բարձրացան մանկապարտէզի եւ նախադպրոցական տարիքի երեխաները, որոնց յաջորդեցին միջին, բարձր եւ աւարտական դասարանների աշակերտների ելոյթները, որոնք ներկայացրեցին երգ-պար, արտասանութիւն, անգլերէն լեզուով փոքրիկ ներկայացում, խնբակային երգեր եւ այլն:
Երեխաները միաձայն բացագանչեցին` Կաղանդ պապան է գալիս: Երաժշտութեան հնչիւնների եւ ծափերի ներքոյ բեմահարթակ է բարձրանում Կաղանդ պապը, որն իր հետ բերել էր բազմաթիւ նուէրներ:Կաղանդ պապը շնորհաւորեց գալիք Նոր Տարին եւ Սուրբ Ծնունդը: Նոր տարուայ տօնական հանդէսն աւարտուեց Սրբոց Նահատակաց եկեղեցւոյ հովիւ, Արժ. Տ. Աբրահամ Քհնյ. Մալխասեանի փակման աղօթքով:
Լուսանկարները` հեղինակի
ՌՈՊԵՐԹ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ