
Եգիպտոսում ծնուած եւ Փարիզում ուսանած, բարձր մրցանակի արժանացած Յակոբ Յակոբեանը հայրենիք ներգաղթեց քառասուն տարեկան հասակում: Իր ստեղծագործութեան առաջին քայլերով նա խոր սիրոյ հիմնուղի կանխագծեց, մղուեց ստեղծելու Եղեռնից փրկուած, թշուառ, տառապող, ճակատագրի դէմ անզօր մարդկանց կերպարներ: Յիշենք այդ գործերից, որոնք 1961-ին նա նուէր էր ուղարկել Հայաստան…
… Աթոռին նստած է մարդը` գլուխն առած ափի մէջ (“Վիշտ“, 1961): Նա պատկերուած է այնպէս, որ առաջին հայեացքից թւում է, թէ գլուխն անջատուած է ուսերից: Երկար դիտում ես ու մտածում, իրաւ, միտքն անկարող է օգնել մարդուն ելք գտնելու անելանելի վիճակից:
Յակոբեանի կտաւների գունագծային ինքնատիպ կառուցուածքի մէջ խտացած տխրութիւնը որքան սեփական, նոյնքան իր սերնդի ներաշխարհը հիւծող Մեծ Եղեռնի արձագանքն է, հայրենազուրկ մարդու դառնաշունչ երգը:
Սակայն Յակոբեանի այդօրինակ գործերից մէկը ներթափանցուած է այլ մտքով: Անապատի աւազի վրայ կքած, դողդոջուն ձեռքերով նորածիլ բոյսը գրկած անհատը (“Մարդը եւ Բոյսը“, 1962), Յակոբեանի Սփիւռքեան հոգեվիճակի ընդհանրացումն է, չմարող յոյսի պատգամը: Նկարում, մայր երկրի հանդէպ իր սէրն աղօթքանման արծարծողին կարելի է ընկալել նաեւ իբրեւ ինքնանկար:
1962-ին հայրենիք ներգաղթած Յակոբեանն իր երազանքն իրականացրեց, որոնելով մայր երկրի այնպիսի տեսարաններ, որոնցմով կարողացաւ լիապէս շեշտել ե՛ւ իր սէրը, ե՛ւ ժամանակից բխող տխրաշունչ, ցաւալի ապրումները:
Այդպէս սկսեց ծնունդ առնել լայն ճանաչման արժանացած իր ինքնօրինակ, մեզ համար անսովոր, իր հրաշք բնանկարների շարքը, որոնց մէջ մարդկային կերպարը փոխարինուել է բնութեամբ եւ նախկին` մենակեաց անհատներին պատկերող գործերի ուղղահայեաց, անշարժ ծաւալը, դէպի հորիզոն ձգուելով, փոխակերպուել է շնչող, անսահման տարածականութեան:
Մռայլոտ երկնքի հեռուներն ընթացող ելեկտրասիւների հետ նկարների առաջին պլանում յայտնուող մենակեաց ծառերն ու թփերը, դէպի վեր գալարուող ջղաձիգ որթատունկերը խորհրդանշում են անհանգիստ, լարուած հոգեվիճակ: Նման տեսարաններ է քաղում Յակոբեանը Արարատեան դաշտում, Եղեգնաձորում, Աղաւնաձորում, Արագածի լանջերում եւ այլ վայրերում: Նոյնատիպ են նաեւ դեռ խորհրդային շրջանում ծնունդ առած նրա սեւանեան տեսարանները: “Սպիտակած քարեր“ բնանկարում, օրինակ, ջրածաւալի վտանգաւոր, ահաբեկիչ պակասեցմամբ, ջրի ափին ի յայտ եկած ու աւազի վրայ կմախքանման փռուած քարերը, խաղաղ մթնոլորտի ու դիտորդի հայեացքի առջեւ շնչում են իբրեւ արցունքածոր տարածք:
Յակոբեանի տասնեակ կտաւների ուշ աշնան կամ վաղ գարնան մոխրաարծաթաւուն երանգներով հիւսուած գունաշարն ու խորհրդաւոր լռութիւն ստեղծող գծային կառոյցները դիտւում են որպէս թախծոտ ու խոր մտորումների արտացոլում: Միաժամանակ դրանց զուգահեռ` դալուկ լոյսի, գետնի, ծառերի, ջրի, քարերի, այգիների կերպաւորման նրբայոյս ձեւերի մէջ դիտողին առինքնում է Յակոբեանի գորովալի վերաբերմունքը հարազատ երկրի, նրա ամէն մասունքի հանդէպ: Թւում է, թէ յուզիչ երաժշտութիւն ես լսում, եւ զգում, որ այստեղ տրոփում են անցողիկ կեանքում ինչ-որ շատ թանկ բան կորցնելու մտավախութիւնից ծնուած հոգեխռով զգացումներ: Չարի դէմ ընդվզող արուեստագէտի հոգու ձայնն է դա, մայր երկիրը մաքուր ու անաղարտ տեսնելու ու խոր սիրոյ ապրումները:
Յակոբեանի պարզ, հայրենի բնութեան դիտարկման նոր տեսանկիւն հաստատող բնանկարներին զուգահեռ ստեղծւում են այլ բնոյթի գործեր: Նկարչի անշարժ տեսատաններում (nature morte) ամենապարզ առարկաները` աքցաններ, ձեռնոցներ, մանեկեն, զամբիւղ, չորացող ծաղիկներ եւ այլն, խօսում են մարդկային սրուած փոխ-յարաբերութիւնների, սիրոյ ու պայքարի, կեանքի ու մահուան մասին:
Յակոբեանի բոլոր տեսակների գործերն իրենց լեզուաոճով ու մտածելակերպով արդիական են, արձագանքում են ժամանակի թելադրած ձգտումներին ու իտէալներին: Այսպէս, արուեստի մթնոլորտն սկսեց ողողուել վերազարթօնքի ու ճշմարտութեան ոգով: Մինասն իր հնչեղ, հրաբորբ գոյներին հաղորդեց դրամատիկական, մինչեւ իսկ ողբերգական հնչողութիւն: Յակոբեանը ներքին ալեկոծութիւն խորհրդանշող իր հողեղէն գունաշխարհին տուեց գերիրապաշտութեանը հարող ենթա-իմաստային, խոհափիլիսոփայական նկարագիր: ԱյսպԷս, հայ նկարչութԵան 1960-ականների սերունդը իր երկու առաջնեկներով, հաւատարիմ մնալով մայր արուեստի աւանդոյթներին, քայլեց ճշմարիտ, անկեղծ ուղիով` արձանագրելով նոր, արդիական առաջընթաց:
Շնորհիւ իր արուեստի լայնահայեաց, համամարդկային բնոյթի` Յակոբեանը շուտով ճանաչում գտաւ նաեւ Հայաստանից դուրս, օտար շրջանակներում: Անհատական ցուցահանդէսներով նրան հրաւիրեցին Մոսկուա, Լենինկրատ, Ռիկա, Թալին, Վիլնիուս, Քիեւ, Օտեսա, Լվով, Ռոստով, Թիֆլիս, Ալմա Աթա, ինչպէս նաեւ արտասահմանեան երկրներ: Նա արժանացաւ Հայաստանի ժողովրդական նկարչի կոչման, Խորհրդային Միութեան պետական մրցանակի, ընտրուեց Ռուսաստանի Դաշնութեան Գեղարուեստի ակադեմիայի անդամ:
“Ժամանակի շունչը դարձի՛ր ու մի՛ դաւիր քո քնարին“ Չարենցեան խորհրդին հաւատարիմ` Յակոբեանը քայլեց առաջ ու չքողարկեց փոփոխուող իրականութեան ներշնչած իր մորմոքուն, սրտացաւ ապրումները: Յիշենք այստեղ, որ նրա ստեղծագործութիւնը չսահմանափակուեց իրենով եւ ակնառու ազդեցութիւն ունեցաւ խորհրդային եւ հետխորհրդային արուեստի վրայ` գնահատուելով որպէս “խստաշունչ ոճի“ առաջնեկներից մէկը, որպէս մաքուր արուեստի մունետիկ:
Այսօրուայ իր ապրումների ճշմարիտ ղողանջն եղաւ նաեւ շատերի համար անսպասելի, ազնիւ մտաւորականի ներքին այրումով գրած “Ու մերթ լացաւ ու մերթ խնդաց իմ հոգիս“ գիրքը:
Իր ծննդեան 90-ամեակին մօտեցող մեր սիրելի նկարչի մտաշխարհը արթուն էր եւ շարունակում էր իր ստեղծագործական ուղին: Բայց ինչպէ՞ս… Վերջերս իր աշխատանոցում երկաթեայ այլազան գործիքներ հաւաքելով երկար դիտում էր, ապա անջատել տալիս իր ընտրած մասերը եւ դրանց միահիւսուող ձուլմամբ ստեղծում կենդանիների ու մարդկանց ուշագրաւ մարմիններ յիշեցնող խորհրդանշանական քանդակներ, որոնք նաեւ ներդնում էր իր անուանած “Սիրոյ պարտէզ“ բնութեան պատկերաշարքում:
Այդ վերջին պատկերներում Յակոբեանի սիրոյ աշխարհն ընդգրկում է մարդկութեան հեռաւոր անցեալը եւ այն շաղկապւում է ներկայ սերնդին համակած ե՛ւ հոգետանջ, ե՛ւ բարետենչ կենսակերպին: Այստեղ անցեալի խորհրդանիշ են յունական պատմական քանդակները, որոնց շրջապատում են թռչնակներ, նրբագեղ մանեկեններ ու զանազան նկարագիր կրող մետաղեայ գործիքների մասերով “կենդանացած“ տիպարներ: Այդ բոլորը միասնաբար յայտնւում են Յակոբեանական խաղաղ, պարտէզային բնանկարներում` երբեմն չար, ոճրալից շարժումներով, երբեմն էլ հնչում ներդաշնակ, միմիանց նեցուկ, տօնական բարի տրամադրութեամբ:
Աշխարհը հեռատես բարձունքից դիտարկող նկարչի այս գործերը խորիմաստ են եւ արդիականութեամբ ինքնատիպ: Նկարների նորակերտ կառուցուածքում այլազան ձեւերի խօսուն զուգորդումները ժամանակների համանման հայելի են եւ ընկալւում են իբրեւ կեանքի ճշմարիտ արտացոլանք…
Այս պատկերաշարը եղաւ մեծ արուեստագէտի 90-ամեակը չբոլորած հրաժեշտի մշտախօս պարգեւը: