

Արմինէ Մինասեան
Նիւ Եորք
Նիւ Եորքի Համազգային Հայ Կրթական և Մշակութային Միութեան Նախաձեռնութեամբ այս վերջերս հիմնադրուեց Մանկապատանեկան «Ծիրանի» երգչախումբը, որի բուն հովանաւորն է հանդիսանում տեղիս Հ. Յ. Դ. «Արմէն Գարօ» Կոմիտէութիւնը, համագործակցութեամբ՝ Սբ. Լուսաւորիչ Մայր Եկեղեցւոյ և Սբ. Սարգիս Հայոց Առաքելական զոյգ Եկեղեցիների:
Ինչպէս դարերի ու տարիների ընթացքում, այսօր ևս, նկատի ունենալով այն հանգամանքը որ սփիւռքում ապրող հայ ժողովրդի գոյատևման պայքարը, կենցաղային ու միջավայրի խոչնդոտները, գնալով շատանում են, մասնաւորապէս այս վերջին տարիներում կարծես հայ մնալու խնդիրը կեանքի ու կռուի տենդայոյզ վայրկեաններից մէկն է յառաջացել միջին արևելքի մէջ: Եւ ինչու չէ՞, նոյնիսկ Ամերիկայում, ինչպէս որ Նիւ Եորքի մէջ ուսանողների թուի կամ նիւթականի անհասութեան հետևանքով, գոցւում են ամենօրեայ տարրական վարժարանները: Իսկ հրաշք պիտի լինէր, եթէ ունենայինք հայկական միջնակարգ վարժարան. քանզի այս տարիների ընթացքում է որ ուսանողը հոգեպէս թրծւում է իր մշակոյթի հնոցում: կապւում իր պատմութեան ու իր ինքնութեան:
Բայց և, ինչպէս որ մեր պատմութիւնն է թելադրել մեզ ու քաջալերել, պայքա՛ր, պայքա՛ր, և դարձեալ պայքա՛ր. պայքար յանուն Հայ Ազի Գոյատևման: Թո՛ղ, նորահաս ու հայ ապագայ սերունդը երկնային լուսարձակ աստղերի պէս՝ շողա՛ն, . . . . ու շողշողանք մենք միասնաբար առյաւէտ . . . . և երբ արևը կը հալուի ….. :
Այսօր, Նիւ Եորքի մէջ, Հաւատք, Մշակոյթ, Գաղափար ու Կամք ձեռք-ձեռքի տուած եկած են ծնունդ տալու այս մանկապատանեկան «Ծիրանի» երգչախումբին, ի մի բերելու հայ մանուկներին ու պատանիներին, որպէսզի հայ երգի միջոցով բարձրաձայն հնչեցնել հայ լեզուի կարևորութիւնն ազգապահպանման խնդրում: Հայ մանուկների ու պատանիների հոգու մէջ սերմանելու ու վառ պահելու Մեսրոպեան Լեզուն, նրաց փոխանցելու հայ մշակոյթի գոհարներն ու հայ պատմութիւնը:
Ուրեմն, այս առիթով, Հայաստանից է հրաւիրուած հանրածանօթ թենոր՝ Գէորգ Հաճեանը ղեկավարելու երգչախումբը: Հայրենի երկրի սէրն ու կարօտն իրենց հոգում, այժմ, տասը տարի եղաւ որ իր տիկնոջ Ընկհ. Ֆրիդայի և զաւակի՝ Թաթուլի հետ նրանք Լիբանանից մնայուն հաստատուած են Երևան:
Գ. Հաճեանը աւարտել է Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան «Զարեհեան» դպրեվանքը և «Համազգային»ի «Բարսեղ Կանաչեան» երաժշտանոցը: Որպէս շնորհալի մեներգիչ արժանաւորապէս շահել է «Բարսեղ Կանաչեան» և այլ մրցոյթների առաջնութիւնը: Ելոյթներ է ունեցել Հայաստանի զանազան վայրերում, Եւրոպայի, Միջին Արևելքի, Գանատայի, Հիւսիսային և Հարաւային Ամերիկայի մէջ ապրող հայաշատ նահանգներում: Ամէնուրեք, նա իր քաղցրալի ու զօրեղ ձայնով հայկական երգն է տարածել, հիացմունք և ուրախութիւն պատճառել ներկաներին և մեծապէս արժանացել գովասանքների:
Համայնքի բնակութեան պայմանների հետևանքով, երգչաբախմբի փորձերը տեղի են ունենում Շաբաթ օրերը կ.յ. ժամը 1-ին Սուրբ Սարգիս եկեղեցում (Տակլըսթըն), և Կիրակի օրերը Սուրբ Լուսաւորիչ Մայր Եկեղեցում (Մանհաթըն), Սուրբ Պատարագից անմիջապէս յետոյ ժամը 1–ին:
Եկէք միասնաբար աշխատանք տանենք, համագործակցենք ու քաջալերենք մեր զաւակներին որ մասնակից լինեն այս նորածին «Ծիրանի» երգչախմբին, որպէսզի մշտավառ պահուի հայ երգն ու հայ մշակոյթի ջահը:
Ակնդէտ, սպասում ենք «Համազգային»ի «Ծիրանի» Երգչախումբի, միատեղ, համախմբուած համերգին, ու մաղթում ոյժ, կորով և ամենայն յաջողութիւն նրանց:
Յաւելեալ տեղեկութիւնների համար հեռաձայնել, Տիկ.Աստղիկ Սևակին՝
718-566-8397, Սուրբ Լուսաւորիչ Մայր Եկեղեցւոյ գրասենեակը՝ 212-689-5880,
կամ Սուրբ Սարգիս Եկեղեցւոյ գրասենեակը՝ 718-224-2275: