
ՄՈՍԿՈՒԱ.- Ռուսաստանի նախագահ Վլատիմիր Փութինի հրաւէրով, Մոսկուա այցելեց Հ.Հ. նախագահ Սերժ Սարգսեան: Երկու նախագահները տեսակցեցան եւ անդրադարձան զանազան հարցերու շուրջ: Այս տեսակցութեան աւարտին, նախագահ Սերժ Սարգսեան խօսք առաւ, որ լոյս կ՛ընծայենք յապաւումով.-
«Յարգելի՚ տիկնայք եւ պարոնայք,
Առաջին հերթին ուզում եմ շնորհակալութիւն յայտնել Ռուսաստանի Դաշնութեան Նախագահ Վլադիմիր Փութինին ջերմ հիւրընկալութեան համար:
Բարձր մակարդակի գործօն քաղաքական երկխօսութիւնը համապատասխանում է մեր երկրների միջեւ յարաբերութիւնների մակարդակին: Այդ յարաբերութիւններն ընդգրկում են մեր պետութիւնների կենսագործունէութեան բոլոր ոլորտները` սկսած ՀԱՊԿ ուղղութեամբ դաշնակցային գործընկերութիւնից մինչեւ տնտեսական ամբողջացում Եւրասիական տնտեսական միութեան շրջանակներում եւ սերտ համագործակցութիւն հումանիտար ոլորտում: Մեր տարածաշրջանների միջեւ կապերն ընդլայնւում են, եւ դրա մէջ մեծ դեր են խաղում պարբերական դարձած միջտարածաշրջանային հայ-ռուսական համաժողովները, Ռուսաստանի Դաշնութեան նիւթերի եւ Հայաստանի Հանրապետութեան մարզերի միջեւ ուղիղ կապերը:
Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի դերը աշխարհում եւ, մասնաւորապէս, մեր տարածաշրջանում, որտեղ զուգահեռ ընթանում են կայունութեան եւ անվտանգութեան վրայ ազդող բազմաթիւ գործընթացնէր: Հայաստանում ուշադիր հետեւում էին վերջին շաբաթուայ ընթացքում Ռուսաստանի Նախագահի հետեւողական արտաքին քաղաքական շփումներին , ինչը լիովին հասկանալի է` հաշուի առնելով այն, որ Ադրբեջանը, Իրանը եւ Թուրքիան Հայաստանի սահմանակից պետութիւններ են: Ես շնորհակալ եմ Ռուսաստանի Նախագահին այդ հանդիպումների ընթացքի մասին մանրամասն տեղեկատուութեան համար եւ համոզուած եմ, որ Հայաստանը միայն շահում է մեր տարածաշրջանում Ռուսաստանի դերի ակտիւացումից:
Մենք այսօր քննարկել ենք նաեւ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ առեւտրաշրջանառութեան աճի էական յաջողութիւնները: Դա ուղիղ պատասխան է այն թերահաւատներին, ովքեր կանխագուշակում էին, որ Հայաստանի անդամակցութիւնը Եւրասիական տնտեսական միութեանը չի տայ Հայաստանին ոչ մի առաւելութիւն: Բաւական է նշել, որ չնայած բոլոր միջազգային դժուարութիւններին եւ խոչընդոտներին, մեր առեւտրաշրջանառութիւնը զգալի աճել է, իսկ Հայաստանից Ռուսաստան արտահանումը ընթացիկ տարուայ առաջին վեց ամիսների ընթացքում աճել է գրեթէ 90 տոկոսով` հասնելով իր պատմական առաւելագոյնին կիսամեակի ընթացքում: Համոզուած եմ, որ մենք կը կարողանանք պահպանել եւ զարգացնել այդ դինամիկան, քանի որ մեր երկրների միջեւ առկայ առեւտրատնտեսական ներուժը նոյնիսկ այսօր ոչ լիարժէք է օգտագործւում:
Բնականաբար, մեր այսօրուայ բանակցութիւնների գլխաւոր թեման Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգաւորման հարցն էր, Վիեննայի եւ Սէնթ Փիթըրզպուրկի գագաթնաժողովների ընթացքում ձեռքբերուած պայմանաւորուածութիւնների կատարման ընթացքը: Դա, նախեւառաջ, 1994-1995 թուականներին հրադադարի ռեժիմի մասին եռակողմ անժամկէտ համաձայնագրերի անվերապահ կատարումն է, միջադէպերի հետաքննութեան մեխանիզմների ստեղծումը եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի առաքելութիւնների ընդլայնումը:
Ես եւս մէկ անգամ շնորհակալութիւն եմ յայտնել Ռուսաստանի Նախագահին այն ջանքերի համար, որոնք Ռուսաստանը` որպէս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, Ա.Մ.Ն.-ի ու Ֆրանսայի հետ համագործակցութեամբ գործադրում է եւ խնդրի խաղաղ կարգաւորման ուղղութեամբ, եւ այդ գործընթացում Նախագահ Պուտինի մեծ անձնական ներդրման համար: Դեռեւս երկու տարի առաջ Սոչիում մենք մանրամասն քննարկել ենք այս բարդ խնդրի լուծման հիմնական սկզբունքներն ու մօտեցումները: Այդ սկզբունքներն անփոփոխ են: Նման հակամարտութիւնը անհնար է լուծել` յղում կատարելով հետեւանքների, այլ ոչ թէ պատճառների վերացմանը: Ղարաբաղեան խնդրի էութիւնը Ղարաբաղի ժողովրդի պայքարն է ինքնորոշման համար: Դա բոլոր ժողովուրդների անքակտելի իրաւունքն է: Խնդրի լուծումը այդ իրաւունքի յարգումն ու ապահովումն է: Հէնց դրա մասին էլ այսօր մենք մանրամասն զրուցել ենք Ռուսաստանի Դաշնութեան Նախագահի հետ:
Նման զգայուն թեմայի հետ կապուած խաղաղ գործընթացը, բանակցութիւնները երբեք հեշտ չեն լինում: Բոլոր այն փորձերը, որոնց արդիւնքում կարող են խախտուել ուժերի հաւասարակշռութիւնը, առաջանալ յաղթողներ ու պարտուողներ, դատապարտուած են ձախողման եւ նոր լարուածութեան: Պէտք է բոլորը շահէն իրատեսական, յստակ եւ իրագործուող որոշումների արդիւնքում, որոնց հիմքում փոխադարձ յարգանքն ու վստահութիւնն է, այլ ոչ թէ ատելութիւնն ու այլատեացութիւնը:
Վլատիմիր Վլադտմիրի, խաղաղութեան եւ համերաշխութեան թեմաները յատկապէս արդիական են օլիմպիական խաղերի օրերին: Մենք եւս մէկ անգամ յաջողութիւններ կը մաղթենք Ռուսաստանի եւ Հայաստանի հաւաքականներին եւ ցանկանում ենք միասին ուրախանալ մեր եւ ձեր մարզիկների նուաճած յաջողութիւններով: Մենք շատ հպարտանում ենք, որ հայկական ծագում ունեցող ռուսաստանցի մարզիկները հասել են շատ լաւ արդիւնքների: Մի քանի ամիս առաջ Երեւանում բացուել է համաշխարհային գեղասահքի հերոս Իրինա Ռոտնինայի անուան դպրոց: Ես համոզուած եմ, որ համատեղ մարզական յաղթանակները եւ նուաճումները լիովին արտացոլում են մեր ժողովուրդների փոխադարձ զգացմունքները: Ինչպէս ասւում է` առողջ մարմնում` առողջ հոգի»: