Մի «Հետախուզման» Մութ Պատմութիւն

0 0
Read Time:3 Minute, 35 Second

khemp1Գէորգ Աղապապեան 

(յապաւումով)

Սեպտեմբեր 22, 2015

Ազգային Անվտանգութեան Ծառայութեան պետ Գորիկ Յակոբեանը նախօրէին որեւէ պատասխան չտուեց լրագրողների կողմից իրեն յամառօրէն ուղղուող այն հարցին, թէ ինչպէ՞ս է հետախուզման մէջ գտնուող անձը հատել Վրաստանի հետ պետական սահմանը եւ քաղաքական ապաստան հայցելով Ատրպէյճանից` բարեյաջող յայտնուել այնտեղ: Յակոբեանին կարելի է հասկանալ. այդ իրավիճակում ինչ էլ փորձի պատասխանել, ինչպէս էլ փորձի պարզաբանել քթների տակից դաւաճանի փախուստը, յայտնուելու է անհեթեթ վիճակի մէջ: Առաւել եւս…կծիկի բացումը կարող է յանգեցնել չափազանց լուրջ միջազգային գայթակղութեան:
Վահան Մարտիրոսեանի` Պաքւում յայտնուելուց եւ յայտնի խայտառակ ասուլիսը տալուց յետոյ Հայաստանի Քննչական կոմիտէն հանդէս եկաւ պաշտօնական պարզաբանմամբ, որտեղ յստակ նշւում էր, որ դեռեւս Օգոստոս 28-ին յարուցուած` գողութեան յատկանիշներով քրէական գործի շրջանակներում արդէն Սեպտեմբեր 9-ին կայացուել է Վահան Մարտիրոսեանին այդ գործում որպէս մեղադրեալ ներգրաւելու եւ նրա նկատմամբ հետախուզում յայտարարելու մասին որոշում: Թէ ինչու է դրանից մէկ շաբաթ առաջ գործը քննող քննիչը որոշում ընդունել ցուցմունքներ տալուց, այսինքն իրաւապահ մարմինների հետ համագործակցելուց հրաժարուող Մարտիրոսեանի նկատմամբ որպէս խափանման միջոց ընտրել չհեռանալու մասին ստորագրութիւնը եւ նրան ազատ հեռանալու հնարաւորութիւն տուել, հարցի մի կողմն է, որը դեռեւս պատշաճ չի պարզաբանուել: Առաւել կարեւոր է, որ Մարտիրոսեանն դրանից յետոյ, ինչպէս պարզ է դառնում Ազգային Անվտանգութեան Ծառայութեան պետ պետի` Սեպտեմբեր 21-ին արած կցկտուր յայտարարութիւններից, հանգիստ նստել է մեքենան եւ հատել Վրաստանի սահմանը: Պարզաբանումն առ այն, որ Մարտիրոսեանի նկատմամբ հետախուզումը յայտարարուել է Սեպտեմբեր 9-ին, անուղղակիօրէն փորձ է` հասկանալի դարձնելու, որ Մարտիրոսեանը Հայաստանի սահմանը հատել է մինչ այդ, այսինքն` Սեպտեմբեր 2-ից մինչեւ 9-ը ընկած ժամանակահատուածում: Հակառակ դէպքում ստացւում է, որ հետախուզման մէջ գտնուող անձինք առանց որեւէ խոչընդոտի, կարողացել են հատել պետական սահմանը, ինչը հաւասարազօր է նրան, որ Մարտիրոսեանը սահմանն անցներ Ազգային Անվտանգութեան Ծառայութեան օժանդակութեամբ…:
Ընդունենք, թէ ամէն ինչ հէնց այդպէս էլ եղել է, եւ Մարտիրոսեանը Վրաստան է անցել մինչեւ իր նկատմամբ հետախուզում յայտարարելը: Մանաւանդ որ Վահան Մարտիրոսեանի` Պաքւում յայտնուելուց անմիջապէս յետոյ ազերի իրաւապաշտպան Նովելա Ճաֆարօղլուն Սեպտեմբեր 17-ին լրատուամիջոցներին պարզաբանել էր, որ Մարտիրոսեանի Ատրպէյճան տեղափոխուելու օպերացիան տեւել է 10 օր: Այնուամենայնիւ, ստացւում է, որ առնուազն 10 օր, իսկ հետախուզում յայտարարելուց յետոյ` 8 օր, Մարտիրոսեանն ընտանիքի հետ եղել է Վրաստանում: Եւ ոչ միայն եղել է, այլեւ արագ միջոցներ է ձեռնարկել Ատրպէյճան մուտք գործելու եւ ապաստան գտնելու ուղղութեամբ: Ըստ նոյն Ճաֆարօղլուի` Մարտիրոսեանի ցանկութեան եւ նրա խնդրի մասին ինքը տեղեկացել է Վրաստանի իր գործընկերներից ստացած համապատասխան նամակով, որից յետոյ արդէն դիմել են Ատրպէյճանի պետական մարմիններին: Այսինքն ստացւում է, որ Մարտիրոսեանի` հետախուզման մէջ գտնուելու ամբողջ շաբաթուայ ընթացքում հարեւան Վրաստանում նրան Ատրպէյճանին փոխանցելու նախապատրաստական աշխատանքներ են իրականացուել, որից ոչ Երեւանում ու ոչ էլ, փաստօրէն, Վրաստանի իրաւապահ մարմիններում տեղեակ չեն եղել: Յատկապէս վերջինիս մասով նման բան պատկերացնելն անիմաստ է, որովհետեւ Մարտիրոսեանին փոխանցելու գործընթացը պաշտօնական Պաքուն կարող էր կազմակերպել բացառապէս Վրաստանի իշխանութիւնների հետ համագործակցութեան արդիւնքում:
Ի վերջոյ Հայաստանի քաղաքացին, որի նկատմամբ արդէն հետախուզում է յայտարարուած եղել, հէնց Վրաստանից է հատել Ատրպէյճանի սահմանը եւ հաստատաբար` ոչ պարկի մէջ եւ ոչ որպէս Վրաստանից ներմուծուող կաղամբ: Նման դէպքում վրացական կողմը մինչեւ անձին սահմանն անցնել թոյլատրելը, պարտադիր պէտք է քայլեր ձեռնարկեր առնուազն Հայաստանին այդ մասին տեղեակ պահելու ուղղութեամբ: Այդ ոճը վաղուց գործում է երկու երկրների միջեւ համապատասխան իրաւապայմանագրային բազայի հիման վրայ եւ հէնց այդ փոխադարձ պարտաւորութիւնների սահմաններում էր, որ Փետրուար 2014-ին Վրաստանում ձերբակալուեց եւ Հայաստանին յանձնուեց այստեղ յայտնի «օֆշոր»ի գործով որպէս կասկածեալ անցնող Աշոտ Սուքիասեանը: Հարց է առաջանում` ինչի հիման վրայ է վրացական կողմը թոյլ տուել Վահան Մարտիրոսեանին անցնել Ատրպէյճան, արդեօ՞ք մինչ այդ դրա մասին տեղեկացրել է Երեւանին: Եթէ այո, ապա ինչո՞ւ նրան անյապաղ Հայաստանին յանձնելու խնդիր Թիֆլիսիի առջեւ չի դրուել: Եթէ ոչ, ապա ինչո՞ւ եւ ինչո՞ւ այդ դէպքում Հայաստանը պաշտօնական պարզաբանում Թիֆլիսից չի փորձում ստանալ: Եթէ իսկապէս Մարտիրոսեանը Ատրպէյճան է անցել վրացական իշխանութիւնների ուղղակի թէ անուղակի աջակցութեամբ, ապա դա պայմանագրային պարտաւորութիւնների խախտում է: Աւելին. յատկապէս այն դէպքում, երբ դա առնչւում է փաստի առջեւ կանգնած երկրի, տուեալ դէպքում Հայաստանի շահերին, նման երեւոյթները չեն կարող դիւանագիտական յարաբերութիւնների ճշգրտման խնդիր չյարուցել:
Ի վերջոյ Ատրպէյճանի հետ Հունգարիոյ իշխանութիւնների հէնց այդպիսի գործարքի, մասնաւորապէս` ցմահ ազատազրկման դատապարտուած Սաֆարովին Ատրպէյճանին արտայանձնելուց յետոյ Հայաստանն ստիպուած եղաւ դադարեցնել դիւանագիտական յարաբերութիւնները Պուտափեշթի հետ: Գուցէ Ազգային Անվտանգութեան Ծառայութեան լռութեան պատճառն այս անգամ էլ Վրաստանի՞ հետ նման խնդիրներ չյարուցելն է: Եթէ իսկապէս սա է նպատակը, ապա այդ լռութիւնը յետագայում կարող է շատ աւելի թանկ նստել Հայաստանի վրայ: Որովհետեւ Հայաստանի հետ նման ձեռագրով խօսելը միւսների համար կարծես թէ դառնում է օրինաչափութիւն:
Իսկ գուցէ Վահան Մարտիրոսեանի նկատմամբ ընդհանրապէս հետախուզում յայտարարուած չի եղել… գուցէ հետախուզման պատմութիւնը շրջանառութեան մէջ դնելու գաղափարը պատկան մարմինների մօտ ծնուել է Վահան Մարտիրոսեանի` Ատրպէյճանի սահմանը հատելուց յետո՞յ միայն…

 

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %
Previous post Ամբաստանեալն Ու Ապաստանը
Next post ԲԱԶՄԱՆՈՒՆ ԽԶՄԱՆ ԳԱՂԹԵՐ ԵՒ ԱՆՀԵՌԱՆԿԱՐ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published.

Social profiles