Հ.Յ.Դ. Բիւրոյի Յայտարարութիւնը` Հայաստան-Թուրքիա Յարաբերութիւնների Եւ Արցախի Հիմնախնդրի Կարգաւորման Գործընթացների Վերաբերեալ

0 0
Read Time:2 Minute, 25 Second

Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը պարբերաբար նախանշել է այն մարտահրաւէրները, որոնք կապուած են Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների կարգաւորման գործընթացի հետ` յատկապէս Հայաստանի գործող իշխանութիւնների մասնակցութեամբ:

Անհրաժեշտ ենք համարում արձանագրել, որ պաշտօնական Անգարան ոչ միայն չի հրաժարուել Հայաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորման իր յայտնի երեք նախապայմաններից (Հայաստանի կողմից Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչմանը սատարելուց հրաժարում, Արցախի ենթակայութիւն Ատրպէյճանին եւ Հայաստան-Թուրքիա առկայ միջպետական փաստացի սահմանի իրաւական ամրագրում), այլեւ աւելացրել է չորրորդը` այսպէս կոչուած «Զանգեզուրի միջանցք»-ի տրամադրում: Աւելին, Թուրքիոյ բարձրագոյն իշխանութեան ներկայացուցիչների յայտարարութիւնները` Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների կարգաւորման գործընթացն Ատրպէյճանի հետ համադրելու վերաբերեալ, փաստում են, որ խօսքը ոչ թէ գնում է Հայաստան-Թուրքիա միջպետական բանակցութիւնների, այլ թշնամական տանդեմի կողմից Հայաստանին հարկադրուող նոր անձնատուութեան մասին:

Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների կարգաւորման այս գործընթացն ի սկզբանէ անառողջ է եւ խիստ վտանգաւոր: Դա արւում է Հայաստանի Հանրապետութեան շուրջ ստեղծուած միջազգային քաղաքական եւ անվտանգային մի իրավիճակում, երբ երկիրը պարտութեան տարած օրուայ իշխանութիւնը առարկայական եւ ենթակայական պատճառներով զուրկ է հայութեան կենսական շահերն արդիւնաւէտ պաշտպանելու կարողականութիւնից:

Ակնյայտ է, որ ներկայ պայմաններում Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների կարգաւորման գործընթացը յղի է աշխարհաքաղաքական, անվտանգային, քաղաքական, տնտեսական եւ հոգեւոր-մշակութային բազմաթիւ մարտահրաւէրներով եւ անխուսափելիօրէն կը յանգեցնի անշրջելի վտանգաւոր հետեւանքների ու ինքնիշխանութեան կորստի:

Առկայ մտահոգութիւններն աւելի են խորանում Հ․Հ․ իշխանութիւնների անպատասխանատու քաղաքական վարքի եւ հաշուետուողականութեան ի սպառ բացակայութեան պայմաններում: Հայաստանի կողմից յատուկ բանագնացի ընտրութիւնն էլ յուշում է այն մասին, որ հայկական կողմն ըստ էութեան մասնակցում է արդէն իսկ կանխորոշուած մի գործընթացի, որի հնարաւորինս հայանպաստ վերջնարդիւնքի ապահովման համար արհեստավարժ դիւանագէտի ընտրութեան կարիք չի զգացւում:

Այս պայմաններում Հ․Յ․Դ․ Բիւրոն Հ․Հ․ իշխանութիւններից պահանջում է․

  1. Անմիջապէս քօղազերծել Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների կարգաւորման գործընթացի ուղենիշները.
  2. Անուանապէս եւ ամբողջութեամբ մերժել թրքական նախապայմանները.
  3. Քաղաքական շեշտադրում անել առ այն, որ Հայաստան-Թուրքիա միջպետական յարաբերութիւնների կարգաւորումը կապակցուած չի կարող լինել որեւէ երրորդ կողմի հետ:

Հարկ ենք համարում յատուկ ընդգծել, որ Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների կարգաւորման գործընթացում անառարկելիօրէն պէտք է հաշուի առնուի Հ․Հ․ Սահմանադրական դատարանի` Ցիւրիխեան արձանագրութիւնների սահմանադրականութեան հարցի վերաբերեալ 2010 թուականի Յունուարի 12-ի որոշումը. Հ․Հ․-ի բոլոր քայլերը պէտք է ներդաշնակ լինեն սոյն որոշման մէջ ներկայացուած իրաւական դիրքորոշումներին եւ Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեամբ ամրագրուած սահմանադրական կարգի հիմնարար սկզբունքներին:

Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների կարգաւորումը եւ մեր ժողովրդի իրաւունքների կանխորոշումը ոչ մի իշխանութեան մենաշնորհը չէ: Հայ-թրքական յարաբերութիւնները կարող են կարգաւորուել միայն աշխարհասփիւռ մեր ժողովրդի համախոհութեամբ, առանց թրքական նախապայմանների եւ մեր սերունդների իրաւունքների ոտնահարման:

Հետեւաբար պէտք է պատրաստ լինել համահայկական ընդվզման, եթէ Հ․Հ․ իշխանութիւնները փորձ անեն հայ ժողովրդի իրաւունքների ոտնահարման ներկայ դիրքորոշմամբ զարգացնել հայ-թուրքական` թշնամու կողմից պարտադրուած օրակարգը:

Չենք կարող չանդրադառնալ նաեւ արցախեան հիմնախնդրի վերաբերեալ Հ․Հ․ վարչապետի պաշտօնը զբաղեցնողի կողմից պարբերաբար հնչեցուող եւ վերջերս առաւել եւս ինքնախոստովանուած խիստ վտանգաւոր, իրականութիւնը խեղաթիւրող եւ հայկական շահերը ոտահարող դիրքորոշումներին, ինչը կասկածի տակ է դնում Արցախի Հանրապետութեան ինքնիշխանութիւնը, տարածքային ամբողջականութիւնը եւ միջազգային ճանաչման հասնելու օրինական իրաւունքը:

Վերահաստատում ենք, որ Հ․Հ․ գործող իշխանութիւնների կողմից գրաւոր եւ բանաւոր որեւէ համաձայնութիւն, որը կը խախտի Արցախի Հանրապետութեան վերաբերեալ իրաւական հիմնարար նորմերը եւ կամ հարցականի տակ կը դնի Թուրքիայից հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետութեան հատուցումների պահանջների իրաւականութիւնը` ի սկզբանէ առ ոչինչ է:

Հ․Յ․Դ․ Բիւրօ

27 Դեկտեմբերի 2021

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles