Ճանապարհի Ընտրութիւնը

0 0
Read Time:3 Minute, 49 Second

Արտաշէս Շահպազեան

«Սիրոյ եւ հանդուրժողութեան յեղափոխութիւնից» երեք ամիս անց հայաստանեան մթնոլորտը թունաւորուած է ատելութեան եւ անհանդուրժողութեան տրամադրութեամբ: Այս տրամադրութիւնը, եռք տալով սոցցանցերում (խմբ․- ընկերային ցանցեր) եւ լրատուամիջոցներում բաժանարար գծեր է ստեղծում հասարակութեան մէջ, ինչն էլ անխուսափելիօրէն հանգեցնելու է հասարակութեան պառակտմանը:
Ազատ, այլընտրանքային տեսակէտ արտայայտելը դարձել է մեղք, որի համար մարդը կարող է ենթարկուել յարձակումների, հայհոյանքների ու պիտակաւորումների:
Ո՞ւր մնացին սէրն ու հանդուրժողութիւնը, ա՞յս ճանապարհն է, որ պէտք է տանի ազգային համերաշխութեան, խթանի ներգաղթն ու նպաստի երկրի շենացման համար անհրաժեշտ վստահութեան մթնոլորտի ձեւաւորմանը:
Իշխանափոխութիւնից ետք, նոր կառավարողների առջեւ ծառացած են առաջնային անելիքների ճշգրտման հարցերը:
Բնական են միջոցառումները երկրի զարգացումը կաշկանդող երեւոյթների դէմ, որոնց առկայութեամբ հնարաւոր չէ ապահովել առաջընթացի ազատ, օրինական, հաւասար պայմաններ:
Միաժամանակ անհրաժեշտ է գիտակցել, որ այս արատներն ունեն համակարգային բնոյթ եւ հիմնական խնդիրը իրաւական դաշտի բարեփոխումն է, հասարակական յարաբերութիւնների առողջացումը, եւ ի հարկէ երկրի սոցիալ-տնտեսական կացութեան բարելաւումը:
Դժուար է վիճարկել, որ այս ճանապարհին անհնար է խուսափել կոռուպցիոն երեւոյթների բացայայտման անհրաժեշտութիւնից, սակայն այս գործընթացը չպէտք է վերածուի հետապնդումների, հաշուեյարդարների, հանրութեան կենսական խնդիրների լուծման դժուարին աշխատանքին փոխարինող աղմկոտ միջոցառումների:
Նշուած մտահոգութիւններին անդրադարձել էր փորձագէտ՝ Պելոռուսի եւ Վրաստանի նախկին դեսպան Եալովիցը: Ըստ «Առաւօտ» թերթի Յունիս 28-ի հրապարակման, հարցազրոյց տալով «Ամերիկայի Ձայն» ռատիոկայանին՝ վերջինս ասում է.«Չափազանց գովելի են նոր իշխանութիւնների քայլերն ընդդէմ կոռումպացուած (խմբ․- կաշառակեր) գեներալների ու գործիչների, սակայն անհրաժեշտ է անել աւելին: Դա չպէտք է դառնայ որոշ գործիչների դէմ պայքար: Անհրաժեշտ է իրականացնել լուրջ բարեփոխումներ արդարադատութեան, դատական համակարգերում, ինչպէս նաեւ քաղաքական եւ տնտեսական ոլորտների տարանջատում»:
Զուգահեռներ անցկացնելով Վրաստանի հետ նախկին դեսպանն ասում է. «Սահակաշվիլիի իշխանութիւնը սկսեց հետապնդել օլիկարխներին եւ կոռումպացուած գործիչներին, սակայն այդ գործողությունները չէին ուղեկցւում բաց, թափանցիկ իրաւական գործընթացներով, այլ ընդամէնը վերջիններից բռնագանձում էին գումարներ: Նրանք դատական համակարգը օգտագործում էին որպէս ճնշման միջոց, որի արդիւնքում շատ մարդիկ յայտնուեցին ճաղերի հետեւում: Կարծում եմ՝ դա կոռուպցիայի մէկ այլ դրսեւորում էր: Ես կոչ կ՛անեմ Հայաստանի իշխանութիւններին խուսափել դրանից»:
Հակուած չեմ գերագնահատելու մեր ներքին խնդիրների վերաբերեալ օտարների մօտեցումների նշանակութիւնը, միաժամանակ չենք կարող հաշուի չառնել, որ ներհայաստանյան գործընթացների բնոյթով է պայմանաւորուած երկրի հեղինակութեան հարցը միջազգային ասպարէզում: Չենք կարող ներքին մթնոլորտի լարմանը տանող երեւոյթները չգնահատել նաեւ սահմանային գօտու վրա դրանց հնարաւոր ազդեցութեան տեսանկիւնից:
Արդեօ՞ք քաղաքական, տնտեսական, ռազմական եւ այլ առումներով երկիրն ունի բաւարար ներուժ, հաւանական լարումների եւ անկայունութեան վիճակները յաջողութեամբ դիմագրաւելու համար: Չմոռանանք նաեւ, որ այսօրուայ կառավարող ուժը իշխանութեան է եկել «փողոցի» ճնշմամբ եւ հենց ամուր լեկիտիմութեան պահանջով է պայմանաւորուած հնարաւոր կարճ ժամկէտներում ընտրութիւններ անցկացնելու ծրագիրը:
Այս մարտահրաւէրները պահանջում են, որպեսզի երկիրն ունենայ կայուն եւ կանխատեսելի զարգացում, իշխանութիւնը վայելի ներսի համընդհանուր հաւանութիւնը եւ դրսի վստահութիւնը:
Վերջինին նպաստող հանգամանք չէ իհարկէ, այս պահին, «Մարտ 1-2-ի» գործի վերաբացումը, Հանրապետութեան երկրորդ նախագահի ձերբակալութիւնը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի դէմ քրէական գործի հարուցումն ու հետ կանչի գործընթացը եւ չի բացառւում, այս գործի մեջ, հնչեղ, նոր անունների ներգրաւումը: Դժուար է ասել ինչ աւարտ կ՛ունենան այս դատական գործընթացները, բայց գրեթէ վստահ եմ, որ վերջիններիս հասարակական-քաղաքական բացասական հետեւանքները կը լինեն բաւականին զգալի:
Երկրի, թէկուզ նախկին, Նախագահի կալանաւորումը սովորական միջոցառում չէ, դժուար է համընդհանուր համոզում ստեղծել, թէ տաս տարի առաջուայ ընտրութիւնների արդիւնքներին այսպիսի ընթացք տալը քաղաքական դրդապատճառներ չունի:
Սովորական միջոցառումներից չէ նաեւ քրէական հանցագործութեան կասկածանքի հիման վրայ ՀԱՊԿ գլխաւոր քարտուղարին ետ կանչելը: Այս քայլը հարուած է ոչ միայն Հայաստանի, այլեւ ԵԱՏՄ-ի եւ ՀԱՊԿ-ի հեղինակութեանը: Վերջապէս այս ամէնը Հայաստանի հետ բոլոր գործակցողների աչքում չի կարող կասկածի տակ չդնել Հանրապետության նոր իշխանությունների վարկն ու յուսալիութիւնը՝ երկարատեւ ժամանակահատուած երկրի ներսում կայունութիւն ապահովելու եւ հեռանկարային գործընկերութեան առումով:
Որ իշխանութեան քայլերը կարող են դուրս գալ սոսկ երկրում օրինականութեան հաստատման նպատակադրումների դաշտից կարծում եմ կասկածների տեղիք է տուել Ամերիկեան իշխանութիւնների մօտ, որոնք երկրորդ անգամ արդեն գործող պետական հիմնարկի՝ պետդեպարտամենտի (խմբ․- պետական ) մակարդակով արուած յայտարարութեամբ, որը տարածուեց Յուլիս 28-ին, նրբօրէն զգուշացրել են. «Միացեալ Նահանգները հետեւողական կոչ է արել Հայաստանի իշխանութիւններին անցկացնել այդ իրադարձութիւնների լուրջ, վստահելի եւ անկախ քննութիւն: Այս մասին «Ամերիկայի Ձայն»-ին յայտնել է Ա․Մ․Ն․ Պետքարտուղարութեան պաշտօնական ներկայացուցիչն, ի պատասխան խնդրանքի, մեկնաբանել «Մարտ 1»-ի գործի շրջանակներում Հայաստանի երկրորդ նախագահին առաջադրուած սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքը»:

«Մենք շարունակում ենք շեշտել մեր Հայաստանեան գործընկերներին, որ կարեւոր է յարգել արդարադատութեան իրականացման միջազգայնօրէն ճանաչուած չափանիշները», – աւելացրել է Պետական քարտուղարութեան պաշտօնական ներկայացուցիչը»:
Կարճ ասած կտրուկ եւ զգացական քայլերով Հայաստանի իշխանութիւններն իրենց եւ իրենց հետ երկիրը կանգնեցնում են սայթակուն ճանապարհի վրայ:

Յ.Գ. -Հէքիաթներում, որոնցում դրսեւորվում է կենսափորձից բխող ժողովրդական իմաստնութիւնը յաճախ ասւում է.«Այս ճանապարհով գնաս, այստեղ կը հասնես, միւս ճանապարհով գնաս այն միւս տեղը կը հասնես»: Ամէն ինչ այս աշխարհում բազմիցս կրկնուել է եւ ենթակայ է որոշակի օրինաչափութեան:
Ցաւոք նախորդ շրջանների մեր իշխանութիւններին օրինակ խաբեց չափից դուրս ինքնավստահութիւնը, այնինչ հէնց այն պահից, երբ յայտարարում էին թէ.- «Մեր դեմ խաղ չկայ», «Դեռ երկար ժամանակ մեր գրասենեակից է որոշուելու Հայաստանի ապագան» նոյն պահից նրանք կանգնում էին այն ճանապարհի վրայ, որը տանում էր դէպի իրենց կործանումը:

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles