
20-21 յունուար 2018-ին, Հ.Յ.Դ. Բիւրոյի հրաւէրով, Երեւանում տեղի ունեցաւ Հայաստանի, Արցախի, Ա.Պ.Հ. երկրների, Եգիպտոսի, Իրաքի եւ Կիպրոսի Հ.Յ.Դ. մարմինների Ռայոնական ժողովը:
Ժողովին ներկայ էին Հ.Յ.Դ. Բիւրոյի ներկայացուցիչը, Բիւրոյի անդամներ եւ Հ.Յ.Դ. նշուած մարմինների ներկայացուցիչները:
Երկու օր տեւած քննարկումների ընթացքում, ՀՅԴ Բիւրոն ներկայացրեց իր գործունէութեան վերջին 15 ամիսների տեղեկագիրը, որի լոյսի ներքոյ ծաւալուեց համապարփակ քննարկում:
Ռայոնական ժողովի մասնակիցները իրազեկուեցին Հայաստանի ներքաղաքական եւ արտաքին քաղաքական վերջին զարգացումների, քոալիսիոն կառավարութեան շրջանակում Հ.Յ.Դ.-ի մասնակցութեան արդիւնքների, Հայաստանում սահմանադրական նոր կարգի հաստատման գործընթացների մասին: Ժողովը քննարկեց Հայաստանում ընկերային արդարութեան հաստատման խնդիրը, տնտեսական եւ անվտանգութեան ոլորտների բարեփոխումները եւ, հարցումների ու արժեւորումների միջոցով, տուեց գնահատականներ: Յատուկ ուշադրութեան առարկայ դարձան արցախեան հարցի կարգաւորման վերջին զարգացումները եւ այդ ուղղութեամբ ՀՅԴ-ի կատարելիք աշխատանքները:
Կարեւորուեցին հայոց բանակի հզօրացման եւ համաժողովրդական զօրակցութեան ուղղութեամբ նախաձեռնութիւնները: Արցախեան շարժման 30-ամեակի կապակցութեամբ նշուեց, որ անհրաժեշտ է տեղերում պատշաճ կերպով նշել այդ իրադարձութիւնը եւ արցախահայութեանը սատարելու եւ Արցախի Հանրապետութեան միջազգային ճանաչման հարցերը պահել մշտական դիտակէտում:
Հայաստանի տնտեսական խնդիրներին անդրադառնալով` ժողովը փաստեց, որ չնայած առկայ են որոշ դրական տեղաշարժեր, սակայն արդիւնքները դեռեւս անբաւարար են բնակչութեան ընկերային, կենսամակարդակի բարձրացման եւ ընկերային բեւեռացուածութիւնը մեղմելու ուղղութեամբ:
Ժողովը հանգամանօրէն լսեց նաեւ շրջանների կազմակերպական, քաղաքական եւ յարաբերական հիմնախնդիրները եւ յստակեցրեց դրանց լուծման միջոցները:
Անդրադարձ կատարուեց նաեւ Հայաստան-սփիւռք յարաբերութիւնների բարելաւմանը, ինչպէս նաեւ սփիւռքի համայնքների կայուն զարգացման եւ նոր սերնդի պատրաստութեան հիմնախնդիրներին:
Ժողովը քննարկեց նաեւ Հայաստանի Հանրապետութեան հիմնադրման 100-ամեակի առիթով կազմակերպուելիք ձեռնարկների օրակարգը եւ այդ ուղղութեամբ ներկայացրեց առաջարկութիւններ:
Կառոյցի առաջընթացի եւ հզօրացման ուղղութեամբ ժողովը ներկայացրեց նոր առաջարկներ եւ դիրքորոշումներ ճշդուեցին մի շարք այլ օրախնդիր հարցերի շուրջ:
Հ.Յ.Դ. ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԳՐԱՍԵՆԵԱԿ
\