Հ.Յ.Դ. – Հ.Հ.Կ. Համագործակցութիւնը Գործարք Չէ

0 0
Read Time:4 Minute, 19 Second

president sargsyan constitution2

Գէորգ Աղապապեան
(յապաւումով)

Փետրուար 10-ին կայացած` Հայաստանի Հանրապետական Կուսակցութեան գործադիր մարմնի նիստից յետոյ կուսակցութեան մամլոյ խօսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին ասաց, որ Հ.Հ.Կուսակցութիւնը նախնական համաձայնութեան է եկել Հ.Յ.Դ.-ի հետ ապագայում կառավարման համակարգում միասնաբար աշխատելու հարցում, իսկ վերջնական համաձայնութեան մասին աւելի յստակ կը յայտարարուի յետագային:
«Ազատութիւն» ձայնասփիւռի կայանի տուած հարցազրոյցում Հ.Յ.Դ. Գերագոյն Մարմնի ներկայացուցիչ Աղուան Վարդանեանը նշել է, որ այս համագործակցութիւնը մէկ տարուայ չէ եւ միտուած է ապագային:
Այսպիսով` կարելի է ընդհանրացնել, որ Հ.Հ.Կ.-ն եւ Հ.Յ.Դ.-ն եկել են քաղաքական համագործակցութեան շուրջ ընդհանուր յայտարարի, որ այս համագործակցութիւնն աւելի հեռահար է, քան զուտ պաշտօնների բաշխումը:
Որքան էլ շատ են շահարկումները, թէ տեղի ունեցողն ընդամէնը հերթական գործարքն է երկու ուժերի միջեւ, որքան էլ ընդունեն կամ չընդունեն այդ քայլին գնալու` կողմերի դրդապատճառները, իրականում տեղի է ունենում առաւել քան տրամաբանուած պրագմատիկ քաղաքական գործընթաց: Դա ակնյայտ է դառնում հետեւեալ մի քանի կարեւոր ցուցիչների համադրման արդիւնքում:

1. Այն հանգամանքը, որ թէ՚ Հ.Հ.Կ. խօսնակը եւ թէ՚ Հ.Յ. Դաշնակցութեան ներկայացուցիչները շեշտադրումը կատարում են ապագայ համագործակցութեան վրայ, վկայում է, որ չնայած դրա վրայ մամուլի կենտրոնացմանը, պորտֆելների վերաբաշխման խնդիրը բանակցութիւններում եղել է ոչ հիմնականը, առաւել եւս, երբ Հ.Յ.Դ.-ն շարունակում է պնդել, որ ուժերի ներկայիս յարաբերակցութեան եւ Հ.Հ.Կ.-ի` բացարձակ մեծամասնութիւն ունենալու պայմաններում հնարաւոր չէ խօսել իրական, բնական «քոալիցիա»ի մասին: Ըստ էութեան` խօսքը Հ.Հ.Կ.-ի եւ Հ.Յ.Դ.-ի` ապագայ խորհրդարան անցնելու դէպքում նոր իշխանութեան ձեւաւորման սկզբունքների, այլ կերպ ասած` իշխանութեան մենատիրութեան վերացման մասին է: Թէ ինչո՞ւ ապագայ իշխանութեան ձեւաւորման հարցը կարող է քննարկման առարկայ դառնալ ընտրութիւններից յետոյ, բացատրւում է, թերեւս, հէնց բնական, այլ ոչ թէ արհեստական, այսինքն` կրկին Հ.Հ.Կ.-ական բացարձակ մեծամասնութեան պայմաններում «քոալիցիա» ունենալու հանգամանքով: Ի վերջոյ, պարզ է թէ որքան էլ ոմանք յամառօրէն չեն ցանկանում հասկանալ, որ եթէ խնդիրը պաշտօններ ձեռք բերելը կամ իշխանական կերակրատաշտից օգտուելը լինէր, ապա 2009-ին Հ.Յ.Դ.-ն դուրս չէր գայ «քոալիցիա»ից` առաջնորդուելով իր համար ծրագրային, քաղաքական եւ գաղափարական առաջնահերթութիւններով: Որքան բնական եւ քաղաքական է յանուն սկզբունքների «քոալիցիա»ից դուրս գալը, ըստ էութեան, նոյնքան բնական ու քաղաքական պէտք է լինէր յանուն քաղաքական նպատակների կամ սկզբունքների «քոալիցիա» կազմելու շուրջ բանակցութիւնների մէջ մտնելը:
2. Բանակցութիւնները, ընդհանուր առմամբ,տեղի են ունենում հրապարակայնօրէն, հասարակութեան եւ ընտրողների աչքի առաջ` թոյլ տալով նրանց որոշել` որքանով է այն համապատասխանում դասական քաղաքականութեան կանոններին, որքանով է վստահելի կամ անվստահելի եւ ինչ ակնկալիքներ կարելի է ունենալ կամ չունենալ այդ համագործակցութիւնից: Հ.Յ.Դ.-ն ասել է, թէ ինչու է գնում իշխանութեան հետ համագործակցութեան, ինչ գին է վճարում դրա համար: Այսինքն` թէ՚ այդ որոշումն ընդունելու հիմնաւորումները, թե՚ վճարուելիք գինը եւ թէ՚ ենթադրուող պատասխանատուութիւնը բացառապէս քաղաքական են:

3. Համագործակցութեան բանակցութիւնները ծաւալւում են Հ.Յ.Դ.-ի առաջադրած եօթ պահանջների` այս կամ այն չափով կատարման պայմաններում` այն դէպքում, երբ կուսակցութիւնը հէնց դրանով էր պայմանաւորել որեւէ ուժի եւ առաջին հերթին իշխանութեան հետ համագործակցութիւնը` երբեւէ չբացառելով դրա հնարաւորութիւնը: Տուեալ դէպքում խնդիրը հետեւեալն է` ո՞ր դէպքում էր աւելի հաւանական, որ այդ պահանջները կատարուելու յոյս էին ունենալու` եթէ Հ.Յ.Դ.-ն, անկախ իր պահանջներից, դրանց թէկուզ մասնակի կատարման փաստից, սկզբունքային համարէր ընդդիմութեան դաշտում մնա՞լը, թէ՞ այդ կէտերի կատարման համար իշխանութեան ներսում որոշակի նախնական լծակներ ստանալը: Այսինքն` թէ՛ կարճաժամկէտ եւ թէ՛ երկարաժամկէտ հեռանկարի առումով, ի՞նչ էր Հ.Յ.Դ.-ին տալու երդուեալ ընդդիմադիր մնալը մի դաշտում, որտեղ միայն աւերակներ են եւ ներքին մանր գզվռտոցներ:
4. Փաստ է, որ, մնալով ընդդիմադիր դաշտում, Հ.Յ.Դ.-ն չէր կարողանալու հանդէս գալ ընդդիմութեան դրօշակակրի դերում, չէր կարողանալու համախմբել ընդդիմադիր ուժերին, որոնք առանց Հ.Յ.Դ.-ի էլ այսօր ունակ չեն անգամ մէկ հանրահաւաք անցկացնելու ժամի շուրջ փոխզիջումների հասնել: Մինչդեռ ակնյայտ է, որ ներկայ դրութեամբ, յատկապէս` խորհրդարանական կառավարման տիպարի ներդրումից յետոյ, որեւէ առանձին վերցրած ուժ, անկախ նրանից` ընդդիմութիւն է, թէ` ոչ, չի կարող միայնակ բացարձակ մեծամասնութիւն կազմել խորհրդարանում:
Հետեւաբար, նրանք, ովքեր ցանկանում էին Հ.Յ.Դ.-ին տեսնել բացառապէս երդուեալ ընդդմադիրի կարգավիճակում, նախ պէտք է պատասխանեն հետեւեալ պարզունակ հարցին` ինչպէ՞ս կարող էր Հ.Յ.Դ.-ն քաղաքական համագործակցութիւն ծաւալել ուժերի հետ, որոնք մերժում էին նրա համար սկզբունքային ամենակարեւոր գաղափարը` խորհրդարանական կառավարման համակարգի ներդրումը: Ինչպէ՞ս էր հասկացուելու այդ ուժերի հետ նման համակարգի կայացմանն ուղղուած համատեղ գործունէութեան ծաւալումը: Եթէ վերանանք Հ.Հ.Կ.-ի` իշխանութիւն լինելու իրողութիւնից եւ նրան մօտենանք միայն որպէս շարքային կուսակցութեան, որը որակական առումով միւսներից ո՚չ լաւն է, ո՚չ էլ վատը, ապա սահմանադրական փոփոխութիւնների նախաձեռնումից յետոյ քաղաքական ընդհանուր դաշտում գտնուող ո՞ր ուժի հետ էր աւելի բնական համարուելու Հ.Յ.Դ.-ի գործակցութիւնը` Հ.Հ.Կ.-ի՞, թէ՞, օրինակ, Հ.Ա.Կ.-ի կամ «ժառանգութիւն» Կուսակցութեան:
Միակ դաշտը, որտեղ հնարաւոր էր ընդդիմադիր ուժերի հետ Հ.Յ.Դ.-ի համագործակցութիւնը, Ընտրական օրէնսգրքի եւ Ազգային Ժողովի կանոնակարգ-օրէնքի մշակումն է, ինչպէս նաեւ խորհրդարանական ընտրութիւնների նկատմամբ վերահսկողութեան մեքանիզմների ստեղծումը: Բայց սա այն դաշտն է, որը վերացած չէ նաեւ հիմա:
Աւելին` Հ.Հ.Կ.-ի հետ գործակցութիւնը ոչ թէ բացառում, այլ, ընդհակառակը, իմաստաւորում է նման հնարաւոր համագործակցութիւնն ընդդիմութեան հետ: Որովհետեւ ստանձնելով ընտրութիւնների որակի համար պատասխանատուութեան մի մասը` Հ.Յ.Դ.-ն, ըստ էութեան, վերածւում է Հ.Հ.Կ.-ի վրայ այդ համագործակցութեան շրջանակներում ազդելու, նրա հետ փոխզիջման հասնելու գործնականում միակ խողովակի: Եւ առաւել խելամիտ կը լինէր ոչ թէ մերժել օրէնսգրքի մշակման քաղաքական գործընթացը, որն, այսպէս, թէ այնպէս, իրականացուելու է, այլ ներգրաւուել դրանում, առաջին հերթին` Հ.Յ.Դ.-ի ձեռք բերած կարգավիճակն օգտագործելու միջոցով:

 

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles