Հ.Յ.Դ. Օրուայ Տօնակատարութիւն – Լոս Անճելըս․- Հ․Հ․ Ազգային Ժողովի Պատգամաւոր Արթուր Խաչատրեանի Խօսքը

0 0
Read Time:14 Minute, 18 Second

 

Գերաշնորհ Սրբազան հայր,

Յարգելի հիւրեր,

Սիրելի ընկերներ,

Նախ թոյլ տուէք ձեզ փոխանցել ՀՅԴ Հայաստանի կառոյցի ջերմ ողջոյնները եւ խորը երախտագիտութիւնը՝ հայաստանեան կառոյցի ներկայացուցչի հրաւիրել Միացեալ Նահանգների Արեւմտեան ափ՝ որպէս բանախօս հանդէս գալու Դաշնակցութեան օրուայ հանդիսութեանը։ Ինչպէս գիտեք, նախապէս ծրագրաւորուած էր, որ Հ․Յ․Դ․ Հայաստանի Գերագոյն Մարմնի ներկայացուցիչ ընկ․ Իշխան Սաղաթելեանը պիտի մասնակցեր այս միջոցառմանը, սակայն որոշ առարկայական պատճառներով ընկերը ստիպուած էր մնալ Հայրենիքում։

Յիրաւի մեծ պատիւ է այսօր ելոյթ ունենալ այստեղ, համայն Սփիւռքի կարեւորագոյն, ամենամեծ եւ կազմակերպուած գաղթօջախներից մէկում։ Անգնահատելի է Միացեալ Նահանգների Արեւմտեան Ափի հայ համայնքի ներդրումը Հայ Դատի աշխատանքներում եւ Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման եւ դատապարտման աշխատանքներում։ Անկարելի է չյիշել եւ չարժեւորել արցախեան ազատամարտի ու Հայաստանի անկախութեան վերակերտման բնագաւառում ձեր ունեցած ներդրումը, մարդկային, ֆինանսական ու բարոյական աջակցութիւնը: Միաժամանակ, անուրանալի է համայնքի առաջնորդող կազմակերպութեան՝ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան դերը։ Խորապէս համոզուած եմ, որ Արեւմտեան Ափի եւ ընդհանրապէս Միացեալ Նահանգների հայ համայնքի, գաղութի կեանքը այլ կը լինէր, եթէ չլինէր գաղութիւմ Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը եւ Դաշնակցութեան ուղեկից կառոյցները: Կամ կը լինե՞ր արդյօք այս գաղութը: Պատահական է արդեօ՞ք, որ մենք կորցնում ենք այն գաղութները, որտեղ չկայ Դաշնակցութիւնն իր ուղեկից կառոյցներով: Չեմ կարծում: Հակառակն՝ օրինաչափութիւն է: Ուժեղ են մեր այն գաղութները, որտեղ ուժեղ է Դաշնակցութիւնը, ուժեղ են ուղեկից կառոյցները:

Այսօր մենք նշում ենք Հայ Յեղափոխական Դաշնակցութեան 131 ամեակը՝ Դաշնակցութեան օրը: Դաշնակցութիւնը հայ իրականութեան անբաժան մասն է 19-րդ դարից, իսկ այսօր արդէն 21-րդ դարն է: Այսօր, այս տօնական օրը մենք պարտաւոր ենք եւս մէկ անգամ արժեւորել Դաշնակցութեան գործունէութիւնը, նրա տեղն ու դերը հայ իրականութեան մէջ, հայ ժողովրդի կեանքում:

Դաշնակցութիւնը մարմնաւորում է մեր ժողովրդի իղձերն ու նպատակները՝ ապրել ազատ անկախ ու միացեալ հայրենիքում: Այս նպատակին հասնելու համար երեք դարերի ընթացքում տասնեակ հազարաւոր դաշնակցականներ պայքարում են սրով, գրչով եւ բահով:

Դաշնակցութիւնն էր, որ կազմակերպեց եւ ղեկավարեց Հայոց զինեալ պայքարը եւ ժողովրդի ինքնապաշտպանութիւնը 19-րդ դարի վերջում եւ 20-րդ դարի սկզբում: Դաշնակցութիւնն էր, որ դարերի ընդմիջումից յետոյ վերականգնեց Հայոց պետականութիւնը: Անկախ պետականութեան կորստից յետոյ կազմակերպեց Սփիւռքը, նուիրուեց հայապահպանութեան գործին, արթուն պահեց անկախութիւնը վերականգնելու յոյսը: Դաշնակցութիւնն էր, որ Արցախեան ազատամարի առաջին օրերից կանգնեց ռազմաճակատի առաջնագծում: Այն ժամանակ, երբ Սուէտական Հայաստանում եւ Արցախում ժողովուրդը յոյսով սպասում էր կոմունիստական իշխանութիւնների «արդար եւ հայանպաստ որոշմանը» Դաշնակցութիւնն Արցախում զինեալ ջոկատներ էր ստեղծում, կամաւորներ էր զինուորագրում: Դաշնակցութիւնն է կանգնած Արցախի պետականութեան կերտման ու բանակի կառուցման ակունքներում։ Դաշնակցութիւնն առաջինը պատերազմի դաշտ մեկնեց 2016 թուականի ապրիլին։ Վեց տարի առաջ այս օրերին դաշնակցական կամաւորներն Արցախում էին, առաջնագծում, զէնքը ձեռքներին։ Դաշնակցութեան համար ապրիլեան պատերազմը դաս եղաւ։ «Հայ կամաւորական շարժում» հասարակական կազմակերպութեան անդամ հարիւրաւոր դաշնակցականներ եւ համակիրներ մարզուեցին ու կազմակերպուեցին։ Մենք գիտեինք մէզ ինչ էր սպասում։ 2020 թ․ 44-օրեայ պատերազմի բռնկուելուց ընդամէնը 3 ժամ անց առաջին վաշտը պատրաստ էր մեկնել ռազմաճակատ։ Կողքի կողքի կռւում էին Հայաստանից, Արցախից ու Սփիւռքից զինուորագրուած մեր ընկերները։ Մեր մարտիկները վերադարձան միայն նոյեմբերի վերջին, երբ կանոնաւոր բանակը ստանձնեց նոր դիքերի պաշտպանութիւնը։ Ցաւօք, մեր ընկերներից շատերը չուերադարձան տուն, շատերի համար դա վերջին պատերազմն էր։ Նրանց յիշատակն անմար է, նրանց անունները՝ մեր սրտէրում․․․

Պատէրազմից յետոյ մեր բոլորիս կեանքն Արցախում, Հայաստանի Հանրապետութիւնում ու Սփիւռքում փոխուեց։ Նախորդ պատերազմներում յաղթանակ տարած ազգը կանգնեց գոյութենական խնդրի առաջ։ Անորոշութիւնն ու յուսահատութիւնն ամէնուր էր։ Դաշնակցութիւնն էր այն հիմնական քաղաքական ուժը, որն այդ դժնդակ օրերին կոչ էր անում ժողովրդին չյուսահատուել եւ չհամակերպուել կորստի հետ, քանզի մենք քաջ գիտակցում էինք եւ հիմա էլ գիտակցում ենք, որ պարտութեան յաւէրժացման ամենակարճ ճանապարհը պարտութեան հետ համակերպուելն է։

Արդէն պատերազմի օրերին մէզ համար հասկանալի էր, որ պատերազմն այն ելքը չի ունենալու, որի յոյսը փորձում էին իշխանութիւնները ներշնչել։ Մեր կամաւորներն առաջնագծում էին, նորանոր կամաւորներ էին ՀՅԴ դրօշի ներքոյ մեկնում ռազմաճակատ, մեր ընկերներից շատերն արդէն զոհուել էին․ մենք ունէինք իշխանութիւններին ուղղութիւն ցոյց տալու եւ քննադատելու բարոյական իրաւունքը․․․ Աւաղ, մեր վատագոյն կանխատեսումներն իրականութիւն դարձան։ Կարծում եմ, այսօր պատեհ առիթը չէ վերլուծել, թէ ինչու արցախեան երրորդ պատերազմը բռնկուեց։ Սակայն չենք կարող գոնէ մէկ նախադասութեամբ չուերահաստատել, որ հայաստանեան իշխանութիւնները բաւարար ջանքեր չէին թափել խուսափելու պատերազմից՝ պատերազմին նախորդել էր դիւանագիտական պարտութիւնը եւ Հայաստամի քաղաքական մեկուսացումը։ Նաեւ անժխտելի է, որ պատերազմի օրերին թոյլ տուած ռազմաքաղաքական սխալները եւ ապիկար կառավարումը ճակատագրական ազդեցութիւն ունեցան պատերազմի ելքի վրայ։

Պատէրազմից յետոյ մէզ համար յստակ էր․ պատերազմում պարտուած իշխանութիւնները պէտք է հեռանան։ Պարտուած իշխանութիւնը չի կարող բանակցել թշնամի պետութիւնների՝ Ատրպէյճանի եւ Թուրքիոյ հետ, չի կարող բանակցել դաշնակիցների ու հնարաւոր դաշնակիցների հետ։ Պարտուած իշխանութիւնը չի կարող իր մէջ ուժ գտնել դիմակայելու թշնամուն, ով Արցախի ու Հայաստանի Հանրապետութիւնների հետ ոչ թէ խաղաղ ապրել է ցանկանում, այլ ցանկանում է ոչնչացնել մեր երկու պետութիւնները։

Աւելին․ մենք դեռեւս 2020 թուականի նոյեմբերին էինք զգուշացնում, որ այս իշխանութիւններն, իրենց վարած քաղաքականութեամբ, երկրին ոչ թէ խաղաղութիւն են բերելու այլ նոր պատերազմ։ Միակողմանի խաղաղութիւն չի լինում։ Միակողմանի խաղաղութիւնն անձնատուութիւնն է՝ կապիտուլեացիան։ Արեւելեան մի ասացուածք կայ․ «Որքան էլ ասես՝ հալուայ, բերանդ չի քաղցրանայ»։ Որքան էլ ասես՝ խաղաղութիւն, խաղաղութիւն չի լինի։ Խաղաղութիւն չէն մուրում, խաղաղութիւն պարտադրում են։ Խաղաղ եւ բարեկեցիկ են ապրում միայն ուժեղ ազգերը, որոնք պատրաստ եւ ունակ են պաշտպանել եւ զարգացնել իրենց պետականութիւնը։ Հայաստանը չգնաց այդ ուղիով եւ արդիւնքում՝ սողացող, հիբրիդային պատերազմը շարունակուեց։ Նոյեմբերի 9-ից յետոյ Ատրպէյճանցիները դաւադրաբար խախտելով բոլոր պայմանաւորուածութիւնները գրաւեցին Խծաբերդ եւ Հին Թաղեր գիւղերը։ Մենք ունեցանք զոհեր եւ 60-ից աւելի ռազմագերիներ։ Նրանցից մօտ երեսունը դեռեւս Ատրպէյճանական բանտերում են։ Հայաստանի իշխանութիւնը ոչինչ չձեռնարկեց պաշտպանելու Հադրութի վերջին հայկական գիւղերը։ Հայաստանի իշխանութիւնների խաղաղասիրութիւնից ոգեւորուած Ատրպէյճանցիները յայտնուեցին Գորիս-Կապան միջպետական ճանապարհին՝ այն փաստօրէն պոկելով Հայաստանի Հանրապետութիւնից ու բռնակցելով Ատրպէյճանին։ Այս թշնամական գործողութիւններին յաջորդեցին Ատրպէյճանական մխրճումները Շորժայում, Սեւ լճի շրջակայքում, այնուհետեւ Իշխանասարում, իսկ բոլորովին վերջերս՝ Ներքին Հանդի տարածքում։ Պարբերաբար ռմբակոծւում է Երասխը։ Նրանք, ովքեր մտածում էին, որ թուքին յանձնելով Արցախը խաղաղութիւն կը բերէն Հայաստանին, պատերազմը բերեցին Երեւանի մատոյցներ․․․

Վերադառնանք ետպատերազմեան Հայաստան։ Դաշնակցութիւնը կարողացաւ ձեւաւորել միասնական ընդդիմադիր ճակատ՝ Հայրենիքի փրկութեան շարժում։ Չնայած Հայաստանի Հանրապետութեան պարտուած իշխանութեան բոլոր բռնաճնշումներին ու հալածանքներին՝ Դաշնակցութեան առաջնորդութեամբ հազարաւոր հայրենակիցներ իջան փողոց՝ պահանջելով ազգակործան ռեժիմի հրաժարականը։ Ժողովրդական ճնշման տակ Փաշինեանի ռեժիմը, որը բացառում էր նոր ընտրութիւնների անցկացումը՝ վերջիվերջոյ, արտահահերթ ընտրութիւններ նշանակեց։ Ցաւօք, Փաշինեանը կարողացաւ խաղարկել «խաղաղութեան» խաղաքարտը եւ ընտրութիւններում աննախադէպ ցածր մասնակցութեան պայմաններում ստանալ քուէարկածների ձայների մեծամասնութիւնը։ Աեօ, ցաւով պէտք է արձանագրենք, որ Հայաստանում պարտուողական իշխանութիւնը չփոխուեց։ Սակայն փոխուեց խորհրդարանական ընդդիմութիւնը։ Այսօր «Հայաստան» դաշինը, որին մաս է կազմում Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը, խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր ուժն է։ Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը խորհրդարանում ներկայացուած թուով երկրորդ քաղաքական կուսակցութիւնն է, ինչն, անկասկած, Հայաստանի Հանրապետութիւնում մեր կուսակցութեան քաղաքական ազդեցութեան լաւագոյն ցուցիչներից մէկն է։ Սակայն, մենք մէզ չենք կաղապարում միայն խորհրդարանական ընդդիմութեան ձեւաչափով։ Մենք մեր քաղաքական պայքարն ու գործունէութիւնը ծաւալում ենք նաեւ խորհրդարանի պատերից դուրս՝ հանդէս գալով նաեւ որպէս ամենաակտիւ եւ արմատական քաղաքական ուժ, որն իր շուրջն է հաւաքում հայրնենիքի ճակատագրով մտահոգ քաղաքացիներին եւ ընդդիմադիր քաղաքական հոսանքներին։ Վստահ եմ, որ տեղեակ եք, սակայն չեմ զլանայ եւս մէկ անգամ տեղեկացնել, որ երկու օր յետոյ Երեւանում ընդդիմութիւնը կազմակերպում է բողոքի եւ պայքարի հանրահաւաք՝ Պաշտպանելով Արցախը՝ պաշտպանենք Հայաստանը խորագրով։ Կարծում եմ, որեւէ մէկը չի կասկածում, թէ որ քաղաքական ուժն է այս հանրահաւաքի առանցքային շարժիչ ուժը։

Այսպիսով, ետ պատերազմեան Հայաստանի քաղաքական համակարգում Դաշնակցութիւնը հանդիսանում է առանցքային ընդդիմադիր քաղաքական ուժ։ Մենք լիարժէքօրէն օգտագործում ենք խորհրդարանի ամբիոնը եւ խորհրդարանի ընձեռնած հնարաւորութիւնները ոչ միայն քննադատելու կառավարութեան պետականակործան քաղաքականութիւնը, վերահսկողութիւն իրականացնելու կառավարութեան գործունէութեան նկատմամբ, այլեւ ներկայացնելու հանրային առավարման եւ հանրային քաղաքականութեան մեր այլընտրանքային մօտեցումներն ու Հայաստանի ու Արցախի Հանրապետութիւնների առջեւ ծառացած խնդիրների այլընտրանքային լուծումները։ Այնուամենանիւ, բոլորս յստակ գիտակցում ենք, որ միայն խորհրդարանական պայքարով հնարաւոր չէ Հայաստանում ապահովել ազգային իշխանութեան ձեւաւորումը եւ խորհրդարանական պայքարից զատ անհրաժեշտ է նաեւ ուղղակիօրէն մոբիլիզացնել հանրութեան ռեսուրսները։ Այս նպատակով մենք պարբերաբար իջնում ենք նաեւ փողոց, քանզի ակնյայտ է, որ յաջողութեան համար անհրաժեշտ է համատեղել խորհրդարանական եւ արտախորհրդարանական պայքարի մեթոդները։

Իսկ այն, որ Հայաստանի Հանրապետութիւնում կենսական անհրաժեշտութիւն է ազգային իշխանութեան ձեւաւորումը՝ աներկբայ է։

Հայաստանի եւ Արցախի Հանրապետութիւնները կանգնած են գոյութենական խնդրի առաջ։ Իրենց անհեռատես, ձախող եւ անփառունակ քաղաքականութեան արդիւնքում վտանգուած են Հայոց երկու պետականութիւնների գոյութիւնը։ Հայաստանի քաղաքական օրակարգում չկայ իշխանութեան հարց, կայ Հայոց պետականութեան գոյութեան հարց, Հայաստանի ու Արցախի Հանրապետութիւնների փրկութեան հարց։

Ընտրութիւններից յետոյ Հայաստանի իշխանութիւնները յայտարարեցին, որ պատրաստ են տարածաշրջանում «խաղաղութեան եւ նոր հնարաւորութիւնների դարաշրջան» բացել։ Խաղաղութիւնն, իհարկէ, հրաշալի է հնչում, սակայն նախեվառաջ հարց է առաջանում, թէ ինչու՞ Փաշինեանն ու իր թիմը խաղաղութեան մասին չէին խօսում 2018-ին, երբ նոր իշխանութիւն ձեւաւորեցին։ Այդ ժամանակ Հայաստանի դիրքերն անհամեմատ աւելի բարէնպաստ էին քան պատերազմից յետոյ։ Միթե՞ խաղաղութեան համար նախ պէտք էր պարտուել։ Վստահ եմ, որ ապագայում մենք կը ստանանք նաեւ այս հարցի պատասխանը:

Փորձենք հասկանալ, թէ ինչ է իրենից ներկայացնում Հայաստանի իշխանութիւնների «խաղաղութեան» քաղաքականութիւնը։ Կազմելով կառավարութիւն, Փաշինեանը եւ իր թիմը թուրքերի հետ «սիրախաղ սկսեց»։ Թուրքական պատասխանն իրեն սպասեցնել չտուեց։ Թուրքերն անմիջապէս իրենց նախապայմաններն առաջարկեցին, որոնք, խորքի մէջ, որ թէ բանակցութիւնների սկսելու նախապայմաններ էին, այլ քաղաքական պահանջներ։ Դրանք էին․

• Հայոց Պահանջատիրութիւնից հրաժարում,

• Թուրքիայ տարածքային ամբողջականութեան ճանաչում,

• Ատրպէյճանի տարածքային ամբողջականութեան ճանաչում,

• Ատրպէյճանին Սիւնիքով դէպի Նախիջեւան միջանցքի տրամադրում։

Հայաստանն ընկաւ թուրքական թակարդը։ Թուրքերին արցախեան հիմնախնդրի կարգաւորումից ետ պահելու փոխարէն, Թուրքիան Հայաստանի հետ յարաբերութիւնների հաստատումը բացայայտօրէն պայմանաւորում է Ատրպէյճանի հետ յարաբերութիւններով։

Ակնյայտ է, որ Հայաստանի իշխանութիւններն ընդունել են թուրքական պահանջները։ Փաշինեանը յայտարարեց, որ Պահանջատիրութիւնը Սփիւռքի եւ Հայ Դատի գրասենեակների առաքելութիւնն է։ Հայոց Ցեղասպանութեան մասին խօսելիս նա մշտապէս յղում է կատարում կառավարութեան ծրագրի վրայ։ Կառաւարութեան ծրագրում սեւով սպիտակի վրայ գրուած է․ «Ցեղասպանութեան միջազգային ճանաչումը Կառավարութիւնը ծառայեցնելու է ոչ թէ տարածաշրջանային լարուածութեան աճին, այլ ընդհակառակը՝ տարածաշրջանի լիցքաթափման նպատակին»։ Մի՞թէ ակնյայտ չէ, որ Թուրքիան եւ Ատրպէյճանը կլարուէն, եթէ Հայաստանի իշխանութիւնները ձգտէն ընդլայնել Հայոց ցեղասպանութիւնը ճանաչած երկրների ու միջազգային կազմակերպութիւնների ցուցակը։ Ակնյայտ է, որ Փաշինեանի կառավարութիւնը, իր խաղաղութեան օրակարգի ներքոյ, չի պատրաստւում շարունակել Հայոց Ցեղասպանութեան ճանաչման, դատապարտման եւ փոխհատուցման քաղաքականութիւնը։ Նաեւ անուիճելի է, որ Փաշինեանն ընդունել է Թուրքիոյ միւս պահանջը տարածքային ամբողջականութեան վերաբերեալ։ Այլապէս ինչու՞ նա պէտք է յայտարարեր, որ Հայաստանի երրորդ հանրապետութեան որեւէ իշխանութիւն Թուրքիոյն տարածքային պահանջ չի ներկայացրել։

Փաշինեանը շատ լաւ հասկանում է, որ նոյնիսկ իր համակիրներն իրեն իրաւունք չէն տուել ուրանալ Հայոց պատմութիւնն ու Հայոց պահանջատիրութիւնը։ Նա փորձում է պարտութեան դառնութիւնը փոխհատուցել Թուրքիոյ հետ առեւտրատնտեսական յարաբերութիւնների հնարաւոր քաղցրութեամբ։ Սակայն իր կառավարութեան բոլոր պնդումները տնտեսական բարեկեցութեան վերաբերեալ հիմնազուրկ են։ Որպէս պատգամաւոր ես կառավարութիւնից պահանջել եմ իրենց հաշուարկները, որոնց հիման վրայ նրանք պնդում են, որ Թուրքիոյ հետ սահմանի բացումը Հայաստանի տնտեսութիւնը կմեծացնի երեսուն տոկոսով։ Որեւէ հաշուարկ չկայ։ Նրանք յղում են կատարում 1999 թուականի ինչ որ ուսումնասիրութեան վրայ։ 2022 թուականին առաջնորդւում են 1999 թուականի ինչ որ ուսումնասիրութեամբ։ Խոսքերն աւելորդ են․․․․ Փաշինեանը պնդում է, որ Թուրքիոյ եւ Ատրպէյճանի հետ երկաթուղային հաղորդակցութիւնը Հայաստանը կը դարձնի տրանսպորտային խաչմերուկ, տրանզիտից Հայաստանը մեծ շահոյթ կ’ունենայ։ Ես դարձեալ հաշուարկներ եմ պահանջել։ Պատասխան չկայ։ Դեռ ուսումնասիրութեան փուլում են։ Դեռ ուսումնասիրութեան փուլում են, բայց արդէն ամպագորռգոռ յայտարարութիւններ են անում։ Միթե՞ պարզ չէ, որ տնտեսական հաշուարկ չկայ, Թուրքիոյ հետ տնտեսական յարաբերութիւնների, թուրքական տնտեսական էքսպանսիայի ռիսկերը հաշուարկուած չէն։ Իսկ Ատրպէյճանի հետ երկաթուղային հաղորդակցութեան վերսկսումն ընդամենն այսպէս կոչուած Զանգեզուրի միջանցք տրամադրելու արդարացումն է։

Ուզում եմ յստակ ասել․ առանց նախապայմանների Թուրքիոյ հետ սահմանի բացմանը դէմ չենք։ Սակայն սահմանների բացումն ու դիւանագիտական յարաբերութիւնների հաստատումը մի բան է, Թուրքիոյ հետ յարաբերութիւնների «ամբողջական կարգաւորումը», ինչպէս իրենք են ասում՝ այլ։ Այդ չակերտեալ կարգաւորումը չի կարող լինել մեր պատմական անօտարելի եւ անժամանցելի իրաւունքների հաշուին։ Նոյնիսկ եթէ այսօր հայ ժողովուրդը չի կարող վերականքնել իր իրաւունքները, ոչ ոք այս իշխանութիւններին իրաւունք չի տուել դրանցից հրաժարուել, գալիք սերունդներին զրկել մեր իրաւունքների իրացման հնարաւորութիւնից։

Թուրքերն ու Ատրպէյճանցիները մի հոգի են երկու մարմնում։ Թուրքիան իր պահաջների մէջ չէր կարող չներառել նաեւ Ատրպէյճանական պահանջները։ Իսկ Ատրպէյճանի պահանջը մէկն է՝ ճանաչել իր տարածքային ամբողջականութիւնը։ Այս հարցում էլ Փաշինեանն ընկրկել է։ Այլապէս հնարաւոր չէ բացատրել նրա ուղերձները, թէ Արցախը դեռ 92 թուականից էր կորցրել Ատրպէյճանից դուրս լինելու՝ նոյնիսկ տեսական հնարաւորութիւնը։ Փաշինեանն, իհարկէ է չի բացատրում, թէ ինչպէս է ստացւում, որ Հայաստանը 1992 թուականի փետրուարի 18-ին (ԱՊՀ-ին Հայաստանի միանալու օրը) ճանաչում է Ատրպէյճանի տարածքային ամբողջականութիւնը, իսկ Շուշին ազատագրւում է նոյն թուականի մայիսի 8-ին։ Նա մոռանում է, որ Ատրպէյճանն անդամակցեց ԱՊՀ-ին 1993 թուականին, հետեւաբար՝ 1992-ին ԱՊՀ անդամ չէր եւ չէր մտնում այն երկրների «ցուցակի» մէջ, որոնց տարածքային ամբողջականութիւնը Հայաստանը ճանաչեց՝ անդամակցելով ՀԱՊԿ-ին։ Նա նաեւ չի էլ փորձում բացատրել, թէ աշխարհի հզօրների միջնորդութեամբ 20 տարի Արցախի հարցի շուրջ բանակցութիւններում ի՞նչ էր քննարկւում, եթէ Հայաստանը ճանաչել էր Ատրպէյճանի տարածքային ամբողջականութիւնը։ Իր պարտուողական քաղաքականութիւնն արդարացնելու համար նա չի խորշում նոյնիսկ միջազգային յայտնի սկզբունքները նենգափոխելուց։ Մասնաւորապէս, Փաշինեանն ու իր թիմը մշտապէս յիշատակում են Արցախի հարցի կարգաւորման հիմքում դրուած սկզբունքներից միայն մէկը՝ տարածքային ամբողջականութիւնը, մոռանալով յիշատակել ուժի կիրառման կամ կիրառման սպառնալիքից հրաժարումը եւ ամենակարեւորը՝ ազգերի ազատ ինքնորոշման իրաւունքը։ Ատրպէյճանին ու Թուրքիոյ համահունչ, Փաշինեանը փորձում է ազգերի ինքնորոշման սկզբունքը ստորադասել տարածքային ամբողջականութեան սկզբունքին մոռանալով Կոսովոյի վերաբերեալ արդարադատութեան միջազգային դատարանի՝ International Court of Justice, խորհրդատուական վճիռը Կոսովոյի անկախութեան վերաբերեալ, որտեղ յստակ ասւում է․ «տարածքային ամբողջականութեան սկզբունքի կիրառման ոլորտը սահմանափակւում է ճանաչուած պետութիւնների յարաբերութիւնների ոլորտով»։ Որպէս եզրակացութիւն՝ Դատարանն ընդունել է, որ միջազգային իրաւունքը չի արգելում անկախութեան միակողմանի հռչակումները։

Հայաստանի իշխանութիւնների վարած քաղաքականութիւնը, սակայն, միտուած է Արցախի հետ յարաբերութիւնների ապաինտեգրմանը եւ վերջիվերջոյ՝ Արցախի հարցից հրաժարմանը։ Պնդումս մերկապարանոց չէ։ Տեսեք վերջին անգամ երբ են Հայաստանի բարձրաստիճան պաշտօնեաներն Արցախ այցելել։ Խորհրդարանում ՔՊական պատգամաւորները մերժեցին Արցախի հարցով յանձնաժողով ստեղծել, մերժեցին դատապարտել թուրք-Ատրպէյճանական Շուշիի հռչակագիրը, մերժում են Արցախի հետ համագործկցութեան միջխորհրդարանական յանձնաժողովի նիստ հրաւիրելը։ Հայաստանի իշխանութիւնները հրաժարւում են յայտարարել, որ բացառում են Արցախի որեւէ կարգավիճակ Ատրպէյճանի կազմում։ Աւելին, Հայաստանի իշխանութիւնները յայտարարում են, որ Հայաստանին արուած Ատրպէյճանականայ առաջարկների մէջ իրենց համար անընդունելի ոչինչ չկայ։ Իսկ Ատրպէյճանի պահանջածը տարածքային ամբողջականութեան ճանաչումն է։ Հայաստանի իշխանութիւնները խօսում են Արցախի ժողովրդի ինչ որ վերացական իրաւունքների մասին՝ չշեշտադրելով Արցախի հայութեան ինքնուրոշման իրաւունքը, սեփական ճակատագիրը տնօրինելու իրաւունքը, անկախ ապրելու իրաւունքը։

Այսօրուայ իշխանութիւնը փաստօրէն ձեռքերը լուացել է Արցախից, չի իրականացնում Արցախի անվտանգութեան երաշխաւորի իր յանձնառութիւնը։ Աւելին, փորձում է իր պարտականութիւնը դնել այլոց ուսերին։ Հայաստանը վարում է Հովհաննես Թումանեանի Չարի վերջը հեքիաթում նկարագրած յիմար կկուին, որը կարծում էր, որ մի ձագին զոհելով կարող է փրկել միւսներին։ Հայաստանի իշխանութիւնները չէն գիտակցում, որ զոհելով Արցախը, նրանք հարուածի տակ են դնում Սիւնիքը, իսկ յետոյ արդէն Հայաստանի Հանրապետութեան ողջ տարածքը։ Կրկնում եմ՝ պատերազմն արդէն տեղափոխուել է Երեւանից ընդամէնը 40 մղոն հեռաւորութեան վրայ։ Ատրպէյճանի նպատակը միայն Արցախը չէ։ Ատրպէյճանի ու Թուրքիոյ նպատակը Հայաստանը, որպէս առանձին ինքնիշխան քաղաքական միաւոր ոչնչացնելն է։ Պատահական չէ, որ Ատրպէյճանցիք խօսում են Էրիւանի, Գիւկչայի ու Բասարգեչարի մասին։ Զոհելով մեր ազգի եւ մեր տարածքի մի մասը, մենք կկորցնենք ամէն ինչ։

Վերջապէս անդրադառնամ, թէ ինչ է կատարւում Արցախի եւ Հայաստանի Հանրապետութիւններում այսօր։ Ակնյայտ է, որ Ատրպէյճանն ու Թուրքիան պէտք է օգտուեին աշխարհում այսօր ստեղծուած լարուած իրավիճակից, երբ բոլորի ուշադրութիւնը կենտրոնացած է սլաւոնական պատերազմի վրայ։ Ատրպէյճանցիք զէնքի կիրառումով խոչընդոտում էին գիւղատնտեսական աշխատանքների իրականացմանը՝ մարդկանց զրկելով ապրուստի միջոցից։ Այնուհետեւ ՝ 90ականների սկզբի ոճով պայթացրեցին դէպի Արցախ մտնող գազատարը՝ Արցախի մեր հայրենակիցներին կանգնացնելով մարդասիրական ճգնաժամի առաջ։ Զուգահեռ նրանք մեծացնում էին Արցախի սահմանամերձ շրջանների բնակիչների դէմ հոգեբանական յարձակումները։ Երբ անցեալ ամիս մենք այցելեցինք սահմանային Խրամորթ եւ Խնապատ գիւղերը, ինքներս ականատես եղանք, ինչպէս Ատրպէյճանցիք միացրեցին գայլի ոռնոց յիշեցնող ինչ որ մեղեդի։ Սակայն, չբաւարարուելով այդքանով, մարտի 24-ին նրանք, խախտելով շփման գիծը, գրաւեցին Փառուխ գիւղը եւ Քարագլուխ բարձրունքի մի մասը։ Որպէսզի աւելի պարզ լինի ձեզ համար, ասեմ, որ Քարագլուխը հիւսիսից գերիշխող դիրք ունի Ստեփանակերտի ու Ասկերանի նկատմամբ, իսկ հարաւից՝ Վանքի ձորակի նկատմամբ։ Եթէ Ատրպէյճանցիները կարողանան տիրանալ Քարագլխին, ապա Ստեփանակերտը կը յայտնուի շրջափակման մէջ։ Չմոռանանք, որ հարաւից Ստեփանակերտի նկատմամբ գերիշխող դիրք ունի Հայոց գերեւարուած Շուշին․․․․

Իսկ այս պայմաններում ի՞նչ է անում Հայաստանի իշխանութիւնը։ Մի կողմից յայտարարում են, որ Ատրպէյճանցիներն ամէն պահի կարող են Արցախի ու Հայաստանի դէմ պատերազմ սկսել, միւս կողմից յայտարարում են, որ պատրաստ են Ատրպէյճանի հետ խաղաղութեան պայմանագիր կնքել։ Այստեղ հարց է առաջանում՝ այդ ի՞նչ խաղաղութեան պայմանագիր է։ Ինչ պայմաններ է այն իր մէջ ներառում։ Միթե՞ Հայաստանն ու Ատրպէյճանն իրենց միջեւ բոլոր տարաձայնութիւնները հարթել են, որ խաղաղութեան պայմանագիր են ստորագրում։ Յիշեցնեմ, որ երկրորդ աշխարհամարտից անցել է 77 տարի, բայց Ռուսաստանն ու Ճապոնիան դեռեւս խաղաղութեան պայմանագիր չէն կնքել, քանի որ չէն յստակեցրել Կուրիլեան կղզիների կարգավիճակը։ Քանի դեռ Արցախի անկախ կարգավիճակն ու տարածքային ամբողջականութիւնը չի ճանաչուել, ինչպե՞ս պէտք է խաղաղութեան պայմանագիր կնքուի։ Աեօ, մենք հարեւան պետութիւններ ենք, եւ վաղ թէ ուշ պէտք է բնականոն յարաբերութիւններ հաստատենք, բայց դրա համար պէտք է լուծուի Արցախի կարգավիճակի հարցը։ Միւս հարցերն ածանցեալ են։

Ուրեմն ինչու՞ է Փաշինեանը նման յայտարարութիւն անում։ Յիշէնք 2020 թուականի նոյեմբերի 9-ի գիշերը։ Փաշինեանը յայտարարեց, որ ծանր որոշում է կայացրել, որ 20.000 զինուոր շրջապատման մէջ չյայտնուի։ Հետոյ յիշէնք իր յայտարարութիւնները Սեւ լճի ու Իշխանասարի ժամանակ։ Փաշինեանը միշտ իր պարտուողական քայլերն արդարացնում է աւելի մեծ արհաւիքից խուսափելու մտահոգութեամբ։ Այսօր Փաշինեանը խօսում է նոր պատերազմի մասին։ Հետեւաբար, նա նոր զիջում է նախապատրաստում։

Եւ ուրեմն ի՞նչ անել։ Ինչպէս վերն արդէն նշել եմ՝ պարտութիւնը յաւէրժացնելու ամենակարճ ճանապարհը պարտութեան հետ համակերպուելն է։ Մենք իրաւունք չունենք համակերպուել Արցախի տարածքի զգալի կորստի հետ։ Հակառակ՝ պարտաւոր ենք ամէն ջանք թափել Արցախի խոցուած, վիրաւոր, բայց կանգուն Հանրապետութեան հետ յարաբերութիւններն ամրապնդելու համար՝ հաստատելով, վերահաստատելով եւ հզօրացնելով Արցախի հետ քաղաքական, տնտեսական, մշակութային կապերը։ Այսօր, աւելի քան երբեւէ, Արցախն ունի մեր բոլորի կարիքը։ Պետք է բանակը հզօրացնել, պէտք է ակտիւացնել դիւանագիտական աշխատնքներն Արցախի միջազգային ճանաչման ուղղութեամբ։ Այստեղ ես կցանկանայի իմ կոչն ուղղել Միացեալ Նահանգների, որպէս ԵԱՀԿ Մինսքի Խմբի համանախագահ երկրի իշխանութիւններին։ «Ես հասկանում եմ, որ այսօր շատ դժուար է վերսկսել Մինսքի Խմբի աշխատանքները․ Ատրպէյճանն ամէն կերպ խոչնդոտում է ձեզ, ՌԴ եւ արեւմուտքի միջեւ սրուած յարաբերութիւնները չէն նպաստում ընդհատուած առաքելութեան վերսկսմանը, սակայն յիշեցնեմ, որ Խումբը գոյութիւն ունի եւ պէտք է իրականացնի իր առաքելութիւնը։ Պետք է յստակ գիտակցել՝ որպէսզի Արցախի հարցի լուծումը լինի յարատեւ եւ կայուն, այն պէտք է լինի արդար։ Արդարութիւնն է խնդրի լուծման բանալին։ Իսկ արդարութիւնը պահանջում է, որ յարգուի Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշուելու եւ սեփական ճակատագիրը տնօրինելու իրաւունքը։»

Սակայն, որպէսզի փոխուի պարտուողական քաղաքականութիւնը, պէտք է փոխուէն պարտուողական քաղաքականութիւն իրականացնողները։ Եւս մէկ անգամ եմ շեշտում․ սա իշխանութեան համար պայքար չէ, սա ազգի գոյութեան պայքար է։ Չլինի Արցախը, չի լինի Հայաստանը, քանի որ որքանով Հայաստանն է Արցախի անվտանգութեան երաշխաւորը, նոյնքան էլ Արցախն է Հայաստանի անվտանգութեան երաշխաւորը։ Եթէ չլինէն Հայաստանի ու Արցախի Հանրապետութիւնները, քանի՞ սերունդ է անհրաժեշտ, որպէսզի Սփիւռքի հայութիւնը կորցնի իր հայկականութիւնը։ Ես հասկանում եմ, որ բոլորիս համար ծանր պահ է։ Շուշիի ազատագրումը յոյս էր ներշնչել, որ մի օր կազատագրուէն Վանն ու Կարսը, Մուշն ու Բիթլիսի։ Բայց մենք հիասթափուելու իրաւունք չունենք։ Մենք պէտք է պաշտպանենք Արցախը, հզօրացնենք հայրենիքը ու կերտենք ԱԶԱՏ, ԱՆԿԱԽ եւ ՄԻԱՑՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆ։

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %
Previous post Մալվիններ, Պատերազմը Եւ Դատը. Այնքան հեռու եւ այնքան մօտ (Արցախին, Արարատին…)
Next post Հ․Յ․Դ․ Օրուայ Տօնակատարութեան – Լոս Անճելըս ․- Հ․Յ․Դ․ Բիւրոյի անդամ Խաժակ Մկրտիչեանի խօսքը

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published.

Social profiles