
Փետրուարի 20-ին, լրանում է Արցախեան Շարժման 25-րդ տարեդարձը: Արցախեան պայքարի շնորհիւ ազատագրուեց մեր հայրենիքի մի հատուածը, ստեղծուեց մեր նորօրեայ անկախ պետականութիւնը: Արցախեան շարժումը հայ ժողովրդին վերադարձրեց հպարտութիւն, սեփական ճակատագիրը տնօրինելու, պայքարելու եւ յաղթելու վճռականութիւն: Յաղթանակը հնարաւոր դարձաւ հայ ժողովրդի միասնականութեան, համահայկական ներուժի մէկտեղման, անմնացորդ նուիրումի շնորհիւ:
Այսօր Հայաստանի Հանրապետութիւնը, Արցախը, համայն հայութիւնը նոր մարտահրաւէրների առջեւ են: Պարտաւոր ենք գիտակցել, որ մեր ոգու եւ համատեղ ջանքի պահպանմամբ է հնարաւոր Հայաստանի Հանրապետութեան հզօրացումը, հայութեան իղձերի իրականացումը, Արցախեան ազատամարտի ձեռքբերումների իրաւական ամրագրումը:
Հայրենակիցներ,
Շնորհաւորում ենք բոլորիս Արցախեան Շարժման 25-րդ տարեդարձի կապակցութեամբ: Համոզուած ենք‘ Արցախեան Շարժման գաղափարները մեր գալիք յաղթանակների ուղենիշն են:
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆ
Փետրուար 20, 2013