
Տ. Աղաջանեան
«Ապառաժ»
Յուլիսի սկզբներին Արցախում էր Հ.Յ.Դ. Ա.Մ.Ն. արեւելեան շրջանի «Արցախ Ֆոնտ»-ի բարեգործական հիմնադրամի յանձնախմբի անդամ Փօլին Տոսթումեանը: Ան «Արցախ Ֆոնտ»-ի մասնաճիւղի պատասխանատու Տրդատ Մարտիրոսեանի ուղեկցութեամբ 10 օրերի ընթացքում այցելել է Արցախի մի շարք սահմանամերձ բնակավայրեր, ծանօթացել է բնակիչներին յուզող խնդիրներին: «Ապառաժ»-ի հետ զրոյցում Փօլին Տոսթումեանը նշել է, որ սահմանային գիւղերի բոլոր բնակիչները վճռական են տրամադրուած, ցանկանում են կառչած մնալ իրենց հողին, սակայն որոշ դէպքերում աջակցութեան կարիք ունեն:
«Երիտասարդութիւնը ցանկանում է կառչած մնալ իր հողին: Եթէ յարմար աշխատանքային պայմաններ ունենան, շատ աւելի կը հեշտանայ նրանց ամենօրեայ կեանքը, ապրուստը: Իհարկէ, առաջին տեղում անվտանգութեան հարցն է. մի շարք բնակավայրերում թշնամին 300-400 մեթր հեռաւորութեան վրայ է, եւ դրանից ելնելով` նաեւ գիւղատնտեսական աշխատանքներով, անասնապահութեամբ զբաղուելն է դժուարանում: Գիւղերի բնակիչներն ասացին, որ անասնապահութեան տեսակէտից` բացից փակ մոտելի են անցնելու, բայց այդ դէպքում էլ անասունների կերի, նոր մեթոտին վարժուելու խնդիր կայ»,- նշել է Փօլին:
Հիմնադրամի ներկայացուցիչը նաեւ նոր ծրագրերի համար տեղեկատուութիւն ստանալու նպատակ է հետապնդում: «Որոշ շրջաններում ուսումնասիրել ենք խոզաբուծութեամբ, մեղուաբուծութեամբ զբաղուելու հնարաւորութիւնները: Այս ծրագրերը դեռ պէտք է բիւրեղացնենք, որպէսզի կարողանանք այնպէս անել, որ առաւելագոյնս արդիւնաւէտ լինի եւ շարունակական: Ուզում ենք, որ բնակիչները կարողանան յաջորդ տարիներին առանց բարեգործութեան այդ աշխատանքը շարունակել: Նաեւ այնպէս պէտք է անել, որ ոչ թէ անհատական օժանդակութիւն լինի, այլ համայնքն օգտուի: Մենք այստեղ չենք մէկ անգամուայ համար, մեր ծրագրերը երկարաժամկէտ են»,- ասում է ան:
Նրա խօսքով` պէտք է միասնաբար կասեցնել թշնամիների ծրագիրը, այն է` հայաթափել Արցախը: «Սփիւռքը պէտք է թիկունք կանգնի Արցախին: Երբեմն մարդիկ ասում են` մի ընտանիքի օգնելով ինչ է փոխուելու, բայց ես այդպէս չեմ մտածում, որովհետեւ այստեղ ապրող ամէն ընտանիք մեզ համար արդէն մեր հայրենիքի անվտանգութեան, գոյութեան հարցն է լուծում: Պէտք է սփիւռքահայութիւնը չվախենայ եւ բնակուի Արցախում, Արցախի ժողովրդի կողքին, որովհետեւ ուրիշ ձեւ չկայ»,- կարծում է բարեգործական հիմնադրամի յանձնախմբի անդամը:
Հ.Յ.Դ. Ա.Մ.Ն. արեւելեան շրջանի «Արցախ Ֆոնտ»-ը նաեւ օժանդակել է Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի «Վերելք» ծրագրին` առաջին փուլի համար յատկացնելով երեսուն հազար տոլար: Արցախ այցի ընթացքում Փօլին Տոսթումեանը հանդիպել է ծրագրի շահառու երիտասարդների հետ: Նրա խօսքով` ծրագիրը կը շարունակուի եւ թիկունք կը կանգնեն Արցախում սեփական ներդրումով զբաղուելու ցանկութիւն ունեցող երիտասարդներին:
Հ.Յ.Դ. Ա.Մ.Ն. արեւելեան շրջանի «Արցախ Ֆոնտ» հիմնադրամը Արցախում գործում էր նախքան պատերազմը, 44-օրեայ պատերազմից յետոյ էլ շարունակել է իր գործունէութիւնը: Հիմնադրամի վերջին ծրագրերից է Ասկերանի շրջանի Նորագիւղ համայնքի հանդիսութիւնների սրահի վերանորոգումը, Մարտունու, Ասկերանի եւ Մարտակերտի շրջանների մի շարք գիւղերի բնակիչներին հաւի ճտեր յատկացնելու ծրագիրը: