«ՄԵԾ ԹՈՒՐԱՆ» ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ

0 0
Read Time:4 Minute, 21 Second

medz-touran

Դեռ դպրոցական դասագրքերից հայ ժողովուրդը լսել է «Մեծ Թուրան» ծրագրի մասին, որի պատճառով այդքան տուժել է հայ ժողովուրդը: Բոլորս էլ գիտենք թէ իրականում ինչ նպատակով իրականացուեց Հայոց Ցեղասպանութիւնը Օսմանեան Թուրքիոյ կողմից: Հիմնական նպատակը կայանում էր նրանում, որ իրենք կարողանան միաւորուել մնացած թուրքալեզու ժողովուրդների հետ, ինչի հիմնական խոչընդոտը հանդիսանում էր հայ ժողովուրդը: Նպատակը չէր փոխուել նաեւ 1988-1994 թուականներին, Արցախեան պատերազմի օրերին, երբ նոյն Թուրքիան յոյսեր էր փայփայում ի նպաստ Ատրպէյճանի լուծել Արցախեան խնդիրը եւ արանքում ստանալ Հայաստանի Հանրապետութեան Մեղրիի հատուածը, միաւորուելու համար Ատրպէյճանի հետ: Կարծես նպատակները այսօր էլ չեն փոխուել եւ ցանկացած վարկեան կարող է նոր պատերազմ սկսուել Արցախում, ինչը ցոյց տուեցին 2016 թուականի ապրիլեան իրադարձութիւնները: Եւ այս պայմաններում աշխարհի համայն հայութեան ուշադրութիւնը սեւեռուած է հայոց Արցախի վրայ, սակայն տուեալ լարուած իրավիճակի արանքում արդէն երկար տարիներ է, ինչ Թուրքիան ու Ատրպէյճանը իրականացնում են մէկ այլ մեծ ծրագիր, որի միջոցով կառուցւում է այլընտրանքային ուղղի «Մեծ Թուրան» ծրագիրը իրագործելու համար:
Տուեալ փանթրքական ծրագիրը ընկնում է ցաւօք մէկ այլ հայաբնակ տարածքով, որը հիւսիսից սահմանակցում է Հայաստանի Հանրապետութեանը: Դեռեւս 1918 թուականին թրքական բանակը փորձեց գրաւել Սամցխէ-Ջաւախքի շրջանը եւ հանդիպեց այնտեղ ապրող հայ ժողովրդի եւ ինչու չէ նաեւ տեղացի վրացիների կատաղի դիմադրութեանը: Բոլորս լաւ գիտենք Ախալցխայի յայտնի ինքնապաշտպանութեան մասին, լաւ գիտենք թէ թրքական ներխուժման պատճառով ինչքան մեծ զոհեր ունեցանք Ջավախքի հատուածում: Սակայն պէտք է խոստովանել, որ այս ամէնից ոչ միայն դասեր չենք քաղել, այլեւ չենք վերափոխուել ընկալելու համար այսօրուայ նոր տիպի տնտեսական ու «տեմոկրաֆիք» պատերազմի վտանգը: Թուրքերի համար Պաթումին ու Ախալցխան ունեն մեծ ռազմագիտական նշանակութիւն: Նրանք Ախալցխայ քաղաքը անուանում են «ախիսխաէ եւ համարում իրենց պատմական տարածքը, որտեղ ցանկանում են վերաստեղծել իրենց երբեմնի ազդեցութեան լծակները:
Այսօր գաղտնիք չէ, որ Ախալցխայում գործում են մօտ երկու տասնեակ հասարակաց տներ, որտեղ աշխատում են հարիւրաւոր կանայք Հայաստանից ու Վրաստանից: Ամիսներ առաջ Ախալցխայում իրաւապահ մարմինների կողմից փորձ էր արուել մաքրել տուեալ հասարակաց տները, ինչի արդիւնքում իյայտ էին եկել այնտեղ մօտ 600 աշխատող կանայք: Սնկի պէս աճող հասարակաց տները սպասարկում են միայն օտարերկրեայ քաղաքացիներին, որոնք հիմնականում ազգութեամբ թուրքեր են: Տուեալ պիզնեսի ուղղուածութիւնը հիմնուած է միայն թուրքերի կողմից եկամուտ բերելու վրայ, որը ցոյց է տալիս նրանց ներկայութեան քանակը եւ ֆինանսական հոսքը հայաբնակ Ախալցխայի շրջանում: Դրանից բացի Ախալցխայում կան ճաշարաններ, որոնք միայն սպասարկում են թուրքերին:
Օրերս պարզ դարձաւ, որ Ադրբեջանի քաղաքացիներ, որոնք ազգութեամբ թուրք-մեսխեթցիներ են թուով մօտ 30 հոգի եկել են Ադրբեջանից եւ ընդունուել Ախալցխայի Իւանէ Ջավախիշուիլու անուան պետական համալսարանում: Նրանք ընտրել են հիմնականում համալսարանի առեւտրական ուսումնասիրութեանց բաժինը: Սպասւում է, որ նրանց թիւը համալրուելու է եւս 45 հոգով, ինչը դժգոհութիւն է առաջացնում համալսարանի դասախօսների շրջանում: Դուրս է գալիս, որ միայն Ախալցխայի շրջանում շուտով կ՚ունենանք մօտ 70 ատրպէյճանցի ուսանող: Ամիսներ առաջ պարզ դարձաւ, որ Ախալցխայի Տավառնի կոչուող թաղամասում, որտեղ բնակուել են հիմնականում թուրք-մեսխեթցիները, մեսխեթցիներին բաշխուել են մեծ թուով մեղուապահութեան համար նախատեսուած փեթակներ, որոնց վրայ կարելի է տեսնել թրքական դրօշներ: Եւ դա միայն սառոյցի տեսանելի մասն է հանդիսանում:
Ախալցխայից դէպի արեւմուտք ընկնող Ադիգենի շրջանում եւս հանգիստ չէ: Արդէն երեք տարուց աւել է, ինչ Ադիգենի շրջանի մահմեդականները ակտիւ պայքարում են իրենց իրաւունքների համար: Սկզբում Ճելայ գիւղն էր, որտեղ առանց վրաց իշխանութիւնների գիտութեան տեղադրուեց մինարէ, որ… կրկին տեղադրուեց իր նախկին տեղում: Պայքարը այնքան սաստիկ էր, որ ձերբակալուած մահմետականներին իշխանութիւնները ստիպուած բաց թողեցին, տալով նրանց փոքրիկ տուգանքներ:
Շարունակութիւնը Մոխէ գիւղն էր, որը երկու տարի պայքարեց իր մզկիթի համար, որին իշխանութիւնները օրերս տուին վիճելի պատմամշակութային յուշարձանի կարգավիճակ, իսկ մահմետականների համար գիւղի կեդրոնում նոր մզկիթ է կառուցուելու: Մօտ օրերս պարզ կը դառնայ թէ ինչպէս կը պատասխանեն տուեալ որոշմանը տեղի մահմեդականները: Նոյնպէս օրերս Ադիգենի մահմետական համայնքին տրուեց թուով երեք մզկիթ, որից յետոյ նրանց տրուելու է եւս 12 մզկիթ:
Հիմա թողնենք Ադիգենը եւ վերադառ նանք Ախալցխա, ուր քայլելիս ամէն վարկեան կարելի է հանդիպել տասնեակ թուրք քաղաքացիների, որոնք յաճախ ման են գալիս խմբերով: Քաղաքի սրճարանները եւս լի են թուրք քաղաքացիներով: Իսկ հասարակաց տներ Վրաստանի քաղաքացիներին մուտքը արգելուած է եւ դժուար է պարզել այնտեղ կատարուողը:
Հաւանաբար նման, կամ աւելի վատ վիճակ է սպասւում Ախալքալաքին ու Նինոծմինդային, երբ շահագործուի Պաքու-Թիֆլիս-Կարս երկաթուղին: Այս իրավիճակում միայն մէկ ելք կայ ընդունել թաքուն խառնածին պատերազմի կանոնները եւ պայքարել նոյն ոճով, ամրացնելով մեր երկու եղբայր ժողովուրդների` հայերի ու վրացիների հիմքերը իրենց իսկ հայրենի տարածքներում:
Ատրպէյճանի լրատուամիջոցների ոճը միշտ եղել է սեպ խրել մեր երկու ժողովուրդների միջեւ, ինչը պետական քաղաքականութիւն է մեր ժողովուրդների նկատմամբ: Նպատակը բաժանել եւ տիրելն է կամ փողով գնել վրաց խմբագիրների, քաղաքագէտների եւ որոշ քաղաքական գործիչների, որոնք հայերի օրինական պահանջները ներկայացնում են որպէս անջատողականութիւն: SOCAR ընկերութեան տնտեսական ազդեցութիւնը Վրաստանի տնտեսութեան վրայ պարզ է գրեթէ բոլորին: Գաղտնիք չեն նաեւ ընկերութեան կապերը նախկին իշխանութեան ներկայացուցիչների հետ, որոնք հիմք նախապատրաստեցին այսօրուայ թուրք-ատրպէյճանական ներխուժման համար:
Այսօր իհարկէ Սամցխէ-Ջաւախքում ապրող հայերը ունեն բազմաթիւ խնդիրներ, որոնք հիմնականում արհեստական ստեղծուել են նախորդ թուրքամէտ իշխանութիւնների կողմից եւ մասամբ շարունակւում են ներկայիս անհեռատես, իշխանութեան մէջ ոչ պատահական յայտնուած մարդկանց կողմից: Սակայն այստեղ եւս հարկ է գրագէտ մօտեցում ցուցաբերել չվնասելու հայ-վրացական յարաբերութիւններին ու արանքում փուլերով լուծելու կուտակուած խնդիրները, քանզի հակառակ պարագայում տուժելու են թէ հայերը եւ թէ վրացիները ու յաղթելու է «Մեծ Թուրան»-ի ծրագիրը, որը ունի մեծ նիւթական ու մարդկային ացբիւր:
Պէտք է օր առաջ հրաժարուենք գործ անելու ընդօրինակութիւնից եւ բացատրենք մեր ժողովուրդներին հնարաւոր վտանգների մասին, ապա Հայաստանի, Վրաստանի ու սփիւռքի ներկայացուցիչների հետ մշակենք աշխատանքների ծրագիր, լինի դա սոցիալական, հասարակական, տեղեկատուական թէ այլ ոլորտներում, հակազդելու, կանգնեցնելու այն մեծ ուժին, որը արդէն մէկ դար է երկրների ու ազգերի ճակատագրեր կործանելով ուզում է միաւորուել իր բարեկամ պետութիւնների հետ, ստեղծելու համար Մեծ Թուրանի իրենց երազած պետութիւնը:

Եդուարդ Այվազեան
«Սամցխե-Ջաւախք»ի Մետիա Վերլուծական Կեդրոն

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published.

Social profiles