
ՌՈՊԵՐԹ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ
ՆԻՒ ԵՈՐՔ
Լուսանկարները` հեղինակի
Ապրիլ 27-ին, Նիւ Եորքի Սրբոց Նահատակաց Ազգային վարժարանի սաները մեծ շուքով տօնեցին Մեծ Հայրերի եւ Մեծ Մայրերի աւանդական դարձած տօնը, որուն հրաւիրուած էին հարիւրից աւելի հայորդիներ: Նրանք եկել էին մասնակցելու իրեց թոռնիկների ու ծոռնիկների հանդիսութեանը: «Այս տօնը մենք նշում ենք ամէն տարի Ապրիլեան 24-ի օրերուն, որովհետեւ Մեծ Հայրերուն եւ Մայրերուն կորցրած ենք, չենք տեսած: Հիմա այս սերունդը իրենց Մեծ Հայր – Մեծ Մայր ունենալը մեծ բարիք է: Այս մեծարման օրը կը տօնենք, որպէսզի ցոյց տանք, թէ որքան կարեւոր է նրանց ներկայութիւնը մեր հայ տուներէն ներս», ասաց վարժարանի տնօրէնուհի Զարմինէ Պօղոսեանը:
Օրուայ յայտագիրը ճոխ էր: Ելոյթ ունեցան վարժարանի մանկապարտէզի, բարձր եւ աւարտական դասարանների աշակերտները: Նրանց կատարմամբ հնչեցին խմբակային երգեր` «Մեծ Հայրիկիս եւ Մեծ Մայրիկիս», «Պատանիներ ենք Արի ու Բարի», «Մամիկիս-պապիկիս», եւ այլ ստեղծագործութիւններ: Երեխաները ներկաներին ծաղիկներ եւ յուշանուէրներ բաժանեցին:
Ցերեկոյթի աւարտում վեցերորդ դասարանի աշակերտների կատարմամբ հնչեց մեծ բանաստեղծ Վարդգէս Պետրոսեանի հետեւեալ տողերը`
«Ով պիտի պատմէր մեր մանկութեան կապոյտ հէքիաթները, եթէ Մեծ Մայրերը չըլլային: Ով մեզի պիտի տար բարիութեան առաջին դասերը, Ով պիտի բռնէր մեր ականջները քաշող մայրական ձեռքերը եթէ Մեծ մայրերը չըլլային»: