Ճանաչե՞լ, Թէ Չճանաչել Արցախը

0 0
Read Time:4 Minute, 3 Second

artsakh dadig

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Արցախը իր անկախութիւնը հռչակել է 1991-ի սեպտեմբերի 2-ին, սակայն անցնող 25 տարիներին ոչ մի պետութիւն, այդ թւում` Հայաստանը, չեն ճանաչել այդ իրողութիւնը: Մի կողմից փաստ է, որ Արցախը Հայաստան է, միւս կողմից` Հայաստանի բոլոր երեք նախագահները եւ նրանց կառավարութիւնները բացատրել են, թէ ինչո՛ւ Երեւանը տէ-ժիւրէ չի ճանաչում Արցախի անկախութիւնը:
Պատասխանը պարզ է. քանի դեռ շարունակւում են բանակցութիւնները ԵԱՀԿ Մինսքի խմբի շրջանակներում, այդ թւում` կարգավիճակի շուրջ, Հայաստանի կողմից Արցախի ճանաչումը կը նշանակի, որ բանակցութիւնները անիմաստ են: Սերժ Սարգսեանը բազմիցս յայտարարել է, որ Հայաստանը Արցախը կը ճանաչի միայն այն դէպքում, երբ Ատրպէյճանը դիմի ռազմական ներխուժման:
Ապրիլի առաջին օրերին Ատրպէյճանը դիմեց ռազմական ներխուժման, կարողացաւ Արցախի հիւսիսում` Թափ Կարակայունլու-Թալիշ, եւ հարաւում` Ղազախլար-Արա լեռ ուղղութիւններով գրաւել հայկական մի շարք ռազմական յենակէտեր եւ որոշ տարածքներ, ծանր հրետանի, ռազմական ուղղաթիռներ ու անօդաչու սարքեր օգտագործեց խաղաղ բնակավայրերի` Թալիշի, Մատաղիսի եւ Մարտակերտի ուղղութեամբ, սակայն Հայաստանը չճանաչեց Արցախը:
Եթէ, իրաւամբ, Հայաստանը մտադիր է տէ-ժիւրէ ճանաչել Արցախը, ապա լաւագոյն ժամանակը ապրիլի 2-ից մինչեւ 5-ը ընկած օրերն էին, երբ ամբողջ աշխարհը տեսնում էր, որ Ատրպէյճանը նոր յարձակում է սկսել Արցախի դէմ:
Հայաստանի կառավարութիւնը մայիսի 5-ի նիստին հաւանութիւն տուեց ,Արցախի Հանրապետութիւնը ճանաչելու մասինե ՀՀ օրէնքի նախագծի վերաբերեալ կառավարութեան եզրակացութեան նախագծին: Կառավարութեան եզրակացութիւնը ստանալուց յետոյ նախագիծը սահմանուած կարգով ներկայացուելու է խորհրդարանի քննարկմանը: ,Արցախի Հանրապետութիւնը ճանաչելու մասինե ՀՀ օրէնքի նախագիծը օրէնսդրական նախաձեռնութեան կարգով ներկայացրել էին Ազգային ժողովի պատգամաւորներ Զարուհի Փոստանջեանը եւ Հրանդ Բագրատեանը:
Հայաստանում, Արցախում եւ սփիւռքում շատերը համոզուած են, որ Երեւանը պէտք է ճանաչի Արցախի անկախութիւնը: Շատերը պնդում են, որ դա վաղուց պէտք էր անել, քանի որ, քանի դեռ Հայաստանը չի ճանաչել, աշխարհի ոչ մի երկիր չի ճանաչելու Արցախը:
Ցանկութիւնը մէկ բան է, իրական քաղաքականութիւնը` բոլորովին այլ: Եկէք` քննարկենք, թէ ինչպիսի՛ տհաճ անակնկալներ կարող են լինել, եթէ այսօր Հայաստանը ճանաչի Արցախը:
Առաջին. Ատրպէյճանը պատերազմ կը յայտարարի կամ ռազմական գործողութիւնների կը դիմի առանց պատերազմ յայտարարելու: Անշուշտ, Ատրպէյճանը առանց Հայաստանի ճանաչման էլ է դիմում ոտնձգութիւնների, ինչպէս եղաւ ապրիլեան 4-օրեայ պատերազմը: Սակայն, միւս կողմից, Հայաստանի ճանաչումը ,Կարդարացնիե Ատրպէյճանի նոր յարձակումը, իսկ միջազգային հանրութիւնը, այդ թւում` Հայաստանի մի շարք բարեկամ երկրներ գուցէ եւ չդատապարտեն Պաքուի գործողութիւնները:
Երկրորդ. Ատրպէյճանը ձգտում է տապալել ԵԱՀԿ Մինսքի խմբի գործընթացը: Հայաստանի ճանաչման դէպքում Մինսքի գործընթացի տապալման պատասխանատուութիւնը կը դրուի Հայաստանի վրայ:
Երրորդ. եթէ Հայաստանը ճանաչի Արցախը, ապա չի բացառւում, որ Մ.Ա.Կ.-ի Անվտանգութեան խորհուրդը կ՛ընդունի բանաձեւ, որը կը լինի ընդգծուած հակահայ բնոյթի:
Չորրորդ. Երեւանի կողմից Արցախի ճանաչումը կը դատապարտեն ոչ միայն Ատրպէյճանի բարեկամ պետութիւնները, այլեւ` Հայաստանի գործընկերները, այդ թւում` Ռուսաստանը: Դրանից հայ-ռուսական յարաբերութիւնները աւելի կը թունաւորուեն, ինչը բոլորովին էլ չի բխում Հայաստանի շահերից: Որքան էլ դժգոհենք, որ Ռուսաստանը զէնք է վաճառում Ատրպէյճանին, միեւնոյնն է, Մոսկուան չափազանց կարեւոր աշխարհաքաղաքական կենտրոն է Երեւանի համար:
Մոսկուայի արձագանգը չուշացաւ, երբ պարզ դարձաւ, որ Հայաստանում Արցախի ճանաչման հետ կապուած, գուցէ թուացեալ, գործընթաց է սկսւում:
Քրեմլինը Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կողմերին յորդորեց ,խուսափել քայլերից, որոնք կարող են խարխլել փխրուն հրադադարն ու յանգեցնել իրադրութեան սրմանե: Ռուսաստանի նախագահի խօսնակ Տմիթրի Փեսքովը մեկնաբանելով Հայաստանի կառավարութեան կողմից ,Արցախի Հանրապետութիւնը ճանաչելու մասինե օրէնքի նախագծի վերաբերեալ եզրակացութեան նախագծին հաւանութիւն տալու լուրը` ասաց. ,Մենք շատ ուշադիր ենք հետեւում որոշումներին, որոնք կայացւում են այդ պարունակում, եւ, անշուշտ, նախկինի պէս ակնկալում ենք, որ հակամարտութեան կողմերը կը խուսափեն քայլերից, որոնք կարող են խարխլել բաւական փխրուն հրադադարը եւ յանգեցնել Լեռնային Ղարաբաղում իրադրութեան սրմանե: Պատասխանելով հարցին, թէ արդեօք որոշումը քննարկուե՞լ է Ռուսաստանի հետ, թէ՞ ոչ, Փեսքովն ասել է. ,Ո՛չ, Մոսկուայի հետ դա չի քննարկուելե:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգէյ Լաւրովը յայտարարեց, որ պատճառ չի տեսնում Հայաստանի խորհրդարանականների կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչման վերաբերեալ օրինագծի շուրջ խուճապի համար: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը նշեց, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը չի որոշուելու միակողմանի կերպով: ,Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի անկախութեան ճանաչումը քննարկելուն: Չէ՞ որ դա Հայաստանը չի քննարկում: Դա երկու պատգամաւորների առաջարկութիւն է: Եւ Հայաստանի կառավարութիւնը, ըստ իրենց օրէնքի, ինչպէս նրանք բացատրել են բոլորին` հանգստացնելով կրքերը, պէտք է եզրակացութիւն տայ այդ օրինագծի վերաբերեալ: Ես այժմ ահազանգ չէի հնչեցնի, եւ խուճապ պէտք չէե, ասել է Լաւրովը:
,Երբ ես Երեւանում էի, եւ յետոյ, երբ հեռախօսով շփւում էի իմ գործընկեր Էդուարդ Նալբանդեանի հետ, եւ յետոյ, երբ նա արդէն Մոսկուայում էր` ապրիլի սկզբի դէպքերից յետոյ, ինձ յստակ հաւաստիացրել են, որ Երեւանը հաւատարիմ է մնում խաղաղ կարգաւորմանը: Դա նշանակում է, որ Ղարաբաղի կարգավիճակը կ՛որոշուի ընդհանուր համաձայնութեան ծիրի մէջ, ոչ թէ միակողմանիօրէնե, ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը:
Այն բանից յետոյ, երբ համաշխարհային, այդ թւում ռուսական առաջատար լրատուամիջոցները որոշակի անհանգստութիւն յայտնեցին Հայաստանի կողմից Արցախը ճանաչելու հնարաւորութիւնների մասին, հետեւեց Հայաստանի արտաքին գործերի նախարարութեան յայտարարութիւնը, որում ասւում էր.
,Հայաստանի Ազգային ժողովի երկու պատգամաւորների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան ճանաչման մասին նախաձեռնութեան վերաբերեալ կառավարութեան եզրակացութեան շուրջ ասեկոսեներն անտեղի են: Կառավարութեան եզրակացութիւնը չի նշանակում հաւանութիւն այդ նախաձեռնութեանը: Հայաստանը բազմիցս յստակ յայտարարել է, թէ ո՛ր դէպքում կը ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը: Որպէս կանխատեսելի եւ վստահելի գործընկեր` նման կարեւոր որոշման կայացման պարագայում Հայաստանի նախագահը նախապէս կը տեղեկացնի իր գործընկերներին, առաջին հերթին` ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահ երկրների ղեկավարներինե:
Հայաստանի արտաքին գործերի նախարարութիւնը յոյս էր յայտնում, որ Ատրպէյճանն իր մէջ բանականութիւն կը գտնի եւ զերծ կը մնայ ապրիլի սկզբին սանձազերծած արկածախնդրութեան կրկնութիւնից:

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published.

Social profiles