Հ.Հ. Նախագահ Արմէն Սարգսեանի Ուղերձը Անկախութեան Տօնի Առթիւ

0 0
Read Time:1 Minute, 30 Second

Հ.Հ. նախագահ Արմէն Սարգսեան շնորհաւորական ուղերձ յղեց մը Հայաստանի Անկախութեան տօնի առթիւ․-

«Հայաստանի Հանրապետութեան յարգելի՛ քաղաքացիներ,

Սիրելի՛ հայրենակիցներ,

1991 թուականի այս օրը մենք հրապարակաւ ձեւակերպեցինք ձայնի մեր իրաւունքը: Այսօր որպէս անկախ պետութիւն, մենք վստահօրէն խօսում ենք Իրաւունքի ձայնով:

Մենք ապացուցեցինք, որ երազանքը կարող է իրականութիւն դառնալ: Այսօր ունենք նոր ձգտումներ, որոնք ծնւում են ամէն օր, իւրաքանչիւրիս մէջ: Պէտք է մեզ պատրաստ եւ ունակ զգանք դրանք իրականութիւն դարձնել Նոր Հայաստանում: Այսօրուայ Հայաստանի առաջին ընկալումը պէտք լինի այն, որ այն մի նոր միջավայր է, որը պէտք է ձեւաւորուի իւրաքանչիւրիս կողմից:

Մեզ պարտաւորեցնում են այն մարդկանց յիշատակները, ովքեր իրենց զոհաբերեցին յանուն անկախութեան, ովքեր մօտեցրին այն, բայց չհասցրին տեսնել: Մենք պարտք ունենք նրանց առաջ:

Մեր պատմութեան դասերից մէկն այն է, որ մենք յաղթանակների հասել ենք, երբ միասնական ենք եղել:

Նոր Հայաստանը պէտք է լինի յաղթանակների Հայաստան:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Հպարտանալով անցեալով կամ նախկինում ունեցած ձեռքբերումներով` մենք պէտք է աւելի մեծ ոգեւորութեամբ ու ստեղծագործաբար մօտենանք ապագային:

Մեր միտքը եւ կարողութիւնները պէտք է առաջ ընկնեն զգացմունքներից ու մեր երկիրը դարձնեն աշխարհի ընթացքին աւելի համահունչ: Ժամանակը մեզ անընդհատ մղում է առաջ` հասկացնելով, որ որպէս պետութիւն, որպէս ժողովուրդ ուշանալու իրաւունք չունենք: Մենք պէտք է շարժուենք առաջընթացի ճանապարհով` Սահմանադրութեան նկատմամբ անվերապահ յարգանքի, հանրութեան, քաղաքացիական հասարակութեան ինստիտուտների եւ իշխանութեան բոլոր ճիւղերի կողմից պետութեան հանդէպ մեծ պատասխանատուութեան գիտակցումով:

Որպէս Հայաստան-Արցախ-Սփիւռք, մենք մէկ ամբողջութիւն ենք համաշխարհային միջավայրում:

Ուրեմն` ունենք շատ աւելի մեծ ներուժ եւ հնարաւորութիւն, քան պատկերացնում ենք:

Դարձնենք այդ բոլորը մեր յետագայ յաղթանակների շարժիչ ուժը, դարձնենք բոլորս միասին` Հայաստանի բոլոր քաղաքացիներով, աշխարհասփիւռ հայութեամբ, համահայկականութեամբ:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Մեր ընտանիքներում սովոր ենք ընտանեկան տօները նշել միասին եւ միասնական: Մեր ազգային տօնը մեր մեծ հայկական ընտանիքի տօնն է, այսօրուայ Հայաստանի Հանրապետութեան ծննդեան օրը, մեր մեծի ու փոքրի, զինուորի եւ աշխատաւորի, մտաւորականի եւ ուսանողի, բոլորիս տօնը:

Շնորհաւորում եմ բոլորիս համազգային եւ համապետական տօնի` Հայաստանի Անկախութեան օրուայ առթիւ: Մաղթում եմ խաղաղութիւն, բարեկեցութիւն, երջանկութիւն եւ լաւատեսութիւն»:

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles