Արցախի Հանրապետութիւնը` Բանակցային Կո՞ղմ, Կամ Ինչո՞ւ էր Բակօ Սահակեանը Մեկնել Մոսկուա

0 0
Read Time:3 Minute, 47 Second

p4-5 a

Գէորգ Աղապապեան
(յապաւումով)

 

Նոյեմբեր 18-ին, աւարտուեց Արցախի նախագահ Բակօ Սահակեանի 5-օրեայ աշխատանքային այցը Ռուսաստանի մայրաքաղաք: Ձեւական իմաստով` այցը կայացաւ, այսպէս կոչուած, Մոսկուայում կազմակերպուած «Արցախի Օրեր» մշակութային ծրագրի շրջանակներում: Չնայած դրան` Սահակեանի այցն ունէր ընդգծուած քաղաքական նշանակութիւն: Դա արտայայտուեց նախ` այցի աննախադէպ տեւողութեամբ, ապա` նաեւ «Ռեկնում» գործակալութեան սրահում բաւականին ներկայացուցչական մամլոյ ասուլիսի կազմակերպմամբ:

Եթէ այցը կրէր բացառապէս մասնաւոր բնոյթ, ապա Մոսկուան հազիւ թէ թոյլ տար Ատրպէյճանին գրգռող անուանումով («Արցախեան Օրեր») միջոցառումների անցկացումը եւ հանդուրժէր Քրեմլի ոչ պաշտօնական քարոզչա-տեղեկատուական աղբիւրը հանդիսացող գործակալութիւնում Արցախի նախագահի ասուլիսի անցկացումը, որտեղ Սահակեանն իրեն իրաւունք վերապահեց հանդէս գալու Ստեփանակերտի օդանաւակայանը հակա-ահաբեկչական գործողութիւնների համար ռուսական օդուժին տրամադրելու եւ այդ հարցով երկկողմ քննարկումներին պատրաստ լինելու մասին յայտարարութիւններով: Սա խօսում է, մի կողմից, այցին թաքնուած քաղաքական պաստառ հաղորդելու, միւս կողմից` դրանով յստակ հասցէատէրերի ուղերձներ հասցնելու` Մոսկուայի տրամադրուածութեան մասին:

Այդ հասցէատէրերից մէկը, թերեւս, Հայաստանն է: Սեպտեմբերին յայտնի դարձաւ, որ Խրիմի ղեկավար Սերգէյ Աքսեօնովը պատրաստւում է պաշտօնական այց կատարել Հայաստան` մասնակցելու Երեւանում կայանալիք միջտարածաշրջանային համաժողովի: Դա Հայաստանում բուռն հակազդեցութիւն առաջացրեց, եւ այդ կապակցութեամբ Հ.Հ. փոխ Արտաքին Գործոց նախարար Շավարշ Քոչարեանը յայտարարեց, թէ Աքսեօնովին Հայաստանից որեւէ մէկը պաշտօնական հրաւէր չի ուղարկել: Միջտարածաշրջանային համաժողովը կայացաւ Նոյեմբերի սկզբին: Դրան մասնակցեց նաեւ Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի նախագահ Վալենթինա Մատուիենկոն, սակայն Աքսեօնովը Հայաստան չժամանեց: Երեւանին, փաստօրէն, յաջողուեց կանխել իր համար չափազանց լուրջ դիւանագիտական հետեւանքներ ենթադրող այդ գրգռութիւնը: Եւ ցոյց տալով, թէ ինչպէս է «ընդունում» Բակօ Սահակեանին, ռուսական կողմը, թերեւս, մեծացնում է Հայաստանի նկատմամբ հոգեբանական ճնշումը` Խրիմի հարցում յստակ դիրքորոշում արտայայտելու առումով:
Բայց իհարկէ, հիմնական շարժառիթը դա չէր: Արցախի նախագահի այցը տեղի ունեցաւ Ռուսաստանի Արտաքին Գործոց նախարար Սերգէյ Լավրովի` Հայաստան կատարած այցից գրեթէ անմիջապէս յետոյ, որի ընթացքում, յիշեցնենք, Լավրովն անընդունելի համարեց Ղարաբաղեան հիմնահարցը ԵԱՀԿ Մինսքի Խմբակի ձեւաչափի շրջանակից հանելու եւ միջազգային այլ կառոյցներ տեղափոխելու` Ատրպէյճանի փորձերը: Լավրովի այս յայտարարութիւնն արտառոց էր Արցախի հիմնահարցը «սեփականացնելու» եւ Մինսքի Խմբակին ձեւաչափն իմաստազրկելու` վերջին շրջանի նրա նախաձեռնութիւնների գործընդացին, ինչը, թերեւս, նախանշում է եռանախագահութեան գործելաձեւին վերադառնալու, Արցախի հարցի հետ կապուած իր առանձին պլաններից առնուազն ժամանակաւորապէս հրաժարուելու` Մոսկուայի նոր ուղեգիծը: Բակօ Սահակեանին փաստացի որպէս ինքնիշխան պետական միաւորի ղեկավարի ընդունելով` Մոսկուան գուցէ ցանկանում է Միացեալ Նահանգներին ու Ֆրանսային ապացուցել իր այդ «վերադարձի» լրջութիւնը` նպաստելով Մինսքի Խմբակի համար ամենահրատապ` բանաակցային գործընթացը մեռեալ կէտից շարժելու խնդրի լուծմանը: Իսկ այստեղ, որքան էլ տարօրինակ թուի առաջին հայեացքից, Արցախին կարող է էական դերակատարում վերապահուել:
Օրեր առաջ ԵԱՀԿ Մինսքի Խմբակի համանախագահների` տարածաշրջանային վերջին այցի ընթացքում ամերիկացի համանախագահ Ճէյմս Ուորլիքը յայտարարեց, թէ եկել է նախորդ տարի զուիցերիացիների կողմից արուած` նախագահների մակարդակով բանակցութիւններին զուգահեռ, այսպէս կոչուած, «համակարգուած բանակցութիւններ» սկսելու ժամանակը: Խօսքը վերաբերում է պատուիրակութիւնների մակարդակով բանակցութիւններին, որոնք, հասկանալի է, պէտք է վերաբերեն արդէն համաձայնեցուած սկզբունքների իրականացման մանրամասների ու մեխանիզմների մշակմանը` դրանք խաղաղութեան մեծ համաձայնագրում ամրագրելու համար: Այս առաջարկութիւնը, որի իրական հեղինակը Ատրպէյճանն է, մերժուել էր Երեւանի կողմից, քանի որ այն անտեսում է հայկական կողմին հետաքրքրող ամենակարեւոր հարցի` սկզբից Արցախի կարգավիճակի որոշման խնդիրը:
Եւ ահա Երեւանում Ուորլիքը, յայտարարում է. «Մենք պատրաստ ենք աշխատել կողմերի հետ այս համակարգուած բանակցութիւնների ձեւաչափի ուղղութեամբ, եւ թէ ովքեր պէտք է լինեն այդ բանակցութիւններիս սեղանի շուրջ»: Սա ուղղակի ակնարկ է, որ համանախագահները Արցախի ներգրաւումը բանակցութիւններում համարում են հնարաւոր: Թերեւս պատահական չէր, որ իրենց տարածաշրջանային վերջին այցի ընթացքում համանախագահները մեկնեցին նաեւ Ստեփանակերտ, որտեղ Արցախի նախագահ Բակօ Սահակեանը յայտարարել էր, թէ, առանց բանակցութիւններում Ստեփանակերտի ներգրաւման, հարցը լուծուել չի կարող: Ի դէպ, այս յայտարարութիւնը նա արել է նաեւ Մոսկովեան իր այցի ժամանակ: Այսինքն` փաստացի գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ, մի կողմից, հայկական կողմը յամառում է բանակցային սեղանի շուրջ Արցախի վերադառնալու հարցում, իսկ Ատրպէյճանը` առանց Մատրիտեան սկզբունքների շուրջ ամբողջական համաձայնութիւնների հասնելու, լայն կազմով կարգաւորման համապարփակ համաձայնագրի մշակմանն անցնելու: Չի բացառւում, որ համանախագահները հիմա փորձում են հասնել նրան, որ Հայաստանը համաձայնի սկսել խաղաղութեան մեծ համաձայնագրի «համակարգուած» մշակումը, իսկ Ատրպէյճանը համաձայնի այդ բանակցութիւններում որեւէ մակարդակով Արցախի, գուցէ նաեւ, այսպէս կոչուած, «Արցախի ատրպէյճանական համայնքի» ներգրաւմանը:

Որքանով է սա հաւանական, պարզ կը դառնայ, թերեւս Դեկտեմբերին կայանալիք Սարգսեան-Ալիեւ բանակցութիւնների հերթական ռաունդի արդիւնքներից: Սակայն յատկանշական է, որ մինչ այդ ՄԽ համանախագահները խորհրդակցութիւններ են անցկացնում ՄԱԿ-ում եւ Ուաշինկթընում: Պարզ է, որ խորհրդակցութիւններն իմաստ են ունենում միայն բանակցութիւններում նոր նիւանսների առկայութեան դէպքում:

Այս իմաստով` Բակօ Սահակեանին Մոսկուայից ազատ արտայայտուելու հնարաւորութեան տալով` Մոսկուան կարող էր, ի տես համանախագահների եւ Պաքուի, արտայայտել Արցախին որպէս բանակցային ինքնուրոյն նիւթ ճանաչելու պատրաստակամութիւնը: Այլ հարց է, որքանով է այս լուծումը ձեռնտու Երեւանին եւ Ստեփանակերտին: Նրանց հաշուարկը կարող է լինել այն, որ, անկախ նրանից` բանակցութիւնները սկզբունքների շո՞ւրջ են տեղի ունենում, թէ՞ համաձայնագրի կէտերի, առանց կարգավիճակի հարցը յստակեցնելու` որեւէ լուծում հնարաւոր չի լինելու: Մինչդեռ` եթէ յաջողուի օգտագործել առիթը, մի կողմից հնարաւոր կը լինի յետաձգել լայնամաս շտապ պատերազմի վերսկսումը, իսկ միւս կողմից` գուցէ հնարաւոր դառնայ Արցախին բանակցային ձեւաչափ վերադարձնելը: Դրանից յետոյ հակամարտութիւնն իր բուն էութեանը վերադարձնելը, այսինքն` ինքնորոշման իրաւունքի հարթութիւն տեղափոխելը, կը դառնայ աւելի դիւրին:

 

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published.

Social profiles